Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրա առավել տիպական ձևը կորպորացիաների կողմից արժեթղթերի գնումն է։ Այն հանդես է գալիս նաև 1-ից մինչև 10-12 տարի ժամկետով տրամադրվող ուղղակի բանկային փոխատվության ձևով։ Վ․ կիսամյա կամ եռամսյակային մուծումներով մարվում է փոխատվության պայմանագրի գործողության ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում։

Կապիտ․ Վ֊ի բոլոր ձևերն էլ նպաստում են արտադրության զարգացմանը, բայց և խորացնում ու սրում են հասարակարգին բնորոշ հակասությունները։ Իմպերիալիզմի փուլում Վ֊ի ոլորտում առաջանում են նոր երևույթներ՝ Վ․ խոշորացվում ու խիստ համակենտրոնացվում է, որի հիման վրա մոնոպոլացվում է, տրամադրման ժամկետներն ընդլայնվում են, էական մասը պետականացվում է, Վ․ վերածվում է պետ․֊մոնոպոլիստ․ կապիտալիզմի կարևոր միջոցի։Արագացնելով կապիտալիզմի արտադրողական ուժերի աճն ու մեքենայակն խոշոր ինդուստրիայի զարգացումը՝ Վ․ այդպիսով նպաստում է կապիտալիզմից սոցիալիզմին անցման համար անհրաժեշտ նյութական պայմանների նախապատրաստմանը։

Սոցիալիզմի ժամանակ Վ֊ի անհրաժեշտությունը պայմանավորված է ապրանքադրամական հարաբերությունների պահպանմամբ և որպես վճարման միջոց փողի օգտագործմամբ։ Այն պլանաչափ տնտ․ հարաբերությունների համակարգ է, որի միջոցով հասարակությունը մոբիլիզացնում է ժողտնտեսության մեջ ժամանակավորապես ազատ դրամական միջոցները և վերադարձնելության, ժամկետայնության ու վճարովիության պայմանով օգտագործում ընդլայնված վերարտադրությունն ապահովելու համար։ Սոցիալիստ․ Վ֊ի հիմքը արտադրամիջոցների հասարակական սեփականությունն է, այն կենտրոնացված է պետության ձեռքին, չի կարող վերածվել կապիտալի, օգտագործվում է ժողտնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության բարձրացման նպատակով։ Վարկային հարաբերությունները կառուցվում են ուղղակի բանկային Վ֊ի ձևով․ և բացառվում է առևտր․ ու մուրհակային Վ֊երի գոյությունը։

Վ․ ստանալու սոցիալիստ․ ձեռնարկությունների և տնտ․ կազմակերպությունների պահանջն առաջանում է, երբ՝ ա․ սեփական շրջանառու միջոցներից բացի (որոնք տրամադրվում են անհրաժեշտ նվազագույն չափով) օգտագործվում են փոխառու շրջանառու միջոցներ, բ․ նյութերի ու պատրաստի արտադրանքի փաստացի պաշարները շեղվել են նորմատիվայինից և անհրաժեշտ է ստեղծել դրանց գերնորմատիվային պաշարներ, գ․ շրջանառության ոլորտ ներառված սեփական շրջանառու միջոցները (վաճառված, բայց դեռ չվճարված) մատակարարները չեն կարող օգտագործել արտադր․ ֆոնդերի շրջապտույտի նոր փուլ սկսելու համար, դ․ խախտվել է իրացված արտադրանքի համար դրամական մուտքերի և վճարումների ռիթմիկությունը։ Վ․ կատարում է արտադրության պրոցեսում դրամական միջոցների բաշխման ու վերաբաշխման և իրական դրամը (ոսկին) վարկային դրամով փոխարինելու ֆունկցիաներ։ Վ֊ի ձևով դրամական միջոցների պլանաչափ բաշխումն ու վերաբշխումը կապված է դրանց կուտակման հետ։ Վ֊ի աղբյուրներն այն դրամակն միջոցներն են, որոնք տրվում են բանկի պահպանմանը։ Դրանք են՝ ա․ ձեռնարկությունների ու կազմակերպությունների արտադր․ և շրջանառության ֆոնդերի շրջապտույտի ընթացքում ժամանակավորապես ազատված դրամական միջոցները, բ․ նպատակային նշանակության դրամական ֆոնդերը (տնտ․ խթանման՝ պետ․ ձեռնարկություններում, անբաժանելի՝ կոլտնտեսություններում ևն), գ․ պետ․ բյուջեի միջոցները, որ գոյանում են բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների ամենամյա մշտական գերազանցման և ժամանակովարապես ազատ դրամական միջոցների առաջացման հաշվին, դ․ բյուջետային հատկացումների հաշվին գոյացող բանկերի հատուկ ֆոնդերը (գործող արդ․ ձեռնարկությունների կապիտալ ծախսերի, կոլտնտեսությունների վարկավորման ևն), ե․ պետ․ գույքային ու անձնական ապահովագրության ֆոնդի ռեզերվները, զ․ խնայդրամարկղերում ու բանկերում բնակչության ավանդները, է․ բանկերի սեփական դրամական ֆոնդերն ու բանկային շահույթը։

ՍՍՀՄ֊ում Վ․ ժողտնեսությանը տրամադրում են ՍՍՀՄ պետ․ բանկը, ՍՍՀՄ շինբանկը և արտաքին առևտրի բանկը։ Դրանք ապահովում են վարկային ռեսուրսների առավել լրիվ կուտակումն ու պլանաչափ բաշխումը և, միաժամանակ, վերահսկում Վ֊ի օգտագործումը։ Բանկային Վ֊ի հիմն․ ձևերն են՝ կարճաժամկետ՝ մինչև 1 տարի, երկարաժամկետ՝ 5-10 և ավելի տարի (նաև միջին ժամկետի՝ մինչև 3 տարի)։ Վարկավորման ժամկետների տարբերությունը կապված է վերարտադրության պրոցեսում հիմն․ և շրջանառու ֆոնդերի շրջապտույտի առանձնահատկությունների հետ։ Կարճաժամկետ Վ․ սպասարկում է շրջանառու միջոցների շրջապտույտը։ Այն նպատակային է, տրամադրվում է կոնկրետ օբյեկտների (արդյունաբերության մեջ՝ նորմավորվող շրջանառու միջոցների, բեռնված֊ուղարկված ապրանքների, սեզոնային ծախսերի, առևտրում՝ ապրանքների պաշարների ևն) համար։ Վ֊ից օգտվող ձեռնարկություններն ու կազմակերպությունները պարտավոր են ոչ միայն որոշակի ժամանակից հետո վերադարձնել այն, այլև տոկոս վճարել։ Նվազագույն տոկոսադրույքները կազմում են 2-6, առավելագույնը (ժամկետանց պարտքի դեպքում)՝ 7-10%։ Երկարաժամկետ Վ․ սպասարկում է գլխավորապես հիմն․ ֆոնդերի ընդլայնված վերարտադրությունը։ Այն ֆինանսական ապահովման աղբյուր է նոր օբյեկտների կառուցման ու գործողների ընդլայնման (եթե գործող հիմն․ ֆոնդերի ու արտադր․ կարողությունների փոխհատուցումը 5 տարուց ավելի չէ), ձեռնարկությունների վերակառուցման ու տեխ․ վերազինման համար՝ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում պլանով նախատեսված կապիտալ ներդրումների ֆինանսավորման համար։ Պետ․ կապիտալ ներդրումենրի ֆինանսավորման համար երկարաժամկետ Վ․ օգտագործելիս ձեռնարկություններն ու կազմակերպությունները ժամկետային փոխատվության դիմաց տարեկան վճարում են 0,5, ժամկետանցի դիմաց՝ 4,0%։ Շինարարությունը պլանավորված ժամկետից 6 և ավելի ամիս շուտ ավարտելու դեպքում տոկոսադրույքի չափը վարկավորման ամբողջ ժամանակաշրջանի համար կրճատվում է 50, մինչև 6 ամիս՝ 25%֊ով։

ՍՍՀՄ֊ը երկարաժամկետ Վ․ է տրամադրում նաև սոցիալիստ․ ու զարգացող երկրներին։ Վերջիններիս Վ․ տրամադրվում է առանց նրանց ինքնուրույնությունը ոտնահարող որևէ պայմանի։ Սոցիալիստ․ ընկերակցության երկրների երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի հիման վրա Վ․ (տրամադրվում է 1-15 տարով) օգտագործվում է արտադր․ օբյեկտների կառուցման, հումքային և էներգետիկ բազայի ընդլայնման համար։

Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, գ․ 3, Ե․, 1954, հ․ 2, Ե․, 1936, հ․ 3, մ․ 1-2 Ե․, 1947-49։ Լենին Վ․ Ի․, Բանկային քաղաքականության թեզիսներ, Երկ․ լիակտ․ Ժող․, հ․ 36։ Бортник М. Ю., Денежное обращение и кредит капиталистических стран, М., 1967: Денежное обращение и кредит СССР, 2 изд., М., 1970։ Красавина Л. Н., Новые явления в кредитно-денежной системе капитализма, М., 1971: Лаврушин О. И., Кредит в социалистическом обществе, М., 1974. Դ․ Ալավերդյան

ՎԱՐԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ, վարկ, որը նախատեսվում է գյուղատնտեսության զարգացման համար։ Կապիտալիզմի պայմաններում գյուղատնտեսության մեջ փոխատվական կապիտալի ներդրման ձև է։ Վարկի տոկոսադրույքները բարձր են (ԱՄՆ֊ում օրինակ, կարճաժամկետ վարկի տոկոսադրույքները կազմում են տարեկան 8-12, երկարաժամկետինը՝ 5%), փոխատվություններն ապահովվում են գրավադրմամբ, որի պատճառով վարկն օգտագործում են գերազանցապես խոշոր ֆերմերները։

Սոցիալիզմի ժամանակ Վ․ գ․ քաղաքի և գյուղի միջև տնտ․ կապերի կարևոր ձևերից է։ ՍՍՀՄ֊ում գյուղատնտեսության վարկավորումը սկսվել է 1921-ին, ՌՍՖՍՀ պետբանկի հիմնադրմամբ։ 1922-31֊ին գործում էր գլխավորապես տեղական վարկային ու փոխատվական-խնայողական, մարզային ու նահանգային ընկերությունների միջոցով գյուղատնտեսության վարկավորման կոոպերատիվ համակարգը, որը գլխավորում էր 1924-ին ստեղծված կենտր․ գյուղատնտ․ բանկը։ 1932-ից գյուղատնտեսության երկարաժամկետ վարկավորումն իրականացրել է ՍՍՀՄ գյուղ֊բանկը, իսկ կարճաժամկետը՝ ՍՍՀՄ պետբանկը։ 1959-ին ՍՍՀՄ գյուղբանկը վերացվեց, և գյուղատնտեսության վարկավորման գործառնություններն սկսեց կատարել ՍՍՀՄ պետբանկը։ Երկարաժամկետ և կարճաժամկետ վարկ են ստանում կոլտնտեսություններն ու սովետական տնտեսությունները, միջկոլտնտեսային միավորումներն ու ագրոարդ․ համալիրները, գյուղատնտ․ կապալային