Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեծ նշանակություն ունի երկլեզվությունը՝ ազգ․ մայրենի լեզվի և ռուս–ի տիրապետումը։ Ռուս, դարձել է ՍՍՀՄ ժողովուրդների հասարակական, քաղ․, տնտ․, մշակութային և գիտ․ տարբեր ոլորտներում համագործակցության և հա– մաշխարհային մշակույթի նվաճումներին հաղորդակից լինելու միջոց։ ՍՍՀՄ–ում մեծ ուշադրության է արժանացել ՍՍՀՄ ժողովուրդների լեզուների ուսումնասիրումը․ ստեղծվում են մենագրություններ, գիտ․ քերականություններ, բարբառագիտական ատլասներ, երկլեզվյան և միալեզվյան (բացատրական, ուղղագրական, տերմինաբանական, հանրագիտական են) բառարաններ (տես Լեզվաբանություն հոդվածի Գիտությունը բաժնում)։


Քարտեզը տես 609–րղ էջից առաջ՝ ներդիրում։


IV․ Բնությունը և բնական ռեսուրսները


Բնական պայմանների ընդհանուր բնութագիրը։


Երկրի վիթխարի չափերը, աշխարհագրական տարբեր գոտիներում և զոնաներում գտնվելը պայմանավորել են բնության արտակարգ բազմազանությունը։ ՍՍՀՄ եվրոպ․ մասի տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում է Արլ–Եվրոպական (Ռուսական) հարթավայրը, որից արլ․ տարածվում են ուրալյան լեռները, Արմ–Սիբիրական հարթավայրը, Միջինսիբիրական սարահարթը, Վերխոյանսկի և Չերսկու լեռնաշղթաներն ու Հեռավոր Արևելքի լեռները։ Միջին Ասիայի արմ․ մասում Թուրանի դաշտավայրն է։ Երկրի հվ–արմ–ում և հվ–ում ձգվող լեռնային համակարգերից առավել նշանավոր են Կարպատները, Կովկասը, Պամիրը, Տյան Շանը, Ալթայը, Մայանները։


ՍՍՀՄ կլիմայի ընդհանուր գծերը պայմանավորված են երկրի մեծ մասի բարեխառն գոտում գտնվելով, կլիմայի փոփոխումով՝ ցուրտ արկտիկականից մինչև մերձարևադարձայինն ու անապատայինը։ Արմ–ից արլ․ կլիման դառնում է ավելի ցամաքային։ Հս–արմ․ շրջաններում տիրապետում է ծովային, Միբիրում՝ ցամաքային և խիստ ցամաքային, Խաղաղ օվկիանոսի ափերին՝ մուսսոնային կլիման։ Լեռնային շրջաններում առկա է բարձունքային գոտիականությունը։ Երկրի հս․ շրջանները (տունդրա, անտառատունդրա, արկտիկական անապատներ) մտնում են արկտիկական և մերձարկտիկական գոտիների, անտառային, անտառատափաստանային, տափաստանային, կիսաանապատային և անապատային զոնաները՝ բարեխառն գոտու մեջ։

Անապատներն ու մերձարևադարձային անտառների տեղամասերը հատուկ են երկրի հարավում փոքր տարածություն զբաղեցնող մերձարևադարձային գոտում:

Երկրաբանական կառուցվածքը


ՍՍՀՄ տարածքում առանձնացվում են երկրակեղևի ստրուկտուրային հետևյալ խոշորագույն տարրերը՝ Արևելաեվրոպական և Սիբիրական պլատֆորմները և դրանց բաժանող ծալքավոր գեոսինկլինալային գոտիները՝ Ուրալ-Մոնղոլական Միջերկրածովյան և Խաղաղ օվկիանոսյան։


Հին պլատֆորմները․ Արևելա-եվրոպական պլատֆորմն ընդգրկում է հիմքի մերկացող երկու ելուստ՝ Բալթիական վահանը, Ուկրաինական բյուրեղային զանգվածը և ընդարձակ Ռուսական սալը, որի հիմքը խորասուզված է նստվածքային ծածկոցի տակ։ Հիմքի կառուցվածքում մասնակցում են արխեյի և ստորին պրոտերոզոյի հաստվածքները։ Ստորին արխեյի ապարներն առաջացնում են բազմաթիվ զանգվածներ, որոնց սահմաններում առանձնացվում են ապարների՝ ըստ բաղադրության և հասակի 2 տարբեր կոմպլեքսներ։


Ստորին արխեյան զանգվածները բաժանված են ուշ արխեյան–վաղ պրոտերոզոյան (1900–2600 մլն տարի) ծալքավոր ստրուկտուրաների շերտերով, որոնք կազմված են գնեյսներից, բյուրեղային թերթաքարերից, քվարցիտներից և դիաբազներից։ Այդ ապարները ենթարկվել են ուժեղ ծալքավորման և գրանիտացման վաղ պրոտերոզոյի վերջում և կրկնակի մետամորֆացման՝ ուշ պրոտերոզոյում (1750–1600 և 1500–1350 մլն տարի)։


Ստորին պրոտերոզոյան ապարները Բալթիական վահանում և Ուկրաինական զանգվածում տեղադրված են աններդաշնակ և ներկայացված են քվարցիտներով, ֆիլիտներով, դիաբազներով, դոլոմիտային մարմարներով։

Հիմքի տեղադրման խորությունը Ռուսական սալում տատանվում է մի քանի հարյուր մ-ից (բարձրություններում) մինչև մի քանի հզ․ մ (իջվածքներում)։ Առավել խոշոր բարձրություններն են Վորոնեժի, Բելոռուսական և Վոլգա–Ուրալյան անտեկլիզները։ Իջվածքների մեջ աչքի են ընկնում Մոսկովյան, Բալթիական, Մերձկասպյան սինեկլիզները։


Վենդի և քեմբրիի նստվածքները զարգացած են Մոսկովյան և Բալթիական սինեկլիզներում։ Դրանք ներկայացված են կավերով, ավազաքարերով, տեղ-տեղ՝ տուֆերով։ Օրդովիկի և սիլուրի նստվածքները տարածված են պլատֆորմի հվ–ում (կավային թերթաքարեր և կրաքարեր)։ Օրղովիկին են վերագրվում այրվող թերթաքարերը՝ կուկերսիտները։ Դևոնի նստվածքները Ռուսական պլատֆորմում զարգացած են ամենուրեք։ Պլատֆորմի արլ–ում բնորոշ են բիտումինոզային կրաքարերը և կավերը։ Քարածխային ժամանակաշրջանի նստվածքները հիմնականում ներկայացված են կրաքարերով և դոլոմիտներով։ Ստորին կարբոնի հետ կապված է ածխաբեր շերտախումբը։ Դոնեցկի ավազանում կարբոնը առաջացնում է կավերի, ավազաքարերի, կրաքարերի՝ քարածխի շերտերով հերթագայվող հզոր (մինչև 18 կմ) սերիա։ Ստորին պերմի նստվածքների հետ կապված են քարաղի մեծ պաշարներ։


Սիբիրական պլատֆորմն ունի հին, հիմնականում արխեյան հիմք, որի խիստ մետամորֆացված ապարները (գնեյսներ, բյուրեղային թերթաքարեր, մարմարներ, քվարցիտներ) մերկանում են հիմքի երկու ելուստների (Անաբարի զանգված և Ալդանի վահան) սահմաններում։ Հնագույն արխեյան կոմպլեքսներն առաջացնում են գմբեթաձև ծալքավոր ստրուկտուրաներ, ավելի երիտասարդ արխեյանները՝ հս–արմ․ տարածման գծավոր ծալքերի խոշոր համակարգեր։ Միջին և վերին կարբոնի, պերմի ցամաքային ածխաբեր նստվածքները, ինչպես նաև տրիասի տուֆոգեն և լավային հզոր սերիաները (սիբիրական տրապներ) կազմում են Տունգուսկայի սինեկլիզը։


Սիբիրական պլատֆորմը, ի տարբերություն Արևելա–եվրոպականի, պրոտերոզոյի վերջում ու պալեոզոյի սկզբում դարձել է ընդհանուր խորասուզման և ծովային, հիմնականում կարբոնատային նստվածքների համատարած կուտակման վայր։ Պալեոզոյի երկրորդ կեսում, մեզոզոյում և կայնոզոյում պլատֆորմն աստիճանաբար բարձրացել է, և նրա վրա կուտակվել են գլխավորապես ցամաքյին նստվածքներ։ Սիբիրական պլատֆորմն աչքի է ընկնում տեկտոնական բարձր ակտիվությամբ։ Լայնորեն տարածված է հիմքային և ալկալիական մագմատիզմը։


Ծալքավոր գեոսինկլինալային մարզեր․ Ուրալ-Մոնղոլական գոտին մեզոզոյի սկզբում ձեռք է բերում պլատֆորմի կառուցվածք, որի հիմքը կազմում են տարբեր հատվածներում տարբեր հասակի ծալքավոր համակարգերը՝ բայկալյան և սալաիրյան, կալեդոնյան, հերցինյան։


Պալեոզոյի և մինչքեմբրիի ապարները մերկանում են հիմքի ելուստներում (Ուրալ, Տյան Շան, Կենտրոնական և Արևելյան Ղազախստան, Ալթայ, Սայաններ, Անդրբայկալ և այլ ժամանակակից լեռնային մարզեր)։

Բայկալյան ծալքավորության զոնայի ստրուկտուրաները կազմում են աղեղ և մերկանում Ենիսեյի բլրաշարում, Արլ․ Սայանում և Մերձբայկալում։ Կալեդոնյան ծալքավորության մարզերն ընդգրկում են Ալթայի և Տուվայի մի մասը, ինչպես նաև Հս․ Տյան Շանը և Կենտրոնական Ղազախստանը։ Բայկալյան, սալաիրյան և կալեդոնյան ծալքավորությունների մարզերին բնորոշ են խոշոր միջլեռնային ճկվածքները (Մինուսինսկի, Ռիբինսկի, Տուվայի, Զեզկազգանի)։ Հերցինյան ծալքավոր մարզերին են պատկանում Ուրալը՝ նախաուրալյան եզրային ճկվածքով, Հիսարա–Ալայը, Տյան Շանի մի մասը։ Ուրալ–Մոնղոլական գոտու սալերի ընդարձակ տարածքի սահմաններում հիմքը կազմված է այն նույն ծալքավոր համակարգերից, ինչ որ լեռնային մարզերում, սակայն դրանք գտնվում են նստվածքային ծածկոցի տակ։ Հիմքի կազմում անջատվում են առանձին ուշ պրոտերոզոյան (բայկալյան) զանգվածներ, որոնք եզրավորված են ստրուկտուրաների ավելի երիտասարդ կալեդոնյան և հերցինյան համակարգերով։


Այս գոտու սահմաններում նեոգենի ժամանակաշրջանում կատարվում են էպիպլատֆորմային օրոգենեզի պրոցեսներ, որոնց շնորհիվ հիմքը հաճախ ճկված է և բաժանված առանձին բլոկների, որոնք բարձրացած են տարբեր չափով։ Առավել ինտենսիվ այդ պրոցեսները ընթացել են Հիսարա–Ալայում, Տյան Շանում, Ալթայում, Սայաններում, Մերձբայկալում և Անդրբայկալում։