Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

թյան հենարան) ստեղծելու ցարիզմի հույսերը։ Խուտորներում և օտրուբներում տնտեսության կազմակերպումը պահանջում էր զգալի միջոցներ և սնանկացուցիչ էր գյուղացիության հիմնական զանգվածի համար։ Ունևոր խուտորների և օտրուբների թիվը սակավ էր։ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմի տապալման ամենավառ ցուցանիշը 1911-ի սովն էր, որն ընդգրկեց Ռուսաստանի հիմնական երկրագործական շրջանները (տուժեց ավելի քան 30 մլն մարդ)։ Ստոլիպինյան ագրարային ռեֆորմը սոցիալ–տնտեսական արմատական տեղաշարժ առաջ չբերեց և չկարողացավ կանխել նոր բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հասունացումը։ Ռեֆորմի տարիներին երկրում ծավալվեց զանգվածային գյուղացիական շարժում։ Ուժեղացավ գյուղական չքավորության պաքարը կուլակության դեմ։

Գրկ. Լենին Վ․ Ի․, «Գյուղացիական ռեֆորմը» և պրոլետարական–գյուղացիական հեղափոխությունը, Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 20: Նույնի, Ստոլիպինը և հեղափոխությունը, նույն տեղում։ Նույնի, Վերջին կափարիչը, նույն տեղում, հ․ 22։ Նույնի, ժամանակակից կառավարության ագրարային քաղաքականության (ընդհանուր) հարցի շուրջը, նույն տեղում, հ․ 23։ Նույնի, Հողաբաժինների մոբիլիզացումը, նույն տեղում։ Сидельников С․ М․, Аграрная реформа Столыпина, М․, 1973․

ՍՏՈԽԱՍՏԻԿ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ (< հուն, σιοχασιτxός – գուշակելու ունակ, խորաթափանց), ժամանակակից մաթեմատիկայի ճյուղ, հետազոտում է հավանականությունների տեսության և երկրաչափության փոխհարաբերությունները։ Ստոխաստիկ երկրաչափությունը ստեղծվել և զարգացել է դասական երկրաչափական հավանականությունների տեսության և ինտեգրալ երկրաչափության խնդիրների դիտարկումով, երբ վերջիններս սկսեցին հետազոտվել պատահական պրոցեսների տեսության եղանակներով։

Ստոխաստիկ երկրաչափության արդյունքները վերաբերում են այսպես կոչված երկրաչափական պրոցեսներին, որոնք սահմանվում են որպես կետային պրոցեսներ համապատասխան բազմաձևությունների վրա։ Այսպես, էվկլիդեսյան հարթության վրա ուղիղների պրոցեսները սահվանվում են որպես կետային պրոցեսներ Մյոբիուսի թերթի վրա (կամ մեկ կետ հեռացրած ոչ էվկլիդեսյան էլիպտիկ հարթության վրա)։ Ընդհանուր խնդիրներից է տարբեր խմբերի նկատմամբ ինվարիանտ երկրաչափական պրոցեսների հատկությունների հետազոտումը։ Դիտարկվում են նաև երկրաչափական պրոցեսներին վերաբերող տարածական խնդիրներ, երկրաչափական պրոցեսներում տարրերի տարբեր «տիպական» համախմբությունների վիճակագրական նկարագրման և այլ խնդիրներ։

ՍՏՈԾԱՆԻ, կրծքա–որովայնային միջնորմ, մարդու և կաթնասուն կենդանիների կրծքի խոռոչը որովայնի խոռոչից սահմանազատող մկանաջլային միջնորմ, որը կպած է կրծքավանդակի ստորին բացվածքի շրջեզրերին։ Ստոծանին ապահովում է որովայնային (Ս–ական) շնչառությունը, ճնշման հավասարեցումը կրծքի և որովայնի խոռոչներում, կարգավորում է երակային արյան հոսքը դեպի աջ նախասիրտ, գազերի տեղաբաշխումը ստամոքսի մուտքային հատվածում ու աղիքներում ևն։ Մարդու ստոծանին ներհրվելով դեպի կրծքի խոռոչ, առաջացնում է ջլային 2 գմբեթ, որոնց վրա նստում են թոքերը, իսկ դրանց միջև գոյացած ջլային կենտրոնի վրա՝ սիրտը։ Աջ գմբեթը ձախից բարձր է, նրա տակ գտնվում է լյարդը, իսկ ձախ գմբեթի տակ գտնվում են ստամոքսը և փայծաղը։ Ստոծանու դիրքը շատ փոփոխական է՝ կախված շնչառության փուլից, տարիքից, սեռից և մարդու կոնստիտուցիայից։ Խորը շնչառման ժամանակ ստոծանու գմբեթներն իջնում են 3–4 սմ վար և մեծացնում կրծքավանդակի տարողությունը։ Ըստ կպումների ստոծանին բաժանում են 3 մասի՝ կրծոսկրային, կողային և գոտկային, ընդ որում ամենահաստ և ուժեղ մասը գոտկայինն է։ Վերջինս աջ ու ձախ կողմերում երկուական կոթոնների միջոցով միանում է գոտկային ողերին և 12-րդ կողոսկրերին։ Միջային կոթոնները միանալով իրար, սահմանում են մի ջլային բացվածք, որի միջով անցնում են աորտան և կրծքային ավշածորանը։ Այդ բացվածքից մի փոքր վեր (կրծքային 9-րդ ողնի բարձրության վրա) գտնվում է կերակրափողային բացվածքը։ Ստոծանու կողային և գոտկային մասերի միջև կա եռանկյունաձև շրջան, ուր մկանաթելերի բացակայության պատճառով ստոծանին շատ բարակ է և ստոծանիական ճողվածքների պատճառ կարող է դառնալ, այսինքն՝ աղիքները, երբեմն նաև ստամոքսի որոշ մասը, կարող են ներհրվել կրծքի խոռոչի մեջ։ Ավելի սակավ հանդիպում են նաև ստոծանու բնածին արատներ կամ բացվածքների անկանոնություններ, որոնք նույնպես պատճառ են դառնում բնածին ճողվածքների։

ՍՏՈԿՀՈԼՄ (Stockholm), Շվեդիայի մայրաքաղաքը, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Գտնվում է Նորստրյոմ նեղուցի ափերին և մերձափնյա կղզիների վրա։ Կլիման բարեխառն ծովային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը –3°C է, հուլիսինը՝ 18°C։ Ամռանը հաճախակի են անձրևներն ու ուժեղ քամիները։ Ստոկհոլմը քաղաքի վարչական սահմաններում գրավում է 186,4 կմ2 (արվարձանների հետ՝ 453 կմ2), Մեծ Ստոկհոլմի ագլոմերացիայի հետ՝ 3,5 հզ․ կմ2 տարածություն։ Բնակչությունը՝ 640 հզ․ (ագլոմերացիայի հետ՝ 1350 հզ․, 1982)։

Պատմական տեղեկանք։ Ստոկհոլմի տեղում բնակավայրեր առաջացել են մ․ թ․ առաջին դարերում։ Ստոկհոլմի մասին Փաստական տվյալները 1252-ից են, որը և համարվում է Ստոկհոլմի հիմնադրման թվականը (հիմնադիրը համարվում է Բիրգեր Յարլը)։ XIII դ․ կեսին ստացել է քաղաքի իրավունք, XIV դ․ վերջին համարվել է Շվեդիայի գլխավոր քաղաքը։ Միջին դարերում երկրի արհեստագործության խոշորագույն կենտրոնն էր, կարևոր առևտրական նավահանգիստ։ XVI–XVII դդ․ Ստոկհոլմի տնտեսական և քաղաքական նշանակությունը մեծացել է (XVII դ․ սկզբին ուներ 10 հզ․ բն․, XVII դ․ 70-ական թթ․՝ 43 հզ․ բն․)։ XVII դ․ 2-րդ կեսից Ստոկհոլմը դարձել է երկաթի և թուջի խոշորագույն արտահանող։

XIX դ․ 60-ական թթ․ Շվեդիայում կապիտ․ հարաբերությունների զարգացումը ուղեկցվել է Ստոկհոլմի բնակչության բուռն աճով (1850-ին 93 հզ․ բն․, 1900-ին ավելի քան 300 հզ․ բն․), ստեղծվել է խոշոր արդյունաբերություն, առաջացել են մասնավոր բանկեր, քաղաքը երկաթուղով կապվել է այլ բնակավայրերի հետ։ Ստոկհոլմում բազմիցս տեղի են ունեցել միջազգային կոնգրեսներ և խորհրդակցություններ։ 1906-ին Ստոկհոլմում կայացել է ՌՍԴԲԿ IV (Միավորիչ) համագումարը։ Ստոկհոլմում հաճախ եղել է Վ․ Ի․ Լենինը։ 1950-ի մարտին Ստոկհոլմում խաղաղության կողմնակիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտեն կոչ ընդունեց ատոմային զենքի արգելման մասին, 1975-ի հունիսին՝ սպառազինությունների մրցավազքի դադարեցման, զինաթափման վերաբերյալ։ 1967-ին և 1969-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել Վիետնամին նվիրված կոնֆերանսներ։

Տնտեսությունը։ Մեծ Ստոկհոլմը տալիս է երկրի արդյունաբերական արտադրանքի 10%-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Մեծ Ստոկհոլմին բաժին է ընկնում երկրի մեքենաշինության ամբողջ արտադրանքի 15%-ը (էլեկտրատեխնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ինչպես նաև սննդարդյունաբերության համար մեքենաների, կոմպրեսորների և պնևմատիկ գործիքների, գրասենյակային մեքենաների արտադրության, տրանսպորտային մեքենաշինության ձեռնարկություններ ևն)։ Զարգացած է պոլիգրաֆիական արդյունաբերությունը։ Կան սննդի, թեթև, դեղագործական, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Արդյունաբերությունը տեղաբաշխված է գլխավորապես Ստոկհոլմի հս–արմ․ և հվ–արմ․ արվարձաններում, ինչպես նաև Սուլնա, Սունդբյուբերգ, Նակկա քաղաքներում, Ստոկհոլմում են Շվեդիայի խոշորագույն բանկերը, առաջատար կոնցեռնների և առևտրական ընկերությունների վարչությունները։ Ստոկհոլմը ծովային նավահանգիստ է, էլեկտրիֆիկացված երկաթուղիների հանգույց։ Ավտոլաստանավով կապված է Տուրկուի (Ֆինլանդիա) հետ։ Ունի միջազգային (Առլանդա) և Ներքին (Բրոմմա) ավիագծերի օդանավակայաններ, մետրոպոլիտեն։

Ճարտարապետությունը։ Ստոկհոլմի պատմական կորիզը՝ «Հին քաղաքը», մասամբ պահպանել է միջնադարյան հատակագիծը։ Արլ․ մասում, Սալտշյոն ծովածոցում, Շեպսհոլմեն և Ցուրգորդեն գեղատեսիլ կղզիներն են։ Քաղաքի վարչաառևտրական և մշակութային գլխավոր կենտրոնը Նորմալմն է: