Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

էր, որ Արմենկոմը, որպես Հայաստանի տարածքում գտնվող բոլշևիկյան կուսակցական կազմակերպությունների միասնական ղեկավար մարմին, կոչված է տեղում ղեկավարելու և ընթացք տալու նրանց ամբողջ գործունեությանը։ Կոնֆերանսից հետո Արմենկոմը կազմակերպչական մեծ աշխատանք է տարել նրա ընդունած կարևոր որոշումներն իրականացնելու ուղղությամբ։ Աշխատավորների զինված ապստամբության հաղթանակը ապահովելու նպատակով Արմենկոմը գտնում էր, որ ապստամբությունը պետք է սկսել Սովետական Ադրբեջանին սահմանակից վայրերից, որպիսին Ղազախ–Քարվանսարայի շրջանն էր, քանի որ այդտեղից ավելի հեշտ կլիներ ստանալ Սովետական Ռուսաստանի օժանդակությունը։ Բայց երբ հանգամանքների բնական ընթացքով 1920-ի մայիսմեկյան խաղաղ ցույցերը վերածվեցին զինված ապստամբության, որի առաջին ազդանշանը տվեցին Ալեքսանդրապոլի բանվորները, կոմիտեն անցավ շարժման գլուխ և գործնական օգնություն ու ղեկավարություն ցույց տվեց ապստամբներին։ Այդ նպատակով նրա անդամներն ու ներկայացուցիչները մեկնեցին տեղերը և մասնակցեցին մայիսմեկյան ցույցերին և բուն ապստամբական շարժման ղեկավարմանը․ Ա․ Նուրիջանյանը, Դ․ Տեր–Սիմոնյանը, Ա․ Մելքոնյանը, Ա․ Դոգունցը՝ Ալեքսանդրապոլում, Ղ․ Ղուկասյանը՝ Կարսում, Հ․ Սարուխանյանը՝ Նոր Բայազետում, Ս․ խանոյանը՝ Ղարաքիլիսայում, իսկ Ս․ Ալավերդյանը, Ս․ Մարտիկյանը մնացին Երևանում։ Ապստամբության պարտությունը Արմենկոմի տակտիկայի մեջ բացահայտում է առանձին սխալներ ու թերություններն, որոնք հետագայում քննարկվել ու քննադատվել են պատմ․ գրականության մեջ։ Սակայն նրա գործունեությունը, խարսխված լինելով մարքսլենինյան ուսմունքի վրա, ամբողջությամբ վերցրած ճիշտ է արտահայտել Հայաստանի աշխատավորների ազատագրական շահերը։

1920-ի ապրիլ–մայիսին և հետագայում, Անդրկովկասի երկրամասի ազգ․ կոմունիստական կուսակցությունների ձևավորման ընթացքում, կոմունիստական կազմակերպությունների ղեկավար մարմինները ենթարկվեցին որոշ կառուցվածքային փոփոխությունների, որոնց հետևանքով Արմենկոմը դադարեցրեց իր գործունեությունը։ Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների միասնական կուսակցական կենտրոնի դերը 1920 թվականի մայիս–սեպտեմբեր ամիսներին կատարել է Հայաստանի կոմունիստական կազմակերպութունների արտասահմանյան բյուրոն, սեպտեմբեր ամսից՝ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՌՍՖՍՀ։
РОССИЙСКАЯ СОВЕТСКАЯ ФЕДЕРАТИВНАЯ СОЦИАЛИСТИЧЕСКАЯ РЕСПУБЛИКА

I․ Ընդհանուր տեղեկություններ

ՌՍՖՍՀ ՍՍՀՄ միութենական հանրապետությունների մեջ խոշորագույնն է տարածությամբ, բնակչությամբ և տնտ․ պոտենցիալով։ Նրան բաժին է ընկնում Սովետական Միության տարածքի 3/4-ը, բնակչության ավելի քան 1/2-ը, արդյունաբերության արտադրանքի 2/3-ից և գյուղատնտ․ արտադրանքի 1/2-ից ավելին։ Կազմավորվել է 1917-ի հոկտ․ 25-ին (նոյեմբ․ 7-ին)։ Տարածությունը 17075,4 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ շուրջ 141000 հզ․ (1983, հունվ․ 1)։ Մայրաքաղաքը՝ Մոսկվա։ ՌՍՖՍՀ կազմի մեջ մտնում են 16 ինքնավար հանրապետություն, 5 ինքնավար մարզ, 10 ինքնավար օկրուգ, 6 երկրամաս և 49 մարզ։ Բաժանվում է տնտ․ 10 շրջանի՝ Հյուսիս–Արևմտյան, Կենտրոնական, Վոլգա–Վյատկայի, Կենտրոնական սևահողային, Պովոլժիեի, Հյուսիս–Կովկասյան, Ուրալյան, Արևմտասիբիրական, Արևելասիբիրական, Հեռավորարևելյան։

II․ Պետական կարգը

ՌՍՖՍՀ համաժող․ պետություն է, սովետական ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետություն ՍՍՀՄ կազմում։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ի ապրիլի 12-ին։ Ազգ․ մեծամասնություն են կազմում ռուսները, որոնք մտնում են ոչ թե որևէ ազգ․ կազմավորման մեջ, այլ ներկայացնում են ՌՍՖՍՀ ամբողջությամբ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում ՌՍՖՍՀ ներկայացված է 32, ՌՍՖՍՀ կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություններից յուրաքանչյուրը՝ 11, ինքնավար մարզերը՝ 5 և ինքնավար օկրուգները՝ 1 դեպուտատով։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը ՌՍՖՍՀ Գերագույն սովետն է, Գերագույն սովետի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ նրա Նախագահությունը։ ՌՍՖՍՀ Գերագույն սովետի Նախագահությունը հրավիրում է Գերագույն սովետի նստաշրջանները, հրապարակում հրամանագրեր, շնորհում ՌՍՖՍՀ պատվավոր կոչումներ, կարող է չեղյալ համարել ՌՍՖՍՀ և ինքնավար հանրապետությունների Մինիստրների խորհուրդների, երկրամասային և մարզային ժողովրդական դեպուտատների սովետների որոշումներն ու կարգադրությունները, եթե դրանք չեն համապատասխանում օրենքին։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ ՌՍՖՍՀ Մինիստրների խորհուրդ, որը գլխավորում է պետ․ կառավարման մարմինների ողջ համակարգը, միավորում և ստուգում է ինքնավար հանրապետությունների Մինիստրների խորհուրդների աշխատանքը, ղեկավարում երկրամասային և մարզային ժողովրդական դեպուտատների սովետների աշխատանքը, միջոցներ ձեռնարկում ապահովելու հասարակական կարգի պահպանումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ևն։ Պետ․ կառավարման ճյուղերը ղեկավարում են հանրապետական կամ միութենական–հանրապետական մինիստրությունները։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների մարզային, երկրամասային, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների, շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետներն են։ Արդարադատությունն իրականացնում են ՌՍՖՍՀ, ինքնավար հանրապետությունների գերագույն դատարանները, երկրամասերի, մարզերի, ինքնավար մարզերի, ինքնավար օկրուգների դատարանները, շրջանային (քաղաքային) ժող․ դատարանները։ ՌՍՖՍՀ Գերագույն դատարանն ընտրվում է ՌՍՖՍՀ Գերագույն սովետում։ ՌՍՖՍՀ դատախազին, ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի դատախազներին նշանակում է ՍՍՀՄ դատախազը՝ 5 տարի ժամկետով։

III․ Բնությունը

ՌՍՖՍՀ գրավում է Արլ․ Եվրոպայի և Հս․ Ասիայի մեծ մասը։ Ծայր արմ․ կետը գտնվում է Լեհաստանի հետ ունեցած սահմանի վրա (արլ․ երկայնության 19°38՝), ծայր արլ․ կետը՝ Բերինգի նեղուցի Ռատմանովի կղզում (արմ․ երկայնության 169°02՝), ծայր հվ․ կետը՝ Ադրբ․ ՍՍՀ–ի հետ ունեցած սահմանի վրա (հս․ լայնության 41°10՝), ծայր հս․ կետը՝ Ֆրանց Ցոսիֆի երկրի Ռուդոլֆի կղզում (հս․ լայնության 81°51՝)։ ՌՍՖՍՀ ափերը, ողողվում են Հյուսիսային սառուցյալ և խաղաղ օվկիանոսների ծայրամասային ծովերի, ինչպես նաև Բալթիկ, Սև և Ազովի ծովերի ջրերով։