Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայքարում կարողացել է հաստատել իր ժառանգական իրավունքները։ Բագարատ Բագրատունու օրոք (826–851) Տարոնի իշխանության մեջ են մտել Տարոնը, Սասանը, Խույթը, Հաշտյանքը, Խորձյանը,Մանանաղին, Արշամունիքի հարավային հատվածը, Բզնունիքը։ Արաբական խալիֆայության դեմ Բագարատ Բագրատունու ապստամբությունից և գերեվարումից (851) հետո, նրա որդիներ Աշոտն ու Դավիթը դիմադրել են Տարոն մտած արաբական զորավար Բուղային, բայց պարտվել և աքսորվել են Սամառա։ 858-ին Աշոտը U Դավիթը վերադարձել են գերությունից․ Տարոնի իշխանությունում նախ իշխել է Աշոտը (858–878), ապա Դավիթը (878– մոտ 895)։ Այս ժամանակաշրջանում նրանք ստիպված են եղել գերիշխանությունը զիջել Բագրատունիների հյուսիսարևելյան ճյուղին։ Առժամանակ սրվել են Տարոնի Բագրատունիների և Վասպուրականի Արծրունիների հարաբերությունները։ Աշոտ Ա–ի թագավոր հռչակվելուց (885) հետո, պահպանելով ինքնուրույնությունը, Տարոնի իշխանությունը մտել է Բագրատունյաց թագավորության մեջ։ 895-ին Դավթին հաջորդած Գուրգենը (Աշոտի որդին) նույն թվականին զոհվել է Տարոն ներխուժած Աղձնիքի ամիրա Ահմադ Շայբանու դեմ պայքարում։ 898-ին Տարոնն ազատվել է Շայբանիների տիրապետությունից։ Հակառակ Հայոց թագավոր Սմբատ Ա–ի կամքին, որը ցանկացել է Տարոնի իշխանությունը հանձնել Դավթի մյուս որդուն՝ Աշոտին, իշխել է Գրիգոր Բագրատունին կամ Գրիգորիկ Տարոնացին (ըստ Ադոնցի, Բագարատ Բագրատունու թոռը)։ Նրա օրոք (898–936) ուժեղացել են Բյուզանդական կայսրության նվաճողական գործողությունները Տարոնի իշխանության նկատմամբ։ Գրիգոր Բագրատունին առժամանակ խուսանավել է Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության միջև, սակայն ի վերջո հարկադրված է եղել հնազանդվել Բյուզանդիային, փոխարենը ստացել մագիստրոսի ու Տարոնի ստրատեգի (զորավար) աստիճան։ Բյուզանդական կայսրությունը միաժամանակ սիրաշահել է Գրիգորի եղբորը՝ Ապուղանեմին (ստացել է պատրիկի տիտղոս) և թշնամություն սերմանել երկու տների միջև։ Գրիգորի մահից հետո Տարոնի իշխանությունը բաժանվել է նրա որդիների՝ Բագարատի ու Աշոտի, և Ապուղանեմի որդի Թոռնիկի միջե։ Վերջինիս մահից հետո նրա տիրույթները, համաձայն իր կտակի, պետք է անցնեին Բյուզանդական կայսրությանը։ Բագարատը և Աշոտը այդ հողերը միացրել են իրենց տիրույթներին, փոխարենը Բյուզանդական կայսրությանը տալով Եղնուտը (Տարոնի հյուսիսսարևմտյան հատվածը)։ Աշոտի մահից (967) հետո Բյուզանդական կայսրությունը ռազմակալել է Տարոնի իշխանությունը։ Աշոտի որդիներ Գրիգորը և Բագարատը հարկադրված կայսրությանն են զիջել Տարոնը և փոխարենը կալվածներ ստացել Բյուզանդիայում։ Տարոնը վերածվել է բյուզանդական բանակաթեմի։ Սակայն կայսրությանը չի հաջողվել նվաճել նախկին Տարոնի իշխանության ամբողջ տարածքը։ Լեռնային Սասունը պահպանել է իր կիսանկախ վիճակը։ Տարոնի իշխանությյան նվաճման գլխավոր պատճառը եղել է նրա իշխանների մեկուսացումը Հայոց Բագրատունյաց թագավորությունից։ Գրկ․ Հովհաննես Դրասխանակերտցի, Պաամութիւն Հայոց, Թ․, 1912։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պաամութիւն Տիեզերական, ՍՊԲ, 1885։ Վարդան Արեելցի, Հաւաքումն պաամութնան, Վնտ․, 1862։ Կոստանդին Ծիրանածին, Կայսրության կառավարման մասին, Ե․, 1970 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 6, Բյուգանդական աղբյուրներ 2)։ Գրիգորյան Գ․, Տարոնի Բագրատունիների ֆեոդալական իշխանությունը IX–X դարերում, Ե․, 1983։ Тер - Гевондян А․ Н․, Армения и Арабский халифат, Е․, 1977* Adontz N․, Les Та- ronites en Armenie et a Byzance, «etudes Armeno-byzantines», Lisbonne, 1965․

ՏԱՐՈՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ», հայ միջնադարյան ժողովրդական վեպ։ Պահպանվել է Հովհան Մամիկոնյանի, մասամբ և Սեբեոսի (որոնց կողմից էլ գրառվել–խմբագրվել է) պատմագրական երկերում։ Բաղկացած է բանահյուսական ծագում ունեցող բազմաթիվ վիպական զրույցներից, ավանդություններից, նաև երգերից՝ համախմբված Մամիկոնյան իշխաններ Մուշեղի, Գայլ Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի անունների շուրջը, հոր և որդու հաջորդությամբ։ Վիպական այդ երկրում V դ․ նշանավոր գործիչներ Վարդան և Վահան Մամիկոնյանների՝ պարսիկների դեմ մղած ապստամբական կռիվների արձագանքներն են։ «Տարոնի պատերազմ» վիպական բաղադրությամբ ու հիմնական բովանդակությաբ առնչվում է «Պարսից պաաերալմ»-ի հետ։ Վերջինիս կարևոր բաղադրիչը կազմող Մուշեղի վեպը VII–VIII դդ․ տեղայնացել է Տարոնում, զարգացել նոր կողմերով ու գծերով, նույն հերոսի անունով հարակցվել Գայլ Վահանի և հաջորդների մասին հորինված զրույցներին, կորցրել իր համազգային բնույթը և դարձել տեղային վեպ՝ տեղական–ազգային շահագրգռություններով, որի բովանդակությունն է՝ կռիվ պարսիկների դեմ՝ հայերի պարտադիր հաղ– թանակով։ Պարսից Խոսրով թագավորը տարբեր զորավարների միջոցով բազմիցս փորձում է հարկատու դարձնել, հպատակեցնել Տարոնը, ավերել նրա սրբավայր Ս․ Կարապետ վանքը, սակայն Մամիկոնյանները ելնում են նրանց դեմ և իմաստույամբ ու խորամանկությամբ մոլորեցնում թշնամուն, Ս․ Կարապետի զորությամբ հաղթում։ «Տարոնի պատերազմ»-ում առաջնակարգ տեղ են բռնում ռազմական հնարամտության, թշնամուն մոլորեցնելու և պատժելու մոտիվները, ինչպես նաև բազմաթիվ մարտերի նկարագրությունները։ «Տարոնի պատերազմ»-ի վիպական հիմնական կոնֆլիկտը հարկահանությունն է և դրա դեմ Տարոնի, Սասունի և կից գավառների ապստամբական կռիվները։ Նույն այդ կոնֆլիկտն է «Սասնա ծռեր» էպոսի հիմքում, այստեղ թշնամի պարսիկներին փոխարինում են արաբները։ Պատմատիպաբանական առումով «Տարոնի պատերազմ»-ը «Պարսից պատերազմ»-ի և «Սասնա ծռեր»-ի միջև ընկած օղակ է։ Գրկ․ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 303–324։

Մ․ Հարությունյան

ՏԱՐՈՆԻԿ (մինչև 1978-ը՝ Վերին Զեյվա), գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևմուտք։ «Սոյուզսորտսե–մովոշչ» համամիութենական միավորման Տարոնիկ Ֆրունզեի անվան սերմնաբուծական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ–սպասարկման տաղավար, ավտոմատ հեռախոսակայան, բուժմանկաբարձական կետ։ Գյուղը գազիֆիկացված է։ Գյուղից հարավվ–արևելք գտնվող բլրի գագաթին կա բնակատեղի (Սև բլուր, մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), 1,5 կմ հեռավորության վրա՝ Մեծամոր բնակատեղին է և թանգարանը։

ՏԱՐՈՆՑԻ (Մովսիսյան) Սողոմոն Սահակի [27․12․1904 (9․1․1905), գ․ Կոփ (Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում)– 17․7․1971, Երևան], հայ սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՍՍՀ կուլտ, վաստակավոր գործիչ (1965)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1914-ին ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան։ 1930-ին Տարոնցին ավարտել է Երեանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, այնուհետև զբաղվել խմբագրական աշխատանքով։ Առաջին գրքում («Անապաստաններ», 1926, չորս պոեմ) նկարագրել է անապաստան որբերի կյանքը։ Sարոնցու վաղ շրջանի ստեղծագործության վրա նկատելի է Եղիշե Չարենցի ազդեցությունը․ դա հատկապես ակնառու է «Առավոտ» (1930) ժողովածուում, որտեղ արձագանքել է «էպիքական լուսաբաց»-ի առաջադրած ստեղծագործական ծրագրին։ «Սերունդների երգը» (1933), «Դարերի լեգենդը» (1934), «Բանաստեղծություններ» (1940) ժողովածուներում նա պատկերել է երկրի սոցիալիստական շինարարությունը, նոր մարդու հոգեբանության ձևավորումը։ Ուշագրավ են «Հայրեններ», «Դավթի երգը» (1946), «Սիամանթո և Խջեզարե» ժողովրդական ստեղծագործությունների նրա մշակումները։ Հայրենական Մեծ պատերազմի թեմատիկային անդրադառնալիս («Ռազմի շեփոր», 1941, «Պատերազմ», 1942, «Կրակե քառուղիներով», 1944) Տարոնցին դիմել է մարտակոչին և ուղերձին, գրել է բալլադներ, դյուցազնավեպերի («Հայկ և Բել», «Արամ նահապետ», «Տիգրան և Աժդահակ», «Տիգրան Մեծ», «Ասպետ Լիպարիտ») ու սոնետների («ժամանակակից սոնետներ», «Պատմական սոնետներ», «Դյուցազնական սոնետներ») թեմատիկ շարքեր։ Հետագա տարիների ստեղծագործություններում («Ամպրոպից հետո», 1948, «Մեծ առօրյա», 1953, «Կապույտ հեռուներ», 1956, «Ավելի լույս», 1958, «Ոսկեդար», 1960) պատկերվել է խաղաղ շինարարությունը, ժողովորդների բարեկամությունը, Հայաստանի պատմական անցյալն ու ներկան։ Տարոնցին հեղինակ է նաև արձակ գործերի («Ադավիա», 1936, «Նովելներ», 1962) ու մանկական