Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Ջ․ Ցիբուլսկին Մացնկի դերում (կադր -«Մոխիր և ալմաստ> կինոնկարից, 1958)

առաջացնոմ են աղեր։ Կարևոր են Ց–ի եռամիդը՝ մելամինը և քլորանհիդրիդը՝ ցիանուրքլորիդ, որոնք օգտագործվում են մելամին–մրջնալդեհիդային խեժերի, սպիտակեցնող և ախտահանող միջոցների, ազոներկանյութերի արտադրության համար։

ՑԻԲՈՒԼՍԿԻ (Cybulski) Զբիգնև (1927–1967), լեհ կինոդերասան։ 1953-ին ավարտել է Կրակովի Պետ․ բարձրագույն թատերական դպրոցը։ Աշխատել է Գդանսկի, Վարշավայի թատրոններում։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1954-ին։ Ճանաչվել է Ա․ Վայդայի «Մոխիր և ալմաստ» (1958) և Ե․ Կավալերովիչի «Գնացք» (սովետական էկրանում` «Հանելուկային ուղևորը», 1959) ֆիլմերում։ Դերերից են` Ռիս («Քսան տարեկանների սերը»), Վիկտոր («Ինչպես լինել սիրելի», երկուսն էլ՝ 1962), կապիտան Զենտեկ («Հանցագործն ու աղջիկը», սովետական էկրանում՝ «Աղջիկը բանկից», 1963), Յանեկ («Հառա՜ջ», 1967)։

ՑԻԳԱՅԱՆ ՈՉԽԱՐ, կիսանրբագեղմ, բրդամսատու և մսաբրդատու ոչխարների ցեղ։ Բուծվել է հնագույն ժամանակներում (ծագումը ճշտված չէ)։ Ց․ ո–ներն արտաքնակազմով և բրդի որակով նման են մերինոսներին: Եվրոպա ներմուծվել են Փոքր Ասիայից (Ռուսաստան՝ XIX դ․ սկզբներին)։ Բրդամսատու տիպի խոյերի կենդանի զանգվածը 85–95, վաքիները՝ 45–50 կգ։ Բուրդը 48–56 որակի, երկ․ 8–10 սմ, խոյերի բրդատվությունը՝ 6,5–7,5, մաքիներինը՝ 3,5–4,5 կգ։ Լվացված բրդի ելքը 56–58% է։ Մսաբրդատու տիպի կենդանիներն ավելի խոշոր են։ Բուրդը 46–56 որակի, երկ․ 10–12 սմ, խոյերի բրդատվությունը 7,5–8,5, մաքիներինը՝ 4–4,5 կգ է։ Բուրդը տեխ․ մահուդի և տրիկոտաժե գործվածքների համար լավագույն հումք է։ Ց․ ո-ները վաղահաս են, լավ բտվում են և կլիմայավարժվում տարբեր պայմաններում։ Ցեղը բուծում են Բուլղարիայում, Հունգարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում, ՍՍՀՄ–ում։

Գրկ․ И в а н о в М․ Փ․, Полн․ собр․ соч․, т․ 4, М․, 1964․

ՑԻԳԼԵՐ (Ziegler) Կարլ Վալդեմար (1898–1973), գերմանացի քիմիկոս–օրգանիկ (ԳՖՀ)։ Ավարտել է Մարբուրգյան համալսարանը (1920), դասավանդել տեղում (1923–26)։ 1928–36-ին եղել է Հեյդելբերգյան համալսարանի պրոֆ․, 1936–1943-ին՝ Հալլի համալսարանին կից քիմ․ ինստ–ի, 1943–63-ին՝ Մյուլխայմի ածխի հետազոտության ինստ–ի դիրեկտոր, միաժամանակ (1947-ից) Ախենի բարձրագույն տեխն․ դպրոցի ամբիոնի վարիչ։ Հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են մետաղօրգ․ միացությունների սինթեզին, բուտադիենի, բարձրակարգ α-օլեֆինների, սպիրտների ևնի ստացմանը։ Բացահայտել է (1953) տիտանալյումինային կատալիզատորը («Ց–ի կատալիզատոր»)։ Զ․ Նատայի հետ մշակել է տարածական կարգավորված պոլիմերների սինթեզի մի շարք խառը կատալիզատորներ (Ց–ի–Նատայի կատալիզատորներ)։ Նոբելյան մրցանակ (1953, Զ․ Նատայի հետ)։

ՑԻԴԻՆԺԱՊՈՎ Գոմբոժապ Ցիդինժապովիչ (ծն․ 1905), բուրյաթ սովետական դերասան, ռեժիսոր, դրամատուրգ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Բուրյաթ, պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։ Տպագրվում է 1940-ից։ 1934-ին ավարտել է Մոսկվայի Թատերարվեստի պետ․ ինստ–ի ռեժիսորական ֆակ–ը։ 1934–48-ին՝ բուրյաթ, դրամատիկական թատրոնի (1938-ից՝ երաժշտադրամատիկական) գեղարվեստական ղեկավարը, 1948–60-ին՝ Խ․ Նամսարաևի անվ․ բուրյաթ. դրամայի և Բուրյաթ. օպերայի և բալետի թատրոնների (Ուլան Ուդե) գլխ․ ռեժիսորը։ Դերերից են՝ Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Շարլայ (Բալդանոյի և էդելի «էրժեն»)։ 1947-ին մարմնավորել է Վ․ Ի․ Լենինի կերպարը (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»)։ Բեմադրել է «Բաիր» երաժշտ․ դրաման (երաժշտ․՝ Պ․ Բեռլինսկու, լիբրետոն՝ Ց–ի և Ա․ Շադաևի, 1938), Բալդանոյի «Շատերից մեկը» (1937), Ց–ի «Սնայպեր» (1943) պիեսները, Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (1943), Կնիպպերի «Բայկալի վրա» (1948), Զերժինսկու «խաղաղ Դոն» (1953) օպերաները ևն։ ՌՍՖՍՀ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1949)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով;

ՑԻԿԼՈԹԻՄԻԱ (< հուն, κύκλος - շրջան և θυμός – մոլեգնություն), մանիակալ-դեպրեսիվ պսիխոզի թեթև ձևը։ Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, ինչպես նաև անձի կոնստիտուցիոնալ առանձնահատկությունը (պիկնիկ և ցիկլոիդ խառնվածք)։ Հիվանդությունն ընթանում է պարբերաբար կրկնվող և ոչ լրիվ արտահայտված մանիակալ (հիպոմանիակալ) և դեպրեսիվ (սուբդեպրեսիվ) փուլերով։ Միջփուլային լուսավոր շրջաններում հիվանդների աշխատունակությունը լրիվ պահպանվում Է։ Ց–ի կլինիկական պատկերը բնորոշվում է երեք հիմնական ախտանշաններով՝ տրամադրության բարձրացում կամ անկում, մտածողության արագացում կամ դանդաղեցում և հոգեշարժական գրգռվածություն կամ արգելակում։ Բնորոշ է քնի խանգարումը և ֆիզիկ, հյուծվածությունը։ Հիպոմանիակալ փուլը բնորոշվում է հուզավառության հասնող տրամադրության թեթև բարձրացմամբ, հոգեշարժական աշխուժությամբ։ Հիվանդներն անհոգ են, լավատես ու եռանդուն, շատախոսում են, ձգտում են ամեն ինչ անել, սակայն ոչինչ մինչև վերջ չեն հասցնում։ Հակումները (սննդի, սեռային ևն) ուժեղացած են։ Երբեմն արտահայտում են անձի գերագնահատման մտքեր։ Սուբդեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության թեթևակի անկմամբ ու թորշոմածությամբ։ Հիվանդներն արգելակվում են, խոսում են դանդաղ, ցածրաձայն։ Ակտիվությունն իջած է, աշխատունակությունը՝ ընկած։

Բ ու ժ ու մ ը․ հիմնականում ախտանշանային է, կախված հերթական փուլի կլինիկական արտահայտությունից (հանգստացնող կամ հակադեպրեսիվ դեղամիջոցներ)։ Վ․ Հովհաննիսյան

ՑԻԿԼՈՒԴ (< հուն․ κυκλοειδής – շրջանաձև, < κύκλος; – շրջան, εζδος– ձև, կերպ), հարթ կոր, որը գծում է r շառավղով շրջանին կենտրոնից а հեռավորության վրա անշարժ ամրացված р կետը, երբ շրջանն առանց սահելու գլորվում է ուղղի վրայով։ Ց–ի պարամետրական հավասարումն է՝

որտեղ t-ն շրջանի պտտման անկյունն Է։ a=r դեպքում Ց․ կոչվում է սովորական (նկ․, ա), а<r դեպքում՝ կ ր ճ ա տ վ ա ծ (նկ․, բ), a>r դեպքում՝ ե ր կ ա ր ա ց վ ա ծ (նկ․, գ)։ Վերջին երկու դեպքում Ց․ կոչվում է նաև տ ր ո խ ո ի դ (< հուն․ τροχός – անիվ, օղակ)։ Տես նաև Հիպոցիկլոիդներ և էպիցիկլոիդներ։

ՑԻԿԼՈՆ (հուն, κυκλῶν – պտտվող), մթնոլորտային խոտորում՝ օդի պտտահողմային շարժումով, և կենտրոնում մթնոլորտային ճնշման ցածր արժեքով։ Տարածման տրամագիծը հասնում է մինչև 2–3 հզ․ կմ–ի։ Փակ իզոբարները սովորաբար ունենում են անկանոն, բայց օվալին մոտ ձև և սահմանափակում են ցածր ճնշման շրջանները (բարիկական դեպրեսիաները)։ Մթնոլորտային ճնշման նվազագույն արժեք դիտվում է Ց–ի կենտրոնական մասում և տատանվում 960-ից մինչև 1000–1010 մբ, առանձին դեպքերում՝ նվազում մինչև 930–920 մբ։ Երկրագնդի թեքող (Կորիոլիսի) ուժի և շփման ուժի ազդեցության շնորհիվ Հս․ կիսագնդում քամին մթնոլորտի երկրամերձ շերտում շրջանցում է Ց–ի կենտրոնը ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և իզոբարների հետ կազմում է մոտավորապես 30°-ի անկյուն։ Օդի այդպիսի շրջանառությունը Ց–ի կենտրոնական մասում առաջացնում է վերընթաց հոսանք, որը նպաստում է ամպամածության ավելացմանը և տեղումների առաջացմանը։ Արտաարևադարձային լայնություններում մթնոլորտային տեղումների հիմնական մասը կապված է ցիկլոնային գործունեության հետ։ Պտտահողմային շարժման հետևանքով տարբեր աշխարհագրական լայնություններից Ց–ի շրջան են թափանցում տարբեր ջերմաստիճաններով օդային զանգվածներ և պայմանավորում օդի ջերմաստիճանի