Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ստենդալն իր վեպերում բացահայաել է սեփականատիրական, դասակարգային հասարակությունում իշխող օրենքը՝ անհատի ճակատագրի կախումը ոչ այնքան նրա բնածին ընդունակությունից ու արժանիքներից, որքան երկրի պատմաքաղաքական կոնկրետ իրավիճակից։ Ստենդալի հերոսները այդ պարագաների պասսիվ արգասիքը չեն, այլ կամային, կրքոտ բնավորություններ են, որ պայքարում են թե իրենց շրջապատի դեմ, թե սեփական «ավելորդ» գծերի։ Դա նրանց դարձնում է բացառիկ անհատներ, որոնց գոյությունը Ռեստավրացիայի պայմաններում անխուսափելիորեն ողբերգական է։ Ստենդալի ոճը հակիրճ է, զերծ ավելորդաբանություններից։ էկրանավորվել են նրա «Վանինա Վանինի» (1922), «Կարմիրը և սևը» (1948), «Պարմի մենաստանը» (1954) գործերը։

Երկ. [CEuvres completes], etable, du texte et pref․ par H․ Martineau, [v․ 1–79], P․, 1927–37․ Մոցարտի կանքը։ Չորս նովել, Ե․, 1982։ Նապոլեոն, Ե․, 1985։

Լ․ Սամվելյան

ՍՏԵՆԼԻ (Stanley) Հենրի Մորտոն (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, 1841 – 1904), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։ Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871–72-ին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա Դ․ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետագոտել լիճը։ 1874–77-ին ղեկավարել է անգլո–ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արլ–ից արմ․, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռուվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879–1884-ին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887–89-ին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։

ՍՏԵՆԼԻ (Stanley) Ուենդել Մերեդիտ (1904–1971), ամերիկյան վիրուսաբան, կենսաքիմիկոս։ ԱՄՆ ազգային ԳԱ (1941) և Նյու Յորքի ԳԱ (1963) անդամ։ Ավարտել է Ռիչմոնդի Էռլեմյան կոլեջը (1926)։ 1929-ից աշխատել է Իլինոյսի, 1930-ից՝ Մյունխենի համալսարաններում։ 1931-ին վերադարձել է ԱՄՆ բժշկական հետազոտությունների Ռոկֆելլերյան ինստիտուտ (Նյու Յորք)։ 1932-ից եղել է Պրինսթոնի Ռոկֆելլերյան ինստիտուտի, 1948-ից՝ Բերկլիի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են վիրուսների քիմիական կազմությանը, նրանց կենսաքիմիային, վերարտադրության, մուտացիաների և քաղցկեղի հարցերին։ Առաջինն է բյուրեղային տեսքով անջատել ծխախոտի մոզաիկայի (1925) և պոլիոմիելիտի (1955) վիրուսները։ Նոբելյան մրցանակ (1946, Ջ․ Նորթրոպի և Ջ․ Սամների հետ համատեղ)։

ՍՏԵՆԼԻՎԻԼ (Stanleyville), Զաիրի Հանրապետության մայրաքաղաքի նախկին (մինչև 1966-ը) անվանումը։ Տես Կիսանգանի։

ՍՏԵՆՈԲԻՈՆՏ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, ստենոբիոնտներ (< հուն. σιεvός – նեղ, սահմանափակ և βιώv – ապրող), բույսեր և կենդանիներ, որոնք ընդունակ են ապրելու միայն շրջապատող միջավայրի համեմատաբար կայուն պայմաններում (ջերմաստիճան, աղայնություն, խոնավություն, ճնշում, որոշակի սնունդ ևն)։ Որոշ օրգանիզմների ստենոբիոնտությունը կարող է պայմանավորված լինել արտաքին միջավայրի որևէ մեկ գործոնով (օրինակ, սննդի բնույթով)։ Հվ.-ամերիկյան առանձին կոլիբրներ սնվում են որոշակի տեսակի բույսերի նեկտարով և դրանց տարածման շրջանը սահմանափակվում է տվյալ բույսի նեղ արեալով։ Ավստրալիական պարկավոր կոալա արջը ապրում է նվենու միայն այն տեսակների վրա, որոնց տերևներով ինքը սնվում է։ Մի շարք ստենոբիոնտ օրգանիզմների գոյության հնարավորությունը և տարածվածությունը սահմանափակվում են մի քանի գործոններով, օրինակ, որոշ խորջրյա ձկներ ապրում են 6–7 կմ խորություններում, որտեղ լույսը լրիվ բացակայում է, ջրի ճնշումը 600–700 մթն է, աղայնությունը և ջերմաստիճանը կայուն են։ Ստենոբիոնտ օրգանիզմներին են պատկանում նաև շատ մակաբույծներ (տես Մակաբուծականություն) և սիմբիոնտներ (տես Սիմբիոզ), որոնք կարող են գոյություն ունենալ միայն որոշակի տեսակների ներկայացուցիչների հետ համատեղ։ Ստենոբիոնտ օրգանիզմները հակադրվում են Էվրիբիոնւո օրգանիզմներին։

ՍՏԵՆՈԶ (< հուն, σιέvωσις – նեղացում, սեղմում), որևէ խողովակավոր օրգանի (կոկորդ, կերակրափող, աղիքներ, արյունատար անոթ ևն) լուսանցքի կամ խոռոչների միջև եղած (օրինակ, սրտի արատի դեպքում) անցքի նեղացումը։ Լինում է բնածին (զարգացման արատներ) կամ ձեռքբերովի (սպիացման, ուռուցքների հետևանքով)։ Նշված օրգանների նեղացումները հարկավոր է տարբերել այսպես կոչված ֆունկցիոնալ (մկանների սպազմից առաջացած) ստենոզից։ Խիստ արտահայտված ստենոզը դժվարացնում է օրգանի պարունակության (արյուն, սննդի զանգված, օդ) առաջ շարժվելը, որի հետևանքով ստենոզի հատվածից վեր օրգանի մկանները գերաճում են (կոմպենսացված ստենոզ)։ Հետագայում մկանների տոնուսն ընկնում է, ստենոզից վերև օրգանի լուսանցքը բավականաչափ լայնանում է և նեղացած հատվածով անցանելիությունը խանգարվում (ապակոմպենսացված ստենոզ)։ Բուժումը՝ վիրահատական․ սրտի արատների դեպքում՝ բացվածքի լայնացում, ձողարկում՝ բուժերի (գլանաձող) անցկացում, նեղացած հատվածի հատում, պլաստիկ վիրահատություն։

ՍՏԵՉԿԻՆ Բորիս Սերգևեիչ (1891 – 1969), հիդրոաերոմեխանիկայի և ջերմատեխնիկայի բնագավառի սովետական գիտնական։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), սոցիալիստական աշխատանքի հերոս (1961), Ն․ Ե․ Ժուկովսկու աշակերտը։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1918)։ Ն․ Ե․ Ժուկովսկու հետ մասնակցել է Աերոհիդրոդինամիկայի կենտրոնական ինստիտուտի ստեղծմանը, Ն․ Ե․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի (1921–53-ին՝ այդ ակադեմիայի պրոֆեսոր) կազմակերպիչներից է։ 1918–1927-ին դասավանդել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանում, 1933–1937-ին՝ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում, 1954-61-ին՝ ՍՍՀՄ ԳԱ շարժիչների լաբորատորիայի վարիչ։ 1961-ին լաբորատորիան վերակազմվել է նույնանուն ինստիտուտի, և Ստեչկինը եղել է այդ ինստիտուտի առաջին դիրեկտորը (1961–62)։ 1954-ից Մոսկվայի ավտոմոբիլա–ճանապարհային ինստիտուտի պրոֆեսոր։ Ստեղծել է ավիացիոն շարժիչների ջերմային հաշվարկի, ռեակտիվ օդային շարժիչների տեսությունները։ ՍՍՀՄ պետական (1946) և լենինյան (1957) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Երկ․ Теория реактивных двигателей․ Лопаточные машины, М․, 1956․

ՍՏԵՊՂԻՆ (Pastinaca), տապղին, սպիտակ արմատիկ, նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տերևները փետրաձև են, ծաղիկները՝ դեղին կամ նարնջագույն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղը երկսերմիկ է։ Եվրոպայում և Ասիայում հայտնի է 15, ՍՍՀՄ–ում՝ 5 վայրի աճող (գլխավորապես Կովկասում) և մեկ մշակովի տեսակ: ՀՍՍՀ–ում Ստեպղինը մշակվում է հիմնականում պահածոների գործարաններին կից գոտում։ Տարածված է ստեպղինը մշակովին (P․ Sativa)։ Երկամյա բույս է։ Տերևները՝ խիստ կտրտված, փետրաձև։ Արմատապտուղը՝ մսալի, դեղնասպիտակավուն, հարթ, կլորա–երկարավուն կամ կոնաձև–երկարավուն։ Ծաղիկները մանր են, երկսեռ։ Պտուղը երկսերմիկ է, բաց–գորշ կամ դարչնագույն։ Ստեպղինը խաչաձև փոշոտվող, ցրտա– և սառնամանիքադիմացկուն բույս է։ Արմատապտուղները պարունակում են․ 17,5–18,7% չոր նյութեր, 8,6–10,5% շաքարներ, մինչև 40 մգ վիտամին C, ինչպես նաև վիտամին B1 և B2, եթերայուղեր (սրանցով է պայմանավորված պտուղների քաղցր համը և հաճելի բույրը)։ Ստեպղինը օգտագործվում է սննդի մեջ, պահածոների արդյունաբերությունում որպես համեմունք մսի, ձկան և լցոնների մեջ որպես բաղադրիչ հումք՝ բանջարա–խորտիկային պահածոներ պատրաստելու ժամանակ։ Արմատապտուղներից պատրաստում են նաև համեղ ճաշատեսակ (տապակում են արմատապտուղը յուղով և պաքսիմատով)։ ՍՍՀՄ–ում տարածված են ստեպղինի 2 ձև՝ երկարապտուղ և կարճապտուղ։ Երկարապտղավորներից է Ստուդենտ