Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՍՀՄ–ն ունի ստորերկրյա ջերմային խոշոր ռեսուրսներ՝ Հս․ Կովկասի և Անդրկովկասի, Անդրբայկալի ջերմային աղբյուրներ, ժամանակակից հրաբխային գործունեության մարզեր Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում։

Հանքաքար սև և գունավոր մետալուրգիայի համար։ Երկաթի հանքաքար։ Նախահեղափոխական Ռուսաստանում երկաթի համեմատաբար խոշոր հանքավայրեր հայտնի էին միայն Ուկրաինայում (Կրիվոյ ռոգ) և Ուրալում։ 1910-ին կատարված հաշվարկով երկաթի հանքաքարի ընդհանուր համաշխարհային պաշարներից (22,4 մլրդ տ) Ռուսաստանին բաժին էր ընկնում միայն 0,8 մլրդ տ կամ 4%-ից էլ պակաս։ ՍՍՀՄ–ում հայտնի է ավելի քան երկաթի 300 հանքավայր։ Հանքաքարի հետախուզված պաշարների մեծ մասը կենտրոնացված է Ուկրաինայի, Կուրսկի մագնիսական անոմալիայի (ԿՄԱ), Ուրալի և Ղազախստանի հանքավայրերում։ Զգալի պաշարներ են հետախուզված Արմ․ և Արլ․ Սիբիրում, ինչպես նաև Կոլա թերակղզու և Կարելիայի շրջաններում։ Առաջատար տեղ են գրավում Ուկրաինայի երկաթի հանքավայրերը, որտեղ գտնվում է ՍՍՀՄ հանքային խոշորագույն շրջաններից մեկը՝ Կրիվոյ ռոգի երկաթահանքային ավազանը։ Հեռանկարային է Ալդանի երկաթահանքային շրջանը Հվ․ Ցակուտիայում։

Մանգանի հանքաքար։ Մանգանի պաշարների գերակշռող մասը կենտրոնացված է ճիաթուրայի (ՎՍՍՀ) և Նիկոպոլի (ՈԻՍՍՀ) մանգանահանքային ավազաններում։ Մանգանի հանքավայրեր են հայտնաբերված Կենտր․ Ղազախստանում և Ենիսեյի բլրաշարում։

Քրոմիտի հանքաքար։ Հանքավայրեր հայտնի են Արմ․ Ղազախստանում, Միջին Ուրալում։


Տիտանի հանքաքար։ Հանքավայրեր կան Ուկրաինայում, Բալթիկ ծովի առափնյա նստվածքներում, Կոմի ԻՍՍՀ–ում, Ուրալում։

Ալյումինի հանքաքար։ Բարձրորակ բոքսիտների հանքավայրեր են հետախուզված Հս․ Ուրալում, Արմ․ Ղազախստանում։ ՍՍՀՄ եվրոպական մասում բոքսիտների հանքավայրեր կան Արխանգելսկի մարզում, Կոմի ԻՍՍՀ–ում, ինչպես նաև ԿՄԱ–ի շրջանում։ ՍՍՀՄ–ում, համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ, յուրացված է կավահողի արտադրությունը և ալյումինի ստացումը նեֆելինի հանքաքարից, որի հանքավայրերը հայտնի են Կոլա թերակղզում, Սիբիրում (Կեմերովոյի մարզ)։


Պղնձի հանքաքար։ Առավել արդ․ նշանակություն ունեն պղնձահրաքարային, պղինձ-պորֆիրային, պղնձային ավազաքարերի, սուլֆիդային պղինձ-նիկելի և բազմամետաղային հանքավայրերը։ Պղնձահրաքարային հանքավայրեր կան Ուրալում և Հս․ Կովկասում։ Պղինձ–պորֆիրային հանքավայրեր են, օրինակ, Կոունրադը և Բոզշակուլը՝ Ղազախ․ ԱԱՀ–ում, Կալմակիրը (Ալմալիկը)՝ Ուզբեկ․ ՍՍՀ–ում, Քաջարանը և Ագարակը՝ Հայկ․ ՍՍՀ–ում։ Պղնձային ավազաքարերի հանքավայրերը հայտնի են Ղազախստանում և Չիտայի մարզի հս–ում։ Պղնձի խոշոր պաշարներ են պարունակվում Նորիլսկի հանքային շրջանի (Կրասնոյարսկի երկրամաս) սուլֆիդային պղինձ–նիկելի մագմատիկ հանքավայրերում։


Կապար–ցինկի հանքաքար։ Կենտրոնացված է հիմնականում հիդրոթերմալ հանքավայրերում։ Այս տիպի հանքավայրեր են հետախուզված Կենտր․ Ղազախստանում, Ալթայում, Իրկոլտսկի մարզում, Անդրբայկալում, Ադրբեջանում։ Կարևոր արդ․ տիպ են բարձր ջերմաստիճանային մետասոմատիկ սկառնային հանքավայրերը, որոնք հայտնաբերված են Պրիմորիեի երկրամասում, Տաջիկ․ ՍՍՀ–ում։ Կապար–ցինկի հանքավայրերի զգալի մասն ունի կոմպլեքս կազմ և կապարի ու ցինկի հետ պարունակում է նաև պղինձ, անագ, արծաթ, հաճախ ոսկի, կադմիում և այլ հազվագյուտ տարրեր, ինչպես և ծծմբի հրաքար, երբեմն բարիտ և ֆլյուորիտ։ Ցինկի կարևոր աղբյուր են Ուրալի և այլ շրջանների պղնձահրաքարային հանքավայրերը։

Նիկելի և կոբալտի հանքաքար։ Այդ մետաղների գլխավոր աղբյուրը Նորիլսկի հանքային շրջանի (Կրասնոյարսկի երկրամասի հս․) և Կոլա թերակղզու խոշոր մագմատիկ սուլֆիդնիկելային հանքավայրերն են։ Նիկելի և կոբալտի հետ մեկտեղ հանքաքարը կարևոր աղբյուր է պղինձ, պլատին և այլ արժեքավոր մետաղներ ու տարրեր կորզելու համար։

Երկրի մի շարք շրջաններում հայտնաբերված են պղինձ–կոբալտային, երկաթկոբալտային և բուն կոբալտային հանքավայրեր (Ադրբեջանական ՍՍՀ, Տուվայի ԻՍՍՀ)։

Վոլֆրամի և մոլիբդենի հանքաքար։ Կենտրոնացված է հիմնականում շտոկվերկային և սկառնային հանքավայրերում։ Հս․ Կովկասում է գտնվում սկառնային վոլֆրամ–մոլիբդենի Տրնաուզի հանքավայրը։ Վոլֆրամի երակային հիդրոթերմալ հանքավայրեր են հայտնաբերված Արլ․ Սիբիրում։ Մոլիբդենի կարևորագույն աղբյուր է Հայաստանի և Ղազախստանի հանքավայրերի մոլիբդեն պարունակող կոմպլեքսային պղինձ–պորֆիրային հանքաքարը։

Անագ։ ՍՍՀՄ անագի հանքավայրերի գերակշռող մասը մեզոզոյան հասակ ունի և կապված է Խաղաղօվկիանոսյան հանքային գոտու և Արլ․ Անդրբայկալի հանքային զոնայի հետ։ Հանքավայրեր կան Ցակուտ․ ԻՍՍՀ–ում և Մագադանի մարզում, Խաբարովսկի և Պրիմորիեի երկրամասերում ևն։ Բացի արմատական հանքավայրերից, Ցակուտ․ ԻՍՍՀ–ում և Մագադանի մարզում հայտնի են անագաբեր ցրոններ։

Սնդիկ։ ՍՍՀՄ սնդիկի հանքավայրերը հայտնի են Ուկրաինայում (Նիկիտովկայի), Կիրգիզիայում (Խայդարկանի, Չոնկոյի) և Չուկոտիայում։ Հեռանկարային շրջան է Ցակուտիան։

Ծարիր։ Երակային ոսկի–ծարիրային հանքավայրեր կան Ցակոլտիայում։ Միջին Ասիայում ծարիրային հանքավայրերը կապված են ջեսպերոիդների հետ։ Հազվագյուտ մետաղներ և ցրված տարրեր։ Այդ տարրերի զգալի մասը՝ ռենիում, ինդիում, գերմանիում, սկանդիում ևն, կորզվում է զուգահեռաբար ուրիշ օգտակար հանածոների կոմպլեքսային հանքաքարից, իսկ մի քանիսը՝ տանտալ, նիոբիում, բերիլիում, լիթիում, ստրոնցիում, առաջացնում են ինքնուրույն հանքավայրեր։ Դրանք հայտնաբերված են ՍՍՀՄ մի շարք շրջաններում՝ ինչպես պլատֆորմային մարզերում, այնպես էլ ծալքավոր զոնաներում և հրաբխային գոտիներում։


Ոսկի, արծաթ և պլատին։ XIX դ․ կեսերին Ռուսաստանը տալիս էր ոսկու համաշխարհային հանույթի մոտ 40%–ը, գլխավորապես Ուրալի և Արլ․ Սիբիրի հանքավայրերից։ Ոսկու ցրոնային և արմատական հանքավայրեր հայտնի են Մագադանի մարզում, Ցակուտիայում, Անդրբայկալում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Հայաստանում։ Արծաթը հիմնականում զուգահեռաբար արդյունահանվում է բազմամետաղային հանքավայրերից։ Հայտնաբերված են նաև ոսկի–արծաթի ինքնուրույն հանքավայրեր։ Նախահեղափոխական Ռուսաստանում պլատին կորզում էին միայն Ուրալի ցրոնային հանքավայրերից։ Պլատինի հանքաքար և պլատինի խմբի մետաղներ ՍՍՀՄ–ում արդյունահանում են մագմատիկ սուլֆիդային պղինձ–նիկելային հանքավայրերից։


Լեռնաքիմիական միներալային հումք։ Այդ խմբի օգտակար հանածոների մեջ ժողովրդատնտ․ նշանակություն ունեն ֆոսֆատային հանքաքարը (Մուրմանսկի մարզ, Անդրբայկալ, Յակուտիա, Կիրովի, Լենինգրադի մարզեր, էստոնիա, Ղազախստան, Սիբիր) և կալի ու մական աղերը (Պերմի մարզ, ԲՍՍՀ, Ուկր․ ՍՍՀ, Արլ․ Սիբիր), որոնք կիրառվում են գյուղատնտեսության մեջ որպես հանքային պարարտանյութ, ինչպես նաև կերակրի աղը (Ուկրաինա, Կովկաս, Միջին Ասիա, Բասկունչակ լիճը Աստրախանի մարզում), ծծումբը (Պովոլժիե, Միջին Ասիա, Կուրիլյան կղզիներ, Կամչատկա), նատրիումի սուլֆատը (Կարա–Բողազ Դոլ ծոց), ֆլյուորիտը (Անդրբայկալ, Միջին Ասիա, Ղազախստան), բարիումը (Արմ․ Սիբիր, Ղազախստան), բորը, բրոմը և յոդը։ Քիմ․ արդ․ համար կարևոր հումք են նավթը, բնական գազը, քարածուխը, տորֆը։

Ոչ մետաղային հումք։ ՍՍՀՄ ընդերքը հարուստ է ոչ մետաղային հումքի բազմազան տեսակներով։ Դրանք են ասբեստը (Ուրալ, Ղազախստան, Բուրյաթ․ ԻՍՍՀ), գրաֆիտը (Ուկրաինա, Ուրալ, Կրասնոյարսկի երկրամաս, Հեռավոր Արևելք), փայլարները (Մուրմանսկի մարզ, Կարել․ ԻՍՍՀ, Իրկուտսկի մարզ), մագնեզիտը (Ուրալ և Արլ․ Սիբիր), ալմաստը (Ցակուտ․ ԻՍՍՀ, Ուրալ), գունավոր և թանկարժեք քարերը (Ուրալ, Կովկաս, Սայաններ, Անդրբայկալ, Միջին Ասիա), ինչպես նաև ամենաբազմազան ոչ մետաղային շինանյութեր՝ կրաքարեր և կավեր ցեմենտի արտադրության համար,