Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ռենտգենյան սպեկտրների վերադրում է։ Արգելակման ռենտգենյան սպեկտրները առաջանում են թիրախը (ռենտգենյան խողովակի անոդը) ռմբակոծող լիցքավորված մասնիկների (էլեկտրոնների) արգելակման դեպքում (տես Արգելակման ճառագայթում)։ Քանի որ թիրախի նյութին հարվածելիս մասնիկը կարող է կորցնել իր էներգիայի ցանկացած մասը, ուստի արգելակման ռենտգենյան սպեկտրները հոծ են և ըստ ալիքի երկարությունների ունեն անընդհատ բաշխում։ Արգելակման ռենտգենյան սպեկտրները բնորոշվում են կարճալիքային սահմանով՝ λo=hc/eU (հ–ը Պլանկի հաստատունն է, c-ն՝ լույսի արագությունը, e-ն՝ էլեկտրոնի լիցքը, Ս–ն՝ արագացնող պոտենցիալը), որի դեպքում արգելակվող մասնիկի կինետիկ էներգիան ամբողջովին փոխարկվում է ճառագայթման էներգիայի։ Արգելակման սպեկտրի ինտենսիվությունն աճում է մասնիկների էներգիայի, ինչպես նաև թիրախի ատոմների կարգաթվի մեծացմանը զուգընթաց։ Արագացնող պոտենցիալի որոշակի արժեքների դեպքում անընդհատ սպեկտրի հետ մեկտեղ երևան են գալիս բնութագրական ռենտգենյան սպեկտրներ, որոնք կազմված են մեծ ինտենսիվություն ունեցող առանձին գծերից։ Բնութագրական ռենտգենյան սպեկտրներն առաքում են թիրախի ատոմները, որոնց հետ բախվելիս լիցքավորված մասնիկները ատոմի ներքին թաղանթներից (K, Լ, M,․․․) որևէ մեկից դուրս են մղում էլեկտրոն (ֆոտոէլեկտրոն)։ Իսկ երբ գրգռված ատոմը վերադառնում է կայուն վիճակի, առաքվում է բնութագրական ճառագայթման քվանտ։ Բնութագրական սպեկտրների գծերը կազմում են սերիաներ (K, Լ, M, N,․․․), որոնք պայմանավորված են ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքով։ Յուրաքանչյուր սերիա գրգռվում է պոտենցիալների որոշակի տարբերության դեպքում։ Տվյալ սերիայի գծերի հարաբերական ինտենսիվությունները որոշվում են համապատասխան քվանտային անցումների հավանականություններով։ Բնութագրական ռենտգենյան սպեկտրի գծերի դիրքը (ալիքի երկարությունը) կախված է թիրախի նյութի կարգաթվից (տես Մոզլիի օրենք)։

Կլանման ռենտգենյան սպեկտրները ստանում են անընդհատ սպեկտրով ռենտգենյան ճառագայթումը բարակ կլանիչով անցկացնելիս։ Այդ դեպքում սպեկտրում ինտենսիվության անընդհատ բաշխումը փոփոխվում է, նկատվում են կլանման թռիչքներ և ֆլուկտուացիաներ, որոնք էլ հենց կազմում են կլանման ռենտգենյան սպեկտրը։ Ռենտգենյան սպեկտրները կիրառվում են ռենտգենյան սպեկտրոսկոպիայում, ռենտգենակառուցվածքային վերլուծության մեջ։

Է․ Աբովյան

ՍՊԵԿՏՐՈԳՐԱՖ [< սպեկտր և․․․ գրաֆ (իա)], տես Սպեկտրային սարքեր։

ՍՊԵԿՏՐՈՀԵԼԻՈԳՐԱՖ [< սպեկար, հելիո․․․ և ․․․գրաֆ(իա)], Արեգակը սպեկտրի մեներանգ տիրույթում լուսանկարելու սպեկտրային աստղագիտական սարք։ Սպեկտրոհելիոգրաֆիայի օպտիկական սխեման նման է սպեկտրոհելիոսկոպի սխեմային, սակայն երկրորդ՝ ելքի ճեղքի ետևում տեղադրվում է լուսանկարչական թիթեղը։ Երկու ճեղքերի համաձայնեցված տեղաշարժման շնորհիվ լուսանկարչական թիթեղի վրա ստացվում է Արեգակի պայծառ սկավառակի և դրանից դուրս գտնվող գոյացությունների (ջահեր, հրվիժակներ ևն) պատկերները։ Սպեկտրոհելիոգրամներ ստանալու համար հիմնականում օգտագործում են իոնացված կալցիումի H և К սպեկտրային գծերը, ինչպես նաև ջրածնի Ha գիծը։

ՍՊԵԿՏՐՈՀԵԼԻՈՍԿՈՊ (< սպեկտր, հելիո․․․ և հուն. σхοπέω – դիտել), Արեգակի ճառագայթները մեներանգ տիրույթում դիտելու սպեկտրային աստղագիտական սարք։ Սպեկտրոհելիոսկոպը սպեկտրոսկոպ–մոնոքրոմատոր է, որի մուտքի ճեղքի հարթության վրա պրոյեկտվում է Արեգակի պատկերը։ Ելքի ճեղքը արեգակնային սպեկտրից անջատում է որոշակի սպեկտրային գիծ, որում դիտողը տեսնում է մուտքի ճեղքից երևացող Արեգակի պատկերի մի մասը։ Սովորաբար ճեղքերին հաղորդվում է շատ արագ սինխրոն տատանողական շարժում, որի շնորհիվ աչքը չի հասցնում կորցնել ճեղքի հաջորդական դիրքերից ստացված տպավորությունը։

ՍՊԵԿՏՐՈՄԵՏՐ (< սպեկտր և ․․․մետր), տես Սպեկտրային սարքեր։

ՍՊԵԿՏՐՈՍԿՈՊ (< սպեկտր և հուն. σхοπέω - դիտել), տես Սպեկտրային սարքեր։

ՍՊԵԿՏՐՈՍԿՈՊԻԱ, ֆիզիկայի բաժին, որն զբաղվում է էլեկտրամագնիսական ճառագայթման սպեկտրների ուսումնասիրությամբ։ Սպեկտրոսկոպիայի մեթոդներով հետազոտելով ատոմների, մոլեկուլների և դրանցից կազմված մակրոսկոպիկ համակարգերի էներգիայի մակարդակները, ինչպես նաև քվանտային անցումներն այդ մակարդակների միջև, կարելի է հարուստ ինֆորմացիա ստանալ նյութերի կառուցվածքի և հատկությունների մասին։ Սպեկտրոսկոպիայի կիրառության կարևորագույն բնագավառներն են սպեկտրային վերլուծությունը և աստղաֆիզիկան։ Սպեկտրոսկոպիայի առաջացման սկիզբ կարելի է համարել 1666 թվականը, երբ Ի․ Նյուտոնն առաջինը Արեգակի լույսը տարրալուծեց սպեկտրի։ Սպեկտրոսկոպիայի զարգացման կարևոր փուլերն են եղել XIX դ․ սկզբին արեգակնային սպեկտրում կլանման գծերի (ֆրաունհոֆերյան գծեր) հայտնաբերումն ու հետազոտումը, առաքման և կլանման սպեկտրների միջև կապի հաստատումը (Գ․ Կիրխհոֆ, Ռ․ Բունզեն, 1859) և դրա հիման վրա սպեկտրային վերլուծության առաջացումը։ Հետագայում սպեկտրոսկոպիայում կարևոր դեր է կատարել քվանտային մեխանիկայի և քվանտային էլեկտրադինամիկայի ստեղծման գործում, որոնք, իրենց հերթին, դարձել են արդի սպեկտրոսկոպիայի տեսական հիմքը։

Ըստ էլեկտրամագնիսական ալիքների երկարությունների (կամ հաճախականությունների) տիրույթի՝ կարելի է առանձնացնել սպեկտրոսկոպիայի հետևյալ բաժինները, ռադիոսպեկտրոսկոպիա, օպտիկական սպեկտրոսկոպիա (ներառյալ նաև ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա), տեսանելի ճառագայթման սպեկտրոսկոպիա և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիա, ռենտգենյան սպեկտրոսկոպիա և գամմասպեկտրոսկոպիա։ Հետազոտությունների ուրույն բնագավառներ ընդգրկող միջուկային սպեկտրոսկոպիան և նեյտրոնային սպեկտրոսկոպիան միջուկային ֆիզիկայի բաժիններից են։ Սակայն սպեկտրոսկոպիա ասելով հաճախ հասկանում են միայն օպտիկական սպեկտրոսկոպիա։

Օպտիկական սպեկտրոսկոպիան ներառնում է հիմնականում ատոմային սպեկտրոսկոպիա, որն ուսումնասիրում է ատոմների սպեկտրները (տես Սպեկտրներ ատոմային), և մոլեկուլային սպեկտրոսկոպիա, որն ուսումնասիրում է մոլեկուլային սպեկտրները։ Օպտիկական սպեկտրոսկոպիայի մեթոդներով կարելի է լուծել մի շարք կարևոր խնդիրներ՝ որոշել ատոմների էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը, սպեկտրային գծերի գերնուրբ կառուցվածքով հաշվել միջուկի մոմենտները, իսկ մոլեկուլների սպեկտրային շերտերի ճեղքումով՝ սեփական հաճախականությունները և իներցիայի մոմենտները ևն։ Ատոմային և մոլեկուլային սպեկտրների ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում կատարելու նյութի որակական և քանակական վերլուծություն, չափելու որևէ ատոմի կամ մոլեկուլի փոքր խառնուրդները բարդ նյութերում ևն։ Օպտիկական սպեկտրոսկոպիայի մեթոդներով ուսումնասիրվում են նաև նյութերի տարբեր ագրեգատային վիճակները։ Շատ հեղուկների, ամորֆ և բյուրեղային պինդ մարմինների կառուցվածքի մասին արժեքավոր տեղեկություններ են ստացվել կոմբինացիոն ցրման սպեկտրոսկոպիայի օգնությամբ։ Բյուրեղներում էներգիայի մակարդակների (էլեկտրոնային և ֆոնոնային), բյուրեղային ցանցի կառուցվածքի ուսումնասիրման կարևորագույն մեթոդներից է բյուրեղների սպեկտրոսկոպիան։ Աստղագիտության մեջ օպտիկական սպեկտրոսկոպիայի կիրառումը հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ երկնային մարմինների բաղադրության մասին։

Լազերների ստեղծումը նշանակալի ազդեցություն է ունեցել սպեկտրոսկոպիայի զարգացման վրա՝ էապես ընդարձակելով նրա հնարավորությունները (լազերային սպեկտրոսկոպիա)։ Լազերներն ունեն մեծ հզորություն, ժամանակային և տարածական կոհերենտություն, ինչպես նաև լայն տիրույթում հաճախականության սահուն վերալարք՝ հատկություններ, որոնք նկատելիորեն մեծացնում են սպեկտրոսկոպիայի մեթոդների զգայունությունն ու լուծող ուժը։ Լազերային սպեկտրոմետրերի լուծունակությունը 5–6 կարգով մեծ է Ֆաբրի–Պերոյի լավագույն ինտերֆերոմետրերի լուծունակությունից։ Լազերային ճառագայթման օգնությամբ հաջողվում է գրանցել նյութի 1 սմ3-ում պարունակվող տասնյակ և ավելի քիչ ատոմներ։ Լագերային ճառագայթումը կարելի է կիզակետել շատ փոքր՝ ընդհուպ մինչև λ3 կարգի ծավալում և կատարել նյութերի միկրոքանակությունների տեղային վերլուծություն։ Բուռն զարգացում են ապրում գծային և ոչ գծային լազերային սպեկտրոսկոպիայի մի շարք մեթոդներ։

Գրկ․ Ельяшевич М․ А․, Атомная и молекулярная спектроскопия, М․, 1962: Летохов B․C․, Проблемы лазерной спектроскопии, «Успехи физических наук», 1976, т․ 118, в․ 2․

Ն․ Բւսդւսլյւսն

ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, տես Մտահայեցողական փիլիսոփայություն։