պետական տոհմի, իսկ մի մասը՝ Ողական կենտրոնով, տավրոսյան ամրությունները հսկող իշխանական տոհմի՝ Սլկունիների ժաոանգական տիրույթը։ Ըստ հայ հին պատմիչների, Տարոնի նախաքրիստոնեական սրբատեղիները եղել են համաժողովրդական և արքունական գլխավոր ուխտատեղիներ։ Այդ կրոնական ավանդույթի ուժով, 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած հայ ժողովուրդը (ըստ Ագաթանգեղոսի, ավելի քան 4 մլն մարդ) մկրտվել է Տարոնի հնամենի սրբատեղիներում։ Տարոնի ժառանգած տները, Արձան քրմապետի և Սլկունի նախարարի առաջնորդությամբ, համառորեն դիմադրել են քրիստոնեության հաստատմանը։ Տրդատ Գ Մեծ թագավորի զորքերը տևական մարտերում ընկճել են Տարոնի ընդդիմադիր ուժերին, կործանել հեթանոսական սրբարանները և դրանց տեղում հիմնել եկեղեցիներ (Աշտիշատում հիմնվել է Հայոց առաջին և մայր եկեղեցին)։ Արքունի հրովարտակով Վահունի քրմապետական տան տիրույթները տրվել են Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետ տոհմին, իսկ Սլկունյաց տիրույթները՝ Մամիկոնյանների տոհմի սպարապետական ճյուղին՝ որպես ձեռական սեփականություն։ Գրիգոր Ա Լուսավորչի տոհմի վերջին արական ներկայացուցչի՝ Հայոց կաթողիկոս Սահակ Ա Պարթևի կտակի համաձայն, նրա տոհմատիրույթները մահից (439) հետո անցել են իր դստեր գծով թոռանը՝ Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանին։ Հայ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո ամբողջ Տարոնը փաստորեն դարձել է Մամիկոնյանների ժառանգական սեփականությունը։ Այդ պատճառով Տարոնը հաճախ կոչվել է նաև «երկիրն Մամիկոնեից» կամ «Մամիկոնեան տուն»։ Տարոնը եղել է Հայաստանի ամենախիտ բնակեցված գավառներից, միայն միջնադարյան գրավոր աղբյուրներում տարբեր առիթներով հիշատակվում են ավելի քան 150 բնակավայր։ Տարոնի հին քաղաքներից նշանավոր են եղել Մուշը, Մծուրքը, Ձյունկերտը (Պորպես), Կավկավը և Օձը։ IV դ․ սկզբի դեպքերի կապակցությամբ հիշատակվող քաղաքագյուղերից Կուառսը կամ Կըվառսը, ըստ պատմիչ Զենոբ Գլակի, ունեցել է 3012 տուն բն․ (տվել է 1500 հեծելակային և 2220 հետևակային), Մեղտին՝ 2080 տուն բն․ (տվել է 800 հեծելակային և 1030 հետևակային), խրտումը կամ Տումը՝ 1906 տուն բն․ (տվել է 700 հեծելակային և 1008 հետևակային), Պարեխը կամ Բրեխը՝ 1680 տուն բն․ (տվել է 1030 հեծելակային և 400 հետևակային), Կեղտիկը կամ Կեղքը՝ 1600 տուն բն․ (տվել է 800 հեծելակային և 600 հետևակային), Բազումը՝ 3200 տուն բն․ (տվել է 1040 հեծելակային, 840 աղեղնավոր և 680 տիգավոր)։ Տարոնի հին ավաններից հիշվում են՝ Հոռեանսը (Խոռեանս, Խորենի, ուր ծնվել է պատմահայր Մովսես Խորենացին), Առաղսը (այժմ՝ Առաղ գյուղ), Գրգռոսը, բերդերից՝ Ողականը, Եղանցը, Գարհարը (Գահար), Այծիցը (Այծեաց, Արծվիք), Մեծամորը, Աստղոնքը (Աստեղունք, Աստեղուն, Ասղնբերդ), գյուղերից՝ Հացեկացը (հետագայի Հացիկ, ուր ծնվել է հայ նոր գրերի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցը), Ծաղիկը, Թիլը (ըստ Ստեփանոս Տարոնեցու, այստեղ է ծնվել Բյուզանդիայի հայազգի կայսր Վասիլ I Մակեդոնացին), Գոմկունքը, Առինչը (հետագայում Առինջ), Աշտիցը, Մոկկունսը (Մոկունք), Խարձը (Խարծ), Անդակը կամ Արդակը, Մահու ագարակը (Մահագարակ), Շիրակունիքը (Շիրինք, Կենաց վարք), Վերին և Ներքին Անկանիսները (Ակնիս) և այլն։ Տարոնի վանքերից նշանավոր էին՝ Մշո Առաքելոց վանքը, Մշո Ս․ Կարապետ վանքը, Մատրավանքը (Մատնավանք)։ Տարոնի հնավանդ սրբատեղիներից էր նաև Աշտիշատից ոչ հեռու գտնվող Հացյաց դրախտ անտառապուրակը։ V–VI դդ․ Տարոնը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ազատագրական շարժման հզոր կենտրոն։ Այդ պայքարում Մամիկոնյան իշխանները հաճախ սատարել են Բյուզանդական կայսրությանը և Տարոնը դարձել է արյունալի պատերազմաբեմ։ VI–VIII դդ․ Մամիկոնյանները Տարոնին են միացրել մերձակա Խույթը, Սասունը և այլ գավառներ։ Հայաստանի 591-ի բաժանմամբ Տարոնը անցել է բյուզանդական գերիշխանության ներքո։ 639-ից վերամիավորվել է արաբական արշավանքների հետևանքով առժամանակ անկախությունը վերականգնած Հայաստանին։ VIII դ․ Տարոնը, Մամիկոնյանների գլխավորությամբ, անհաշտ պայքար է մղել արաբական նվաճողների դեմ։ 774–775-ին արաբական զորաբանակների դեմ ազատագրական մարտերում ծանր պարտություն կրելուց հետո, ուժասպառ Մամիկոնյանները Տարոնից գաղթել են Բյուզանդիա, մասամբ՝ Տայք և Վիրք։ Տարոնն այնուհետև անցել է արաբական խալիֆայության հետ ճկուն դիվանագիտություն վարող Բագրատունիներին։ 790–826-ին եղել է Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերի իշխանապետության կազմում։ Նրա որդի Բագարատ Բագրատունու օրով (826–851) Տարոնում հիմնվել է ինքնավար իշխանություն (տես Տարոնի իշխանություն)։ 885-ից այն միավորվել է Բագրատունյաց թագավորությանը։ X դ․ վերջին Տարոնը նվաճել է Բյուզանդական կայսրությունը։ XI դ․ 2-րդ կեսին Սասունում իշխող Թոռնիկ Մամիկոնյանը (մահ․ 1075-ին) Տարոնը միավորել է իր տիրույթներին։ Նրա հաջորդները՝ Թոռնիկյանները, Տարոնում իշխել են մինչև XII դ․ վերջը։ XIII– XVI դդ․ Տարոնն ընկել է թաթար–մոնղոլական և թուրքմենական հրոսակ ցեղերի տիրապետության ներքո։ 1535-ին և 1639-ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տարոնը զավթել է օսմանյան սուլթանությունը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Տարոնը մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ՝ հիմնականում կազմելով Մշո սանջակի համանուն գավառակը, որի շուրջ 140 բնակավայրերում ապրում էր 94–95 հզ․ հայ բնակչություն։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Տարոնի հայերը դիմել են ինքնապաշտպանության (տես Մուշի գոյամարտ 1915)․ նրանց մեծ մասը զոհվել է անհավասար կռիվներում, փրկվածները գաղթել են Արևելյան Հայաստան կամ հեռացել տարբեր երկրներ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հայաբնակ էին Տարոնի հետևյալ գյուղերը՝ Աբլբուհար, Ալադին, Ալիգլփոն (Արագլիբուն), Ալիզըռնան, Ալիզուլում, Ալիջան, Ալվառինջ, Աղբենիս, Աղջան, Առաղ, Առինջ, Առինշավանք, Առղա-մզրե, Առնիստ, Ավզախ, Ավզաղբյուր առաջին, Ավզաղբյուր երկրորդ, Ավզուտ, Ավրան, Արագ, Արգավանք (Արքավանք), Արթերթ (Հարթերթ), Արտխոնք, Արտոնք, Բազու (Բազում), Բաղլու հայկական, Բավ, Բարդիկ հայկական, Բգլից (Բգլիս), Բեջան, Բերդակ Բլել (Պըլել), Բիրզին (Պիրզին), Բնդխներ (Պնդըխներ), Բոստաքենդ (Բոստավան), Բորյան, Բրիմոք (Պրիմոք), Գառնեն (Կառնեն), Գոլ (Կոլ), Գոմեր, Գոմս, Դամփել, Դաշտոք, Դեղձմեր, Դերիկ (Աշտիշատ), Դերքեվանք (Տերգեվանք, Ներքիվանք), Դվնիկ (Դունիկ), Դրմետ (Տըրմետ), Երիզակ (Իրիզակ), Երըշտեր, Զիարեթ, Էրուն, Ըշքաֆթյան, Թախթալու, Թիլ, Խաշխալդաղ, Խաւչուկ և Իուըլնոց, Խասգյուղ, Խարթոց Ներքին (Խարաբա–Խարդոս), Խարս (Խարձ), Խեյքյան (Խեյպյան) հայկական, Խշլագոմ, Խորոնք (Խորնի), Խոփեր, Խվներ, Ծղակ, Ծռգետ, Կեմիկ, Կյալախուլի, Կվարս, Կվարս Վերին, Կուրավու, Հասանավա, Հավատորիկ, Հացիկ (Հացեկաց), Հերկերտ (Հայրկերտ), Հունան, Հուշտամ (Ուշտամ) հայկական, Զափնա (Ծափնա), Ղզըլաղաջ, Ճապկիս, Մառնիկ Ներքին (Դուգ–Մառնիկ), Մառնիկ Վերին (Դադ–Մառնիկ), Մառնկու-մզրե, Մատնավանք, Մեղդի, Մզրե-մամո, Մկրագոմ, Մոզակ, Մոկունք, Մուշեղշեն, Մուսուրի (Մսուրի), Նորակ (Նորշեն), Նորշեն (Ֆրանկ–Նորշեն), Նորքաղաք, Շեխբրիմ, Շեխլան (Շեխլանք), Շեխուսուֆ, Շմլակ, Ողորմակ, Չուխուր–Նորշեն, Ջրիկ, Սալգան, Սահակ, Սարեգոլե, Սեկրան, Սինամերիկ (Շուշնամերկ), Սնձնուտ, Սոխգոմ, Սորդար, Սուլուխ, Սուրբ Հովհաննես, Վարդենիս, Վարդխաղ, Տալասև, Տատրագոմ (Տատըսգոմ), Տափ (Տափե), Տոմ, Ցխավու (Ծխավու), Ցրոնք, Ուռուղ (Ուրուղ), Փալաս, Փականեր (Վերին և Ներքին), Փեթար, Փողրկով, Քարձոր, Քըղսան (Քըսղամ), Քյոշք (Ավդըզաղի քյոշք), Քոլոսիկ, Քոխեր, Քրդագոմ, Քուրդ մեյդան (Տարմածին), Օղունք (Հողունք), Օրգանոց (Հորկնոց)։ Գրականություն․ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե․, 1983։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Հովհան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ, Ե․, 1941։ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնտ․, 1806։ Նույնի, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Սարգսյան Ն․, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864։ Միրախորյան Մ․, Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս արևելյան Տաճկաստանի, մաս 1, ԿՊ, 1864։ Երեմյան Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Линч X․ Փ․ Б․, Армения․․․, т․ 2, Тифлись, 1910․ Մ․ Կատվալյան
ՏԱՐՈՆԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում։ Տես Մշո դաշտ։
ՏԱՐՈՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Տարոնի Բագրատունիների իշխանություն, ավատական իշխանապետություն միջնադարյան Հայաստանում։ Հիմնադրել է Հայոց իշխան Բագարատ Բագրատունին, 826 թվականին։ Տարոնը Բագրատունիներին էր անցել VIII դ․ 2-րդ կեսին՝ Մամիկոնյանների թուլացումից հետո, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը (մայրը Մամիկոնյան իշխանադուստր էր) Ջահհաֆյանների ամիրայական տան դեմ