Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դիրեկտոր։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կրծքային հեղձուկի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, ռևմատիզմի, սեպսիսի, մարսողության օրգանների ախտաբանության հարցերին։ Վ․ Օբրազցովի հետ միասին (1909) Ստրաժեսկոն տվել է սրտամկանի ինֆարկտի կլինիկայի դասական նկարագրությունը։ Մշակել է (1935-ին, Վ․ Վասիչենկոյի հետ համատեղ) արյան շրջանառության անբավարարության դասակարգումը, հիմնավորել է ռևմատիզմի ստրեպտոկոկային պատճառագիտության հիպոթեզը (1934)։ Հեղինակ է «Որովայնի խոռոչի հիվանդությունների ֆիզիկական ախտորոշման հիմունքները» (1924) դասական ձեռնարկի։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլշքանշաններով։

ՍՏՐԱԽՈՎ Նիկոլայ Միխայլովիչ (1900–1978), սովետական երկրաբան և երկրաքիմիկոս։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1928)։ 1934-ից աշխատել է ՍՍՀՍ ԳԱ երկրաբանական ինստիտուտում։ Ստրախովը ժամանակակից լիթոլոգիայի հիմնադիրներից է։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Սև և Կասպից ծովերի և ներցամաքային լճերի (Արալյան, Բալխաշ ևն), ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ժամանակակից նստվածքների ծագման պարզաբանմանը։ Ստրախովը մշակել է դիագենեզի, հալոգենեզի և հումիդային հանքառաջացման տեսությունները։ Նա մեծ ավանդ է ներդրել նստվածքային ապարների երկրաքիմիայի զարգացման գործում։ Պետական (1948) և լենինյան (1961) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով և Ա․ Պ․ Կարպինսկու անվան ոսկե մեդալով (1967)։

ՍՏՐԱՆԻՑԿԻ (Stranifzky) Ցոզեֆ Անտոն (մոտ 1676–1726), ավստրիացի դերասան և դրամատուրգ։ Ավստրիական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրը։ Սովորել է Լայպցիգի համալսարանում, ապա դարձել դերասան, ղեկավարել թափառաշրջիկ թատերախմբեր։ Կատարել է Հանսվուրստի դերը, ստեղծել այդ կոմիկական գործող անձի ավստրիական տարատեսակը։ Հեղինակ է կատակերգությունների (պահպանվել է շուրջ 14), ըստ էության սցենարների, ուր նշանակալից դերը տրված է իմպրովիզացիային։ Վերամարմնավորելու Ստրանիցկու վարպետությունը, սուր ժողովրդական հումորը նպաստել են նրա թատերախմբերի հաջողությանը։ 1706-ից աշխատել է Վիեննայում։ 1712-ին կազմակերպել է ավստրիական առաջին մշտական թատրոնը (գերմաներեն լեզվով)։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, Ստրասբուրգ (Strasbourg), քաղաք Ֆրանսիայի արևելքում, նավահանգիստ Իլ գետի ափին՝ Հռենոս թափվելու վայրում։ Ստորին Հռենոս դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ 253 հազար բնակիչ (1975)։ Ստրասբուրգը առևտրական և մշակութային խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց։ Կա ավտոմոբիլաշինություն, էլեկտրատեխնիկական և սննդի արդյունաբերություն, հաստոցաշինություն, երկաթուղային սարքավորումների արտադրություն, գետային նավաշինություն և այլն։ Ունի համալսարան, օդանավակայան, կոնսերվատորիա՝ հիմնադրվել է մ․թ․ա․ I դ․ կեսին, որպես ամրացված ճամբար։ Ստրասբուրգ է կոչվել VI դ․։ X դ․ Ստրասբուրգը Գերմանիայի թագավորության կազմում էր։ XV դ․ II կեսին արագ զարգացել է գրատպությունը, Ստրասբուրգում է ապրել Յո․ Գուտենբերգը։ 1681-ին Ստրասբուրգը միացվել է Ֆրանսիային, 1871–1918-ին՝ Գերմանիային, եղել է Էլզաս–Լոթարինգիա կայսերական երկրի կենտրոնը։

Ստրասբուրգի ճարտարապետական հուշարձաններից նշանավոր է տաճարը [XI –XVI դդ․, արմ․ քանդակազարդ ճակատը (սկսվել է մոտ 1277-ին) ուշ գոթիկայի լավագույն օրինակներից է]։ Պահպանվել են գոթական Սեն Տոմա (XIII-XIV դդ․), Սեն Պիեռ լը Վիյո (XV դ․) եկեղեցիները, եպիսկոպոսական (1722–28), Ռոանի (1732–42, ճարտ․ Ժ․ Սասսոլ, ըստ Ռ․ դե Կոտտի հատակագծերի, այժմ՝ Գեղեցիկ արվեստների, հնագիտության, դեկորատիվ արվեստի թանգարաններ) բարոկկո ոճի պալատները, ռատուշան (1730) ևն, XIV–XVII դդ․ բնակելի տներ։ XX դ․ կառուցվել են Եվրոպական խորհրդի (1950–55, ճարտ․ Բ.Սոննե), Մարդու իրավունքների եվրոպական խորհրդի (1966, ճարտ․ Բ․ Սոննե և ժ․ Ապրիլ) և այլ շենքեր։ «էվր Նոտր Դամ» թանգարանը ներկայացնում է էլզասյան քանդակագործությունն ու գեղանկարչությունը։

ՍՏՐԱՎԻՆՍԿԻ Իգոր Ֆեոդորովիչ [5(17)․6․ 1882, Օրանիենբաում (այժմ՝ Լոմոնոսով)–6․4․1971, Նյու Ցորք, թաղված է Վենետիկում], ռուս կոմպոզիտոր և դիրիժոր։ Հայրը՝ Ֆ․ Ի․ Ստրավինսկին, Պետերբուրգի Սարիինյան թատրոնի առաջատար երգիչներից էր։ Մանկական տարիներից դաշնամուր է նվագել։ Սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1900–05)։ Երաժշտական կրթությունն ավարտել է Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի ղեկավարությամբ (1903–05)։ Ստրավինսկու գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստել են «Միր իսկուստվա» խմբավորումը և նրա ղեկավարներից Ս․ Պ․ Դյագիլևը, որի՝ Փարիզում կազմակերպած «Ռուսական թատերաշրջաններին» Ստրավինսկին մասնակցել է «Հրեղեն հավք» (1910), «Պետրուշկա» (1911) և «Սրբազան գարուն» (1913) բալետներով։ Այդ գործերը համաշխարհային ճանաչում են բերել կոմպոզիտորին։ 1910-ից Ստրավինսկին ապրել է առավելապես արտասահմանում․ 1914-ից՝ Շվեյցարիայում, 1920-ից՝ Ֆրանսիայում, 1939-ից՝ ԱՍՆ–ում (ամեր․ քաղաքացիություն ընդունել է 1945-ին)։ 1925-ից սկսվել է Ստրավինսկու դիրիժորական գործունեությունը։ 1962-ին այցելել է ՍՍՀՍ, որպես դիրիժոր ղեկավարել Մոսկվայում և Լենինգրադում կայացած հեղինակային համերգները։ Ստրավինսկին XX դ․ խոշորագույն կոմպոզիտորներից է։ Նրա ստեղծագործությանը բնորոշ է սրընթաց էվոլյուցիա, «ոճերի» մշտական փոփոխություն։ Այդ տեսակետից Ստրավինսկին նման է Պ․ Պիկասսոյին։ Պատահական չէ, որ այդ երկու արվեստագետներին հաճախ համեմատել են․ երկուսն էլ զգալի չափով կանխորոշել են XX դ․ եվրոպական արվեստի զարգացման ուղիները, մեկը՝ գեղանկարչության, մյուսը՝ երաժշտության ասպարեզում։ Ստեղծագործության այսպես կոչված «ռուսական շրջանից» հետո, երբ Ստրավինսկին ցուցադրեց երաժշտության մեջ ազգային ֆոլկլորի նորովի բեկման փայլուն նմուշներ, 1920-ական թվականներից նրա ստեղծագործության մեջ սկսվել է նեոկլասիցիզմի շրջանը։ Ստրավինսկու այդ ժամանակահատվածի ստեղծագործությունները ընդգրկում են պատմական տարբեր դարաշրջաններ՝ անտիկ («էդիպ արքա», 1927, «Պերսեփոնե», 1933–34, օպերաները, «Ապոլլոն Սուսագետ», 1927–28, «Օրփեոս», 1945–47, բալետները), միջնադար («Սաղմոսների սիմֆոնիա», 1930), Վերածնունդ և նոր ժամանակներ («Պուլչինելլա» բալետը, 1919–20) և այլն։ Ստրավինսկու երաժշտության մեջ շրջադարձ է կատարվել դեպի ոճի խստություն և զսպվածություն, հակիրճ շարադրանք, կերպարների վսեմություն։ Կոմպոզիտորի՝ հին վարպետների փորձին դիմելը ժամանակակից երաժշտությունը մոդեռնիզմի ավերիչ միտումներից պահպանելու ձգտում էր։ Անցած դարաշրջանների ավանդույթներում Ստրավինսկին տեսնում էր բացարձակ արժեքներ՝ այն ընդհանրականն ու անանցողիկը, որ կարող էր կենարար հիմք դառնալ սուր ճգնաժամ ապրող XX դ․ երաժշտական արվեստի համար։ Ստրավինսկու ստեղծագործության մեջ նեոկլասիցիզմի շրջանը տևել է շուրջ 30 տարի։ Այդ շրջանի վերջին գործը՝ «Զվարճամոլի արկածները» օպերան (1948–51, ըստ XVIII դ․ անգլիացի նկարիչ Ու․ Հոգարթի փորագրանկարների), աչքի է ընկնում մեղեդային հարստությամբ, անսամբլների առատությամբ, գործողության թափով և դինամիկայով։ 1920–50-ական թթ․ լավագույն գործերից են նաև «Փերիի համբույրը» բալետը (1928, Չայկովսկու թեմաներով), ջութակի և նվագախմբի կոնցերտը (1931), 2 մենակատար դաշնամուրի կոնցերտը (1935), 2 սիմֆոնիաները (1940, 1945)։ Ստրավինսկու ստեղծագործության վերջին շրջանը կապված է դոդեկաֆոնիկ տեխնիկայի (տես Դոդեկաֆոնիա) օգտագործման հետ։ Նրա երաժշտության մեջ առաջատար է դարձել ռացիոնալ–կոնստրուկտիվ սկզբունքը։ Գեղարվեստական առումով նվազ արժեքավոր այդ շրջանի ստեղծագործություններից կարելի է առանձնացնել «Ագոն» բալետը (1953–57)։ Ստրավինսկին գրական (առավելապես՝ ինքնակենսագրական) երկերի հեղինակ է («Իմ երաժշտական կյանքի խրոնիկան», «Երկխոսություններ» ևն)։ 1963-ին Երևանում, ՍՍՀՍ–ում առաջին անգամ, ներկայացվել է Ստրավինսկու «էդիպ արքա» օպերան։ Գրկ․ Ярустовский Б․ М․, Игорь Стравинский, 2 изд․, М․, 1969; Игорь Глебов (Асафьев Б․ В․), Книга о Стравинском, 2 изд․, Д․, 1977; Друскин М․ С․, И․ Стравинский․ Личность․ Творчество․ Взгляды, 2 изд․, Л-, 1979; S i о- han R․, Igor Strawinsky in Selbstzeugnissen und Bilddokumenten, Hamb․, 1960․ Գ․ Գյոդակյան

ՍՏՐԱՏԵԳԻԱ ՌԱԶՄԱԿԱՆ, ռազմական արվեստի բարձրագույն բնագավառ։ Ընդգրկում է զինված ուժերը պատերազմի նախապատրաստելու տեսության և