Միլերանականների (տես Ա․ Միլերան) դեմ պայքարում մերձեցել է գեդիստներին և եղել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության մեջ բլանկիսաների հետ նրանց միավորման (1901) նախաձեռնողներից։ 1905–15 թվականներին՝ ֆրանսիական սոցիալիստական կուսակցության (հիմնադրվել է 1905 թվականին) ղեկավարներից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ սոցիալ–շովինիստ։
ՎԱՅՆԲԵՐԳ, Ուայնբերգ (Weinberg), Սթիվեն (ծնվել է 1933 թվականին), ամերիկացի ֆիզիկոս–տեսաբան, ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ։ Կրթությունն ստացել է Կոռնելի, Կոպենհագենի և Պրինսթոնի համալսարաններում։ 1957–59 թվականներին աշխատել է Կոլումբիայի, 1959–67 թվականներին ՝ Կալիֆոոնիայի (Բերկլի) համալսարաններում։ 1967–73 թվականներին՝ Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, 1973 թվականից՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների ֆիզիկային, ձգողության տեսությանը, կոսմոլոգիային։ Մշակել է տարրական մասնիկների թույլ և էլեկտրամագնիսական փոխազդեցությունների միասնական տեսություն։ Նոբելյան մրցանակ (1979, Ա․ Սալամի և Շ․ Գլեշոուի հետ)։
ՎԱՅՆԳԱՐՏՆԵՐ (Weingartner) Ֆելիքս ֆոն (1863–1942), ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր։ Երաժշտական կրթությունը ստացել է Գրացում և Լայպցիգի կոնսերվատորիայում (1881–83)։ 1883 թվականից հանդես է եկել որպես դիրիժոր։ Կատարելագործվել է Ֆ․ Լիստի մոտ, Վայմարում։ Վիեննայի օպերայի դիրեկտոր (մինչե 1911 թվականը) և ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար (մինչև 1927 թվականը), 1919–1924 թվականներին՝ Ժողովրդական օպերայի դիրեկտոր։ 1927–1933 թվականներին՝ կոնսերվատորիայի ղեկավար և դիրիժոր Բազելում։ Հյուրախաղերով հանդես է եկել շատ երկրներում, այդ թվում՝ ՍՍՀՄ–ում։ Վայնգարտները գերմանական դիրիժորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա արվեստը առանձնանում է դասական ավարտվածությամբ և ինտելեկտուալիզմով։ Երաժշտական երկերի հեղինակ է (8 օպերա, 7 սիմֆոնիա և այլն)։ Երկ․ Исполнение классических симфоний․ Советы дирижёрам, т․ 1, М․, 1965․
ՎԱՅՆԵՐՏ (Weinert) էրիխ (1890-1953), գերմանացի բանաստեղծ։ Ավարտել է Բեռլինի կիրառական արվեստների բարձրագույն դպրոցը (1912)։ ԳԿԿ անդամ 1929 թվականից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է զինվոր, մերձեցել հեղափոխական շարժմանը։ Գրական գործունեությունն սկսել է 1921 թվականին։ 20-ականթվականների կեսից իր ստեղծագործությունը կապել է գերմանական պրոլետարիատի պայքարի հետ։ Ֆաշիստական հեղաշրջման պատճառով տարագրվել է (1933) Շվեյցարիա, ապա՝ ՍՍՀՄ։ 1934 թվականին հրատարակել է «Գետաքարեր» և «Կգա օրը» հակաֆաշիստական բանաստեղծությունների ժողովածուները։ 1937 թվականին Իսպանիայում եղել է 11-րդ ինտերնացիոնալ բրիգադի քաղաշխատող։ Այդ ժամանակ գրված բանաստեղծություններն ամփոփված են «Կամարադաս» (1951) գրքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վայներտը գլխավորել է (1943–45) «Ազատ Գերմանիա» հակաֆաշիստական կոմիտեն, եղել սովետա–գերմանական ռազմաճակատի առաջավոր գծում։ Ռադիոյով դիմել է գերմանական զինվորներին, Վայներտը «Հիշիր Ստալինգրադը» (1943) ճակատային օրագրի, «Մահ հանուն հայրենիքի» (1942), «Նպատակահարմարություն» (1942) պատմվածքների, ինչպես նաև մեկ գործողությամբ պիեսների, «Ընդդեմ իսկական թշնամու» (1944) բանաստեղծությունների ժողովածուի և այլ գործերի հեղինակ է։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք՝ նվիրվել Գերմանիայի դեմոկրատական վերածնման գործին։ 1949 թվականին և 1952 թվականին արժանացել է Ազգային մրցանակի, ընտրվել արվեստների գերմանական ակադեմիայի անդամ։
ՎԱՅՆՈ Կարլ Հենրիխովիչ (ծնվել է 1923 թվականին), սովետական պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1947 թվականից։ Ավարտել է Տոմսկի երկաթուղային տրանսպորտի ինժեներների էլեկտրամեխանիկական ինստիտուտը (1947), ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (հեռակա, 1957)։ 1947 թվականից աշխատել է երկաթուղային տրանսպորտում, 1949-ից՝ էստոնիայի կոմկուսի ԿԿ–ի ապարատում։ 1952 թվականից՝ ԷԿԿ Տալինի մարզկոմի քարտուղար, 1953 թվականից՝ ԷԿԿ ԿԿ–ի բաժնի վարիչ, 1957 թվականից՝ Էստոնիայի ՍՍՀ ԺՏԽ–ի նախագահի տեղակալ, 1960 թվականից՝ ԷԿԿ ԿԿ–ի քարտուղար, ԷԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ (1970 թվականից), 1978 թվականից Վայնոն ԷԿԿ ԿԿ–ի առաջին քարտուղարն է։ ՍՄԿԿ XXVI համագումարում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ։ ՍՍՀՄ X և XI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
ՎԱՅՇԵՇԻԿԱ (< սանսկրիտ, վիշեշաառանձնահատկություն, տարբերություն), հին հնդկական փիլիսոփայության 6 ուղղափառ համակարգերից։ Ըստ ավանդության հիմնադիրը Քանադան է, որին է վերագրվում Վայշեշիկայի հիմնական երկը՝ «Վայշեշիկա-սուտրա»-ն (վերջնական խմբագրությունը՝ մ․ թ․ I դարից ոչ ուշ)։ Մոտ է Նյայային, որի հետ հետագայում կազմել է միասնական դպրոց։ Ըստ Վայշեշիկայի, գոյություն ունի ռեալության յոթ տեսակ, որոնք ճանաչողության օբյեկտ են․ դրական՝ սուբստանց (որը որակի և գործողության սուբստրատն է և հանդես է գալիս ինը ձևով, որոնցից հողը, ջուրը, հուրը, օդը, եթերը զգայարաններով ընկալվող ֆիզիկական տարրեր են, իսկ տարածությունը, ժամանակը, հոգին և միտքը անզգայելի են, միասնական, հավերժական և ամենաթափանց), որակ (որոշում է իրերի բնույթը), գործողություն (ֆիզիկական շարժում դեպի վեր, վար, ներս, դուրս և տեղից տեղ), ընդհանրություն (տվյալ դասի տարրերի համար ընդհանուր հավերժական էություն), առանձնահատկություն (անհատականացնում, տարբերակում է հավերժական էությունները), ներհատուկություն կամ անբաժանելիություն (անքակտելի և մշտական կապ) և բացասական՝ ոչ կեցություն (հակադրվում է դրական տեսակներին)։ Ըստ Վայշեշիկայի ատոմիստական ուսմունքի, Տիեզերքը կազմված է ֆիզիկական տարրերից և ենթարկվում է արարման ու ոչնչացման հավերժական շրջապտույտին։ Ֆիզիկական օբյեկտները բաղկացած են ատոմներից, որոնք այդ օբյեկտների մասնատման սահմանն են։ Ատոմները անստեղծ են, հավերժական, սակայն նրանց շարժում է հաղորդում աստվածը։ Գրկ ․Радхакришнан С․, Индийская философия, пер․ с англ․, т․ 1–2, М․, 1956-57․
ՎԱՅՈՄԻՆԳ (Wyoming), նահանգ ԱՄՆ–ի արևմուտքում։ Տարածությունը 253,6 հազար կմ2 է, բնակչությունը՝ 514,0 հազար (1983)։ Վարչական կենտրոնը՝ Շայեն։ Հյուսիս-արևելյան մասը զբաղեցնում են Մեծ հարթավայրերը, մնացած մասը՝ ժայռոտ լեռները։ Ագրարային ինդուստրիալ նահանգ է։ Տնտեսության գլխավոր ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է՝ նավթի, բնական գազի, ածխի, ուրանի, երկաթի հանքանյութի արդյունահանումը։ Կա նավթավերամշակում, ուրանի խտանյութի արտադրություն։ Զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես արոտային անասնապահությունը։ Բնորոշ են անասնապահական խոշոր տնտեսությունները (ռանչո)։ Ոռոգովի հողերում մշակում են կերային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, վարսակ, գարի։ Զարգացած է փայտամթերումը։ Վայոմինգի տարածքում է Ելլոուսթոնյան ազգային պարկը։
ՎԱՅՈՑ ՁՈՐ, Եղեգյաց ձոր, Վարդաձոր, գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում, Արփա գետի ավազանում։ Համապատասխանում է ներկայիս ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանի և Ազիզբեկովի շրջանի տարածքին, ինչպես նաև Նախիջևանի ԻՍՍՀ հյուսիս–արևմտյան մի փոքր հատվածին։ Հարավից սահմանակցել է Սյունիքի ճահուկ, Նախճավան և Այրարատի Շարուր, արևմուտքից՝ Այրարատի Արած, Ուրծաձոր, հյուսիսից՝ Սյունիքի Գեղարքունիք և Սոդք, արևելքից՝ Արցախի Վայկունիք և Սյունիքի Ծղուկք գավառներին։ Վայոց ձորը ուրույն ֆիզիկաաշխարհագրական շրջան է, հյուսիսից, արևելքից և հարավից շրջափակված Վարդենիսի, Սյունյաց և Վայոց ձորի լեռնաշղթաներով։ Վայոց ձորի գոգավորությունը հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով, միանում է Շարուրի դաշտին։ Նշանավոր լեռնագագաթներից են՝ Գնդասարը, Սուլեմասարը, Վարդենիսը, Սանդղաքարը, Գորգասարը, Կուքին, Հարսնասարը, Քուռակախաղացը, Դիտվանքը, Սարկողովքը։ Մակերևույթն աչքի է ընկնում ձևերի բազմազանությամբ։ Արփայի և նրա վտակների (Եղեգիս, Հերհեր, Գոմեր, Մարտիրոս, Գնշին կամ Թմաձոր,Ճավաձոր, Ակոռի, Հողոցիմ, Նրբույն և այլն) ջրերը առաջացրել են բազմաթիվ մանր ու միջին մեծության ձորակներ, հեղեղատներ, անդնդախոր կիրճեր, խորխորատներ։ Շարունակվում են լեռնակազմական պրոցեսները, որոնց արտահայտությունն են բազմիցս կրկնվող երկրաշարժերը։ Լճերից հայտնի են՝ Սևակնը, Զուխտակը,