հեղափոխական դեմոկրատական դիրքերում։ Հակաճորտատիրական բնույթի է Վովչոկի «Ուսանողուհին» (I860) վիպակը։ 1859–1867 թվականներինին Վովչոկն ապրել է արտասահմանում: Հանդիպել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Դոբրոլյուբովի հետ, մտերիմ է եղել լեհ ու չեխ քաղաքական վտարանդիների, ֆրանսիական մշակույթի շատ գործիչների հետ։ Գրել է ուկրաիներեն «Երեք ճակատագիր» (1861) վիպակը, «Հեքիաթ ինն ավազակ եղբայրների և տասներորդ քույր Գալյայի մասին» (1863), «Կարմելյուկ» (1865) հեքիաթները և ռուսերեն՝ «Շղարշե կինը» (1861), «Խուլ քաղաքը» (1862) վիպակները։ Ռուսաստան վերադառնալուց հետո աշխատակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Оте– чественные записки») ամսագրին, որտեղ տպագրվել են նրա «Կենդանի հոգի» (1868), «Տիրացուի նոթեր» (1869–70) և այլ վեպեր ու վիպակներ։ 1874 թվականին լույս է տեսել «Հեքիաթներ և եղելություն» երգիծական ժողովածուն։ Վովչոկը պատկերել է ժողովրդի աղետալի վիճակը, առաջադեմ մարդկանց, որոնք չեն հաշտվել սոցիալական անարդարության հետ։ 60-ական թվականների վերջերից թարգմանել է ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի, դանիացի և լեհ հեղինակների գիտական ու գեղարվեստական ստեղծագործություններ։ Ուղջունել է 1905–07 թվականների հեղափոխությունը։ Նրա գրական ժառանգությունը զգալի տեղ է գրավում ուկրաինական և ռուսական գրականության մեջ։ Երկեր Твори, т․ 1–7, Киев, 1964–67; Поли, собр․ соч․, т․ 1–7, Саратов, 1896–99; Собр․ соч․, т․ 1-3, М․, 1957․ Գրականություն Брандис Е․, Марко Вовчок, М․, 1968․
ՎՈՏՉԻՆԱ, ֆեոդալական հողատիրության ձև Ռուսաստանում (XI–XVIII դդ․)։ Վոտչինայի տերը իրավունք ուներ այն որպես ժառանգություն կտակելու, վաճառելու, գրավ դնելու և այլն: «Վոտչինա» տերմինն առաջացել է հին ռուսական «օտչինա» բառից, որը նշանակում է հայրական սեփականություն։ Համապատասխանում է միջնադարյան Հայաստանի «հայրենիքին»։ Մինչև XV դարի վերջը Վոտչինան հողատիրության ամենատարածած ձևն էր։ Վոտչինան բաղկացած էր մեծ տարածություններում ցրված և միմյանց հետ թույլ կապերով կապված մի քանի տիրույթներից։ Վոտչինաների տերերն էին գլխավորապես բոյարները և իշխանները, ինչպես նաև նրանց դրուժինաների անդամները, վանքերը, բարձրաստիճան հոգևորականությունը։ XYI դարի սկզբին, երբ Մոսկովյան իշխանությանը միացվեցին Նովգորոդը, Տվերը և Պսկովը, այդ հողերի շատ բոյարներ զրկվեցին իրենց վոտչինաներից, իսկ նրանց հողերում բնակեցվեցին ազնվականները, որոնց վրա էր հենվում մեծապետական իշխանությունը։ XYI դ․ 50-ական թթ․ վոտչինայի տերերը զինվորական ծառայության առումով հավասարվեցին ազնվականներին։ Հետադեմ բոյարության դեմ պայքարում վճռական նշանակություն ունեցավ Իվան IV Ահեղի կիրառած օպրիչնինայի քաղաքականությունը։ XVI դարի վերջին արդեն ֆեոդալական հողատիրության առավել տարածված ձևը ոչ թե վոտչինան էր, այլ՝ կալվածքը։ XVII դարի սկզբից վոտչինային հողատիրությունը կրկին սկսեց աճել։ Կառավարությունը, պարգևատրելով ազնվականներին հավատարիմ ծառայության համար, առատորեն նրանց էր բաժանում վոտչինային հողերը։ XVII դարի վերջին պետության կենտր․ շրջաններում վոտչինային հողատիրությունը նշանակալիորեն գերազանցում էր կալվածայինին։ Կալվածքի միաժառանգության մասին 1714 թվականի մարտի 28-ի հրամանագիրը իրավաբանորեն հավասարեցրեց կալվածքը վոտչինայինին։ Հետագայում «Վոտչինա» տերմինը գործածվում էր ֆեոդալական հողային սեփականության իմաստով։
ՎՈՐԴՍՎՈՐԹ,Ուորդ ս ու ո ր դ (Words– worth) Ուիլյամ (1770–1850), անգլիացի բանաստեղծ։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանը, կրել Ֆրանսիական մեծ հեղափոխության ազդեցությունը։ «Լճային դպրոց»-ի հիմնադիր-գաղափարախոսներից։ 1798 թվականին Ս․ Քոլրիջի հետ Վորդավորթը հրատարակել է «Քնարական բալլադներ» ժողովածուն, որի երկրորդ հրատարակության (1800) նախաբանը դարձել է պահպանողական ռոմանտիզմի գեղագիտական մանիֆեստը։ Հրաժարվելով XVIII դարի կլասիցիստական նորմաներից, Վորդավորթը բալլադներում ներկայացրել է գյուղացիական կյանքի դարավոր հիմքերի կործանումը, արտահայտել աշխատավորության խոհերն ու մտքերը, հայրենի բնության գեղեցկությունը, սիրո ուժը։ Վորդավորթը գրել է բանաստեղծություններ նվիրված Հայիթիի ապստամբած նեգրերին, տիրոլցի գյուղացիներին, որոնք պայքարում էին Նապոլեոնի դեմ («Ազատությանը նվիրված սոնետներ», 1802–16, շարք)։ «Նախերգանք» (1850) ինքնակենսագրական պոեմում Վորդավորթը հրաժարվել է երիտասարդության ռադիկալիզմից։ 1843 թվականին ստացել է դափնեկիր–բանաստեղծի կոչում։
ՎՈՐԿՈՒՏԱ, գետ ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզի Նենեցական ԻՕ–ում և Կոմի ԻՍՍՀ–ում, Ուսա գետի (Պեչորայի ավազան) աջ վտակը։ Երկարությունը 182 կմ է, ավազանը՝ 4550 կմ2։ Վորկուտայի ավազանում կան 2 հազար լճեր, տարածված են ճահիճները։ Սնումը խառն է։ Ջրի միջին տարեկան ծախսը 43,4 մ3/վրկ է։ Սառցակալում է հոկտեմբերից հունիս։ Օգտագործվում է Վորկուտայի ածխավազանի ջրամատակարարման համար։ Ափին է Վորկուտա քաղաքը։
ՎՈՐԿՈՒՏԱ, քաղաք (1943-ից) Կոմի ԻՍՍՀ–ում։ Գտնվում է բևեռային շրջագծից 160 կմ հյուսիս, Րոլշեզեմելյան տունդրայում, Վորկուտա գետի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 106 հազար բնակչություն (1983)։ Ածխի արդյունահանման խոշոր կենտրոն է Պեչորայի ածխային ավազանում։ Կան Փայտամշակման կոմբինատ, մեխանիկական վերանորոգման, շինանյութերի, երկաթբետոնե իրերի, աղյուսի գործարաններ, թռչնաֆաբրիկա, ջերմային տնտեսություն, տնկարան և այլն։ Վորկուտայում է Լենինգրադի լեռնային ինստիտուտի մասնաճյուղը, ունի 3 միջնակարգ ուսումնական հաստատություն, 2 թատրոն։ Հիմնադրվել է 1931 թվականին՝ ածխի արդյունահանման հետ կապված։ 1970 թվականի դեկտեմբերի 28-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՎՈՐՈԲՅՈՎ Վլադիմիր Պետրովիչ (1876– 1937), սովետական անատոմ, Ուկրաինացի ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934)։ 1903 թվականին ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը, 1917 թվականից՝ նույն ֆակուլտետի (1921 թվականից՝ Խարկովի բժշկական ինստիտուտ) պրոֆեսոր, միաժամանակ եղել է ուկրաինական փորձառական բժշկագիտության ինստիտուտի գիտական ղեկավար։ 1919–21 թվակններին աշխատել է Բուլղարիայում։ Սոֆիայի բժշկական ակադեմիայում նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է անատոմիայի ամբիոն (որն այժմ կոչվում է Վորոբյովի անվամբ)։ Զբաղվել է հիմնականում նյարդային համակարգի անատոմիայի հարցերով։ Զբարսկու հետ առաջարկել են զմռսման նոր մեթոդ, 1924 թվականին զմռսել են Վ․ ի․ Լենինի մարմինը։ Խարկովում Վորոբյովը կազմակերպել է մարդու ձևավորման (կազմավորման) աշխարհում միակ թանգարանը։ Հեղինակ է «Մարդու անատոմիայի ատլասի»-ի (հրատարակություն 1938–1942)։ Սահմանվել է Վորոբյովի անվանական մրցանակ նորմալ անատոմիայի բնագավառի լավագույն աշխատանքի համար։ Վ․ Ի․ Լենինի անվանական մրցանակ (1927)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՎՈՐՈՆԵԺ, քաղաք, ՌՍՖՍՀ Վորոնեժի մարզի վարչական կենտրոնը, Վորոնեժ գետի ափին։ Երկաթուղային խոշոր հանգույց է։ 850 հազար բնակչություն (1985)։ Վարչականորեն բաժանվում է վեց շրջանի։ 1975 թվականին պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։ Վորոնեժն առաջին անգամ հիշատակվել է 1177 թվակաին։ 1585 թվականին հիմնադրվել է Վորոնեժի ամրոցը։ XVII դարին առևտրաարհեստավորական քաղաք էր։ 1695–96 թվականներինին Պետրոս I-ը Վորոնեժում կառուցել է նավաշինարան։ 1711 թվականից Վորոնեժն եղել է Ազովի նահանգի, 1725–79 թվականները՝ Վորոնեժի նահանգի, 1779–1824 թվականներըը՝ Վորոնեժի փոխարքայության, 1824 թվականներից՝ Վորոնեժի նահանգի կենտրոնը։ XVIII– XIX դդ․ սևահողային գյուղատնտեսական շրջանի կենտրոնն էր։ XIX դարին Վորոնեժը երկաթուղով կապվել է Դոնի Ռոստովի և Մոսկվայի հետ։ 1879 թվականին Վորոնեժում տեղի է ունեցել «Զեմլյա ի Վոլյա» կուսակցության համագումարը։ Վորոնեժում սովետական կարգեր հաստատվել են 1917 թվականի հոկտեմբերի 30-ին (նոյեմբերի 12-ին)։ Վորոնեժը Կենտրոնասևահողային տնտեսական շրջանի ինդուստրիալ գլխավոր կենտրոնն է և երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ Կան մեքենաշինական, քիմիական, շինանյութերի, սննդի, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Պահպանվել են XVII –XVIII դարերի ճարտարապետական հուշարձաններ։ Ունի 8 բուհ (այդ թվում՝ համալսարան), թանգարաններ, թատրոններ։
ՎՈՐՈՆԵԺԻ ՄԱՐԶ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1934 թվականի հունիսի 13-ին։