Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարք հոդվածներ ու ակնարկներ Հայաստանի, Երևանի, հայ մշակույթի գործիչների մասին։ Ուկրաինայում հայ գրկ–յան մասսայականացման գործում Տ–ի խոշոր ծառայությունները նշվել են Հայկ․ ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության պատվոգրով (1956)։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։ Տ–ի ստեղծագործությունները չորս անգամ առանձին գրքով հրատարակվել են հայերեն։ Տ–ին շնորհվել է ՈւՍՍՀ Տ․ Շևչենկոյի անվ․ պետ․ մրցանակ (1962)։ Տ․ եղել է Ուկրաինայի կոմկուսի Կենտկոմի անդամ (1952–59, այնուհետև՝ 1960-ից), ՍՍՀՄ II –V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1953–59-ին՝ ՈւՍՍՀ Գերագույն սովետի նախագահ։ 1954– 1962-ին՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ։ Պարգևատրվել է Լենինի 5 և երկու այլ շքանշաններով։

Երկ․ Իվասիկ-Տելեսիկը, Ե․, 1941։ Հատընտիր, Ե․, 1950։ Իմ ժողովրդին, Ե․, 1973։ Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (հեղինակակից՝ Մաքսիմ Ռիլսկի), Ե․, 1973։ Բանաստեղծություններ, Ե․, 1980։ Избр․ произв․, т․ 1–2, М․, 1971; Стихотворения и поэмы, Л․, 1975․

Գրկ. Амирян С., Армяно-украинские литературные связи, Е․, 1972․ Գ․ Թաթոսյան

ՏԻՊ (< հուն․ τυπος – դրոշմ, կաղապար, ձև, նմուշ), 1․ որևէ բանի ձև, տեսակ, որն ունի էական որակական հատկանիշներ, 2․ ինչ–որ բանի նմուշ, մոդել, 3. ուսումնասիրվող իրականության անդամատման միավոր՝ տիպաբանության մեջ, 4․ կարգաբանական (տաքսոնոմիական) կատեգորիա կամ դասակարգման միավոր՝ լանդշաֆտագիտության մեջ (լանդշաֆտի Տ․, տեղանքի Տ․) և այլ գիտություններում, որոնք ուսումնասիրում են բնական միջավայրի առանձին բաղադրամասերը՝ ռելիեֆի Տ․, կլիմայի Տ․, հողի Տ․, բուսականության Տ․ ևն, 5․ մարդ՝ օժտված բնորոշ հատկություններով, մարդկանց որևէ խմբի, մասնավորապես՝ դասի, դասակարգի, ազգի, դարաշրջանի ցայտուն ներկայացուցիչ, 6․ գրականության մեջ և արվեստում այն կերպարը, որն իր մեջ խտացնում է սոցիալ․ կոնկրետ հանրույթի, դասակարգի, խավի գիտակցությանը, աշխարհըմբռնմանը, հոգեբանությանը, կենցաղին ու կեցությանը բնորոշ հատկանիշների ամբողջությունը․ առավել բացառիկ ընդհանրացում է, քան կերպարը (տես Կերպար գեղարվեստական)։ Գրական Տ–երի զարգացումը պայմանավորված է հասարակական կյանքի զարգացումով։ Անտիկ և վաղ միջնադարյան գրկում (վեպ, էպոս) Տ․ հանդես է եկել որպես ժողովրդի հավաքական ուժի, հերոսության, դավանանքի, դասի ներկայացուցիչ։ Այն հետագա ձևավորում է ստացել հռոմ․ գրկ-յան մեջ (մ․ թ․ I–III դդ․), որտեղ մարդը հանդես է բերվել իբրև իր անձնական կյանքն ու ճակատագիրն ունեցող անհատ։ Վերածննդի դարաշրջանում Սերվանտեսը, Շեքսպիրը և այլ գրողներ ստեղծել են համամարդկային ընդհանրացումներ պարունակող Տ–եր (Դոն Կիխոտ և Սանչո Պանսա, Օթելլո, Համլետ ևն)։ Հետագա ժամանակներում ձևավորվող յուրաքանչյուր գեղարվեստական մեթոդ (կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, սոցիալիստ, ռեալիզմ) առաջադրել է Տ–ի մարմնավորման իր առանձնահատուկ սկզբունքը։ (Տես նաև ՏիպականըԶ․ Ավետիսյան

ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, գիտակարգ, որն ընդհանրացված, իդեալական մոդելի կամ տիպի օգնությամբ ուսումնասիրում է օբյեկտների համակարգերի մասնատումը և խմբավորումը։ Տ․ համեմատական ուսումնասիրության է ենթարկում համաժամանակյա և տարաժամանակյա օբյեկտների էական հատկանիշները, կապերը, գործառությունները, հարաբերությունները։ Տ․ հենվում է ուսումնասիրվող առարկաների նմանության և տարբերության բացահայտման, այդ առարկաների նույնացման հուսալի միջոցների որոնման վրա, իսկ Տ–յան տեսականորեն զարգացած ձևը ձգտում է պատկերել ուսումնասիրվող համակարգի կառուցվածքը, վերհանել դրա օրինաչափությունները, որոնք հնարավորություն են ընձեռում կանխագուշակել դեռևս անհայտ առարկաների գոյությունը։ Տ–յան ընդհանուր սկզբունքներն էապես կախված են տիպ հասկացության մեկնաբանումից։ Տարբերակվում է տիպ հասկացության մեկնաբանման երեք մոտեցում․ 1․ տիպը որպես անփոփոխ մի էություն, իդեալական նախակերպար, 2․ որպես համակարգի արտացոլում իր զարգացման մեջ, 3․ որպես մեթոդաբան. միջոց, որով կառուցվում է տեսական պատկերը որպես մտածողության արդյունք։ Վերջինս հնարավորություն է տվել օգտագործելու արդի տրամաբանության նվաճումները, մասնավորապես դասի և տիպի տարբերակումը։

Լ ե զ վ ա բ ա ն ա կ ա ն Տ․, լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է աշխարհի լեզուները՝ նրանց կառուցվածքների ընդհանրությունների և առանձնահատկությունների բացահայտման հայեցակետից։ Ավանդական Տ․ բնութագրվում է իբրև ձևաբանական-դասակարգողական։ Այն հենվում է լեզուների միաչափ կառույցների վրա (գերազանցապես՝ բառի) և, ըստ էության, բնութագրում է ոչ թե լեզուն ամբողջությամբ, այլ լեզվի միայն առանձին կառույցները։ Ձևաբանական Տ․ առանձնացնում է սահմանափակ թվով լեզվատիպեր։ Այսպես, առաջին անգամ Ֆ․ Շլեգելը տարբերել է երկու տիպ՝ թեքական և ոչ թեքական։ Թեքական լեզուները համարելով «օրգանական» և կատարյալ լեզուներ՝ նա դրանք հակադրել է «անօրգանականներին»՝ իբրև անկատար լեզուների։ Ա․ Շլեգելը լեզուների դասակարգումը ներկայացրել է երեք տիպով՝ անձև (կամ անջատական), մասնիկավոր և թեքական։ Ըստ շարահյուսական առանձնահատկությունների նա տարբերակել է երկու տիպ՝ վերլուծական և համադրական։ Հետագայում Վ․ Հումբոլդտը դասակարգման այդ սխեմայում ավելացրել է բազմահամադրական տիպը։ Լեզուների թվի ավելացմանը զուգընթաց, հետազոտողները (Հ․ Շտայնթալ, Ֆ․ Միստելի և այլք) ստիպված ավելացրել են նաև ձևաբանական տիպերի թիվը։

Լեզուների հասկացութային դասակարգումը (է․ Սեպիր) հիմնված է ձևույթների արտահայտած իմաստների վրա։ Ըստ այդ դասակարգման առանձնացվում են երկու (մաքուր ռելացիոն և խառը ռելացիոն) լեզվատիպեր՝ իրենց ենթատիպերով։ Արդի Տ․ հենվում է կառուցվածքային լեզվաբանության սկզբունքների (լեզվի և խոսքի, արտահայտության և բովանդակության պլանների տարբերակման և այլնի) վրա։ Տիպաբանական հետազոտությունների ելակետը լեզվի կառուցվածքն է, ընդ որում զուգադրվում են ոչ թե առանձին, միմյանցից անջատ տարրեր, այլ ներհամակարգային որոշակի փոխհարաբերություններով բնութագրվող լեզվական բաղադրիչներ։ Արդի Տ–յան հիմնական խնդիրը լեզվի համընդհանուր տեսության ստեղծումն է, լեզվական առանձնահատկությունների բացահայտումը։ Բացի բոլոր լեզուներին հատուկ ընդհանրությունների բացահայտումից, Տ․ հաստատում է նաև լեզուների մի մասին կամ առանձին խմբերին հատուկ ընդհանրությունները։

Գոյություն ունեն մի շարք տիպաբանական մեթոդներ՝ ըստ կոնկրետ հարցադըր– ման․ 1․ տարբեր լեզուների տեքստեր են համեմատվում, թե համակարգեր (տեքստի Տ․ և համակարգի Տ․), 2․ ցեղակից լեզուներ են զուգադրվում, թե ոչ ցեղակից (միկրո և մակրոտիպաբանություն), 3․ հաշվի են առնվում լեզուներն ամբողջությամբ, թե միայն առանձին մակարդակները (մակարդակային Տ․՝ հնչույթային, ձևաբանական են, 4․ լեզվի մասին իրազեկությունն ինչպես է ներկայացվում՝ հաստատման–ժխտման ձևով, թե թվային որոշակի արժեքներով (որակական Տ․ և քանակական Տ․) են։ Տ–յան մեթոդների զարգացումը հանգեցրել է մի շարք Տ–ների ձևավորման՝ բ ն ու թ ա գ ր ա բ ա ն ա կ ա ն, որն ուսումնասիրում է լեզվական երևույթների փոխպայմանավորվածությունը (Վ․ Սկալիչկա), կ ա ռ ու ց վ ա ծ ք ա յ ի ն՝ քննում է լեզվի համակարգի տարրերի միջև եղած որոշակի հարաբերությունները, ընդգծում է էտալոն լեզվի և մետալեզվի նշանակությունը (Ֆ․ դը Սոսյուր և այլք), քանակական (Ջ․ Գրինբերգ), սերող (Բ․ Ուսպենսկի), հարաբերակցային, որը, հստակորեն առանձնացնելով արտահայտության և բովանդակության պլանները, նրանց փոխկապակցված քննությամբ բացահայտում է լեզվի կառուցվածքային ամբողջական պատկերը (Գ․ Ջահուկյան), եթե հաշվի առնենք, որ արդի Տ․ ձգտում է հնարավորին չափ միանշանակ և խնայողական