Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միջերկրածովյան գոտին գտնվում է Արևելա–եվրոպական պլատֆորմից հվ–արմ․ և հվ․։ ՍՍՀՄ տարածքում այն ընդգրկում է արտաքին և ներքին զոնաներ։ Արտաքին զոնան (Սկյութական սալը, Թուրանի սալի հվ․ մասը, Տաջիկ, դեպրեսիան և Հս․ Պամիրը) երիտասարդ պլատֆորմ է։ Նրա սահմաններում մեզոզոյը և կայնոզոյը առաջացնում են մեղմաթեք տեղադրված պլատֆորմային ծածկոց՝ ծալքավոր, մետամորֆացված, ինտրուզիաներով կտրտված պալեոզոյան և մինչքեմբրյան հիմքի վրա։ Տաջիկական դեպրեսիան և Հս․ Պամիրը նեոգեն–անթրոպոգենում ենթարկվել են օրոգենեզի, որի հետևանքով պլատֆորմային ծածկոցի մեզոզոյան և կայնոզոյան նստվածքներն այստեղ ճմլված են ծալքերի։


Ղրիմի և Նախակովկասի հարթավայրային տարածություններն ընդգրկող Սկյութական սալն ունի հիմք, որի կազմում աչքի են ընկնում ծալքավոր գեոսինկլինալային պալեոզոյով մի ամբողջություն դարձած վերին պրոտերոզոյի ապարների բլոկները (բայկալյան ստրուկտուրաների բեկորները)։ Պլատֆորմի ծածկոցն ամենուրեք կազմված է կավճից մինչև չորրորդականի հասակի նստվածքներից։ Ծածկոցի հատակի տեղադրման խորությունը բարձրություններում 500 մ է, ճկվածքներում՝ մինչև 3000–4000 մ:


Թուրանի սալի հվ․ մասի հիմքը կազմված է մի շարք մինչքեմբրյան զանգվածներից։ Դրանք ծածկված են քարածխային, պերմի և տրիասի հասակի ապարների ծածկոցով, որը կտրտված է ուշ պալեոզոյան ինտրուզիաներով։


Միջերկրածովյան գոտու ներքին զոնայում (Կարպատներ, Լեռնային Ղրիմ, Կովկաս, Կոպետդաղ, Միջին և Հվ․ Պամիր) մեզոզոյան և կայնոզոյան նստվածքները ներկայացված են ֆորմացիաների գեոսինկլինալային տիպով։ Արտաքին և ներքին զոնաների մասնատումը սկսվել է ուշ տրիաս–յուրայից։


Ուկր․ Կարպատները կազմում են Կարպատ–Բալկանյան աղեղի մի մասը։ ՍՍՀՄ տարածքում այն կազմված է հիմնականում կավճի և պալեոգենի հասակի ֆլիշային սերիաներից։ Կարպատներին բնորոշ է բազմաթիվ վրաշարժերով բարդ ծալքավոր ստրուկտուրան։ Արևելա–եվրոպական պլատֆորմից Արլ․ Կարպատները բաժանված են Նախակարպատյան եզրային ճկվածքով։


Լեռնային Ղրիմը մասնատված անտիկլինալ կառուցվածք է, որի հվ․ թևը խորասուզված է Սև ծովի տակ։ Ղրիմի անտիկլինալային բարձրության միջուկում մերկանում են գեոսինկլինալային տիպի ավազակավային, կարբոնատային և հրաբխածին նստվածքներ (վերին տրիաս, յուրա, մասամբ ստորին կավիճ)։ Հս․ թևը կազմված է պլատֆորմային տիպի կավիճ–պալեոգենի հասակի մեղմաթեք տեղադրված ապարներից։ Ինտրուզիվ և էֆուզիվ մագմատիզմի հիմնական երևակումները պատկանում են միջին յուրային (դիորիտներ, գրանոդիորիտներ, գաբբրոներ, սպիլիտներ, կերատոֆիրներ)։


Մեծ Կովկասի մեգանտիկլինորիումի բարդ ծալքավոր ստրուկտուրան կազմված է պալեոզոյի, մեզոզոյի և պալեոգենի հասակի տարբեր կազմության գեոսինկլինալային կոմպլեքսներից։ Փոքր Կովկասի երկրբ․ կառուցվածքում կարևոր դեր են խաղում յուրայի, կավճի և պալեոգենի հասակի նստվածքահրաբխածին առաջացումները (այդ թվում՝ օֆիոլիթային կոմպլեքսները)։ Խոշոր տեղամասեր ծածկված են նեոգենի և չորրորդականի հասակի լավաների մեղմաթեք տեղադրված հզոր հաստվածքներով։


Կոպետդաղը համեմատաբար պարզ կառուցվածք ունեցող ծալքավոր ստրուկտուրա է, որը Երկրի մակերևույթին կազմված է կավճի և պալեոգենի հասակի կարբոնատա–կավային ապարներից։ Միջին և Հվ–Արլ․ Պամիրի սահմաններում զարգացած են ծալքավորված, վրաշարժերով բարդեցված պալեոզոյան ու մեզոզոյան հասակի նստվածքային գեոսինկլինալային կոմպլեքսներ։ Հվ․ Պամիրում տեղադրված են մինչքեմբրիի մետամորֆային ապարներ և գրանիտների տարբեր հասակի խոշոր զանգվածներ։


Խաղաղօվկիանոսյան գոտին ընդգրկում է Սիբիրական պլատֆորմից և Բուրեական զանգվածից դեպի Արլ․ ընկած տարածքը։ Նրա արլ․ սահմանն է Կուրիլա-Կամչատկյան և Ալեության խորջրյա անդունդների համակարգը։ Ձգված է միջօրեականի ուղղությամբ։ Խաղաղօվկիանոսյան գոտին բաղկացած է մեզոզոյան ծալքավոր մարզերից (Վերխոյանսկ–Չուկոտական, Սիխոտե–Ալինի) և ժամանակակից գեոսինկլինալային մարզի ստրուկտուրայից՝ գեոանտիկլինալային բարձրություններից (Կամչատկա, Սախալին, Կուրիլյան կղզիներ), ինչպես նաև եզրային ծովերի (ճապոնական, Օխոտի և Բերինգի) իջվածքներից։


Վերխոյանսկ–Չուկոտական ծալքավոր գեոսինկլինալային մարզը զբաղեցնում է ՍՍՀՄ Հս–Արլ–ը։ Նրա սահմաններում առավել լայնորեն (Երկրի մակերևույթին) զարգացած են պերմի, տրիասի և յուրայի հասակի նստվածքները, որոնք առաջացնում են մի քանի անտիկլինալային և սինկլինալային զոնաներ։ Գեոսինկլինալային կոմպլեքսը (միջին կարբոն–վերին յուրա) կազմված է ծովային կավավազային նստվածքների հզոր սերիայից, որոնց մեջ հրաբխային ապարները երկրորդական տեղ են գրավում։Մարզի խոշորագույն դրական ստրուկտուրաներն են Վերխոյանսկի մեգանտիկլինորիումը, Սետե–Դաբանի, Անյույի, Չուկոտական անտիկլինորիումները։ Կարևորագույն բացասական ստրուկտուրան Ցանա–Ինդիգիրկայի (Ցանա–Կոլիմայի) սինկլինորիումային զոնան է, որը Երկրի մակերևույթին կազմված է տրիաս–յուրայի հասակի նստվածքներից։ Սիխոտե–Ալինի ծալքավոր մարզը Վերխոյանսկ–Չուկոտականից տարբերվում է միջին ու վերին պալեոզոյի և մեզոզոյի հրաբխածին–սիլիցիումային հաստվածքների մեծ տարածմամբ, ինչպես նաև գեոսինկլինալային նստվածքակուտակման ավելի ուշ ավարտով (ուշ կավճի երկրորդ կես)։ Կավճի վերջում և կայնոզոյում Սիխոտե–Ալինի մարզը ենթարկվել է օրոգենեզի՝ բեկորային և հրաբխային ապարների կուտակմամբ։


Հեռավոր Արևելքի ժամանակակից գեոսինկլինալի մեծ մասը նստվածքակուտակման վայր է և բնորոշվում է ակտիվ սեյսմիկությամբ ու ինտենսիվ հրաբխականությամբ (Կամչատկայի և Կուրիլյան կղզիների հրաբուխներ)։ Երկրբ․ կառուցվածքում կարևոր դեր են խաղում կավճի, պալեոգենի և նեոգենի հասակի նստվածքային և հրաբխածին–նստվածքային կոմպլեքսները, ինչպես նաև չորրորդական ժամանակաշրջանի նստվածքները, որոնք կազմում են ծալքավոր ստրուկտուրաների համակարգեր։ Ավելի հին ապարներն ունեն տրիաս–յուրայի հասակ։ Կամչատկայում զարգացած են պալեոզոյի և մեզոզոյի մետամորֆային կոմպլեքսները, Կուրիլյան կղզիներում՝ հրաբխային և ավազակավային նստվածքներ (վերին կավիճ)։


Երկրաբանական պատմության հիմնական գծերը


ՍՍՀՄ տարածքի երկրբ․ զարգացման պատմությունը բաժանվում է երկու խոշոր փուլերի՝ արխեյ–ստորին պրոտերոզոյ (ավելի քան 3 մլրդ տարի) և վերին պրոտերոզոյ–կայնոզոյ (մոտ 1,5 մլրդ տարի)։ Առաջին փուլի ընթացքում ձևավորվել է Արևելա–եվրոպական և Սիբիրական պլատֆորմների հիմքը, երկրորդի ժամանակ՝ նրանց ծածկոցը և գեոսինկլինալային ծալքավոր գոտիների տեկտոնական ստրուկտուրաները։ Արխեյ–ստորին պրոտերոզոյան նստվածքները խոր փոփոխությունների են ենթարկվել հետագայում ուժեղ տաքանալու և մասնակիորեն վերահալվելու պատճառով, ուստի նրանց կուտակման պատմությունը հնարավոր չէ լրիվ վերականգնել։ Հին պլատֆորմների ուշ պրոտերոզոյան պատմությունը ավելի հայտնի է։ Սկսած պալեոզոյից կարելի է վերականգնել պալեոգրաֆիական իրադրության փոփոխության գլխավոր առանձնահատկությունները ՍՍՀՄ ամբողջ տարածքում:


Ձևավորման վաղ փուլում երկրակեղևն ունեցել է բազալտային կազմ։ Նրա մակերևույթին կուտակվում էին Երկրի ընդերքից դուրս բերված հրաբխային ապարները։ Այդ փուլը երբեմն կոչվում է «լուսնային»։


Հետագայում, ջրային թաղանթի առաջացման հետ կապված, հրաբխածին ապարների և նրանց քայքայման սկզբնական արգասիքների կուտակումը ընթանում է ժամանակակից օվկիանոսայինը հիշեցնող պայմաններում։


Արխեյի երկրբ․ պատմության առավել ուշ փուլերում թույլ դիֆերենցացված տեկտոնական միջավայր ունեցող ընդարձակ ծովային ավազաններում կուտակվում էին հաճախ երկաթով հարուստ կարբոնատային, տերիգեն և նստվածքա–հրաբխածին հաստվածքներ։ Արխեյի վերջում (3,0–2,6 մլրդ տարի) կատարվում են ծալքառաջացնող շարժումներ, որոնք ուղեկցվում են ապարների ինտենսիվ գրանիտացմամբ և մետամորֆիզմով։


Վաղ պրոտերոզոյում արդեն տարբերվում են ցամաքային կեղևի բարձրացված բլոկները և նրանց բաժանող ճկվածքները, որոնցից շատերը բնորոշվում են օվկիանոսային տիպի կեղևով։