Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՍՊԵԿՈՒԼՅԱՑԻԱ, սպեկուլացիա, (< ուշ լատ. speculatio - տնտղում), ըստ սովետական քրեական իրավունքի, ւոնտեսական հանցագործության տեսակ, որն ուղղված է սովետական առևտրի բնականոն գործունեության, գնորդների օրինական շահերի դեմ։ Կատարվում է ապրանքների գնման և վերավաճառման ձևով՝ շահ ստանալու նպատակով։ Հանցակազմի առկայության համար նշանակություն չունի, թե որտեղ և ումից է գնված ապրանքը (խանութում, շուկայում, օրինական տիրոջից ու անբարեխիղճ ձեռք բերողից) կամ ում է վերավաճառված՝ հասարակական թե պետական կազմակերպությանը, կոլտնտեսությանը կամ անհատին, սպեկուլյացիայի համար պատասխանատվության կարող են ենթարկվել 16 տարին լրացրած անձինք։ Պատժվում է ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման, կամ ուղղիչ աշխատանքներով մինչև 1 տարի ժամկետով, կամ տուգանքով մինչև երեք հարյուր ռուբլի, իսկ եթե կատարվել է որպես արհեստ կամ խոշոր չափերով՝ ազատազրկում 3-10 տարի ժամկետով, արտաքսումով 1-5 տարի ժամկետով և գույքի բռնագրավումով կամ առանց լրացուցիչ պատիժների։ Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող տների (կամ մի մասի) գնելն ու վերավաճառելը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման։ Նախկինում սպեկուլյացիա կատարած անձի մանր սպեկուլյացիան պատժվում է ազատազրկմամբ մինչև 1 տարի ժամկետով կամ ուղղիչ աշխատանքներով, կամ տուգանքով մինչև 200 ռուբլի (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 156)։ Վալյուտային արժեքների սպեկուլյացիայի համար պատասխանատվությունը տես Վալյուտային հանցագործություններ հոդվածում։

ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ, Սպենդիարով, Ալեքսանդր Աֆանասիի (Ստեփանոսի) [20․10(1․11)․1871, Կախովկա (այժմ՝ ՈւՍՍՀ Խերսոնի մարզում)–7․5․1928, Երևան], հայ սովետական կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1926)։ Հայ երաժշտության դասական։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1895), սովորել ջութակ նվազել, ընդգրկվել անսամբլներում, ուսանողական նվագախմբում։ Կոմպոզիցիայի տեսություն ուսումնասիրել է Ն․ Ս․ Կլենովսկու մոտ՝ Մոսկվայում (1892–94) և Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի մոտ՝ Պետերբուրգում (1896–1900)։ Երկար տարիներ ապրել է Ղրիմում, ուր ծավալել է դիրիժորական և երաժշտական–հասարակական գործունեություն։ Որպես կոմպոզիտոր Սպենդիարյանը ձևավորվել է առաջավոր ռուսական և հայկական մշակույթների ազդեցությամբ։ Շփվել է Ա․ Ծատուրյանի (նրա խոսքերով 1894-ին գրել է «Այ վարդ» երգ–ռոմանսը), Մ․ Գորկու (նրա տեքստով 1902-ին ստեղծել է «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ բասի և նվագախմբի համար, 1911-ին՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան), Մ․ Աարյանի, Հ․ Թումանյանի, Ա․ Իսահակյանի, Ա․ Թամանյանի, Վ․ Սուրենյանցի, Ռ․ Մելիքյանի, Ն․ Տիգրանյանի, Ա․ Գլազունովի, Ա․ Լյադովի և այլոց հետ։ 1905-ին Սպենդիրայանը մամուլում հանդես է եկել բաց նամակով՝ Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովին Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից հեռացնելու դեմ։

Իր ստեղծագործությամբ Սպենդիարյանը հաստատել է ժողովրդին հարազատ, ռեալիստական արվեստը։ Կոմպոզիտորը ձգտել է ծրագրային, վառ պատկերավոր երաժշտության, որի հիմքերը ժողովրդական ստեղծագործության մեջ են։ Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում մեղեդային և ռիթմական հարստությամբ, հարմոնիկ և նվագախմբային արտահայտամիջոցների ցայտունությամբ, ազգային բնորոշությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ։ Ստեղծել է ժող. կյանքի վառ պատկերներ, նուրբ բնապատկերներ։ Մի շարք երկերում հնչում է սոցիալական անարդարության դեմ բողոք, ազատության համար պայքարի կոչ․ դրանցից են՝ «Այնտեղ, այնտեղ, դեպ վեհ այն դաշտը» հերոսական երգը տենորի և նվագախմբի համար (1914, Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (1915, Հ․ Հովհաննիսյանի խոսքերով)։ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (1905, ըստ Ս․ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (1907, Յա․ Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (1910, Ա․ Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից Սոնյայի մենախոսության տեքստով) համար ստացել է Գլինկայի անվան մրցանակներ (1908, 1910, 1912)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Սպենդիարյանն ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտ․ մշակույթի շինարարությանը։ Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր և նվագախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել է ժողովրդական, նաև հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր․․․», «Կարմիր դրոշ» ևն)։ Մոսկվայում, Պետրոգրադում և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով։ 1924-ից ապրել է Երևանում, մասնակցել Գիտության և արվեստի ինստիտուտի, կոնսերվատորիայի աշխատանքներին, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր։ Այդ շրջանում Սպենդիարյանի ստեղծագործությունը հասել է ծաղկման, կոմպոզիտորն աշխատել է հերոսա–հայրենասիրական «Ալմաստ» օպերայի ավարտման վրա (ըստ Հ․ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի), որ մտահղացել էր դեռես 1916-ին։ «Ալմաստ»-ը (լիբրետոն՝ Ս․ Պարնոկի), որ գրված է ռուս. դասական օպերայի ավանդույթներով, աչքի է ընկնում հայկական վառ ազգային ինքնատիպությամբ, բովանդակում է ծավալուն մասսայական տեսարաններ (խմբերգեր, պարեր), գործող անձանց արտահայտիչ բնութագրեր, դրամատիկորեն հագեցված դրվագներ։ Ստեղծագործորեն օգտագործելով բուն ժողովրդական երաժշտության նմուշներ, Սպենդիարյանը դրանց հիման վրա ստեղծել է օպերային մեծ ձևեր՝ միջանցիկ սիմֆոնիկ զարգացումով և լեյտմոտիվների զարգացած համակարգով։

Սպենդիարյանն մեծ դեր է խաղացել հայկ․ ազգային կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման գործում։ Հենվելով ռուս դասական երաժշտության ավանդույթների վրա, նա հայկական երաժշտությունը հարստացրել է նոր թեմաներով, ընդարձակել է ժանրերը, արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին։ Նրա «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ, 1903, 1912), «Երևանյան էտյուդները» (1925) և այլ սիմֆոնիկ երկեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են։

Երեանում ստեղծվել է Սպենդիւսրյանի տուն–թանգարանը։ Սպենդիարյանի անունն են կրում Երևանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը (1933) և № 1 երաժշտական դպրոցը։ Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն 11 հատորով։

Երկ․ Автобиография, «Советская музыка», 1938, № 4: Письма․ Сост․ К․ Г․ Григорян, Е․, 1962․

Գրկ․ Գասպարյան Ս․, Ալեքսանդր Սպենդիարով, Ե․, 1951։ Գրիգորյան Ք․, Ալեքսանդր Սպենդիարով, Ե․, 1952։ Ժամանակակիցները Ալ․ Սպենդիարյանի մասին, կազմ․ Ա․ Գ․ Թադևոսյան, Ե․, 1960։