Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈՍՅՈՒՐԱ Վլադիմիր Նիկոլաևիչ (1898–1965), ուկրաինացի սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Մասնակցել է 1918–20-ի քաղաքացիական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է ճակատային թերթի զինվ․ թղթակից։ Ս–ի վաղ շրշանի ստեղծագործությունների [«Կարմիր ձմեռ» (1921), «1917 թվական» (1921), «Օքսանա» (1922), «1871 թվական» (1923), «Պատասխան» (1926), «Պատերազմ պատերազմին» (1930) պոեմներ․ «Երկաթուղի» (1924), չափածո հերոսապատում ևն] հիմնական թեմաներն են հեղափոխության ու քաղաքացիական կռիվների հերոսականությունը, սովետական մարդու հոգևոր աճը, միջազգային պրոլետարական համերաշխությունը։

«Կարմիր վարդեր» (1932), «Նոր բանաստեղծություններ» (1937), «Սիրում եմ» (1939) ժողովածուները նվիրված են սովետական հայրենասիրությանը, ժողովուրդների բարեկամությանը, սոցիալիստական շինարարությանը։ Հայրենական պատերազմի տարիների հայրենասիրական լիրիկան ամփոփված է «Կարմիր զինվորներին» (1941), «Ցասման պահին» (1942) ժողովածուներում, այդ ժամանակ են գրվել «Օլեգ Կոշևոյ» (1943) և «Իմ որդին» (1944) պոեմները։ Ետպատերազմյան շրջանում տպագրվել են Ս–ի «Որպեսզի այգիները սոսափեն» (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), «Սրտի լարերի վրա» (1955), «Ծիծեռնակներն արևի տակ» (1960, Տ․ Շևչենկոյի անվ․ ՈւՍՍՀ պետ․ մրցանակ, 1963), «Աշխատավոր ընտանիքի երջանկությունը» (1962, Տ․ Շևչենկոյի անվան ՈւՍՍՀ պետ․ մրցանակ, 1963) ժողովածուները։ Ս–ի պոեզիան աչքի է ընկնում խոր քնարականությամբ, փիլ․ ուղղվածությամբ, դասական պարզությամբ։ Նրա ստեղծագործությունները թարգմանված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Ս․ ուկր․ է թարգմանել Խ․ Աբովյանի, Ա․ Իսահակյանի, Ս․ Կապուտիկյանի շատ բանաստեղծություններ։ Ս–ի բանաստեղծությունները հայերեն լույս են տեսել «Ուկրաինական քնար» ժողովածուում (1954, էջ 187–199)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 3 այլ շքանշաններով։

ՍՈՍՆՁԱԾ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, տես Փայտե կոնստրուկցիաներ։

ՍՈՍՆՁԱՆԵՐԿԵՐ, անօրգ․ և օրգ․ պիգմենտների կախույթներ թաղանթ առաջացնող՝ սոսնձող նյութերի (թաղանթանյութերի էթերներ և էսթերներ, պոլիվինիլսպիրտ, օսլա, կազեին, կենդան, սոսինձներ) ջրային լուծույթներում։ Պարունակում են նաև լցոններ՝ կավիճ, կաոլին, գիպս ևն։ Օգտագործվում են բետոնե, աղյուսե, փայտե և սվաղապատ մակերևույթները ներկելու (վրձնով, ներկագլանով, փոշեցրմամբ) համար։ Ս․ առաջացնում են ծակոտկեն և ջրաթափանց գեղատես (մետաքսափայլ կամ փայլատ) ծածկույթներ, որոնք չեն խանգարում ներկված առարկայի (օրինակ՝ թաց սվաղի) չորացմանը։ Քաղաքացիական և արդ․ շինարարության մեջ Ս․ օգտագործում են հիմնականում շինությունների ներսը, ավելի կայունները (կազեինային Ս․)՝ շենքերի ճակատները ներկելու և զարդարելու համար։

ՍՈՍՈՅԱՆ Միհրան Ռուբենի (ծն․ 15․4․ 1928, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1954-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ի գրաֆիկայի բաժինը (1975-ից դասավանդում է նույն ինստ–ում)։ 1964-ից «Հայաստան» հրատարակչության, 1968-ից4 Հայհրատպետկոմի գլխ․ նկարիչ։ Ստեղծագործում է հիմնականում գրքի ձևավորման բնագավառում։ Նշանակալի են՝ Ե․ Չարենցի «Ամբոխները խելագարված» (1967), Մ․ Սարգսյանի «Տիրամոր պատկերի առջև»(1963), Ն․ Զարյանի «Սասունցի Դավիթ» (1968), Հ․ Խաչատրյանի «էրեբունի» (1968)։ Ստեղծել է նաև առանձին շարքեր («Մեծ բարեկամություն», 1960, «Բուլղարական մոտիվներ», 1968) և գրաֆիկական թերթեր (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բոլորը՝ լինոփորագրություն)։ 1956-ից մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։ Համամիութենական մրցույթներում բազմիցս արժանացել է մրցանակների և մեդալների։ Ս–ի բազմաթիվ աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։

ՍՈՍՐԱԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում։ 1909-ին ուներ մոտ 110 հայ բնակիչ (15 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

«ՍՈՎԵՏ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԻ» («Совет Эрманистаны», «Սովետական Հայաստան»), երկօրյա թերթ, ՀԿԿ Կենտկոմի, ՀՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգան։ Լույս է տեսնում 1921-ից, Երևանում։ Խմբագիրներ՝ Բ․ Էֆենդին, Մ․ Հուսեյնով, Ա․ Ռզաև, Ռ․ Ալլահվերդիև, Ռ․ Վելիբեկով, Ջ․ Վելիբեկով, Հ․ Հասանով, Մ․ Բայրամով, Ջ․ Ալիև (1981-ից)։ Կուսակցական սովետական առաջին ադրբ․ պարբերականը Հայաստանում։ Տարբեր տարիների անվանվել է․ «Ռանչպար» (1921–25), «Զանգի» (1925-28), «Գըզըլ շաֆազ» (1928–32), «Կոմունիստ» (1932-38), «Ս․ է․»՝ 1938-ից։ Արձագանքել է Հայաստանում սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը, տպագրել Ա․ Մյասնիկյանի, Ն․ Նարիմանովի, Ս․ Լուկաշինի, Ա․ Խանջյանի, Ա․ Կարինյանի և պետ․–կուսակցական այլ գործիչների ելույթներն ու հոդվածները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին լուսաբանել է հայ և ադրբեջանցի ռազմիկների սխրանքը, թիկունքի հերոսական գործերը։ «Ս․ Է․» պրոպագանդում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումները, արտացոլում հանրապետության կուսակցական, սովետական ու տնտ․ մարմինների, արհմիութենական, կոմերիտական կազմակերպությունների աշխատանքը։ Թերթի էջերում զգալի տեղ է հատկացվում սովետական բազմազգ, մասնավորապես հայ և ադրբեջանցի, ժողովուրդների ինտերնացիոնալ կապերին ու եղբայրական համագործակցությանը։ Անդրադառնում է միջազգային քաղ․ կյանքի իրադարձություններին, համաշխարհային կոմունիստական և բանվորական շարժմանը, ներկայացնում ՍՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1971)։