եպիսկոպոսական թեմ՝ Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ։ 1408-ի հոկտ․ 8-ի հրովարտակով նա Լվովից հրավիրել է հայ վաճառականների և բնակեցրել Սուչավա, Սիրետ, Չեռնովցի քաղաքներում՝ նրանց շնորհելով մի շարք արտոնություններ (նվազ հարկերով առևտուր անելու իրավունք)։ 1418-ին նույն իշխանի հրավերով Լեհաստանից գաղթել է 3000 հայ ընտանիք։ Մեծ թվով հայեր Ռ․ են գաղթել 1453-ին՝ Կ․ Պոլսի և 1475-ին՝ Ղրիմի թուրք, զավթումից հետո։ XVI դ․ վերջին և XVII դ․ սկզբին Արմ․ Հայաստանում Ջալալիների ասպատակություններից և շահ Աբբասի բռնագաղթերից խուսափած շատ հայեր ապաստանել են Ռ–ի հս․ (Մոլդովայի) և հվ․ (Վալախիայի) քաղաքներում։
XVII դ․ 2–րդ կեսին Նիկոլ Թորոսովիչի կիրառած՝ Լեհաստանի հայերի բռնի կաթոլիկացման քաղաքականությունը շատերին ստիպել է ապաստանել Ռ–ում։ Ապա երկրում զգալի թվով հայեր են հաստատվել 1894–96-ի համիդյան բարբարոսությունների, 1909-ի Ադանայի կոտորածի և 1915-ի Մեծ եղեռնի հետևանքով։ Դեպի Ռ․ հայերի վերջին խոշոր գաղթը տեղի է ունեցել 1922-ին, երբ քեմալական զորքերը կոտորեցին Զմյուռնիայի քրիստոնյա բնակիչներին։ Ռ–ի հայերը երբեմն ստիպված են եղել նաև արտագաղթել երկրից։ 1484-ին Աքքերմանը և Քիլիան գրաված սուլթան Բայազիդը տեղի հայերին բռնի գաղթեցրել և բնակեցրել է Կ․ Պոլսում։ 1497-ին Սուչավայի վրա Լեհաստանի թագավոր Յան Ալբերտի հարձակումից հետո 700 հայ ընտանիք գաղթել է Տրանսիլվանիա։ Խոշոր արտագաղթեր են տեղի ունեցել 1550–60 և 1650–1670-ական թթ․։ Մոտավոր հաշիվներով հայերի թիվը միջնադարյան Ռ–ում հասել է մինչև 30 հզ․։ Դարեր շարունակ հայերը Ռ–ի լիիրավ քաղաքացիներն են եղել, մասնակցել քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների զարգացմանը։ Ստեղծված հայկ․ կենտրոնները վայելել են բացառիկ առանձնաշնորհումներ, ունեցել իրենց քաղաքապետարանները, դատարանները, արհեստագործական, վաճառականական, հոգևոր և կտրիճների (պատանիների) եղբայրությունները, առաջնորդվել հայկ․ օրենքներով (նաև Մխիթար Գոշի Դատաստանագրքով)։
Ռումին, մի շարք գիտնականներ XV– XVII դդ․ համարում են հայկ․ առևտրի տիրապետության շրջան, քանի որ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը հիմնականում կենտրոնացած էր հայերի ձեռքում։ Հայկ․ կարավանները, որոնց անվանում էին «կարելե արմենեշտ» (հայկ․ կառքեր կամ սայլեր), Վալախիայից և Բրաշովից բերում էին մեղրամոմ, Հունգարիայից՝ սամույր, Մոլդովայից արտահանում անասուններ, մորթիներ։ Նրանք Մոլդովայի վրայով Արևմուտքը կապում էին Արևելքի հետ, Գերմանիայից Հնդկաստան տանում կերպասներ և մետաղ, ներմուծում պերճանքի առարկաներ, ասեղնագործվածք, թանկարժեք քարերով զարդարված զենքեր։ XVI դ․ հայերը հացահատիկ և մոլդով․ գինի էին տանում Ռուսաստան և Լեհաստան, Կ․Պոլսում վաճառում մեղրամոմ, մեղր, միս, յուղ, Լեհաստանից Մոլդովա ներմուծում թուղթ։ Կապալով վերցրած ընդարձակ արոտավայրերում բուծած գեղեցիկ և դիմացկուն ձիերը նրանք վաճառում էին ինչպես երկրի ներսում, այնպես էլ Ավստրիայում, Պրուսիայում և այլուր։
Ռ–ում հայերը խթանել են նաև արհեստների զարգացմանը։ Յասսիի շուրջ 600 հայ ընտանիքներ ունեին իրենց հատուկ թաղամասը, որտեղ զբաղվում էին դերձակությամբ, կոշկակարությամբ, արծաթագործությամբ, հրուշակագործությամբ ևն։ Մեծ պահանջարկ ունեին հայ կանանց ասեղնագործած ժանյակները։ Շատ հայ արհեստավորներ կային նաև Բոտոշանում, Սուչավայում, Ռոմանում, մյուս հայաբնակ կենտրոններում։ Հայ կաշեգործների բարձրորակ արտադրանքը հռչակված էր նաև երկրի սահմաններից դուրս։ XVIII դ․ Բուխարեստի դերձակների բրեսլայի (համքարության) ղեկավարը հայազգի Սիրինն էր, իսկ հացագործներինը (XIX դ․)՝ Պապիկը։ Բուխարեստում 1845-ին շոգեաղաց հիմնեց Գրիգոր Անուշօղլուն։ XIX դ․ առաջին քառորդին Բուխարեստի հայերը (259 ընտանիք) զբաղվում էին ծխախոտի, կտավի, հագուստի, մետաքսաթելի, սուրճի, նպարեղենի վաճառքով։
Ռ–ում կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ասպարեզ եկան մեծահարուստ հայ վաճառական-արդյունաբերողներ։ Կոնստանցայում հաստատված ակնեցի Ավետիս Թովմասյանը եղբայրների հետ պետությունից գնել էր արմտիքի տասանորդը և Դոբրուջայի լճերում ձկնորսության իրավունքը, իսկ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ ալյուր էր մատակարարում ռուս․ բանակին։ Արմտիքի վաճառականությամբ էին զբաղվում նաև Թորոսյանները, Տամատյան և Պալյան եղբայրները։ Հռչակավոր էր Գևորգ և Արմենակ Մանիսալյան եղբայրների առևտր․ տունը Կոնստանցայում, որն օժանդակում էր ռումին. երկրագործության զարգացմանը։ Ա․ Մանիսալյանն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «Արմտիքի վաճառման և արտածման ընդհանուր ընկերության» հիմնադիրն ու ղեկավարն էր։ Բուխարեստում 1876-ին հիմնվել էր Եղիա Գալֆայանի և Հակոբ Մինասյանի էլեկտրական մեքենաներով սարքավորված վարագույրների և կահավորման պիտույքների գործարանը, 1877-ին՝ Արմենակ Պարակյանի սուրճի և նպարեղենի գործարանը։ Գալաց քաղաքում ևս հայերը կարևոր դեր էին խաղում արդյունաբերության և առևտրի մեջ։ XIX դ․ կեսից փայտի արդյունահանմամբ էին զբաղվում Նավասարդ ընտանիքը, Ջունդ եղբայրները։ Դարավերջին Գալացում և Բրրիլայում կային հայ նավատերեր։ Տեղի Քեհեյան վաճառատունը կապված էր Կ․ Պոլսի և Մանչեստրի հայ առևտրականների հետ։ 1921–22–ին Գալացում գործում էին աչքի ընկնող 60 հայ վաճառականներ։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը հայերին պատկանող խոշոր ձեռնարկություններից էին Աբգար եղբայրների «Ֆլանդրա», Սեֆերյան եղբայրների «Ինդուստրիա Գլցեանը», Արամ Ճիզմեճյանի «Արգուս», Միհրան Մորուքյանի «Դունըրեա» գործարանները, «Միսիր»-ը (Ռ–ում ուներ գալանտերեայի և կոշիկի 32 մասնաճյուղ), Սարգիս և Հովհաննես Տիարպեքիրյան եղբայրների «Դմբովիցա» հյուսվածքի և կերպասի գործարանը, որն ուներ 4 հզ․ բանվոր, բազմաթիվ մասնաճյուղեր և վաճառատներ, Գևորգ և Ադրինե Վարդպարոնյանների «Կիաժնա» մանվածքի գործարանը (1000 բանվոր), Հարություն Ֆրենքյանի շաքարի 6 գործարանները ևն։ 1930-ական թթ․ Ռ–ում կային հայերին պատկանող ավելի քան 20 հյուսվածքի գործարան (մեծ մասը Բուխարեստում)։ Դրանց մեջ աչքի էին ընկնում հայազգի քիմիկոս, դոկտոր Շտեֆան Չերքեզի գուլպաների և տրիկոտաժի, ժան Զարուկի մետաքսի («ժանելիս»), Ազնավուրյան եղբայրների հյուսվածքի գործարանները։ 1922-ից Ռ–ում կոսմետիկայի արդյունաբերությունը տնօրինում էր զմյուռնիացի Ներսես Պալթազարը։ Կոշիկի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններից էր հայր և որդի էլմասյանների 1912-ին հիմնած «Ռեզիստենցա» գործարանը։ Նշված բոլոր ձեռնարկությունները հետագայում ազգայնացվեցին։
1932-ին Ռ–ում ապրում էր շուրջ 25 հզ․ հայ։
Ռ–ի հայերը հայկ․ բոլոր կենտրոններում կառուցել են բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ։ Միայն Սուչավայում նրանք ունեցել են 13 հուշարձան, որոնցից կանգուն են երկու եկեղեցի, երկու վանք և չորս մատուռ։ Տեղի հայկ․ Ս․ Օգսենտի կամ Չամկայի վանքը 1401–1686-ին եղել է թեմի հոգևոր առաջնորդության աթոռանիստը։ Հոգևոր առաջնորդարան է եղել նաև Յասսին, որտեղ հայերն ունեին երկու եկեղեցի և մեկ մատուռ։ Հայկ․ եկեղեցիներ են կառուցվել Բոտոշանում, Ֆոկշանում, Աքքերմանում, Բուխարեստում, Գալացում, Ռոմանում, Բրըիլայում, Բակրույում, Տըրգու Օկնայում, Սիլիսարայում, Պիտեշտում և այլուր։
Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից հայկ․ դպրոցներ են գործել Սուչավայում, Յասսիում, Բոտոշանում և այլ քաղաքներում։ 1841-ին Հակոբ Պըյըգլյանի (տես Հ․ Պուիուկլիու) ջանքերով հաստատվեց հայկ․ գաղութի միասնական կանոնադրությունը, և Ռ–ի իշխան Միհայ Ստուրգայի հրովարտակով հայկ․ դպրոցներն անցան պետ․ հովանավորության ներքո, իսկ շրջանավարտներն իրավունք ստացան ուսումը շարունակել ռումին․ բարձրագույն ուս․ հաստատություններում կամ արտասահմանում։ Հայկ․ դպրոցներ են գործել Յասսիում («Հայկազյան»), Ֆոկշանում («Ղևոնդյանց և Հռիփսիմյանց»), Ռոմանում («Սողոմոնյան»), Բուխարեստում (1817-ին բացվել է «Վարժոց մանկանց» դպրոցը, 1847-ին՝ «Միսաքյան», 1926-ին՝ «Միսաքյան–Քեսիմյան», 1939-ին՝ № 2 դպրոց), Գալացում (Սահակ Մեսրոպ»), Կոնստանցայում («Լուսավորչյան», ապա՝ «Հայկազյան»), Բազարջիկում («Մամիկոնյան») և այլուր։ Նշանավոր էր Ցասսիում 1866-ին խաչերես Գարագաշյանի հիմնած գիշերօթիկ դպրոցը («Գարագաշի դպրոց»)։