Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԻՏԱՆԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, տիտանի բնական միներալային առաջացումներ, որոնցից մետաղի կորզումը տնտեսապես շահավետ է։ Կարևոր միներալներն են՝ իլմենիտը (43,7–52,8% ТiO2), ռուտիլը, անատազը և բրուկիտը (94,2–99,0%), լեյկոքսենը (56,3–96,4%), լոպարիտը (38,3–41,0%), տիտանիտը (33,7– 40,8%)։ Տ․ հ–ի հանքավայրերը լինում են՝ մագմատիկ, էքսոգեն և մետամորֆոգեն։ Մագմատիկ հանքավայրերը կապված են գերհիմքային, հիմքային, ալկալային ապարների հետ և պարունակում են 7– 32% TiO2։ Խոշոր մագմատիկ հանքավայրեր հայտնի են ՍՍՀՄ–ում, Կանադայում, ԱՄՆ–ում։ Տ․ հ–ի էքսոգեն հանքավայրերի մեջ տարբերում են․ իլմենիտային և ռուտիլային՝ հողմահարման կեղևում (3–30% ТiO2), իլմենիտի էլյուվիալ–դելյուվիալ և ալյուվիալ ցրոններ(0,5-25%Ti02), իլմենիտի, ռուտիլի առափնյա–ծովային ցրոններ (0,5–35% ТiO2)։ Վերջիններս Տ․ հ–ի հիմնական արդ․ տիպն են։ Խոշոր ցրոններ կան ՍՍՀՄ–ում, Ավստրալիայում, Հնդկաստանում ։ Տ․ հ․, բացի Ti-ից, սովորաբար պարունակում են Fe, V, Zr, TR, Se։

ՏԻՏԱՆԻՏ, u ֆ ե ն, միներալ։ Քիմ․ կազմը՝ CaTiO[SiO4]: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է աղյուսաձև, սեպանման, սակավ՝ պրիզմայաձև, ասեղնաձև բյուրեղներ։ Գույնը՝ շագանակագույն, դեղին, սպիտակ, կանաչ։ Կարծրությունը՝ 5–6, խտությունը՝ 3300–3600 կգ/մ3։ Տ․ մագմատիկ ապարների լայնորեն տարածված միներալ է։

ՏԻՏԱՆՆԵՐ (հուն․ Τιτᾶνες), նախածին կամ առաջին սերնդի աստվածներ հին հուն. դիցաբանության մեջ։ Համարվել են Ուրանոսի (Երկինք) և Գեայի (Երկիր) զավակներն ու թոռները։ Երկյուղելով հսկա ուստրերից (Օվկեանոս, Կիոս, Կրիոս, Հիպերիոն, Հապետոս, Կռոնոս) ու դուստրերից (Տեթիս կամ Տեթիդա, Փեբե, Մնեմոսինե, Թեիա, Թեմիս կամ Թեմիդա, Հռեա), Ուրանոսը նրանց բանտարկել է Տարտարոսում։ Մոր և եղբայրների օգնությամբ Կռոնոսը տապալել է հորը և խլել նրա գահը։ Իսկ զավակներին խժռող Կռոնոսին տապալել է Զևսը, որի գլխավորությամբ նոր սերնդի կամ Օլիմպոսի աստվածները հաղթել են Տ–ին և նրանց նետել Տարտարոս։ Ըստ հետագա առասպելների, Տ․ հաշտվել են Օլիմպոսի աստվածների հետ և բնակվել երանության կղզիներում։ Այլաբանորեն Տ․ են անվանում բացառիկ տաղանդով օժտված, անարդարության ու չարիքի դեմ պայքարող մտածողներին։ Տիտան են կոչվում Սատուռն մոլորակի ամենամեծ արբանյակը, քիմ․ տարրերից մեկը։

ՏԻՏԻԿԱԿԱ (Titicaca), լիճ Կենտր․ Անդերում, Պերուի և Բոլիվիայի սահմաններում։ Խոշորը՝ Հվ․ Ամերիկայում, ամենախոշոր բարձրլեռնային լիճը՝ աշխարհում։ Գտնվում է 3812 մ բարձրության վրա։ Մակերեսը 8300 կմ2 է, խորությունը՝ մինչև 304 մ։ Ափերը կտրտված են, հս–արլ–ում և հվ–արմ–ում՝ զառիթափ։ Տ–ի մեջ են թափվում բազմաթիվ գետեր (ամենամեծը Ռամիսն է), արտահոսում է Դեսագուադերոն (թափվում է Պոոպո լիճը)։ Նավարկելի է, կա ձկնորսություն։ Նշանավոր քաղաքն ու նավահանգիստը Պունոն է (Պերու)։ Հվ–արլ․ ափին և կղզիների վրա կան հին հնդկացիների Տիաուանակո մշակույթի հուշարձաններ։

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ, անվանաթերթ, գրքի առաջին էջը (կամ էջերը), ուր տպվում են հեղինակի անուն–ազգանունը, գրքի խորագիրը, հրատարակչության անունը, վայրն ու տարեթիվը ևն։ Անհրաժեշտության դեպքում Տ․ կարող է ունենալ գիրքը հրատարակության պատրաստող հաստատության անվանում (վերնախորագիր), գրքի ենթախորագիր, բովանդակության բնորոշում (վեպ, նյութերի ժողովածու, դասագիրք, գիտավերլուծական տեսություն ևն), մատենաշարի անվանում, բազմահատոր հրատարակության դեպքում՝ հատորի հերթական համար ևն։ Երբեմն Տ–ի հակառակ երեսին տպվում են խմբագրի ազգանունը, խմբագրական մարմնի կազմը, գրքի ծանոթագրությունը գրադարանային ինդեքսը, հեղինակային իրավունքի պաշտպանության նշանը [Copyright ©)] ևն։ Բազմահատոր և սերիական հրատարակության դեպքում Տ․ հաճախ լինում է 2 կից էջերի վրա։ Ձախակողմյան էջը կամ «կոնտրտիտուլ»-ը տալիս է մատենաշարի ընդհանուր խորագիրը և համապատասխան տվյալներ, իսկ աջակողմյան էջը (այսպես կոչված հիմնական Տ․)՝ տվյալ հատորի խորագիրը։ Տ–ի ձախակողմյան էջին («կոնտրտիտուլ»-ին) երբեմն նույն տվյալները տըպվում են մի այլ լեզվով, իսկ թարգմանական երկի հրատարակության դեպքում՝ հրատարակչական նույն տվյալները՝ բնօրինակի լեզվով։ Տ–ի տվյալները ժամանակի ընթացքում հարստացել են՝ ելնելով մատենագիտության գիտ․ պահանջներից։ Ձեռագրագիտության մեջ Տ․ կոչվում է նաև սկզբնաթերթ։ Այն կարող է ունենալ զարդագիր, ճակատազարդ, կիսախորան, խորան կամ խորաններ, տերունական կամ թեմատիկ պատկերներ։ Ա․ Զեյթունյան

ՏԻՏՂՈՍԱՏ, գրքի տիտղոսաթերթից կամ առանձին մասերից (գլուխներից) առաջ դրվող թղթի թերթ։ Տիտղոսաթերթից առաջ դրվող Տ․ սովորաբար պարունակում է գրքի վերնագիրը, բնաբանը, երբեմն նաև հրատարակչության մակնիշը, իսկ գրքի առանձին մասերից կամ գլուխներից առաջ դրվող Տ․՝ տվյալ մասի անվանումը, պատկերազարդումը։ Հին գրքերում Տ․ ծառայում էր գլխավոր, գեղարվեստորեն ձևավորված տիտղոսաթերթը կեղտոտվելուց պահպանելու համար։

ՏԻՏՈ, Բ ր n զ Տ ի տ ո (Broz Tito) Իոսիպ (25․5․1892, Կումրովեց, Հորվաթիա –4․5․1980, Բելգրադ), հարավսլավական և միջազգային բանվորական շարժման գործիչ, ՀՍՖՀ պետ․ և քաղ․ գործիչ, մարշալ (1943), Հարավսլավիայի ժողովրդական կրկնակի հերոս (1944, 1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1910-ին մտել է Հորվաթիայի և Սլավոնիայի ս–դ․ կուսակցության մեջ, մասնակցել բանվ․ և արհմիութենական շարժմանը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հակապատերազմական պրոպագանդայի համար ձերբակալվել և ուղարկվել է ռազմաճակատ։ 1915-ին վիրավորվել, գերի է ընկել Ռուսաստանում ։ 1917-ին մասնակցել է ժամանակավոր կառավարության դեմ Պետրոգրադի հուլիսյան ցույցին, ձերբակալվել և աքսորվել է Ուրալ։ 1917-ի հոկտեմբերին Օմսկում մտել է Կարմիր գվարդիայի մեջ։ 1920-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք, մտել Հարավսլավիայի կոմկուսի (ՀԿԿ) մեջ, վարել անլեգալ կուսակցական աշխատանք, 1928-ի փետրվարից՝ ՀԿԿ Զագրեբի կոմիտեի քարտուղար։ Նույն թվականին ձերբակալվել և դատապարտվել է 5-ամյա բանտային տաժանակրության։ 1934-ին ազատվել է բանտից և շարունակել անլեգալ գործունեությունը, եղել է ՀԿԿ Հորվաթիայի երկրկոմի անդամ։ 1934-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ 1935–36-ին ապրել է Մոսկվայում, աշխատել՝ Կոմինտերնում, եղել ՀԿԿ պատվիրակության անդամ Կոմինտերնի VII կոնգրեսում (1935)։ 1936-ին գաղտնի վերադարձել է հայրենիք։ 1937-ի դեկտեմբերին գլխավորել է ՀԿԿ։ ՀԿԿ V կոնֆերանսում (1940-ի հոկտեմբեր) ընտրվել է ՀԿԿ ԿԿ գլխ․ քարտուղար։ Հարավսլավիայի ժողովրդաազատագրական պատերազմի ժամանակ (1941–45) եղել է Հարավսլավիայի ժողովրդաազատագրական բանակի և պարտիզանական ջոկատների գերագույն գլխ․ հրամանատար։ 1943-ի նոյեմբ․ 30-ին ընտրվել է Հարավսլավիայի ազատագրության ազգային կոմիտեի նախագահ։ 1945-ի մարտին նշանակվել է Դեմոկրատական Ֆեդերատիվ Հարավսլավիայի Մինիստրների խորհրդի նախագահ, պաշտպանության մինիստր և զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատար։ Տ․ 1945-ին ընտրվել է ժող․ ճակատի նախագահ (1953–54-ին՝ Հարավսլավիայի աշխատավոր ժողովրդի սոցիալիստ, միության նախագահ)։ 1945-ի նոյեմբերին գըլխավորել է ՀՖԺՀ–ի կառավարությունը, 1953–63-ին՝ ՀՖԺՀ Միութենական Գործադիր վեչան (կառավարությունը)։ ՀԿԿ VI համագումարում (1952) ընտրվել է կուսակցության գլխ․ քարտուղար (1966-ից՝ նախագահ)։ Հարավսլավիայի կոմունիստների միության (ՀԿՄ՝ ՀԿԿ–ի անվանումը 1952-ից) X համագումարում (1974) ընտրվել է ՀԿՄ նախագահ՝ առանց մանդատի ժամկետի սահմանափակման։ 1953-ից՝ երկրի պրեզիդենտ (1974-ից՝ ցմահ)։