Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/457

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրային սիմֆոնիկ պոեմներից («Վիշեգրադ», «Վլտավա», «Շարկա», «Չեխական մարգագետիններում և անտառներում», «Տաբոր», «Բլանիկ»), որոնցում գովերգվում են հայրենի բնությունը, չեխ ժողովուրդը, նաև՝ «Համբույր» (1876), «Գաղտնիք» (1878), «Սատանայի պատը» (1882) օպերաները, լարային 2 կվարտետ (1-ինը ինքնակենսագրական է՝ «Իմ կյանքից» խորագրով), դաշնամուրային «Չեխական պարերը» (1879) են։ Ս–ի ստեղծագործությունը, որը աչքի է ընկնում բարձր գաղափարայնությամբ, ազգային ինքնատիպությամբ և վարպետությամբ, կանխորոշել է չեխական երաժշտության հետագա զարգացման ուղիները։ Ս–ի անունով են կոչվում Պրագայի լավագույն համերգային դահլիճներից մեկը, Երաժշտության տունը, լարային քառյակ, Ս–ի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն հրատարակող երաժշտ․ ընկերությունը։ 1928-ին Պրագայում հիմնադրվել է Ս–ի թանգարանը իր բաժանմունքներով՝ Լիտոմիշլում և Յաբկենիցեում։ Ամեն տարի Ս–ի մահվան օրը «Իմ հայրենիքը» շարքի կատարումով սկսվում է «Պրագայի գարուն» միջազգային երաժշտ․ փառատոնը։ Երեանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է «Վաճառված հարսնացուն» օպերան (1953)։

ՍՄԵՏՆԵՎ Սերգեյ Իվանովիչ (ծն․ 1899, Մոսկվա), սովետական թռչնաբույծ–սելեկցիոներ։ ՍՍՀՄ–ում արդ․ թռչնաբուծության հիմնադիրներից։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1943), պրոֆեսոր (1944), Վ․ Ի․ Լենինի անվ․ ՀամԳԳԱ ակադեմիկոս (1956)։ Ավարտել է Պետրովյան գյուղատնտ․ ակադեմիան (այժմ՝ Կ․ Ա․ Տիմիրյազևի անվ․ գյուղատնտ․ ակադեմիա)։ 1944–73-ին եղել է նույն ակադեմիայի թռչնաբուծության ամբիոնի վարիչ։ Ս–ի գիտ․ աշխատանքները նվիրված են թռչունների բուծման, դրանց մթերատվության բարձրացման, ՍՍՀՄ–ում արդ․ թռչնաբուծության զարգացման և այլ հարցերին։ Մշակել է թռչունների վանդակային պահվածքի տեխնոլոգիայի և նորմատիվների սկզբունքները։ Ս–ի ղեկավարությամբ ու մասնակցությամբ ստեղծվել են հյուսիսկովկասյան հնդկահավերի, ռուս, սպիտակ և մոսկովյան հավերի ցեղերը։ Ս․ թռչնաբուծության միջազգային գիտ․ ասոցիացիայի խորհրդի անդամ է (1958-ից)։ Պարգեատըրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՍՄԵՏՍ (Smuts) Յան Քրիստիան (1870– 1950), Հարավ–Աֆրիկյան Հանրապետության (մինչև 1961-ի մայիսը՝ Հարավ–Աֆրիկյան Միություն) պետ․ և քաղ․ գործիչ, փիլիսոփա–իդեալիստ։ 1919–24-ին և 1939–48-ին պրեմիեր մինիստր։ Բրիտ․ ֆելդմարշալ (1941-ից)։ Վարել է ապարտհեյդի քաղաքականություն։ Ազգերի լիգայի կանոնադրության հեղինակներից և մանդատային համակարգի ստեղծման նախաձեռնողներից էր։ 1942-ին Ա–ի կառավարությունը ճանաչել է ՍՍՀՄ–ը, սակայն արդեն 1943-ին Ս․ հանդես է եկել հակասովետական «արևմտյան դաշինք» ստեղծելու օգտին։ Հոլիզմի՝ «ամբողջականության փիլիսոփայության» հիմնադիրներից։

ՍՄԵՐԴՆԵՐ, ֆեոդ, կախման մեջ գտնվող գյուղացիների անվանումը Հին Ռուսիայում և սլավոն, մի քանի այլ երկրներում։ XI – XII դդ․ աղբյուրներում Ս․ հիշատակված են Կիևյան Ռուսիայում, Լեհաստանում և պոլաբյան սլավոնների մոտ։ Ռուսիայում Ս․ ազատությունն աստիճանաբար կորցնող (մասամբ կամ լիովին) գյուղացիներ էին, որոնց առանձին խմբեր իրավական դրությամբ տարբերվել են։

Ի տարբերություն ստրուկների, Ս․ XI – XII դդ․ ունեցել են իրենց գույքը, կատարած հանցանքի դիմաց վճարել տուգանք։ Իրավաբանորեն Ս․ լիիրավ չէին․ Ս–ի սպանությունը պատժվել է նույնպիսի տուգանքով, ինչպես խոլոպինը։ Անժառանգ Ս–ի գույքը տնօրինել է իշխանը։ XII դ․ սկզբից Ս–ով բնակեցված հողերը տրվել են առանձին իշխանների՝ իբրև սեփականություն։

Ըստ XIV–XV դդ․ աղբյուրների, Նովգորոդյան ու Պսկովյան երկրներում Ս․ եղել են սեփականատեր–գյուղացիներ, որոնք հողը տիրել են համայնաբար կամ անհատապես, իրավասու եղել՝ ազատորեն օտարելու իրենց հասանելի հողը։ Սակայն Ս–ի անձնական ազատությունը եղել է սահմանափակ, արգելվել է Ս–ի տեղափոխվելը այլ հողեր կամ ուրիշ իշխանի պատրոնության ներքո։

ՍՄԻԹ (Smith) Ադամ (5․6․1723–17․7․ 1790), շոտլանդացի տնտեսագետ և փիլիսոփա, բուրժուական դասական քաղաքատնտեսության ականավոր ներկայացուցիչ։ Կրթությունը ստացել է Գլազգոյի և Օքսֆորդի համալսարաններում։ 1748–51-ին էդինբուրգում կարդացել է գրականության ու բնական իրավունքի հրապարակային դասախոսություններ։ 1751-ին գլխավորել է Գլազգոյի համալսարանի տրամաբանության, 1752-ին՝ բարոյական փիլիսոփայության ամբիոնները։

1759-ին Լոնդոնում հրատարակել է «Բարոյական զգացմունքների տեսություն» գիրքը։ 1764–66-ին գտնվել է արտասահմանում, գլխավորապես Ֆրանսիայում, որտեղ մտերմացել է էնցիկլոպեդիստների ու ֆիզիոկրատների հետ։ 1767–73-ին ապրել է հայրենիքում, 1773–76-ին՝ Լոնդոնում։ 1778-ին ստացել է Շոտլանդիայի մաքսային կոմիսարի պաշտոն և մինչե կյանքի վերջն ապրել էդինբուրգում։ 1776-ին Ս․ հրատարակել է «ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների ուսումնասիրություն» աշխատությունը, որը բաղկացած է հինգ գրքից։ Առաջին երկու գրքերում լուսաբանել է հիմնական տնտ․ կատեգորիաների՝ արժեքի, փողի, կապիտալի, աշխատանքի բաժանման, եկամուտների բովանդակությունը, երրորդում՝ Արմ․ Եվրոպայի երկրների պատմությունը, չորրորդ գրքում բնութագրել է տնտեսագիտության ուղղությունները, իսկ վերջին գիրքը նվիրել անգլ․ կառավարության տնտ․ քաղաքականության հարցերին ու ֆինանս, դրությանը։ Աշխատության առանցքը արժեքի աշխատանքային տեսությունն է, որի սկզբունքներից ելնելու հեղինակը փորձել է թափանցել կապիտալիստական արտադրության էության մեջ, բացահայտել նրա կառուցվածքը։ Այս վերլուծական մեթոդի շնորհիվ Ս–ին հաջողվել է գիտ․ ուսմունք ստեղծել կապիտ․ հասարակության երեք գլխ․ դասակարգերի՝ բանվորների, կապիտալիստների և հողատերերի եկամուտների (համապատասխանաբար՝ աշխատավարձի, շահույթի և ռենտայի) մասին։ Միակ աշխատանքային եկամուտը համարել է աշխատավարձը, իսկ շահույթն ու ռենտան՝ անաշխատ եկամուտ՝ բանվորի աշխատանքով ստեղծած արդյունք, որն արտադրության միջոցների մասնավոր սեփականության հիման վրա յուրացնում են կապիտալիստներն ու կալվածատերերը։ Կապիտալը դիտել է որպես ապրանքի արժեքից ավելցուկ (հավելյալ արժեք) ստանալու գործոն։ Արժեքավոր է նաև կապիտալի բաղադրամասերի՝ հիմնական և շրջանառու մասերի վերաբերյալ ուսմունքը, որը պահպանվում է առ այսօր։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ծավալուն տեսության մեջ Ս․ բացահայտել է աշխատանքի արտադրողականության բարձրացման գործոնները, միաժամանակ ցույց տվել դրա վնասակար ազդեցությունը բանվորների վրա։ Ուսումնասիրությունների ընթացքում Ս․ երբեմն սահմանափակվել է տնտ․ երեույթների մակերեսային նկարագրությամբ և հանգել ոչ գիտ․, սխալ հետևությունների։ Այդ կարգի ընդհանրացումներից է Սմիթի դոգման։ Ս–ի արժեքի տեսության թույլ կողմերից է այն, որ նա աշխատանքն է համարել ապրանք, որը, համարժեքային փոխանակության առկայության պայմաններում, անհնարին է դարձրել շահույթի առաջացման գիտ․ բացատրությունը։ ուստի և Ա․ շահույթը դիտել է որպես արժեքի գոյացման աղբյուր։ Ս–ի տնտեսագիտական ուսմունքը մեծապես ներգործել է քաղաքատնտեսության զարգացման վրա, դարձել բուրժ․ դասական քաղաքատնտեսության՝ մարքսիզմի աղբյուրներից մեկի, հիմքը։ Այն խորը ազդեցություն է թողել նաև արևմտահայ տնտեսագիտ․ գրականության վրա։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ սկզբին Կ․ Պոլսում հրատարակված քաղաքատնտեսության դասագրքերում այդ գիտության սկզբունքները լուսաբանվել են ելնելով գերազանցապես արժեքի աշխատանքային տեսությունից (Ն․ Զորայան, Ռ․ Պերպերյան, Կ․ Ցություջյան, Ա․ Քեշիշյան, Մ․ Հովհաննիսյան)։