Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ, պատմական անցքերի հաջորդական գրառումն ըստ տարիների, պատմագրության ձև: Ծագել է հնագույն ժամանակներում, երբ հեթանոսական տաճարներում սկսել են գրի առնել հիշարժան իրադարձությունները (Հին Հռոմում հայտնի է մ․թ․ա․ 5-րդ դարից, աննալներ անունով): Քրիստոնեության ընդունումից հետո տարեգիրների կազմման գործն իրենց ձեռքն են վերցրել վանքերն ու եկեղեցիները: Միջնադարում տարեգիրներն առավելապես հայտնի էին <ժամանակագրություն> անվանաձևով և նախորդների համեմատ բովանդակում էին իրադարձությունների առավել մանրամասն ու կապակցված շարադրանք։ Տանալները սովորաբար սկսվում են աստվածաշնչյան դեպքերի (աշխարհի արարման, Ադամի ծննդյան, ջրհեղեղի և այլն) և համաշխարհային կարևոր իրադարձությունների հիշատակմամբ, ավարտվում տվյալ հեղինակի երկրի ու ժամանակի եղելությունների նկարագրությամբ: Որոշ տարեգիրներ, չբավարարվելով անցուդարձի չոր արձանագրմամբ, իրենց երկերն են ներառել նաև դիցաբանական, գրակական, աշխարհագրական և այլ բնույթի տեղեկություններ, նկարագրած իրադարձությունների նկատմամբ ցուցաբերել իրենց վերաբերմունքը։

Հայաստանում առաջին տարեգիրները, որ հավանաբար ստեղծվել են հեթանոսական մեհյաններում (այսպես կոչված «մեհենագրքեր»), ոչնչացվել են քրիստոնեությունը պետական կրոն ճանաչվելուց հետո: Այնուհետև հայ պատմագրության մեջ գերակշռել են «պատմությունները»: Տարեգիրները (Հայաստանում այդ բնույթի բոլոր պատմական երկերը կոչվում էին «ժամանակագրություն») հայ քրիստոնեական պատմագրությունում երևան են եկել 12–13-րդ դդ․ (Մատթեոս Ուռհայեցու, Սամվել Անեցու, Սմբատ Սպարապետի, Հեթում Պատմիչի և այլոց երկերը): Տարածում են ստացել հատկապես 14–16-րդ դդ․: Սակայն այս ժամանակաշրջանում ստեղծված բազմաթիվ տարեգրություններում, ի տարբերություն պատմիչների երկերի, դեպքերը շարադրված են առանց փոխադարձ կապի ու քննության, բացակայում է դրանք ամբողջացնելու միտումը, հեղինակի վերաբերմունքն ու մեկնաբանությունը: Այնուհանդերձ, 14–16-րդ դդ․ հայ տարեգիրները կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար:

Գրկ. Մանր ժամանակագրություններ․ 13–18-րդ դդ․, կազմեց Վ․ Ա․ Հակոբյան, հ․ 1–2, Ե․, 1951-1956թթ.:

ՏԱՐԵԿԱՆ, տես Աշորա:

ՏԱՐԵԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍ, տես Պարալաքս:

ՏԱՐԵՆՏ, Տարենտե, ավան Արեմտյան Հայաստանում, համանուն գավառակի կենտրոնը Սեբաստիայի վիլայեթում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 4500 (500 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, արհեստներով, առևտրով: Տարենտում կար եկեղեցի՝ կից վարժարանով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ:

ՏԱՐԵՆՏ, Տ ա ր ե ն տ ո ն (Tarentum), Տարաս (Τάρας), հին հունական գաղութ Իտալիայի հարավ–արևելքում, Տարանտոյի ծոցի ափին, այժմյան Տարանտո քաղաքի տեղում։ Հիմնել են սպարտացիները, մ.թ.ա. մոտ 700 թ.-ին: Սկզբում կառավարել են թագավորները, մ․թ․ա․ 6-րդ դ․ 2-րդ կեսից հաստատվել է տիրանիա (տես Տիրանոս), մ․թ․ա․ 5-րդ դ․ սկզբին՝ ստրկատիրական դեմոկրատիա։ Ծաղկման է հասել մ․թ․ա․ 4-րդ դ․ 1-ին կեսին՝ փիլիսոփա (պյութագորական) Արքիտասի կառավարման ժամանակ: Եղել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն: Մ․թ․ա․ 272 թ.-ից (մ.թ.ա. 282–272 թթ.-ի պատերազմում պարտվել է Հռոմից) հետո՝ Հռոմից կախյալ դաշնակից: Պունիկյան 2-րդ պատերազմի (մ․թ․ա․ 218–201 թթ.) ժամանակ դաշնակցել է Հաննիբալին, սակայն մ.թ.ա. 209 թ.-ին դարձյալ ենթարկվել է Հռոմին: Մ.թ.ա. մոտ 125 թ.-ին Տարենտի տարածքում հիմնվել է հռոմեական Նեպտունիա գաղութը:

ՏԱՐԵՆՏԵԼՅԱՆ (Տարանտելլան) Միհրան (1889 թ., Կ․ Պոլիս – 1980 թ., Փարիզ), հայ ջութակահար և մանկավարժ: Երաժշտական կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, ջութակի դասեր առել Հ․ Սինանյանից: 1923 թ.-ից ապրել է Փարիզում, ուր կատարելագործվել է որպես ջութակահար: Նվազել է տարբեր նվագախմբերում, զբաղվել մանկավարժությամբ։ Բարձր է գնահատվել նրա մասնակցությունը հատկապես «Schola cantorum»-ի լարային քառյակում և նվագախմբում (1938 թ.-ից)։ 1950 թ.-ից նվագել է քաղաքապետարանի արտիստական միության նվագախմբում, զբաղվել մանկավարժությամ:։ Երկարամյա բեղմնավոր կատարողական և մանկավարժական գործունեության համար 1951 թ.-ին արժանացել է «Officier d՚académįe» գեղարվեստական պատվո նշանին։ Տարենտելյանը հայերեն է թարգմանել ու հրատարակել ֆրանսիացի երաժշտագետ Ա․ Լավինյակի «Երաժշտական դաստիարակություն» աշխատությունը (Կ․ Պոլիս, 1921 թ.): Հեղինակել է դաշնամուրի սոնատ, կոնցերտինո ջութակի և դաշնամուրի համար, ֆուգաներ, պիեսներ, երգեր Ց. Բրուտյան

ՏԱՐԵՐԱՅԻՆ ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ, «… չգիտակցվող, չձևավորված, փիլիսոփայորեն անգիտակցական համոզմունքը արտաքին աշխարհի օբյեկտիվ ռեալության վերաբերյալ…» (Լենին Վ. Ի., Երկերի լիակտար ժողովածու, հ․ 18, էջ 456): «Տարերային մատերիալիզմ» հասկացությունը բնութագրում է փիլիսոփայությանն անտեղյակ բնագետների դիրքորոշումը փիլիսոփայության հիմնարար, նախ և առաջ իմացաբանական պրոբլեմների նկատմամբ, որոնք առաջանում են մասնավոր գիտական հետազոտություններում: Ըստ էության տարերային մատերիալիստները գիտական հետազոտություններում սահմանափակ կերպով օգտագործում են մատերիալիզմի որոշ կարևոր գաղափարներ (օրինակ, կենդանի բնության մեջ էվոլյուցիայի գաղափարը, ատոմիստական հիպոթեզը և այլն)։ Սակայն տարերային մատերիալիզմը սահմանափակվում է օբյեկտիվ ռեալությունը և զգայարանների տվյալների ճշտությունը ընդունելով, չի հասնում գիտակցական մատերիալիստական աշխարհընկալման: Տես նաև Մատերիալիզմ:

ՏԱՐԻ, Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությամբ որոշվող ժամանակամիջոց։ Աստղագիտության մեջ ընդունված են տարվա տարբեր սահմանումներ, որոնք պայմանավորված են Արեգակի շուրջը Երկրի բարդ շարժումով։ Գիտության և գործնական կյանքի տարբեր ոլորտներում օգտվում են տարվա հետևյալ սահմանումներից․ արևադաձային տարի (365 օր 5 ժ 48 ր 46 վրկ), որի ընթացքում Երկիրը կատարում է լրիվ պտույտ Արեգակի շուրջը՝ գարնանային գիշերահավասարի կետի նկատմամբ (տես Գիշերահավասարի կետեր)։ Այն պայմանավորում է տարվա եղանակների հերթափոխության պարբերությունը: Օրացուցային հաշվումները պարզեցնելու, այսինքն՝ կոտորակային մասից խուսափելու և շարժական օրացույցից մշտականին անցնելու նպատակով յուրաքանչյուր չորս Տարուց մեկը համարվում է նահանջ տարի (365 օրվա փոխարեն՝ 366 օր): Օրացուցային տարին բաժանվում է 12 ամիսների, որոնց տևողությունը մոտավորապես համապատասխանում է Երկրի շուրջը Լուսնի պտտման սինոդական պարբերությանը (29,5 օր)։ Տարվա մյուս սահմանումներից են աստղային տարին կամ սիդերական տարի (365 օր 6 ժ 9 ր 10 վրկ), որի ընթացքում Երկիրը լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջը՝ աստղերի նկատմամբ, անոմալիական տարի (365 օր, 6 ժ 13 ր 53 վրկ), որի ընթացքում Երկիրն երկու հաջորդական անցում է կատարում իր ուղեծրի արևամերձ կետով, դրակոնյան տարի (346, 62 օր), հին կամ հուլյան տոմարի հիմքը՝ հուլյան սարի (365, 25 օր), այժմ գործածվող նոր կամ գրիգորյան տոմարի հիմքը՝ գրիգորյան տարի (միջին տևողությունը 365, 2425 օր), որոշ երկրներում մինչև այժմ գործածվող լուսնային օրացույցի հիմքը՝ լուսնային տարի (354, 367 օր)։ Պրեցեսիայի պատճառով արևադարձային տարին կարճ է աստղայինից։ Անոմալիական տարին աստղայինից տարբերվում է այն պատճառով, որ մյուս մոլորակների խոտորումների հետևանքով (տես Երկնային մարմինների խոտորումներ): Երկրի ուղեծրային մեծ առանցքը պտտվում է ուղեծրային հարթության մեջ։ Տես նաև Հայկական օրացույց, Օրացույց: Ա․ Քալլօղլյան

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու հոգեկանի զարգացումը և նրա առանձնահատկությունները տարիքային տարբեր աստիճաններում։ Ձևավորվել է 20-րդ դ․ սկզբին, ընդգրկելով մանկան հոգեբանությունը, չափահաս մարդու անհատական հոգեբանության զարգացումը և հերոնտոհոգեբանությունը (ծերության հոգեբանություն)։ Չնայած դրան տարիքային հոգեբանության բնագավառում առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19-րդ դ․ վերջին, երբ Չ․ Դարվինի էվոլյուցիոն տեսության ազդեցությամբ սկսեց