Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Ճմալիճը, Հրեշտակալիճը։ Միջին դարերում կառուցվել են մի շարք արհեստական լճակներ, որոնցից ամենախոշորը Մայրադուրքն է։ Կան բամաթիվ սառնորակ և տաք աղբյուրներ (Կզավոր, Աղբերք, Ակնաղբյուր, Շահակն)։ Դրանց զգալի մասը հանքային է, որոնցից առավել նշանավորը Ջերմուկի տաք աղբյուրներն են։ Վայոց ձորի բնական կերտվածքներից է Ջերմուկի ջրվեժը (70 մ) Գավառի կլիման ընդհանուր առմամբ չոր, ցամաքային է՝ ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով։ Օդի առավելագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում հասնում է 40°C–ի, իսկ բացարձակ նվազագույնը՝ –35°C–ի։ Տեղումները կազմում են 300–700 մմ։ Ունի կենդանական և բուսական հարուստ աշխարհ։ Տարածքի 4,6%-ը կազմում են անտառները։ Աճում են բրինձ, բամբակ (այժմ չեն մշակվում), ձմերուկ, սեխ, վարունգ, կաղամբ, տաքդեղ, լոբի, լոլիկ, ցորեն, գարի։ Զարգացած են այգեգործությունը , անասնապահությունը, մեղվաբուծությունը։ Ընդերքը հարուստ է արծաթով, կապարով, ցինկով, ծարիրով, զանազան շինանյութերով և այլ օգտակար հանածոներով։ Պատմիչ Մտեփանոս Օրբելյանը նավթահոր է հիշատակում Նորավանքի մոտ։ Վայոց ձորով են անցել Դվին–Պարտավ և Դվին–Շաղատ ճանապարհները։ Սուլեմա, Քոչբեկի և այլ լեռնանցքներով կապվել է հարևան շրջանների հետ։ Դեռևս Սարդուրի Բ-ի օրոք (մ․ թ․ ա․ 764–735) Վայոց ձորը ներառնվել է Ուրարտուի քաղաքական գերիշխանության ոլորտը։ Մ․ թ․ ա․ VI դ․ մտել է Երվանդունիների, մ․ թ․ ա․ 189 թվականին՝ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության մեջ։ Մեծ Հայքի թագավորության ըստ «աշխարհների» վարչական բաժանումից հետո (I դ․) մտել է Սյունիքի մեջ, դարձել Սյունիների իշխանական տան ժառանգական տիրույթը։ Մեծ Հայքի թագավորոթյան անկումից (428) հետո եղել է Հայկական մարզպանության կազմում։ 450–45 թվականների հակապարսկական ապստամբության ժամանակ Վայոց ձորի բնակչությունը պայքարել է պարսկական տիրապետության և Վասակ Սյունու իշխանության դեմ։ 451 թվականին Վայոց ձորի հայ ազատները զորավիգ են եղել իրենց գավառով Արցախ նահանջող հայ ապստամբներին՝ պարսկական զորամասերի դեմ մարտերում։ 571 թվականին Սյունիքի հետ միացվել է Փայտակարան նահանգին։ Պարսից Խոսրով I Անուշիրվան թագավորի օրոք (531–579) կառուցվել է Վայս ամրոցը, որը հսկել է Սյունյաց կայազորը։ Ամրոցը գրավվել և ավերվել է VII դ․՝ արաբական արշավանքների ժամանակ։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Վայոց ձորը մտել է Արմինիայի կազմի մեջ։ IX դ․ սկզբին դարձել է Սյունյաց Վասակ իշխանի տիրույթը։ Վերջինիս մահից հետո նրա որդի Փիլիպպեն իշխանության կենտրոնը դարձրել է Եղեգիս գյուղաքաղաքը՝ հիմք դնելով Վայոց ձորի գահերեց իշխանությանը։ 970-ական թվականների վերջերին Սյունիքի քաղաքական կենտրոնը Վայոց ձորից տեղափոխվել է հարավ՝ Բաղք։ 987 թվականին Վայոց ձորը մտել է նորաստեղծ Սյունիքի թագավորության մեջ։ 990/991 թվականին Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունին Վայոց ձորը միացրել է Անիի թագավորությանը։ 1045 թվականին Վայոց ձորը եղել է Շադդադյանների գերիշխանության ներքո։ XII դարի վերջին և XIII դարի սկզբին ազատագրել են հայ–վրացական զորքերը և մտցրել Զաքարյանների իշխանապետու թյան մեջ (պատկանել է Խաղբակյաններին և Օրբելյաններին)։ XIII դ․ վերջին և XIV դ․ առաջին տասնամյակներին մեծ հռչակ է ստացել Գլաձորի համալսարանը XIV դարից մինչև XV դ․ 1-ին կեսը արդյունավետ է գործել Հերմոնի վանքի դպրոցը։ Երևան են եկել Ցախաց քար, Քարկոփի կամ Խոտակերաց, Գնդեվանք, Վերին Նորավանք, Արատեսի, Թանահատ և այլ վանական հաստատությունները, որոնք եղել են նաև կրթության և գրչության կենտրոններ։ XIV–XV դարերի հայկական ավատատիրական տների թուլացման պայմաններում, օգտվելով թուրքմենական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի գերիշխանության հաստատումից, ինչպես նաև Լենկթեմուրի արշավանքներից, Վայոց ձոր մուտք են գործել քրդական ցեղեր, որոնք հետագայում դարձել են թրքախոս։ 1555 թվականի Ամասիայի պայմանագրով Վայոց ձորը անցել է Սեֆյան Իրանին, 1590 թվականին՝ Օսմանյան սուլթանությանը։ 1603 թվականին Հայաստան ներխուժած իրանական զորքերը Վայոց ձորի հայ բնակչության զգալի մասին քշել են Իրան։ Թուրք–իրանական 1639 թվականի պայմանագրով Վայոց ձորը անցել է վերջինիս։ Վարչական առումով Վայոց ձորը Նախիջևանի օլքայի կազմում ենթարկվել է Թավրիզի, իսկ XVII դ․ վերջին՝ Չուխուր–Սաադի վիլայեթին։ XVIII դ․ կեսին մտել է նոր կազմված Նախիջևանի խանության մեջ։ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով միացվել է Ռուսական կայսրությանը։ 1828–40 թվականներին մտել է Հայկական մարզի, 1840–46 թվականներին՝ Վրացա–Իմերեթական, 1846–49 թվականներին՝ Թիֆլիսի, 1849– 1917 թվականներին՝ Երևանի նահանգի կազմի մեջ․ նախապես մտել է Նախիջևանի գավառի մեջ, ապա Շարուրի հետ կազմել Շարուր–Դարալագյազի գավառը։ 1918–1920 թվականներին մտել է Հայաստանի Բուրժուական Հանրապետության մեջ։ 1920 թվականից Հայկական ՍԱՀ կազմում է։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Սյունյաց եկեղեցուն հարկատու բնակավայրերից հիշատակում է հետևյալները՝ Դետիկ, Դերբն, Գոլոշտի վանք, Ուղիձոր, Արտոց գետ, Տեառնավանք, Մարտիրոս, Ապարանք, Բարձի շեն, Մայրադուրք, Աջողք, Մոխրոց, Կապույտք, Կտրոնք, Դեկն, Աղեավ, Արուծ, Բոր, Աջառագավիթ, Փշոնք, Գաղատա, Ւյոզավաս, Կորոտյունք, Լիճ, Ըրվենք, Կամրջո ձոր, Իտրձա, Աղոպեն, Զեդեա, Քաշի մարզ, Եկեան, Երերունք, Գնչին, Բակերտ, էրդեչ, Որգոյերեդի, Ապանա, Վարդենիք, Մսեն, Հացիք, Ագարակի ձոր, Նրբյուն, Եղեգնաձոր, Նորիք, Բերդիմայր, Ամաղու, Կուրանք, Արկադուկերտ, Հորք, Ողեան, Իոսրաշկռնք, Արտաբոյի, Արոր, Փրակա, Անգեղի, Գրկիք, Եղեգիք, Մարկողովք, Մոզն, Ագարակ, Արկազն, Երիժու, Փշատիք, Արենի, Երերն, Ատչար, Խոտորձի, Երերունք մյուս, Անգոնք, Կեչուտ, Պրակք, Ջերմուկ, Աղթաբույնի, Երկայնարտի, Շօստաղ, Շատաղ մյուս, Գոստենի, Ցրտոգետ, Հավու, Արատենք, Միջագետք, Ըռեդի, Խնձորուտ, Եճեղի, Դրունք, Ուռիք, Կաքավուց աղբյուր, Գոմք, Ունջոռք, Եզնանիստն, Աղնճոց բերդ, Գնդեվանք։ Գրկ* Դիվան հայ վիմագրության, պր․ 3, Ե․, 1967։ Ստեփանոս Օրբելյան, Պաամութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910; Ա լ ի 2 ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Եղիազարյան Հ․, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։ Ու թմազյան Հ․ Մ․, Սյունիքը 9–10-րդ դարերում, Ե․, 1958։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․ Բ. Հարությունյան

ՎԱՅՈՑ ՍԱՐ, հանգած հրաբուխ Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջանների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ազիզբեկովի շրջան) հարավ–արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր։

ՎԱՅՉԿՈՒՍ Ցուոզաս Իոնասովիչ (1885–1935), լիտվացի թատերական գործիչ։ 1905-ին ստեղծել է սիրողական շրջիկ թատերախումբ, մինչև 1914-ը հյուրախաղերով հանդես է եկել Լիտվայում։ 1916-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Ալեքսանդրյան թատրոնի ստուդիան։ Նույն թվականին ստեղծել է լիտվական դրամատիկական ստուդիա, որը դարձել է լիտվական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ 1918-ից թատրոնը գործել է Վիլնյուսում, 1919-ից՝ Կաունասում։ 1920-ին այդ կոլեկտիվի հիման վրա ստեղծվել է «Արվեստի արարիչներ» ընկերության դրամատիկական թատրոնը (1922-ին վերակազմավորվել է Պետ․ թատրոնի), ուր Վայչկուսը եղել է ռեժիսոր։ 1923–32 թվականներին Վայչկուսը ապրել է ԱՄՆ-ում։ 1932թվականին վերադարձել է հայրենիք, աշխատել կինոյում։

ՎԱՅՍՄԱՆ (Weismann) Ավգուստ (1834–1914), գերմանական կենդանաբան, էվոլյուցիոնիստ։ Սովորել է Գյոթինգենում (1852–1856)։ 1863-ին եղել է Ֆրայբուրգի համալսարանի պրիվատ–դոցենտ, պրոֆեսոր (1873–1912)։ Սկզբնական աշխատանքները վերաբերում են մկանային հյուսվածքի հյուսվածաբանությանը, միջատների զարգացմանը, քաղցրահամ ջրերում ապրող օրգանիզմների կենսաբանությանը։ 60-ական թվականների վերջից Վայսմանը հիմնականում զբաղվել է Չ․ Դարվինի ուսմունքի (տես Դարվինիզմ) հիմնավորման և զարգացման տեսական հարցերի ուսումնասիրությամբ։ Ելնելով մատերիալիզմի դիրքերից, Վայսմանը պաշտպանեց կենսական երևույթների մեխանիստական ըմբռնումները։ Հանդես գալով ընդդեմ վիտալիզմի, Վայսմանը մերժեց լամարկիզմը, հաստատեց, որ ձեռք բերված հատկանիշների ժառանգման հարցը հնարավոր է բացատրել միայն փորձի միջոցով։ Նա փորձնականորեն ապացուցեց, որ մեխանիկական վնասվածքները չեն ժառանգվում։ 1940-ական թվականների վերջին Վայսմանի ստեղծած ուսմունքն անվանվեց նեոդարվինիզմ, այն Դարվինի էվոլյուցիոն տեսության շարունակությունն է։

ՎԱՅՏԵՆԲԵՐԳ (Weitenberg) Ցոզեֆ (ծնվել է 5․8․1943 թվականին, Գրոնինգեն, Նիդերլանդներ), հոլանդացի հայագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1984)։ 1970-ին ավարտել է Նեյմեգենի (Նիդերլանդներ) համալսարանը։