տարածքում։ Նրա կազմավորմանը մասնակցեցին նաև ոչ սլավոն. աստիճանաբար ռուսացած այլ ցեղեր, պետության կազմի մեջ մտան Հյուսիսի և Պովոլժիեի շատ ժողովուրդներ, հետագայում ռուս. պետության բազմազգ բնույթը ավելի խորացավ։ Ռուս. պետությունում զարգանում էր պետ․ իշխանության և կառավարման կենտրոնացումը։ Պետության ամբողջ տարածքում շարունակվում էր դեռևս Մոսկվայի մեծ իշխանությունում սկսված ճորտ. հարաբերությունների ձևավորումը։
Խոշոր ֆեոդալները ձգտում էին պահպանել իրենց անկախությունը պետության մեջ և ընդդիմանում էին քաղ․ կարգի կենտրոնացմանը։ Ներքաղ․ պայքարը առավել սրվեց XVI դ․ կեսին, առաջին ռուս. ցար Իվան IV Վասիլևիչ Ահեղի օրոք, որն իր թագավորության սկզբին ձեռնարկեց մի շարք բարեփոխումներ պետ․ իշխանության կենտրոնացման, ազնվականության դիրքերի ամրապնդման նպատակով։ Լուծվեց նաև արտաքին քաղ․ կարևոր հարցերից մեկը՝ վերացվեցին Կազանի և Աստրախանի թաթար. խանությունները, սկսվեց առաջընթաց դեպի Անդրուրալ և Արմ․ Սիբիր։ Բալթիկ ծով դուրս գալու համար պատերազմը (տես Լիվոնյան պատերազմ 1558–83) էլ ավելի սրեց պայքարը իշխանական–բոյարական ընդդիմության և պետ․ իշխանության միջև։ Օպրիչնինայի միջոցով իշխանությունն ամրապնդելու ցարական իշխանության փորձը մեծ դժգոհություններ առաջացրեց հասարակության տարբեր խավերի շրջանում, երկրի զգալի մասը ամայացավ, բնակիչները հեռացան ծայրամասերը։ ճորտ. ճնշման ուժեղացմանը ժող․ զանգվածները պատասխանեցին XVII դ․ սկզբի առաջին գյուղաց․ պատերազմով՝ Ի․ Բոլոտնիկովի գլխավորությամբ։ Երկրի ներքին բարդ իրավիճակից օգտվեցին 1604-ին Ռուսաստան ներխուժած լեհ և շվեդ. ֆեոդալները։ Լեհերը գրավեցին Մոսկվան։ Եվ միայն Կ․ Մինինի ու Դ․ Պոժարսկու գլխավորած ժող․ աշխարհազորը 1612-ին ազատագրեց Մոսկվան։ Սակայն երկրի արմ․ և հս–արմ․ որոշ տարածքներ մնացին Ռեչ Պոսպոլիտայի և Շվեդիայի տիրապետության տակ։ 1613-ին Ռուսաստանում հաստատվեց Ռոմանովների դինաստիայի իշխանությունը։ 1654-ին Ուկրաինան վերամիավորվեց Ռուսաստանի հետ։
XVII դարից Ռուսաստանը թևակոխեց իր պատմության նոր շրջանը, որը բնութագրվում է բուրժ․ հարաբերությունների և ազգ․ կապերի աստիճանական ձևավորմամբ։ Տեղի էր ունենում քաղաքային արհեստների զանգվածային անցումը մանրապրանքային արտադրության, սկսեց զարգանալ ազնվականական ձեռնարկատիրությունը, երևան եկան պետ․ մանուֆակտուրաներ, որոնք զենք և մետաղ էին արտադրում պետ․ կարիքների համար, աճում էր ներքին և արտաքին առևտուրը, ձևավորվում էր համառուսաստանյան շուկան։ Առևտր․ կապերի խոշոր կենտրոն դարձավ մայրաքաղաք Մոսկվան։ Ազնվականության հզորացումը նպաստեց ֆեոդալ-կալվածատերերի հողային սեփականության ամրապնդմանը և ճորտատիրության հետագա զարգացմանը։ Ֆեոդ. շահագործման ուժեղացումը XVII դ․ կեսին առաջացրեց քաղաքային ապստամբություններ (1648, 1662-ի Մոսկվայի, 1650-ի Նովգորոդի ապստամբություններ), գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670–71-ին, XVII դ․ վերջի ստրելեցյան ապստամբությունները։ Ընդլայնվեց ժող․ զանգվածների վերաբնակեցումը պետության հվ․ և արլ․ շրջաններ, ակտիվորեն յուրացվում էր Սիբիրը։ Ռուս երկրագնացները հասան մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը։ Ռուս. պետության մեջ մտան յակուտները, բուրյաթները, խակասները, ալթայցիները, արևմտասիբիրական թաթարները ևն։
Ազնվականության ուժեղացումը և բոյարության դիրքերի թուլացումը, ապրանքադրամային հարաբերությունների զարգացումը և ֆեոդ, պետության տնտ․ դիրքերի ամրապնդումը պայմանավորեցին անցումը միապետության։ XVII դ․ վերջին Ռուսաստանում նախադրյալներ էին հասունացել տնտեսության, պետ․ կարգի և մշակույթի բնագավառներում վերափոխումներ կատարելու համար։ Այդ վերափոխումները իրականացրեց Պետրոս I Մեծի (1682–1725) կառավարությունը։ Հյուսիսային պատերազմի 1700–21 ընթացքում ստեղծվեցին մշտական բանակ և ռազմածովային նավատորմ։ 1709-ին հաղթական մարտեր մղվեցին շվեդ, զորքերի դեմ Պոլտավայում և այլուր, ելք նվաճվեց դեպի Բալթիկ ծով, Նևայի վրա կառուցվեց նոր մայրաքաղաք Պետերբուրգը։ XVIII դ․ 1-ին քառորդում անցկացվեց տեղական և կենտր․ պետ․ ապարատի վերակառուցում (վերացվեցին բոյարական դուման և պրիկազները, ստեղծվեցին Սենատ և կոլեգիաներ, երկիրը բաժանվեց նահանգների, հաստատվեց զինվ․ և քաղաքացիական ծառայությունների կարգը ևն)։ 1721-ին Ռուսաստանը հռչակվեց կայսրություն։ Զգալիորեն զարգացավ արդյունաբերությունը (XVIII դ․ 1-ին քառորդում ավելի քան 200 մանուֆակտուրա, XVII դ․ ընդամենը՝ 30)։ Հատկապես արագորեն էր աճում ուրալի լեռնահանքային արդյունաբերությունը։ Աշխուժացավ առևտուրը։ Բայց բարեփոխումներից հիմնականում շահեց ազնվականությունը, որը տիրապետող դիրք ձեռք բերեց պետ․ կառավարման ամբողջ համակարգում։ Եկեղեցին ենթարկվեց պետությանը (վերացավ պատրիարքությունը, և ստեղծվեց հոգևոր կոլեգիա՝ Սինոդ)։ Մեծ փոփոխություններ կատարվեցին մշակույթի բնագավառում, ստեղծվեցին աշխարհիկ դպրոցներ, ընդլայնվեցին կապերը արևմտաեվրոպ․ մշակույթի հետ, զարգացավ գրատպությունը, հիմնադրվեց ԳԱ (1724, բացվեց 1725-ին), մտցվեց նոր տոմար (1700-ից)։ Բարեփոխումներն ու ռազմ. նվաճումները, որոնք Ռուսաստանը դարձրին համաշխարհային տերություն, իրագործվում էին ճորտ. մեթոդներով, ժող․ զանգվածների ֆեոդ. շահագործման ուժեղացումով, որի հետևանքը եղան ժող․ ելույթները (1705–06-ի Աստրախանի, 1707–09-ի՝ Բուլավինի ապստամբությունները ևն), որոնք կառավարությունը դաժանորեն ճնշեց։ Պետրոս I Մեծի մահից հետո ազնվականական խմբավորումների միջև պայքար բորբոքվեց իշխանության համար, որը XVIII դ․ 2-րդ քառորդում հանգեցրեց մի շարք պալատական հեղաշրջումների։
XVIII դ․ 2-րդ կեսին Ռուսաստանում արդեն պարզորոշ նշմարվում էին կապիտ․ զարգացման տարրեր, որոնք արտահայտվում էին ապրանքադրամային հարաբերությունների ծավալմամբ, ազատ–վարձու աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրաների տարածումով։ Կենտր․ սևահողային նահանգները, որտեղ կոռային աշխատանք էր կատարում կալվածատիրական գյուղացիների 3/4-ը, ավելի ու ավելի մեծ քանակությամբ հացահատիկ էին արտադրում ներքին և արտաքին շուկայի համար։ Կենտր․ ոչ սևահողային նահանգներում զարգանում էր գյուղացիական արդյունագործությունը։ Եկատերինա 11 կայսրուհու (1762–96) կառավարությունը ամրապնդում էր ազնվականական հողատիրությունը պետ․ հողերի բաշխման միջոցով։ Գյուղացիների դժգոհությունն ու անհնազանդությունը շուտով վերաճեց Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ գյուղաց․ պատերազմի Ե․ Պուգաչովի ղեկավարությամբ (տես Գյուղացիական պատերազմ Ե․ Ի․ Պուգաչովի գլխավորությամբ 1773–75), որը կառավարությունը դաժանորեն ճնշեց։ XVIII դ․ 2-րդ կեսին ռուս. առաջավոր մտավորականությունը ավելի ու ավելի վճռականորեն հանդես եկավ ճորտատիրության բոլոր դրսևորումների դեմ։ XVIII դ․ վերջին ռուս առաջին հեղափոխական–հանրապետական Ա․ Ն․ Ռադիշչևը, որպես ճորտատիրության վերացման անհրաժեշտ պայման, առաջ քաշեց հեղափոխությամբ ինքնակալության տապալման պահանջը։
Արտաքին քաղ․ ասպարեզում ցարական կառավարությունը շարունակում էր պայքարը հվ․ սահմանների անվտանգության համար, հաշվի առնելով նաև ազնվականության ձգտումները հվ–ի բարեբեր հողերի նկատմամբ և վաճառականության շահերը՝ Սև ծովի վրայով առևտր․ ուղիներ ապահովելու համար։ Թուրքիայի դեմ տարած հաղթանակների շնորհիվ վերացավ Ղրիմի խանությունը (1783-ին), Սև ծովի հս․ ափը անցավ Ռուսաստանին, սահման դարձավ Դնեստր գետը։ XVIII դ․ վերջի ռուս–թուրք, պատերազմներում ի