Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ստոկհոլմի հվ․ մասը՝ Սյոդերմալմեն, կառուցապատված է հիմնականում բնակելի շենքերով։ Ստոկհոլմին բնորոշ է կանաչ զանգվածների և ջրատարածքի առատությունը։ Միջնադարյան հուշարձաններից պահպանվել են՝ ռոմանա–գոթական եկեղեցիներ (Ստորչյուրկա և Ռիդարհոլմսչյուրկա, երկուսն էլ XIII դ․), XVII դ․ եկեղեցական (Տյուսկաչյուրկա, մոտ 1640, ճարտ․ Խ․ Քրիստլեր) և աշխարհիկ շենքեր, որոնք միահյուսում են ուշ ռենեսանսի և բարոկկոյի տարրերը։ Հասուն շվեդական բարոկկոն են ներկայացնում Դրոտնինգհոլմ (Ստոկհոլմի մոտակայքում, 1662-ից, ճարտ․ Ն. Տեսսին Ավագ) և Թագավորական (1697–1760, ճարտ․ Ն․ Տեսսին Կրտսեր և ուրիշներ) պալատները։ XVIII դարից տարածում է գտել ռոկոկո ոճը (Բորսա, 1768–76, ճարտ–ներ՝ Կ․ Յու․ Կրոնստեդ, Է․ Պալմստեդ), XIX դ․ վերջին —XX դ․ սկզբին՝ ազգ․ ռոմանտիզմը (Ռատուշա, 1911–23, ճարտ․ Ռ․ Էստբերգ), 1930-ական թթ-ից՝ ֆունկցիոնալիզմը (Անտառային դիակիզարան»-ը այգու հետ, 1935–40, ճարտ․ է․ Գ. Ասպլունդ)։ 1950-ական թթ–ից իրականացվում է (ճարտ․ Ս․ Մարկելիուսի ղեկավարությամբ) Ստոկհոլմի գլխ․ հատակագիծը, որի հիմքում ընկած է կանաչ գոտիներով առանձնացված կիսաինքնավար շրջանների սկզբունքը (արմ–ում՝ Վելլինգ–բյու, հվ–ում՝ Ֆարստա), հվ–արմ–ում կառուցապատվում են Շերհոլմեն և Բոտչյուրկա արվարձանային կոմունաները։

Ստոկհոլմում են գտնվում Ստոկհոլմի համալսարանը, թագավորական բարձրագույն տեխ․ դպրոցը, Կարոլինյան բժշկավիրաբուժական ինստ–ը, թագավորական բարձրագույն անասնաբուժական ինստ–ը, բարձրագույն առևտրական դպրոցը և ուսումնական այլ հաստատություններ, շվեդական թագավորական ԳԱ, թագավորական անտառային և գյուղատնտեսական ակադեմիան, ինժեներական ակադեմիան, շվեդական ակադեմիան, գրականության, պատմության և հնությունների թագավորական ակադեմիան, արվեստի թագավորական ակադեմիան, բազմաթիվ թանգարաններ ու գրադարաններ։

Ստոկհոլմում գործում են ավելի քան 25 թատրոն, դրամատիկական ինստ․, Պետ․ դրամատիկական դպրոց, պարի պետ․ դպրոցը, կրկեսի շվեդ. ակադեմիան։

Շվեդահայ գաղութը կազմավորվել է 1970-ական թթ․։ 1984-ին Շվեդիայում բնակվում է 1000 հայ, որոնցից 500-ը՝ Ստոկհոլմում։ Նրանց մեծ մասը արտագաղթել է Մերձավոր Արևելքի երկրներից՝ Լիբանանից, Սիրիայից, Իրանից, նաև Թուրքիայից։ 1974-ին Ստոկհոլմում կազմակերպվել է հայկ․ ակումբ՝ Հայկական մշակութային միությունը (ունի իր շենքը, գրադարան և ընթերցարան), գործում են թատերական խմբակ և մարզական թիմեր։ Գործում է նաև հայ առաքելական եկեղեցու վարչությունը, որը հիմնել է երգչախումբ։ Ստոկհոլմի ռադիոն ամեն շաբաթ հաղորդում է հայկ․ ծրագիր (երկու ժամ տևողությամբ)։