վոկալ, գործիքային և վոկալ–գործիքային կոլեկտիվ ստեղծագործություն, որ կենցաղավարում է բանավոր կերպով, փոխանցվում կատարողական ավանդույթների շնորհիվ։ Ընդհանուր ֆոլկլորի մասն է, ամբողջական երաժշտ․ մշակույթի մի ճյուղը, ըստ էության՝ արմատը, արտացոլում է ժողովրդի կյանքը, աշխարհայացքը։ Բնորոշ գծերն են՝ ավանդականությունը (վերաբերում է ոչ միայն գեղարվեստական ձևին, այլ ֆունկցիոնալ կիրառությանը, կատարման կերպին), բանաստեղծական ու երաժշտ․ լեզվի ազգ․ ցայտունությունը։ Ակունքները նախապատմական անցյալի մեջ են։ ժամանակի ընթացքում տեղի է ունենում նրա արտահայտչամիջոցների, տեսակների ու ձևերի նորացում։ Գեղարվեստորեն ձևակերպված ժողովրդական երաժշտության հիմքը գեղջկական ֆոլկլորն է, որ հասել է բարձրագույն կատարելության։ ժող․ երաժշտության տեսության ու պատմության միմյանց հետ սերտ կապակցված ուսումնասիրությունը ընդգրկվում է ֆոլկլորագիտության, ինչպես և ընդհանուր երաժշտագիտության ու ազգագրության մեջ։ Տեսական ուսումնասիրության նյութը հավաքված և ձայնագրված բուն ժող․ երաժշտությունն է, որ դիտվում է ըստ այն կազմող բաժինների (բուն երաժշտ․ ֆոլկլոր և ժողովրդապրոֆեսիոնալ բանավոր արվեստ, որի կրողներից են՝ գուսանը, ժոնգլյորը, մենեստրելը, շպիլմանը, աշուղը, ակինը, բախշին, խանեդեն ևն), ըստ կենցաղավարման միջավայրի (գյուղական և քաղաքային ժող․ երաժշտություն), ըստ տարրակազմության (մաքուր երաժշտություն և սինկրետիկ արվեստի ստեղծագործություն), ըստ կատարման միջոցի (վոկալ, գործիքային և վոկալ–գործիքային), ըստ տեսակների (երգ, երգախառն պատում, պարեղանակ, գործիքային պիես ևն)։ Առանձին ուսումնասիրության առարկա են դառնում մելոսի տիպերը (ծորուն–երգային, օրինակ, քնարական երգերը, համաչափ շարժումնային, օրինակ, պարերգերը, արտասանական ոճի եղանակ, օրինակ, ողբերգերը, ասերգ կամ մեղեդիացված արտասանություն, օրինակ, վիպական պատումների երաժշտ․ հատվածները) և սրանց տարբեր զուգորդումները մեկ ժանրի կամ նույնիսկ մեկ առանձին ստեղծագործության (օրինակ, հորովելի) մեջ, երաժշտության կերտվածքը (միաձայն՝ մոնոդիկ և հարմոնիկ հիմքով և բազմաձայն՝ հոմոֆոն–ակորդային և պոլիֆոն), նեղ առումով՝ արտահայտչամիջոցները (լադային համակարգ, ռիթմ, ձևակառուցում, կատարողական առանձնահատկություններ ևն)։ Պատմական առումով ուսումնասիրությունը շոշափում է առանձին ժողովուրդների կամ էթնիկական ռեգիոնների ժողովրդական երաժշտության ժամանակագրության, պատմական զարգացման և միմյանց հետ Փոխհարաբերության ու այլ նման հարցեր։ ժող․ երաժշտության զարգացման վաղեմի շրջաններին բնորոշ են վիպական և ծիսական ֆոլկլորի հնագույն տեսակները ֆեոդ, միջնադարին (համարվում է ժող․ երաժշտ․ դասական շրջանը)՝ քնարական ժանրերի ծաղկումը, հաջորդող դարաշրջանին՝ ժանրային կազմի խիստ նորացում, պրոֆեսիոնալ երաժշտության ազդեցություն, քաղաքային ֆոլկլորի առանձնացում ևն։ Որպես կանոն, որևէ ժողովրդի երաժշտաարտահայտչական միջոցների համակարգը գոյացել ու զարգացել է նրա ազգ․ խոսակցական լեզվի ձևավորմանն ու զարգացմանը զուգահեռ՝ սկիզբ առնելով պարզագույն լադերից, ամորֆ ռիթմերից, նախնական ելևէջներից, տվյալ ժողովրդի կյանքին ու կենցաղին յուրահատուկ ժանրերից ու ձևերից։ Ամեն մի ազգ․ժող․ մշակույթ, ներառնելով մի շարք երաժշտ․ «բարբառներ», միավորվում է ավելի մեծ ֆոլկլորային–ազգագրական ընդհանրություններում։ Այսպես, օրինակ, մահմեդական Արևելքի ժողովրդա–պրոֆեսիոնալ երաժշտությունը (մուղամաթ, մակոմատ, մակամաթ) մշակել է իր տեսական համակարգը, որ տարբեր է առանձին ժողովուրդների համար, բայց ունի ընդհանուր սկզբունքներ։ ժամանակակից համեմատական ֆոլկլորագիտության մեջ փորձեր են արվում սահմանելու աշխարհի ժող․ երաժշտության երաժշտաոճական տեսակետից ռեգիոնալ դասակարգում։ Հայ ժողովրդի երաժշտությունը նրա բազմահարուստ ֆոլկլորի մի նշանակալից բաժինն է․ խորապես ավանդական է, ունի ազգ․ յուրահատուկ հնչեղություն, առանձնանում է նուրբ կերտվածքով, մինչև այժմ էլ մեծ տեղ է գրավում ժողովրդի կյանքում։ Հազարամյակների հասնող նրա հնությունը հաստատում են ժայռապատկերներն ու հնագիտական գտածոները, հնագույն պատմագրական աշխատություններն ու միջնադարյան մանրանկարները և բուն երգերը, որոնք մեր օրերն են հասցրել նույնիսկ հեթանոսական մշակույթի տարրեր։ Այդ արվեստը բազմաճյուղ է (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր–ժողովրդական ևն), բազմաժանր, ունի արտահայտչամիջոցների հարուստ զինանոց, որի օգնությամբ բարձրարվեստ մեղեդիներում և նախասիրած բանաստեղծական կերպարներում մարմնավորել է ժողովրդի «վիշտն առանց հուսահատության, խանդն առանց մոլագարության և հիացմունքն առանց անզսպության» (Վ․ Բրյուսով)։ Մեծ է եղել ժող․ երաժշտության տեղն ու դերը ժողովուրդների կենցաղում և պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստի ստեղծման ու զարգացման բնագավառում։ Այն ներկայումս էլ բեղմնավորում է կոմպոզիտորական երաժշտությունը և գեղարվեստական ինքնագործունեությունը։ Ռ․ Աթայան ժողովրդական թատրոնը սկզբնավորվել է հնագույն ժամանակներում․ որսորդական և երկրագործական տոնակատարությունների առթիվ կազմակերպված խաղերը, հարսանեկան և ար ծիսակատարությունները պարունակել են վերամարմնավորման տարրեր, գործողության թատերայնություն։ Պատմ․ զարգացման ընթացքում առաջացել են
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/115
Արտաքին տեսք