Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ցեղերը։ 1830-ական թթ․ ստեղծվել է սվազի ցեղերի միավորում։ 1894-ին Սվազիլենդի տարածքը նվաճել են բուրերը, 1903-ին Սվազիլենդը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1921-ին սվազիների հակագաղութային շարժումը գլխավորել է գերագույն առաջնորդ Սոբհուզա II։ 1963-ին Սվազիլենդը ստացավ սահմանափակ ինքնավարության իրավունք, 1967-ին հռչակվեց սահմանադրական միապետություն, թագավոր դարձավ Սոբհուզա II։ 1968-ի սեպտ․ 6-ին Սվազիլենդը հռչակվեց անկախ պետություն՝ Բրիտ․ համագործակցության շրջանակներում, սեպտ․ 24-ին մտավ ՄԱԿ–ի մեջ։ 1973-ի ապրիլին թագավորը վերացրեց սահմանադրությունը, արձակեց պառլամենտը, արգելեց կուսակցությունների գործունեությունը, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ 1978-ի սահմանադրությամբ վերստեղծվեց պառլամենտը։ 1982-ի օգոստոսին մահացավ Սոբհուզա II, 1983-ի փետրվարին թագավոր հռչակվեց նրա որդի Մակհոսեմվլոն։

Արտաքին ասպարեզում Սվազիլենդը վարում է ՀԱՀ–ի և Սեծ Բրիտանիայի հետ տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու քաղաքականություն, միաժամանակ ձգտում է համագործակցել աֆրիկյան անկախ պետությունների հետ։

Քաղաքական կուսակցությունները։ Քաղաքացիական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը 1973-ից արգելված է։ Ընդդեմ կառավարության քաղաքականության հանդես եկող Սվազիլենդի ազատագրության համար շարժումը գործում է ընդհատակում։

Տնտեսությունը։ Սվազիլենդը տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ Տնտեսությունը կախման մեջ է ՀԱՀ–ից, որի հետ կապված է նաև վալյուտային և մաքսային համաձայնագրերով։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունահանող արդյունաբերությունն են։ Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է։ Հողի խիստ պակաս է զգացվում, մինչդեռ Եվրոպայից եկածները տիրում են հողերի մեծ մասին։ Մշակում են եգիպտացորեն, բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսային բույսեր, բամբակ։ Անասնապահությունն ունի օժանդակ դեր (658 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 1980)։ Մինչև անկախությունը Սվազիլենդում արդյունաբերություն գրեթե չկար։ Արդյունահանում էին միայն ասբեստ։ Անկախության տարիներին զարգացավ հանքարդյունահանող և մասամբ վերամշակող արդյունաբերությունը։ 1982-ին արդյունահանվել է 35,7 հզ․ տ ասբեստ, 493,5 հզ․ տ երկաթի հանքանյութ, 82,4 հզ․ տ ածուխ։ Կան փայտանյութի, շաքարեղեգի վերամշակման, քիմ. և պահածոների գործարաններ։ Արտադրվել է 460 մլն կվտ-ժ էլեկտրաէներգիա։ Երկաթուղիների երկարությունը 318 կմ է, ավտոճանապարհներինը՝ 2820 կմ (այդ թվում կոշտ ծածկով՝ 1484 կմ) (1982)։ Արտահանում է շաքար, ասբեստ, փայտախյուս, ցիտրուսներ։ Ներմուծում է սարքավորում, մեքենաներ, տրանսպորտի միջոցներ, պարեն, արդ․ ապրանքներ։ Հիմնական առևտրական գործընկերներն են ՀԱՀ, Եվրոպայի տնտ․ համագործակցության երկրները, Ճապոնիան, ԱՄՆ։ Դրամական միավորը՝ լիլանգենին (1 լիլանգենին=0,8 ամերիկյան դոլլարի, 1982)։

Լուսավորությունը։ Միսիոներական դպրոցները հիմնվել են XIX դ․ սկզբին։ Պարտադիր ուսուցում չկա։ Տարրական դպրոց են ընդունվում 6 տարեկանից (ուսման տևողությունը 7 տարի)։ Տարրական դպրոցի ցածր դասարաններում ուսուցումը մայրենի լեզվով է, բարձր դասարաններում և միջնակարգում՝ անգլերեն։ Միջնակարգ դպրոցը 5-ամյա է (3+2)։ Գործում են պրոֆտեխ․ ուսուցման կենտրոնը (Մբաբանե), 2 մանկավարժական ուսումնարան (Մանզինի), ինդուստրիալ ինստիտուտը, գյուղատնտեսական կոլեջը ևն։ Սինչև 1972-ը բարձրագույն կրթություն են ստացել Ռոմա քաղաքի (Լեսոտո) Բոտսվանայի, Լեսոտոյի և Սվազիլենդի համալսարանում (հիմնադրվել է 1945-ին, որպես համալսարանական կոլեջ, 1964-ից՝ համալսարան)։ 1972 թվականին համալսարանի մասնաճյուղ է ստեղծվել Սվազիլենդում (Լուենգո)։ Գործում են Մանզինիի կենտրոնական (հիմնվել է 1972-ին), Մբաբանե, Մանզինի և այլ քաղաքների հանրային գրադարանները։

Մամուլը, ռադիոհաղորդումները։ Մբաբանեում է հրատարակվում «Թայմս օֆ Սվազիլենդ» («Times of Swaziland», 1897-ից) շաբաթաթերթը։ 1967-ից գործում է կառավարական ռադիոհաղորդումների ծառայությունը։ Հաղորդումները տրվում են սվազի և անգլերեն լեզուներով։

Գրկ․ Новейшая история Африки, М․, 1968, с․ 540–551: Kuper L․, The Swazi․ A South African Kingdom, L․, 1963: Halpern J․, South Africa’s Hostages․ Basutoland, Bechuanaland and Swaziland, L․, 1965: Stevens R․, Lesothe, Botswana and Swaziland, L․, 1967․

ՍՎԱԶԼՅԱՆ Գառնիկ Սարկոսի (4․1․1904, Կեսարիա –23․3․1948, Երևան), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, ծաղրանկարիչ։ Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում և Սխիթարյան կրթարանում։․ 1922-ին անցել է Հունաստան, ապա բնակություն հաստատել Ալեքսանդրիայում։ Եղել է ՀՕԿ–ի եգիպտահայ մասնաճյուղի հիմնադիրներից և փոխնախագահը։ Մարքսիստական գաղափարներ տարածելու համար քանիցս բանտարկվել է (1934, 1936, 1942)։ 1943-ին Ալեքսանդրիայում հիմնել և գլխավորել է «Սևան» մշակութային միությունը։ 1945-ին ընտրվել է եգիպտահայ Ազգ․ խորհրդի կազմում։ 1947-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։

Գրել է «Ներգաղթը» (1936) պիեսը, որի գլխավոր հերոսը սփյուռքի հայության միակ փրկությունը համարում է հայրենադարձությունը։ Հրապարակախոսական հոդվածներով ու ծաղրանկարներով Սվազլյանը հանդես է եկել սփյուռքահայ պարբերականներում (Պահակ, Մտրակ, Վիշապորդի, Հօկյան, Խարազան, Երևանցի, Գործազուրկ ծածկանուններով)։

Երկ․ Հայրենիքիս համար (գրական, հրապարակախոսական հոդվածներ, ծաղրանկարներ), Ե․, 1965:

Գրկ․ Թոփուզյան Հ․, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն, Ե․, 1978, էջ 267–270։

Հ․ Թոփուզյան

ՍՎԱԽՉՅԱՆ Մելիքսեթ Գրիգորի [24․10(6․11)․1916, Ալեքսանդրապոլ–25․3․1946, Լենինական], հայ սովետական բեմանկարիչ։ 1936-ին ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1941-ին՝ Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան։ 1941–46-ին եղել է Լենինականի Ա․ Մռավյանի անվան թատրոնի գլխավոր նկարիչը։ Առաջին աշխատանքը Կ․ Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայի բեմադրության ձևավորումն է (1942)։ Հիմնականում համագործակցել է ռեժիսոր Վ․ Աճեմյանի հետ։ Լավագույն ձևավորումները՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր» (1944), Ա․ Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Ն․ Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946), ստեղծվել են Լենինականի թատրոնում։ Սվախչյանի բեմանկարչության մեջ սեղմ միջոցներով համադրվել են գունանկարը, քանդակը և ճարտարապետությունը՝ հասնելով պիեսի գաղափարագեղարվեստական բովանդակության նոր հնչողության։ Ուշագրավ են Գ․ Սունդուկյանի անվան թատրոնում Վրթ․ Փափագյանի «Ժայռ» (1944), Դ․ Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» և Վ․ Վաղարշյանի «Վանքաձոր» (երկուսն էլ՝ 1945) ներկայացումների ձևավորումները։ 1956-ին Երևանում կազմակերպվել է Սվախչյանի ստեղծագործությունների ետմահու ցուցահանդես։

Գրկ․ Խալաթյան Լ․, Մելիքսեթ Սվախչյան, Ե․, 1956։ |

Լ․ Խալաթյան

ՍՎԱՃՅԱՆ Հարություն Գրիգորի [22․10 (3․11)․1831, Կ․ Պոլիս –21․4(3․5)․1874, Կ․ Պոլիս], Մեչուխեչա, արևմտահայ հասարակական–քաղաքական գործիչ, հեղափոխական–դեմոկրատ, գրող, հրապարակախոս, երգիծաբան։ Ծնվել է արհեստավորի ընտանիքում։ Մանուկ հասակում զրկվել է ծնողներից։ Ծննդավայրում