Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ստեղծագործությունների: Կատարել է նաև թարգմանություններ անտիկ շրջանի, Արևելքի և ռուս բանաստեղծներից։

Երկ, Երկ․, հ․ 1–2, Ե․, 1964–65։

Դ․ Գասպարյան

ՏԱՐՍԱՅԻճ ՕՐԲԵԼՅԱՆ (ծննդյան թվականը անհայտ– 1290), Սյունիքի իշխանապետ 1273-ից։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Սմբատ Օրբելյանին։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի հայրը։ Սկզբում իշխել է Որոտան (Ծղուկ) գավառում։ Սյունիքի իշխանապետ դառնալուց հետո հաստատվել է Եղեգիս ավանում։ Կնության է առել զոհված Հասան–Ջալալ Դոլայի դուստր Մինա խաթունին և ռազմական դաշինք հաստատել Խաչենի իշխանության հետ։ Խորասանում, Հյուսիսային Կովկասում, Ոսկե հորդայում, Եգիպտոսում և այլուր մասնակցել է Հուլավյանների մղած մարտերին, մեծ հեղինակություն ձեռք բերել իլխանական արքունիքում, վրաց Դեմետրե թագավորի հետ ճանաչվել հայ–վրացական միացյալ ուժերի գլավոր հրամանատար։ Մահմեդականություն ընդունած Թագուդարի (Ահմադ) և Արղունի միջև 1282–83-ին իշխանության գահի համար բռնկված պայքարի ժամանակ զինակցել է վերջինին և նրա հաղթանակից հետո իշխանապետությունը տարածել ողջ Սյունիքի վրա (այդ թվում նաև Գեղարքունիքի)։ Վրաց Դեմետրե թագավորը 1284-ին Տարսայիճ Օրբելյանին նշանակել է (մահացած Սադուն Բ Արծրունու փոխարեն) իր տերության աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալար (սպարապետ)։ Օգտագործելով բարձր պաշտոնը և հեղինակությունը՝ Տարսայիճ Օրբելյանը Սյունիքի վանքերն ազատել է մոնղոլական հարկերից, նորոգել խարխլվածները։ Եղբոր՝ Սմբատ Օրբելյանի գերեզմանի վրա (Նորավանքում) 1275-ին կառուցել է տվել Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Տարսայիճ Օրբելյանի իշխանապետական իրավունքները ժառանգել է ավագ որդին՝ էլիկումը։ Թաղված է Ամաղու Նորավանքում, Օրբելյանների տոհմական գերեզմանատանը։ Տարսայիճ Օրբելյանի մասին հյուսվել են գուսանական երգեր։ Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմություն Նահանգին Սիսական, Թ․, 1910։ ՀովսեՓյան Գ․, Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը, «Հասկ», 1948։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 3, Ե․, 1977։ Դրիգորյան Գ․ Մ․, Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դարեր),՝ Ե․, 1981։

ՏԱՐՍԿԻ (Tarski) Ալֆրեդ (ծն․ 1902), լեհ փիլիսոփա, պատմաբան և մաթեմատիկոս, Լվով–վարշավյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։ 1939-ից ապրում է ԱՄՆ–ում։ Նշանակալի ավանդ ունի լուծելիության պրոբլեմի լուծման մեթոդների մշակման, մոդելների տեսության, հասկացությունների որոշարկելիության տեսության, պրեդիկատների հաշվի հետազոտման հանրահաշվական մեթոդների զարգացման, անվերջ երկարության բանաձևերով տրամաբանությունների տեսության, բազմարժեք տրամաբանության բնագավառում և մաթեմատիկական տրամաբանության ու մաթեմատիկայի հիմունքների այլ բաժիններում։ Ձևական իմաստաբանության հիմնադիրն է։ «ճշմարտության հասկացությունը ձևայնացված լեզուներում» աշխատության մեջ սահմանել է ճշմարտության դասական հասկացությունը ձևայնացված լեզուների մեծ խմբի համար։ Տարսկին մի շարք ուսումնասիրություններ ունի դեդուկտիվ գիտությունների մեթոդաբանության բնագավառում։ Իմաստաբանությանը և մետատրամաբանությանը նվիրված նրա աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել նշանագիտության զարգացման վրա և բովանդակային պրոբլեմների ու տեսությունների վերլուծության մեշ ձևական մեթոդներ կիրառելու օրինակ ծառայել։

ՏԱՐՍՈՆ, Տարսոս, Տարսուս, Թարսիս (հուն․ Tapaog, ©apaCg, լատ․ Tarsus, Tharsis), քաղաք Դաշտային Կիլիկիայում, Կյուդնոս (Տարսոն) գետի զույգ ափերին։ Շրջակա արգասաբեր դաշտում աճում են բամբակ, խաղող, սեխ, ցորեն, քնշութ, զանազան պտղատու ծառեր (թզենի, թթենի, ձիթենի, նարնշենի և այլն)։ Տարսոնի հիմնադրումն ավանդությունը վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից)։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են Ասավածաշնչում հիշատակված վաճառաշահ Թարշիշին։ Ըստ պեղածոների (1934–38), Տարսոն․ մ․ թ․ ա․ VI – IV հազարամյակներում եղել է նեոլիթյան բնակավայր, մ․ թ․ ա․ III–II հազարամյակներում՝ բրոնզի մշակման կենտրոն և ամրացված բերդաքաղաք։ Տարսոնում գտած խեթական կնիքները վկայում են, որ այն մտել է խեթական պետության կազմի մեշ։ Մ․ թ․ ա․ XII–VII դդ․ եղել է երկաթի մշակման, արհեստագործության ու առևտրի կենտրոն, կարևոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում։ Մ․ թ․ ա․ VII դ․ ընկել է Ասորեստանի, մ․ թ․ ա․ VI–IV դդ․՝ Աքեմենյան Իրանի, այնուհետև՝ Սելևկյանների տիրապետության ներքո։ Վերջիններիս օրոք (մ․ թ․ ա․ IV դ․ վերջ – մ․ թ․ ա․ II դ․ վերջ) Տարսոնում ծաղկել և զարգացել է հելլենիստական մշակույթը, դարձել գիտության առաջատար կենտրոն (Ստրաբոնն այն անվանել է Աթենքի ու Ալեքսանդրիայի մրցակիցը)։ Տարսոնում են աոեղծագործել անտիկ գիտնականներ Աթենոդորոսները, ստոյիկյան իմաստասերներ Անտիպատրոսը, Արքեդամոսը, Նեստոր Ակադեմիան, քերականագետներ Արաեմիդորոսը, Դիոդորոսը, կատակերգակ Դիոնիսիդոսը և ուրիշներ։ Տարսոնն ունեցել է ազատ ու ինքնավար քաղաքի արտոնություն, հատել դրամներ, կարևոր դեր խաղացել ցամաքային և ծովային առևտրում (հնում Կյուդնոս գետով կապված է եղել Միջերկրական ծովին)։ Մ․ թ․ ա․ 80– 70-ական թթ․ Տարսոնը մտել է Տիգրան Բ Մեծի հելլենիստական տերության, ապա՝ Հռոմեական կայսրության մեջ։ Եղել է Կիլիկիա կայսերական նահանգի կենտրոնը, առժամանակ պահպանել ազատ քաղաքի իր արտոնությունը։ Հուլիոս Կեսարը, վերակառուցելով Տարսոնը, այն վերանվանել է Հուլիոպոլիս (սակայն այդ անվանումը նրա մահից հետո մոռացության է տրվել)։ Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը Տ․ դարձրել է իր տերության մայրաքաղաքը և մեծ շուքով այնտեղ կատարել հարսանեկան հանդեսը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ։ Հռոմեական և բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում Տարսոնը եղել է բարգավաճ քաղաք, իսկ IV դարից՝ արքեպիսկոպոսանիստ (ունեցել է եպիսկոպոսական 7 թեմ)։ Ըստ քրիստոնեական ավանդության, Տարսոնում է ծնվել հրեա Պողոս առաքյալը։ VII դ․ վերջին Տարսոնը նվաճել են արաբները՝ այն դարձնելով ռազմական խոշոր հենակետ Բյուզանդիայի դեմ։ Արաբա–բյուզանդական պարբերական կռիվների ժամանակ (VIII – X դդ․) Տարսոնի քրիստոնյա բնակիչների զգալի մասն արտագաղթել է, անկում է ապրել քաղաքի տնտեսությունը, մշակութային կյանքը։ X դ․ Տարսոնում բնակվող հույների, ասորիների, հրեաների և արաբների համեմատությամբ հայերը կազմել են գերակշռող մեծամասնություն։ 973-ից Տարսոնը եղել է հայկական արքեպիսկոպոսության կենտրոն։ 1040–80-ին այն մտել է հայ իշխան Աբլղարիբ Արծրունու տիրույթների մեջ և եղել հայկական զորակայան։ XII դ․ քաղաքն անցել է մերթ հայերի, մերթ բյուզանդացիների, մերթ խաչակիր ասպետների ձեռքը։ XII դ․ վերջին քառորդին Տարսոնը վերջնականապես միավորվել է Կիլիկյան Հայաստանին։ Քաղաքն աստիճանաբար կառուցապատվել է, վերակառուցվել են պարիսպները, բերդը։ Վերջինս գտնվել է քաղաքի հյուսիս–արևելյան թաղամասում, շրջափակվել կրկնակի (որոշ տեղերում՝ եռակի) պարիսպներով և խրամով։ Տարսոնն ապրել է տևական նոր վերելք, առևտրական աշխույժ հարաբերություններ հաստատել եվրոպական վաճառաշահ քաղաքներ Պիզայի, Ջենովայի, Վենետիկի հետ։ Ներսես Լամբրոնացու արքեպիսկոպոսության ժամանակներից (XII դ․ 2-րդ կես) Տարսոնը դարձել է միջնադարյան հայ մշակույթի առաջատար կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց, հարուստ ձեռագրատներ։ Արքունի քաղաք Տարսոնի մայր տաճարում՝ Ս․ Սոփիայում, տեղի են ունեցել Լևոն Մեծագործի և նրա հաջորդների թագադրման արարողությունները։ Հեթումյան և Լուսինյան արքայատների հանգուցյալ անդամներից շատերը թաղվել են Տարսոնի Ս․ Սոփիա և Ս․ Աստվածածին եկեղեցիներում։ Տարսոնի այլ եկեղեցիներից նշանավոր են եղել Ս․ Թեոդորոսը, Ս․ Պետրոսը, Ս․ Ստեփանոսը, Ս․ Սարգիսը, Ս․ Առաքյալքը և Ս․ Հովհաննես Մկրտիչը։ Կիլիկիայում հայկական պետության անկումից (1375) հետո Տարսոնն ընկնելով Եգիպտոսի արաբական սուլթանության, իսկ 1487-ից՝ օսմանյան սուլթանության տիրապետության ներքո, հետզհետե ավերվել է և վերածվել անշուք ավանի։ Նվաճողների անտանելի բռնությունների պայմաններում տարսոնցի շատ հայեր գաղթել են Եվրոպա։ Մահմեդականները կործանել են բազմաթիվ հին շինություններ, շատ եկեղեցիներ (Ս․ Սոփիա, Ս․Պողոս, Ս․ Առաքյալք և այլն) վերածել մզկիթների։ Պահպանվել են պարիսպների, հայկական տապանաքարերի, քանդակազարդ մահարձանների, արձանագրությունների, ջրմուղների, բնակելի տների, անտիկ կրկեսի և մարզահրապարակի մնացորդներ։ XX դ․ սկզբին Տարսոնում ապրում էին 3– 4 հզ․ հայեր։ Գործում էին Ս․ Աստվածա– ծին և Ս․ Սարգիս եկեղեցիները, դպրոցներ։ 1909-ի թուրքական կոտորածների ժամանակ երկու օրում (ապրիլի 16–17) Տարսոնում ոչնչացվեց ավելի քան 500 հայ, հրկիզվեցին