իգական երեք (Լուսինյան, Հռիփսիմյանց, Բեզիքյան), բողոքականները՝ արական յոթ և իգական մեկ դպրոց։ Գործում էին երեք տպարան, հրատարակվում էին «Անդրանիկ» (1909–12), «Հող–դար» (1910– 1914) և այլ պարբերականներ։ Կար վեց հայկ․ եկեղեցի, որոնցից չորսը լուսավորչական (Ս․ Աստվածածին, Ս․ Մինաս, Ս․ Փրկիչ, Ս․ Սարգիս), վանքեր (Ս․ Նշան, Ս․ Հրեշտակապետ, Ս․ Վլասիոս, Անապատ, Խոնորկտոր կամ Ս․ Աստվածածին, Ս․ Հակոբ, Քառասուն Մանկունք)։
1895–96-ին թուրք, կոտորածների զոհ դարձան 1000 սեբաստացի հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ս–ում բնակվում էր մոտ 35 հզ․ հայ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանա նրանց մեծ մասը բռնությամբ քշվեց Դեյր էզ–Զոր և ոչնչացվեց։ Փրկվածները (մոտ 1500 հոգի) առաջին համաշխարհային պատերազմից հետո կրկին հաստատվեցին Ս–ում։ Նրանց քանակը հետագայում աճեց և հասավ 5 հազարի։ Մի մասը ներգաղթեց Սովետական Հայաստան և հիմնեց Նոր Սեբաստիա ավանը (այժմ՝ թաղամաս Երևանում)։
Ներկայումս Ս․ (թուրք․՝ Սվազ) Թուրքիայի համանուն իլի կենտրոնն է։ Ունի 150 հզ․ (1975) բն․։ Կան սննդարդյունաբերական, տեքստիլագործական, մեքենաշինական ձեռնարկություններ, ցեմենտի գործարան։ Ս–ում բնակվում է մոտ 50 հայ ընտանիք։
Ս–ում են ծնվել XI դ․ մատենագիր Սիսիանոսը, Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին, տաղասացներ Հովասափ Սեբաստացին և Ղազար Սեբաստացին, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին, պատմիչ Հովհաննես Սեբաստացին, բժիշկ Ն․ Տաղավարյանը, դրամագետ Զ․ Պտուկյանը և այլ նշանավոր անձինք։
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմ․ խմբակցության Փոքր Ասիայի կամ արմ․ բարբառախմբին։ Խոսվել է Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում և շրջակա գյուղերում։ Միջավայրը կորցրած բարբառ է։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է, ը, ի, ու, օ, ա, ու, է (բաց է) և էօ, հազվադեպ՝ ե (իէ) երկբարբառակերպները։ Բաղաձայններն ունեն եռանդամ խլազուրկ համակարգ (բ’, բ, փ)։ Գրաբարի ձայնեղներին համապատասխանում են շնչեղ ձայնեղներ (գինի > գ’ինի), խուլերին՝ ձայնեղներ (կրակ > գըրագ)։ Պարզ խուլերը երբեմն գործառում են իբրև շնչեղ ձայնեղների ազատ տարբերակներ (բ’ան//պան)։ Ունի 2 հագագային հնչյուն՝ հ և ձայնորդ f (fիցցուն, fէրէս)։ Ձայնավորների փոփոխությունները կրում են մասնակի բնույթ՝ ո>վէ, է, էօ (որբ > >վէրփ, մոմ>մէմ, նոր>նէօր)․ ե(-ռ)> >ա(բեռն >բ՛առ)։ Գրաբարի երկբարբառներին համապատասխանում են մենաբարբառներ՝ այ<ա․ ոյ<ու․ իւ<ու, ու․ եա>է․ եւ>է (մայր>մար, լոյս>լուս, ալիւր>ալուր, նեղութիւն>նէղութուն, ցորեան>ցօրէն, գեւղ>գ’էղ)> բաղաձայնական համակարգում՝ հո>ֆէ (հող> >ֆէղ), որոշ դիրքերում՝ր >յ, շ (մանր> >մանյը, հրահրել< հըրահըյէլ, երթալ> >էշթալ)․ կ, գն (<կն) >յհ (բակլա > >բ’այհլա), գյուղերում՝ ք >յհ (վանք > >վայհ, երեք>իրէյհ)։ Գոյականի հոգնակին կազմվում է էր, ներ, ինչպես նաև՝ վընէր, դիք, վրդիք, վրդանք վերջավորություններով։ Ունի 4 հոլովաձև, սեռական-տրականի թեքույթներն են՝ ի(ն), ու(ն), ան(ը), վա(ն), էօչ(ը), ու/ա, իք/էց, իք/օց։ Անձի և իրի ձևային տարբերակում չկա։ Բացառականը կազմվում է (մ)էն, անձի դեպքում նաև մէնէ մասնիկով (ախպօրմէն||ախպօրը մէնէ), գործիականը՝ (մ) ով։ Բայն ունի 3 խոնարհում՝ է, ի, ա, 3 եղանակաձև՝ ըղձական, սահմանական, հրամայական։ Սահմանական ներկան և անկատար անցյալն ունեն ընդհանրական և շարունակական տարբերակներ, առաջինը, որ արտահայտում է նաև պայմանական եղանակաիմաստ, կազմվում է գը մասնիկով (և՛ նախադաս, և՛ ետադաս․ գըբ’էրէմ//բ’էրէմգը)։ Շարունակականը կազմվում է գօ(ր) ետադաս մասնիկով [ցավի գօ(ր)]․ ձայնավորասկիզբ բառերը պահում են նաև գը մասնիկը՝ գուդէգօր։ Ժխտականը կազմվում է (ա–, է–, ի–)ր վերջավորությամբ ժխտական դերբայով (չէ՛մ գ’ըրէրգօր, չէ՛մ աբրիրգօր, չէ՛մ մընարգօր)․։ Անկատար անցյալի և անցյալ կատարյալի հոգնակի առաջին դեմքն ունի անք վերջավորություն [գուդէանք(գօր), մրնայանք(գօր), սիրէցանք, մնացանք, բ’անէցանք]։ Սահմանական ապառնին, որ արտահայտում է նաև հարկադրական եղանակաիմաստ, կազմվում է բիդ(ի) մասնիկով՝ և՛ նախադաս, և՛ ետադաս գործառությամբ (բիդի էշթամ||էշթամ բիդի)․ ժխտականը լինում է չի՝բիդի գ’ըրեմ||բիդի չըգըրեմ:
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ԺՈՂՈՎ 1562, Հայաստանը պարսկա–թուրք․ տիրապետությունից ազատագրելու նպատակով հրավիրված գաղտնի խորհրդակցություն։ Կայացել է գարնանը, Սեբաստիայի Ս․ Նշան եկեղեցում՝ Միքայել Ա Սեբաստացու նախագահությամբ։ Մասնակցել են մոտ 30 բարձրաստիճան հոգևորականներ և առևտրա–արհեստավորական խավերի ներկայացուցիչներ։ Հայաստանի ազատագրության միակ հնարավոր ուղին համարելով արևմտաեվրոպ․ տերությունների օժանդակությունը՝ Ս․ ժ․ վճռել է դիմել Հռոմի Պիոս IV պապին։ Այդ կապակցությամբ քննվել է նաև հայ և կաթոլիկ եկեղեցիների փոխհարաբերության հարցը, որոշվել, հանուն օտար լծից ազատագրման, ընդունել Հռոմի եկեղեց․ գերիշխանությունը։ Գրվել են Պիոս IV-ին հղված երկու ծածկագիր փաստաթուղթ, առաջինը՝ հավատարմագրական (Հայոց եկեղեցու հպատակության հավաստումը), երկրորդը՝ քաղ․ (եվրոպ․ երկրների ռազմ. օգնությամբ Հայաստանի ազատագրման ծրագիրը) բնույթի։ Վերջինիս կցված էր մանրամասն տեղեկագիր Հայաստանի բնակավայրերի, եկեղեցիների, վանքերի, բնական հարստությունների, ինչպես նաև հայ ժողովրդի մասին։ Դիմումները Հռոմ տանելու համար Ս․ ժ․ ընտրել է հատուկ պատվիրակություն՝ Աբգար Թոխաթեցու, նրա որդի Սուլթանշահ Աբգարյան Թոխաթեցու և Ալեքսանդր երեցի մասնակցությամբ։ Պատվիրակության կշիռն ու հեղինակությունը բարձրացնելու համար Ս․ ժ․ Աբգար Թոխաթեցուն վկայագիր է տվել, որ իբր նա սերում է արքայական տոհմից։ 1564-ի աշնանը Ս․ ժ–ի դիմումները հանձնվել են Պիոս IV պապին։ Վերջինիս պահանջով Աբգար Թոխաթեցին և Ալեքսանդր երեցը գրել և նրան են ներկայացրել նաև Հայոց եկեղեցու դավանագիրը։ Սկսված բանակցությունները շարունակելու համար պապն անհրաժեշտ է համարել անձամբ տեսակցել Հայոց կաթողիկոսին։ Աբգար Թոխաթեցուն հանձնարարվել է պապի նվիրակի հետ վերադառնալ Հայաստան և Հայոց կաթողիկոսին առաջնորդել Հռոմ։ Սակայն պապի նվիրակը ճանապարհին (Կիպրոսում) մահացել է, և բանակցություններն ընդհատվել են։ Հայաստանը արևմտաեվրոպ․ տերությունների օժանդակությամբ ազատագրելու փորձերն արդյունք չեն տվել, որովհետև Հռոմի պապին ու կաթոլիկ Եվրոպային հետաքրքրում էին ոչ թե Հայաստանի ազատագրման, այլ հայերի դավանանքի ու եկեղեցական միության հարցերը։
ՍԵԲԱՍՏԻԱՅԻ Ս․ ՆՇԱՆ ՎԱՆՔ, հայկ․ միջնադարյան ճարտ․ համալիր։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, կառուցել է Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմ–Հովհաննես Արծրունու որդի Ատոմը, XI դ․։ Վանքի Ս․ Աստվածածին եկեղեցին (հորինվածքի համար նախատիպ է եղել Սենեքերիմի կառուցած Վարագավանքի Ս․ Աստվածածին տաճարը) ոչ մեծ, քառակուսուն մոտ հատակագծով, քառախորան գմբեթավոր շենք է։ Խորանների հատման անկյուններում ուղղանկյուն խորշեր են, որոնցից արլ–ներից մուտք է բացվում դեպի կիսաշրջանաձև, փոքր աբսիդներով զույգ ավանդատները։ Գմբեթը բարձրանում է խորանների անկյունների կիսասյուների միջև ձգվող