Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ստեղծման ու զարգացման նկատմամբ։ Նա Ս․ Շահումյանի ու Ա․ Մյասնիկյանի հետ միասին դրել է հայ մարքսիստական գրականագիտության ու գեղագիտության հիմքերը։

Սպանդարյանի հիշատակը վառ են պահում սովետական մարդիկ։ Կան նրա անվան շրջան (Երևանում), գյուղեր, կոլտնտեսություններ, արտադրական ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ, փողոցներ, հրապարակներ։

Պատկերազարդումը տես 10-րդ հատորի 720–721-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXVI–XXVII։

Երկ․ Հոդվածներ, նամակներ, փաստաթղթեր, Ե․, 1939։ Երկ․, հ․ 1–2, Ե․, 1959։ Ընտ․ երկ․, Ե․, 1982։ Статьи, письма, документы, М., 1982․

Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 48, 52։ Կրուպսկայա Ն․ Կ․, հիշողություններ Վ․ Ի․ Լենինի մասին, Ե․, 1977։ Շահումյան Ս․ Գ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, Ե․, 1978։ Սուրեն Սպանդարյան։ Հոդվածների ժողովածու, Ե․, 1927։ Խանոյան Ս․, Սուրեն Սպանդարյան, Ե․, 1927։ Ավետիսյան Վ․ Ա․, Սուրեն Սպանդարյան, 2-րդ վերամշկ․ հրտ„ Ե․, 1957։ Արզումանյան Մ․ Վ․, Սուրեն Սպանդարյան, Ե․, 1982։ Նամակներ, հուշեր և փաստաթղթեր Սուրեն Սպանդարյանի մասին, Ե․, 1982։ Սուրեն Սպանդարյան 1882–1916։ Բիբլիոգրաֆիա, Ե․, 1958։ Абрамян Л․, С․ Спандарян–поборник и пропагандист пролетарского интернационализма, Е․, 1955: Арутюнов Г․ А․, Тер-Мкртчян Л․ X․, Жизнь и деятельность С․ Спандаряна, М․, 1958: Воскерчян А․ К․, Сурен Спандарян-публицист, критик, Е․, 1979: Азатян Г․, Сурен Спандарян, Е․, 1982․

Մ․ Արզումանյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ (Ադամովիչ) Օլգա Վյաչեսլավովնա [19․6․1879, Պետրովսկ (այժմ՝ Մախաչկալա, Դաղստանի ԻՍՍՀ)–7․8․1971, Մոսկվա], հեղափոխական ագիտատոր–պրոպագանդիստ, լրագրող, մանկավարժ։ Սուրեն Սպանդարյանի կինն ու զինակիցը։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից։ Ավարտել է Թիֆլիսի իգական գիմնազիան, սովորել Ժնևի համալսարանում (1899–1900)։ 1910– 1912-ին դասավանդել է Թիֆլիսի ուսուցիչների միության դպրոցում, միաժամանակ հեղափոխական պրոպագանդիստական աշխատանք տարել քաղաքում։ Վրաստանում մենշևիկների տիրապետության շրջանում Սպանդարյանը բոլշևիկյան կուսակցության գանձապահն էր Կովկասյան երկրային կոմիտեում։ 1921-ից աշխատել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի ագիտպրոպագանդայի բաժնում, ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի օրգան «Ռաբոչայա գազետա» («Рабочая газета») թերթի խմբագրությունում խմբագրել է մանկ․ «Յունիե ստրոիտելի» («Юные строители») և «Մուրզիլկա» («Мурзилка») ամսագրերը, ղեկավարել ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից խմբագիրների կաբինետը և «Զա ինդուստրալիզացիյու» («За индустрализацию») թերթի բանվ․ բաժինը։ 1934-ից Սպանդարյանը միութենական կարգի անհատական թոշակառու էր։

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Լ․ Առաքելյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջանում, Մանթաշ գետի աջ ափին, շրջկենտրոնից 7 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Տարոնից, Բասենից, 1828–29-ին։ Վերանվանվել է 1946-ին, ի պատիվ հայ հեղափոխական Ս․ Սպանդարյանի։ Գյուղի տարածքում և շրջակայքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ III հազարամյակի բնակատեղիներ ու դամբարանադաշտեր, մ․ թ․ ա․ I հազարամյակի կիկլոպյան ամրոցի մնացորդներ։ Սպանդարյանի հնավայրերից գտնվել են առավելապես սև փայլով, նախշավոր խեցեղեն, քարե (բազալտ, օբսիդիան) աշխատանքային գործիքներ, բրոնզե ու երկաթե իրեր (կենդանիների ոճավորված պատկերներով բրոնզե գոտի, նիզակների շեղբեր, դաշույններ, զարդեր ևն)։ Բնակատեղիներում պահպանվել են քառանկյունի հիմքերով տների հետքեր։ Դամբարանները, որոնք պատկանում են հիմնականում բրոնզի դարի տարբեր փուլերի, մասամբ նաև վաղ երկաթի դարին, առավելապես քարարկղային և հիմնահողային են։ Սպանդարյանի գտածոների մեջ արժեքավոր է Ուրարտուի Արգիշտի Ա թագավորի արձանագրությունը։

Գրկ․ Хачатрян Т․ С․, Древняя культура Ширака, Е․, 1975․

ՍՊԱՆԴԱՐՅԱՆ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտան գետի ձախափնյա մասում, շրջկենտրոնից 12 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Վերանվանվել է 1939-ին, ի պատիվ հայ հեղափոխական Ս․ Սպանդարյանի:

Սպանդարյանից հվ․ Որոտանի կիրճի լանջին կանգուն է միանավ, թաղածածկ եկեղեցի (V–VI դդ․), որի պայտաձև աբսիդը ներառված է արտաքին պատերի ուղղանկյուն եզրագծի մեջ (5,68x11,84 մ)։ Սրբատաշ բազալտից կառուցված ծավալը բարձրանում է բազմաստիճան որմնախարսխի վրա։ Ունի երեք մուտք՝ հվ–ից, հս–ից և արմ–ից։ Հվ․ մուտքի բարավորին քանդակված են շրջանի մեջ ներգծված հավասարաթև երկու խաչ, դրանց թևերի մեջ՝ խաղողի ողկույզներ և տերևներ։ Եկեղեցու հվ․ կողմում կա 1546 թ․ խաչքար։

Մ․ Հասրաթյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, Որոտանի կասկադի գլխային հիդրոհանգույցը։ Բորիսովկա գյուղի մոտ Որոտանի ջրերը դիմհարվում են 89 մ բարձրության պատվարով՝ ստեղծելով Սպանդարյանի ջրամբարը։ Ջրառումը ջրամբարից կատարվում է 8056 մ երկարությամբ ճնշումային դերիվացիոն թունելով։ Թունելի վերջնամասին հարում է համակցված տիպի հավասարիչ հորանը, որից սկիզբ է առնում տուրբինային միաթել ճնշումային ջրատարը, վերջինս, ճյուղավորվելով, կցորդվում է կայանային հանգույցին, սնում ստորգետնյա կայանային շենքում տեղադրված 76 Մվտ ընդհանուր հզորությամբ երկու հիդրոտուրբինները։ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանի ջրի ծախսը 30 մ3/վրկ է, հաշվարկային ճնշումը՝ 300 մ, էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը՝ 157 մլն կվտ-ժ։ Սպանդարյանի կարգավորող ջրամբարն ապահովում է կասկադի երաշխիքային հզորությունը, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որի նպատակով կառուցվում է 20 կմ երկարությամբ ջրառբերիչ թունել։

Ռ․ Մալխազյան

ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐ, Հայկ․ ՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտան գետի վրա, շրջկենտրոնից մոտ 35 կմ հս–արմ․։ Սպանդարյանի հէկի գլխամասային ջրամբարն է։ Ունի 7 կմ երկարություն, 2,5–3 կմ լայնություն, 73 մ խորություն։ Պատվարը հողալիցքային է՝ ավազակավային միջուկով, ունի 89 մ բարձրություն, 315 մ երկարություն, կատարային մասում՝ 10 մ լայնություն։ Ջրամբարի հայելու մակերեսը 10,8 կմ2 է, որից տարեկան 27 մլն մ3 ջուր տրվում է 3900 հա հողատարածության ոռոգման և 16 հզ․ հա հողատարածության ջրապահովվածության համար։ Որոտան–Արփա ջրատար թունելը շահագործման հանձնվելուց հետո ջրամբարից 165 մլն մ3 ջուր տեղափոխվելու է Կեչուտի ջրամբար, ապա՝ Սևանա լիճ։

Ս․ Առուշանյան

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, դիտավորությամբ կամ անզգուշությամբ մարդուն կյանքից զրկելը։ Սովետական քրեական օրենսդրությամբ դիտավորյալ սպանությունը անձի դեմ ուղղված առավել ծանր հանցագործություն է։ Տարբերվում են դիտավորյալ սպանություն ծանրացնող հանգամանքներում, դիտավորյալ սպանություն առանց ծանրացնող հանգամանքների, դիտավորյալ սպանություն հոգեկան հանկարծական խիստ հուզված վիճակում, սպանություն անհրաժեշտ