րական կազմակերպությունները ևն։ Գյուղում կառուցվող արտադր․ նշանակության օբյեկտների մեծամասնությունը վարկավորվում է 20 և ավելի, տրակտորների, կոմբայնների գնումը՝ մինչև 8 տարի ժամկետով են։ Կարճաժամկետ վարկն օգտագործվում է կոլտնտեսություններում, սովետական տնտեսություններում դրամական միջոցների սեզոնային պակասը լրացնելու, ապրանքանյութական արժեքներ գնելու, կոլտնտեսականներին վարձատրելու, հարկեր վճարելու համար ևն։ Նման փոխատվությունների ժամկետը մինչև 1 տարի է։ Կարճաժամկետ վարկի դիմաց ՍՍՀՄ պետբանկը գանձում է տարեկան 1%, երկարաժամկետի դիմաց՝ 0,75%, ժամկետանց վճարումների դիմաց՝ 3%։
ՎԱՐԿ ԿՈՄՈՒՆԱԼ, վարկ, որը տրամադրվում է կոմունալ տնտեսության ու բնակարանային շինարարության կարիքների համար։ Կապիտալիստական երկրներում բանկային վարկի տարատեսակ է։ Վարկ կոմունալի միջոցները սովորաբար մոբիլիզացվում են տեղական ինքնավարության մարմինների կամ վարկային հիմնարկների կողմից կոմունալ փոխառության պարտատոմսերի թողարկման (կենտր․ կառավարության թույլտվությամբ) ուղիով։ Տարբեր երկրներում վարկային կոմունալ տրամադրում են կոմունալ, քաղաքային, հիպոթեկային բանկերը, կոմունալ խնայդրամարկղերը ևն։ Բացի տեղական ինքնավարության մարմիններից, վարկային կոմունալից օգտվում են նաև խոշոր տնատերերն ու ֆաբրիկատերերը՝ դրա դիմաց գրավ դնելով հողամասեր, բնակելի ու արդ․ շենքեր։
ՍՍՀՄ–ում կոմունալ տնտեսության և բնակարանային շինարարության վարկավորումն իրականացնում են ՍՍՀՄ պետբանկն ու ՍՍՀՄ շինբանկը։
ՎԱՐԿ ՄՈՒՐՀԱԿԱՅԻՆ, վարկ, որ բանկերը տրամադրում են մուրհակատերերին, մատակարարները՝ գնորդներին։ Առաջացել է առևտրական վարկի զարգացման հիման վրա, երբ ձեռք բերված ապրանքների դիմաց դրամի փոխարեն օգտագործվել է մուրհակը, որը դրա տերը վաճառում է բանկին կամ գրավ դնում բանկում։ Հանդես է գալիս մուրհակների զեղջման, մուրհակային հատուկ ընթացիկ հաշիվ բացելու և մուրհակի գրավադրմամբ փոխատվություն տալու ձևերով։ Առավել տարածվածը մուրհակների զեղչումն է (տես Զեղչում մուրհակների)՝ բանկի կողմից մուրհակների գնումը մինչև դրանց ժամկետի լրանալը։ Այդ ձևով տրվող վարկի դիմաց բանկը զեղչատոկոս է գանձում։ Մուրհակային հատուկ ընթացիկ (ցպահանջ) հաշիվ բացելիս բանկը մուրհակները չի գնում, այլ դրանք ընդունում է որպես տրամադրվող վարկի երաշխիք։ Այդպիսի բանկային վարկ ստացած ձեռնարկությունը չեկեր տալու իրավունք ունի տրամադրված փոխատվության սահմաններում։ Բանկը կարող է կրճատել վարկի չափը, պահանջել մուրհակը փոխարինել մի ուրիշով։ Մուրհակի գրավադրմամբ փոխատվությունը միաժամանակյա վարկային գործառնություն է։ Բանկի տրամադրած փոխատվությունները պետք է նրան վերադարձվեն գրավադրված մուրհակի վճարման ժամկետի լրանալուն պես։
ՍՍՀՄ–ում վարկ մուրհակային կիրառվել է 1921–30-ին։ Առևտր․ վարկի և մուրհակների շրջանառության արգելման հետ այն ևս վերացվել է։ Վարկ մուրհակային չի կիրառվում նաև սոցիալիստ․ մյուս երկրներում։
ՎԱՐԿԱԾ, 1․ որևէ փաստի, իրադարձության միմյանցից տարբերվող մի քանի շարադրանք կամ բացատրություն։ 2․ Քննչական (դատական) պրակտիկայում կոնկրետ քրեական գործով ապացուցման ենթակա հարցերի (ովքեր են կատարել հանցագործությունը, երբ, ինչ եղանակով ևն) վերաբերյալ քննիչի կամ դատարանի ենթադրությունը։ Վարկած հիպոթեզի տարատեսակություն է, սակայն, ի տարբերություն հիպոթեզի, ստուգվում է դատավարական եղանակով, այսինքն՝ օրենքով նախատեսված ձևով ապացույցների գնահատման միջոցով։ Քննչական (դատական) վարկածները լինում են ընդհանուր և մասնավոր։ Ընդհանուր վարկած վերաբերում է ապացուցման առարկային ամբողջապես։ Դրանով ենթադրություն է արվում հանցադեպի առկայության (բացակայության), հանցագործության մասնակիցների մեղքի առկայության մասին։ Մասնավոր վարկած վերաբերում է ապացուցման առարկայի, ուսումնասիրվող դեպքերի առանձին կողմերին (օրինակ, հանցագործության դրդապատճառներին, տեղին, ժամանակին, հանցագործության գործիքներին)։ Ընդհանուր և մասնավոր վարկածների փոխհարաբերությունը արտահայտում է կապը ամբողջի (որը կոչված է բացահայտելու ընդհանուր վարկած) և մասնավորի միջև։ Քրեական գործի նախաքննության կամ դատական քննության ընթացքում ապացուցման ամեն մի տարրի (փաստարկի) կամ ամբողջ ապացուցման նկատմամբ կարող են բերվել հակադիր վարկածներ (օրինակ, հանցադեպի բացակայության, ծանրացնող հանգամանքների բացակայության մասին)։ Դրանք կարող է առաջադրել քրեական դւատավարության ամեն մի մասնակից, որոնց հիմնավորվածության դեպքում քննիչը (դատարանը) մտցնում է ստուգման ենթակա վարկածների շարքը։ Անկախ առաջ քաշողից, վարկած պետք է բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն ստուգվի։ Վարկածը կողմնորոշում է, թե ինչ քննչական կամ դատական գործողություն պետք է ընտրել և ինչ կարգով կատարել դրանք։
Դատական վարկածը օրգանապես կապված է քննչական վարկածի հետ, սակայն ունի առանձնահատկություն։ Դատարանի տեսանկյունից մեղադրյալի մեղավորության մասին քննիչի եզրակացությունը վերաբերում է միայն մեղադրանքի վարկածին, որը պետք է ստուգվի դատական քննության ժամանակ։ Դատական վարկածի յուրահատկությունն այն է, որ դատարանը ստուգում է նաև հակադիր՝ (մեղադրյալի անմեղության) վարկածը։ Դատարանը պարզում է նաև, թե ստուգված են արդյոք գործի հանգամանքներից բխող մյուս վարկածները (օրինակ, վարկածին հակադիր վարկած, մեղադրյալի առաջ քաշած վարկած ևն)։ Ճշմարիտ է համարվում այն վարկածը, որն ստուգվել և հաստատվել է քննության ժամանակ, իսկ մյուս վարկածները մերժվել են։
ՎԱՐԿԱՅԻՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կապիտալիստական երկրների բանկերի կողմից վարկավորման առավել խիստ պայմանների կիրառում որոշ կատեգորիայի փոխառուների նկատմամբ։ Բնակչության լայն խավերի (մանր ձեռնարկատերեր, ֆերմերներ ևն) ֆինանսական ճնշման ու շահագործման ձեերից է։ Բանկերն ու մասնագիտացված վարկային հիմնարկությունները (օրինակ, ֆինանսական ընկերությունները) այն օգտագործում են լրացուցիչ շահույթ ստանալու, իսկ դրամական շուկայում առաջացած լարվածության շրջանում՝ դրամական միջոցները վերաբաշխելու համար։ Վարկային խտրականության ձևերից են՝ բանկերի որոշակի կատեգորիայի փոխառուների համար վարկի առավել բարձր տոկոսադրույք սահմանելը, միջին ու երկարաժամկետ վարկերից օգտվելու հնարավորությունից նրանց զրկելը, փոխատվության դիմաց հուսալի երաշխիք պահանջելը։ Վարկային խտրականությունը դրսևորվում է նաև միջազգային տնտեսական հարաբերություններում, երբ մի երկրի բանկերն այլ երկրների կազմակերպություններին ու ֆիրմաներին, երրորդ երկրների համեմատ, վարկը տրամադրում են առավել աննպաստ պայմաններով։
ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, տես Կոոպերացիա։ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, 1․ լայն իմաստով՝ սոցիալ–տնտեսական այս կամ այն ֆորմացիայի շրջանակներում գոյություն ունեցող վարկային հարաբերությունների, վարկի ձևերի ու մեթոդների ամբողջություն (տես Վարկ)։ 2․ Նեղ իմաստով՝ պատմական որոշակի ժամանակաշրջանում այս կամ այն երկրի վարկային հիմնարկությունների ամբողջություն։
Կապիտալիստական վարկային համակարգեր բանկերի ու վարկաֆինանսական և այլ հիմնարկությունների ամբողջություն ևն, որոնք մոբիլիզացնում են ազատ դրամական կապիտալներն ու եկամուտները, տրամադրում փոխատվություններ, ինչպես նաև բաց են թողնում շրջանառության վարկային միջոցներ։ Դրանք միմյանցից տարբերվում են պատկանելությամբ, կազմակերպման իրավաբանակ ձևերով, գործունեության բնույթով։ Ըստ սեփականության ստորաբաժանվում են պետական և մասնավոր հիմնարկությունների։ Պետական են՝ կենտրոնական էմիսիոն ու առանձին առևտրական բանկերը, փոստային–խնայողական՝ դրամարկղերն ու որոշ այլ հիմնարկություններ, որոնք կատարում են տնտեսության տվյալ ոլորտի վարկավորման հատուկ ֆունկցիաներ։ Մասնավոր են՝ առևտրական․ ու ինվեստիցիոն բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկաֆինանսական այլ ինստիտուտների մեծ մասը։ Ըստ կազմակերպման իրավաբանակ ձևերի տարբերվում են բաժնետիրական ընկերություններ, կոոպերատիվ ու մասնավոր վարկային հիմնարկություններ ևն։ ժամանակակից կապիտալիստական վարկային համակարգերը ներառնում են՝ 1․ էմիսիոն բանկերը, որոնք վարկային համակարգերի կենտրոններն են («բանկերի բանկեր») և թողարկում են բանկնոտներ, 2․ առևտրական բանկերը, որ վարկավորում են արդյունաբերական, առևտրային, և այլ ձեռնարկություններ, 3․ ինվեստիցիոն բանկերը, որոնք զբաղվում են արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի