Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստում (պրոֆեսոր՝ 1943-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1949, 1950)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

ՏԻՎ, մ ու ն շ ե ր, ժողովուրդ։ Բնակվում են Կենտր․ Նիգերիայում, Բենուե գետի ափերին (95% –ով՝ Բենուե–Պլատո Նահանգում)։ Թիվը՝ ավելի քան 3,9 մլն (1978)։ Լեզուն պատկանում է արլ․ բանտու լեզվախմբին (տես Աֆրիկյան լեզուներ

ՏԻՎԱՆ, Դ ի վ ա ն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Մալաթիայի վիլայեթի Քյախթե գավառի Կերկեր գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 80 տուն հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՏԻՏԱՆ, Սատուռնի ամենամեծ և պայծառ արբանյակը։ Հայտնաբերել է Ք․ Հյուգենսը, 1655-ին։ Տ–ի ուղեծրի միջին շառավիղը 1221600 կմ է. տրամագիծը՝ 5150 կմ (չափերով գերազանցում է Մերկուրիին), զանգվածը՝ Սատուռնի զանգվածի 1/4000-ը, խտությունը՝ 1,9 t, ալբեդոն՝ 0,21, պտտման պարբերությունը՝ 15,95 օր, էքսցենտրիսիտետը՝ 0,029, առաջին տիեզերական արագությունը՝ 2,25 կմ/վրկ։ Տ․ ունի շատ խիտ մթնոլորտ, ճնշումը մակերևույթի մոտ 1,5 մթն է, ջերմաստիճանը՝ մոտ 90K։ Մթնոլորտը բաղկացած է 99% ազոտից և 1% մեթանից։ Հայտնաբերված է նաև H2։ Տ–ի մթնոլորտի խտության պատճառով նրա մակերևույթը չի երևում։ է․ Խաչիկյան

ՏԻՏԱՆ (Titanium), Ti, պարբերության համակարգի IV պարբերության IV խմբի տարր, կարգահամարը՝ 22, ատոմական զանգվածը՝ 47,90։ d-տարր է, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 3s2 Зр6 3d2 4s2։ К և L թաղանթները լրացված են։ Բնական Տ․ բաղկացած է 46Ti (7,95%), 47Ti (7,75%), 48Ti (73,45%), 49Ti (5,51%) և 50Ti (5,34%) կայուն իզոտոպներից։ Ստացվել են 41Ti (T1/2=0,09վ, β+), 43Ti (0,6վ, β+, 44Ti (48,2տարի), 45Ti (3,1ժ, β+), 51Ti (5,8ր, β) 52Ti (49ր, β) ռադիոակտիվ իզոտոպները։

Տ․ հայտնաբերել է անգլիացի հանքաբան Ու․ Գրեգորը (1790)։ 1795-ին գերմա– նացի քիմիկոս Մ․ Կլապրոտը այն հայտնաբերեց ռուտիլում և անվանեց Տ․ (հին հուն, դիցաբանության երկրաբնակներ՝ տիտանների նմանությամբ)։ Մետաղական Տ–ի ստացման մասին առաջին հաղորդումը պատկանում է Հ․ Յ․ Բերցելիուսին (1825)։ Ամերիկացի քիմիկոս Մ․ Հանտերը (1910) ստացավ մաքուր (99%) Տ․, որը պլաստիկ է միայն բարձր ջերմաստիճաններում։ Սենյակային ջերմաստիճաններում պլաստիկ Տ․ ստացվեց միայն 1925-ին, Տ–ի յոդիդի ջերմային քայքայմամբ (նիդերլանդացի քիմիկոսներ Ա․ վան Արկել և Հ․ դի Բուր)։ Տ․ կազմում է երկրակեղևի զանգվածի 0,57%-ը (տարածվածությամբ 9-րդ տարրն է)։ Հայտնի են Տ–ի 67 միներալները, որոնցից կարևոր են՝ ռուտիլը՝ TiO2, իլմենիտը՝ FeTiO3, պերովսկիտը՝ СаTiO3։ Տ․ երկրի վրա դանդաղ տեղաշարժվող տարր է։ Մշտապես առկա է բուս. և կենդան․ հյուսվածքներում․ բույսերում՝ 10-40/0, կենդանիների օրգանիզմում մինչև 2–20·10-30/0 ։ Մարդն օրական ընդունում է 0,85 մգ Տ․, որն արտազատվում է մեզի և կղկղանքի հետ։ Տ․ բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1668°С, եռմանը՝ 3330°С, խտությունը 4505 կգ/մ3 (α-ձև 20°С)։ 882,5°C-ից բարձր ջերմաստիճաններում կայուն է β ձևը (4320 կգ/մ3, 900°С), 0,38± 0,01 К և ցածր ջերմաստիճաններում գերհաղորդիչ է։ Մաքուր Տ․ կռելի է սովորական ջերմաստիճաններում։ Քիմիապես ակտիվ անցումային տարր է։ Միացություններում ցուցաբերում է +4, ավելի հազվադեպ՝ +3 և +2 օքսիդացման աստիճաններ։ Օքսիդի նուրբ շերտով պատվելու պատճառով կայուն է օդում (մինչև 500– 550°С), ծովաջրում, աղաթթվի, ծծմբական թթվի, ալկալիների նոսր, նաև քլորիդների լուծույթներում։ Ազոտական թթվում պասսիվանում է։ Լուծվում է ֆտորջրածնական թթվում, ալկալիների և գերօքսիդների հալույթներում։ Հեշտությամբ կլանում է H2, N2 և O2, առաջացնելով ներդրման պինդ լուծույթներ, նաև հիդրիդ՝ TiHx (x=0,5–2), նիտրիդ և օքսիդներ։ Տ․ այրվում է թթվածնում, փոշին՝ նաև հալոգեններում ու ազոտում։ Հայտնի են TiO, Ti2O3, TiO2 և այլ օքսիդները։ TiO2-ը և նրա հիդրատը՝ nTiO2·mH2O, ամֆոտեր են։ TiO2, նրա հիդրատը և տիտանատները լուծվում են ծծմբական թթվում, առաջացնելով տիտանիլսուլֆատ՝ TiOSO4 (տես նաև Տիտանի երկօքսիդ)։ Տ–ի նիտրիդը՝ TiNx (x=0,56– 1), կոռոզիակայուն, կարծր և դժվարահալ (~3000°C) նյութ է։ Տաքացնելիս Տ․ միանում է հալոգենների (100– 200°C), հալկոգենների, ֆոսֆորի, ածխածնի, բորի հետ։ Տ–ի սուլֆիդները կիսահաղորդիչներ են։ Հայտնի են Տ–ի կարբիդը՝ TiC (հալ․ 3140°C), սիլիցիդները՝ Ti5Si3, TiSi, և բորիդները՝ TiB, Ti2B5։ Գործնական նշանակություն ունեն նաև ֆտորտիտանատները՝ Na2TiF6, K2TiF6։ Տ․ միահալվում է բոլոր (բացառությամբ ալկալիական և հողալկալիական) մետաղների հետ։ Տ–ի ստացման հումքը տիտանի հանքանյութերն են։ Տ–ի համաշխարհային տարեկան արտադրությունը 1948-ին 2 տ էր, 1975-ին՝ 50 հզ․ տ, այժմ՝ 30 հզ․ տ/տարի (առանց ՍՍՀՄ–ի)։

Տ․ թեթև, ամուր և կոռոզիակայուն կառուցվածքային մետաղ է։ Հարաբերական ամրությամբ նրա համաձուլվածքները գերազանցում են երկաթի, նիկելի և այլ համաձուլվածքներին, իսկ կոռոզիակայունությամբ՝ մոտենում են ազնիվ մետաղներին։ Արտադրվող Տ–ի հիմնական մասն օգտագործվում է ինքնաթիռաշինության, հրթիռաշինության և նավաշինության մեջ։ Տեխ․ Տ․ օգտագործում են քիմ․ արդյունաբերության մեջ՝ սարքեր պատրաստելու, պողպատը լիգիրացնելու և տիտանապատելու, գեղարվեստական իրեր, հուշարձաններ, մաքուր տիտանը՝ վիրաբուժական գործիքներ պատրաստվելու համար և էլեկտրատեխնիկայում։ Տ․ համեմատաբար քիչ թունավոր տարր է։ Լ․ Գրիգորյան

«ՏԻՏԱՆ» («Titan»), հորանային խարսխումով երկաստիճան հեղուկային բալիստիկ հրթիռի և կրող հրթիռի ամերիկյան սերիաների անվանումը։ «Տ․-2» հրթիռը (ազոտի քառօքսիդ և անջուր հիդրազինի հետ ոչ սիմետրիկ դիմեթիլ հիդրազինի խառնուրդ) սպառազինման մեջ է 1962-ից․ թռիչքի հեռավորությունը 15000 կմ–ից ավելի է, ստարտային զանգվածը՝ 148 տ, երկարությունը՝ 31,4 մ, տրամագիծը՝ 3 մ, նշանառման համակարգը՝ իներցիալ։ «Տ․-2» կրող հրթիռն օգտագործվել է 1965–66-ին, «Ջեմինի» տիեզերանավերի արձակման համար։ «Աջենա», «Կենտավր» կամ «Տրանսթեյջ» լրացուցիչ 3-րդ աստիճանին և կախովի ստարտային, կարծր վառելիքով աշխատող, 3 մ տրամագծով հրթիռային շարժիչների հետ (կամ առանց դրանց) «Տ․-2» կրող հրթիռը ծառայում է ռազմ․, գիտ․, տնտեսակիրառական նշանակման՝ Երկրի արհեստական արբանյակների, ինչպես նաև ավտոմատ միջմոլորակային կայանների արձակման համար։

ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ, TiO2, տիտանի և թթվածնի միացություններից։ Ջրում չլուծվող, սպիտակ փոշի է (տաք Տ․ ե․ դեղին է)։ Հալվում է 1830–1850°C–ում։ Ամֆոտեր է, առաջացնում է պոլիմորֆ ձևափոխություններ՝ ռուտիլ, անատազ և բրուկիտ, որոնք հանդիպում են բնության մեջ։ Ստացվում է ռուտիլի քլորմամբ անջատված TiCl4-ի հետագա այրմամբ (1200-1700°C) Օ2-ի մթնոլորտում։ Օգտագործվում է բարձրորակ սպիտակ ներկ պատրաստելու համար, նաև որպես գունանյութ և լցանյութ ռետինի, պլաստմասսաների, թղթի, արհեստ, մանրաթելերի, կաշվի և մետալուրգ, արդյունաբերության մեջ։

ՏԻՏԱՆԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, տիտանի հիմքով համաձուլվածքներ, որոնք ստանում են տիտանի՝ հետևյալ տարրերով լեգիրման միջոցով, ալյումին, մոլիբդեն, վանադիում, մանգան, քրոմ, անագ, սիլիցիում, երկաթ ևն։ Տ․ հ․ բնութագրվում են բարձր ամրությամբ 250°Շ–ից մինչև 300–600°C ջերմաստիճանային տիրույթում, կոռոզիակայունությամբ, ոչ մեծ խտությամբ։ Այդ հատկությունների շնորհիվ Տ․ հ․ լայնորեն կիրառվում են ավիա- և հրթիռաշինության, էներգամեքենաշինության, նավաշինության, քիմ․ արդյունաբերության մեջ և այլուր։ Տիտանը և նրա համաձուլվածքները կարելի է ենթարկել կռման, ծավալային և թերթային դրոշմման, գլոցման, մամլման, քարշման։ Ջերմամշակումը պետք է կատարել չեզոք մթնոլորտում կամ վակուումում։ Արդ․ Տ․ հ–ի մեծ մասն ունեն բյուրեղացման նեղ տիրույթ, այդ իսկ պատճառով օժտված են ձուլման բավարար հատկություններով։ Արդ․ մշակման փուլում են գտնվում Ti– Ni բարձրլեգիրված համաձուլվածքները (այսպես կոչված, «Նիտինոլ»), որոնք որոշակի պայմաններում ունակ են պլաստիկ դեֆորմացիայի ենթարկվելուց հետո վերականգնել իրենց սկզբնական ձևը։ Այս հատկությունն օգտագործվում է ավտոմատ ռելեներում։ Տ․ հ–ի թերություններից են նրանց ցածր հակաշփական հատկությունները։