Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հարսանեկան, թաղման և այլ ծեսերը նմանակող խաղեր ու ներկայացումներ, որոնք ժող. թատրոնի զարգացման հիմքն են հանդիսացել։ Համաշխարհային ժող. թատրոնում տարբերակվում են դերասանների և տիկնիկների թատրոնը (տես Թատրոն, Տիկնիկային թատրոն)։ Լայն առումով ժող. թատրոնը պրոֆեսիոնալ չէ, սակայն բոլոր ժալովուրդներն էլ ունեցել են այդ գործի մասնագետներ՝ միմոսներ–շպիլմաններ, ժոնգլյորներ, սկոմորոխներ, գուսաններ, կատակներ, կատակագուսաններ, ծաղրածուներ, ինչպես և դերասան–տիկնիկավարներ։ Ժող. թատրոնի դերասանները խմբերով հանդես են եկել քաղաքներում ու գյուղերում, ներկայացրել բանահյուսությունից առնված պիեսներ, ավելի ուշ՝ պրոֆեսիոնալ դրամատիկ, և արձակ գործերի մշակումներ։ Սոցիալ–քաղաքական սուր ուղղվածություն ունեցող ժող. թատրոնի ներկայացումները սովորաբար դատապարտվել են եկեղեցու, որոշ երկրներում նաև պետության կողմից։ Ժող. դերասանները հաճախ աշխարհիկ ռեալիստական տարրեր են ներմուծել կրոն, դրամաների ներկայացումներում (միստերիա)։ Ֆեոդալների և քաղաքային բուրժուազիայի նկատմամբ ժողովրդի քննադատական վերաբերմունքն արտահայտվել է ֆարսում։ ժող.–պրոֆեսիոնալ թատրոնի ցայտուն արտահայտություն է իտալ. կոմեդիա դելլ՚արտեն։

Ժող. թատրոնի առավել բնորոշ առանձնահատկությունն է զգեստների, ռեկվիզիտի, շարժումների, ժեստերի բացահայտ պայմանականությունը։ Ժող. թատրոնում գոյություն ունի գործող անձանց երկու տիպ՝ ողբերգական և կատակերգական։ Կատարման ավանդականությունը ժող. թատրոնում առաջացրել է թատերական ներկայացման հատուկ տեսակ, որ կայուն ձև է ստացել։ Այդ ներկայացումները շատ երկրներում կրում են ավանդական թատրոնների անունները։ Դրանց հիման վրա ձևավորվել են Ասիայի ժողովուրդների ավանդական թատրոնները՝ վայանգ–տոպենգ (Ինդոնեզիա), կատակալի (Հնդկաստան) ևն։

Ժողովրդական թատրոնի գեղարվեստական ու կատարողական միջոցները գրավել են պրոֆեսիոնալ թատրոնի գործիչների ուշադրությունը և կիրառվել նրանց գործերում (Ու. Շեքսպիր, Մոլիեր, Կ. Գոլդոնի, Ա. Ն. Օստրովսկի, Է. Դե Ֆիլիպպո և ուրիշներ)։

Հայաստանում ժողովրդական թատրոնն ունի բազմադարյան պատմություն և կապված է երաժշտության, երգարվեստի, պարարվեստի ու բանավոր ստեղծագործության հետ։ Խոսքի, պարի, թատերական ու երաժշտական (վոկալ և գործիքային) արվեստների սինթեզն առաջացել ու զարգացել է հնագույն թատերականացված պարերգային գործողությունների մեջ։ Այդ սինթեզը հայ ժողովրդական թատրոնում պահպանվել է մինչև XX դ.։ Կենցաղավարել են թատերականացված պարերգային տոնական ու հարսանեկան արարողությունները՝ ճանապարհի, ռազմական ու ծիսական պարերով, կենդանի ու բուտաֆորական ձիամրցումներով ևն։ Թատերականացված ներկայացումներն ու ծեսերը գյուղական հրապարակներում և եկեղեցիների բակերում, մի շարք երաժշտական խաղերը նախկին թատերական գործողությունների մնացորդներն են, որոնք պահպանել են երկխոսության ձևը բանավոր տեքստում և դերերի ըստ անձանց բաժանումը։ Հարսանյաց հանդեսներին տարբեր շրջաններում խաղացվել են տեղական թատերական գործողություններ («Ղադի», «Ուղտ և գող», տիկնիկային ներկայացումներ, աղվեսի, գայլի, այծի, արջի, կապիկի կերպարանքներն ու գործողությունները ներկայացնող թատերախաղեր ևն)։ Ամենասիրվածը՝ հարսանեկան ծեսերի պարերն ու երգերը ներկայացնելն էր (սուտ հարսանիքում)։ Բարեկենդանի հինգշաբթուց մինչև կիրակի (բուն բարեկենդան) ներկայացվել են տարբեր կենդանիների դիմակներով խաղեր, ճնշողների հանդեպ դատաստան ու պատիժներ, ղարագյոզ, դիմակահանդեսներ։ Այս ամենը ուղեկցվել են պարերով ու երգերով, մրցույթներով, ձիարշավներով ու ձիամրցումներով, ըմբշամարտերով ու բռնցքամարտերով, կենդանիներ կռվեցնելու տեսարաններով։

Մի շարք թատերականացված գործողություններ կապված էին քրիստոնեական արարողությունների հետ, որոնք քրիստոնեական կրոնին արտաքուստ հարմարեցված ձևով պահպանել էին հնագույն հեթանոսական առասպելների ու լեգենդների էությունը (օրինակ, Վարդավառը)։ Ժողովրդական թատրոնի ձևերից է նաև լարախաղացությունը, որը մինչև XX դ. սկիզբը պահպանել էր իր պաշտամունքային նշանակությունը։

Ժողովրդական պար։ Հնագույն ժամանակներից ընտանեկան և հասարակական կյանքի շատ երևույթներ ուղեկցվել են պարով։ Կապված ժողովրդական ծիսակատարությունների հետ՝ առաջացել են խմբական և ծիսային այլ պարեր։ Խմբապարերը, հետագայում զատվելով ծիսական գործողությունից, ձեռք են բերել կենցաղային նշանակություն։ Առաջացել են գյուղական աշխատանքի թեմաներով պարեր (հնձվորի պար՝ լատիշների մոտ, փայտահատի պար՝ գուցուլների մոտ, հովվական պարեր ևն)։ Որսորդությամբ և խաշնարածությամբ զբաղվող ժողովուրդների պարերում նմանակել են գազաններին, թռչուններին, ընտանի կենդանիներին (բիզոնի պար՝ հնդկացիների մոտ, արջի պար՝ յակուտների մոտ ևն)։ Հնագույն ժամանակներից մեզ են հասել ռազմական, կենցաղային, կատակային, սիրային ու այլ պարեր. պահպանվել են նաև անիմիստական ու տոտեմական հասկացությունների հետ կապված պարեր։ Ժողովրդական պարերը լինում են մասսայական, մենակատարային, անսամբլային և խառը, կատարվում են երգով կամ նվագով։ Իշխում է ռիթմային սկիզբը, որը հաճախ ընդգծվում է պարողների ոտքի հարվածներով, ծափերով ևն։ Յուրաքանչյուր ժողովրդի մոտ պատմականորեն ձևավորվել են սեփական պարային ավանդույթներ, պարի պլաստիկ լեզու, շարժումների յուրատեսակ կոորդինացիա, շարժման և երաժշտության փոխհարաբերման ոճաձև։ Սրանց զուգորդման յուրահատկությամբ բացահայտվում է տարբեր ժողովուրդների ժողովրդական պարերի ազգային բնույթը։

Հայկական ժողովրդական պարերն իրենց թեմատիկ բովանդակությամբ բազմազան են, շատ նմուշներ կրում են խոր հնության կնիք։ Կարևոր տեղ են բռնում պարզ ձև ունեցող վիպա–պատմողական, մասսայական այն պարերը, որ «գովնդ» անունն են ստացել։ Պարային նույն քայլի բազմաթիվ կրկնությունները ենթարկվում են որոշակի օրինաչափության, երբեմն էլ ստանում հնարամիտ հանկարծաբանության բնույթ։ Ընդհանուր առմամբ հավասարապես բնորոշ են և՛ քնարական նազանքի, և՛ առնական եռանդի դրսևորումը։ Մասսայական պարերը հիմնականում պահպանվել են գյուղական վայրերում, իսկ քաղաքներում, բացի որոշակի ծիսական պարերից, իշխել են քնարական, կատակային և այլ մենապարն ու զուգապարը։ Մենապարերը կատարվում են բոլոր ժողգործիքների նվագակցությամբ, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի կամ զուռնաների ու դհոլի նվագակցությամբ, կամ պարողների երգեցողությամբ։ Բացի հարսանիքներից ու այլ ծեսերի կամ տոնախմբությունների հետ կապված առիթներից, կազմակերպվել են հատկապես երիտասարդության պարային հավաքներ, որ տեղի են ունեցել Հայաստանի շատ շրջաններում գոյություն ունեցած հատուկ պարտներում կամ խաղտներում (խաղ՝ նշանակում է նաև պար)։ XIX–XX դդ. քաղաքային վայրերում, կապված արհեստագործության և առևտրի զարգացման հետ, հայկական պարերը կրել են կովկասյան ժողովուրդների պարային մշակույթի ազդեցությունը։ ՍՍՀՄ–ում ժողովրդական պարի զարգացումը նպաստել է նոր բեմական ձևի՝ ժողովրդական պարի անսամբլների գոյացմանը։ 1937-ին ստեղծվել է ՍՍՀՄ ժողովրդական պարի անսամբլը։ Ժողովրդական պարի տարրերն օգտագործվում են նաև դասական բալետում։ Սովետական Միության բոլոր հանրապետություններում գոյություն ունեն ազգային ժողովրդավարական պարերի պրոֆեսիոնալ անսամբլներ և երգի–պարի անսամբլներ։

Ժողովրդական պարի պրոֆեսիոնալ ու սիրողական կոլեկտիվները տարածված են աշխարհի երկրներում (տես Պար)։

Ժ. Խաչատրյան

ժողովրդական ճարտարապետությունը, կերպարվեստն ու դեկորատիվ կիրառական արվեստը Ս. Ժ.–ի հիմնական բնագավառներից են, ստեղծում