Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«անդրշիրիմյան աշխարհ» ուղեկցողը։ Տ–ին նվիրված գլխավոր տաճարը կոչվել է Երազամույն (Արտաշատ մայրաքաղաքի մերձակայքում, 301-ին կործանել է Գրիգոր Լուսավորիչը), տոնահանդեսը՝ Տիրական։ Հայոց հին տոմարի 4-րդ ամիսը Տ–ի անունով կոչվել է Տրե կամ Տրի, ծիածանը՝ Տիրական կամ Տրական գոտի։ Նրա անունով են կոչվել Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիճ գյուղերը, ինչպես նաև մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տիրիբազ, Տիրոց, Տրդատ են)։ Հելլենիստական դարաշրջանում հայերը Տ–ին են նույնացրել Ապոլլոնին և Հերմեսին։

Գրկ․ Ս ա ր գ ի ս յ ա ն Բ․, Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքն, Վնտ․, 1890, էջ 149-152։ Ալիշան Ղ., Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։

ՏԻՐԱԶՈՒՐԿ ԳՈՒՅՔ, քաղաքացիական իրավունքում գույք, որը սեփականատեր չունի, կամ որի սեփականատերն անհայտ է։ Տ․ գ․ դատարանի որոշմամբ վեր է ածվում պետ․ սեփականության, այդ մասին ֆինանս. մարմինների՝ դատարան դիմելու օրվանից մեկ տարի անցնելուց հետո։ Կոլտնտեսային ծխին պատկանած Տ․ գ․ անցնում է կոլտնտեսությանը (տես ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 145)։ Տ․ գ․ տարբերվում է անժառանգ գույքից:

ՏԻՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏ [աշխարհական անունը՝ Տ ե ր-Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն–Մ ե լ ի ք–Մ ու շ կ ա մ բ ա ր յ ա ն Տ ի գ ր ա ն, 21․4․1867, գ․ Նորշեն (այժմ՝ ԼՂԻՄ Մարտունու շրջանում)–29․3․1956, Նյու Յորք]. հայ բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, հոգևոր գործիչ։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դասախոսություններ է լսել Պետերբուրգի համասալրանի իրավաբանական ֆակ–ում, տեղի հոգևոր ակադեմիայում, կայսերական հնագիտ․ ինստ–ում։ Ավարտել է Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակ-ը (1910)։ 1890-ից՝ էջմիածնի միաբանության անդամ։ 1916-ին ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, 1917-ին՝ եպիսկոպոս։ Եղել է Մոսկվայի և Պետերբուրգի հայկ․ եկեղեցիների տեսուչ (1895-ից), էջմիածնի Մայր աթոռի դիվանապետ (1915–21), Հս․ Ամերիկայի հայոց առաջնորդ (1921–28), «Արարատ» ամսագրի խմբագիր (1916–18) ևն։ Տ․ Վ․ ուսումնասիրել է Արմ․ Եվրոպայի գրադարաններում պահվող հայկ․ միջնադարյան ձեռագրերը, պատրաստել մի քանիսի վերլուծական ցուցակները («Ցուցակ հայ ձեռագիրների Օքսֆորդի Բոդլեյան գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Մանչեստրի Ջ․ Ռայնոլդս գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Բրյուսելի արքայական գրատան»), որոնք, թեպետ անտիպ, որոշակի նպաստ են բերել հայագիտությանը և օգտագործվում են առ այսօր (պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում)։ Տ Վ․ հայտնաբերել է Ֆրիկի ստեղծագործությունները և հրատարակության պատրաստել դրանց գիտաքննական բնագրերը՝ ընդարձակ ուսումնասիրությամբ ու հավելվածներով։ Երկն արժանացել էր ռուս, ակադեմիայի մրցանակին, բայց առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) պատճառով չհրատարակվեց, լույս տեսավ միայն 1952-ին, Նյու Յորքում, «Ֆրիկ․ Դիվան» խորագրով։ Մինչ այդ նույն ժողովածուի բնագրերի սևագիր տարբերակն օգտագործվել էր «Ֆրիկ․ Բանաստեղծություններ» (1941, կազմ․ Մ․ Մկրյան և է․ Թորոսյան) գրքում։ Գիտնականը հայագիտական հոդվածներով և մատենագիտական հուշարձանների հրապարակումներով հանդես է եկել «Արարատ» (Մանվել Կյումուշխանեցի, «Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց․․․ պատմաբանիս»․ 1915–17 թթ․ համարներում), «Խրիստիանսկի Վոստոկ» («Христианский Восток»), «Ողբ Անի քաղաքի», 1914) և այլ պարբերականներում։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ա․ Կոնան Դոյլի «Բանակն ինչպես ազատեցի» (1904), Զ․ Բայրոնի «Մանֆրեդ» (1913) և այլ գործեր։ Տ․ Վ․ թողել է բազմաթիվ անտիպ աշխատություններ («Ուղղումներ Րաֆֆիի «Խամսայի մելիքություններ» գրքի», «Հռոմեական պատմությունն աղբյուր յուր մշակույթի», 4 հ․ ևն), թարգմանություններ (Ջ․ Բայրոնի «Կայեն»-ը և «Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը», Հ․ Իբսենի «Վայրի բադը», Վ․ Հյուգոյի «Դարերի զրույցը» ևն), բառարան («Գավառականի բառարան»), որոնց բնագրերի մի մասը պահվում է Ե․ Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարանում։ Պ․ Հակոբյան

ՏԻՐԱՆ (ծն․ թ․ անհտ․ – մոտ 358), Հայոց թագավոր 338–350-ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Բ Կոտակին, քաղ․ անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338-ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II-ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տ․ Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիոնում։ Գահին վերահաստատվել է 339-ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տ․ ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տ–ի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ (պահպանելով Հռոմի հետ դաշինքը, կապեր է հաստատել նաև Պարսկաստանի հետ)։ Վարել է պետ․ իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Տ–ի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղ․ կացությունը բարդացել է` կապված նոր պարսկա-հռոմ․ հակամարտությունների հետ։ 345-ի պարսկա-հռոմ․ պատերազմի ժամանակ Տ․ դաշնակցել է հռոմեացիներին։ 350-ին, օգտվելով Հռոմ․ կայսրության արմ–ում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տ–ին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմ․ ուժերը հաղթել են պարսկ․ բանակին (տես Ոսխայի ճակատամարտ 350) և Շապուհ II-ին հարկադրել գերությունից ազատել Տ–ին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետ․ գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ-ն։ Չըմբռնելով Տ–ի գործունեության առաջադիմական և դրական կողմերը՝ եկեղեցու ջատագով հայ հին մատենագիրները նրան բնութագրել են բացասական գծերով։

Գրկ․ Փ ա վ ս տ ո ս Բ յ ու զ ա ն դ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մ ո վ ս ե ս Խ ո ր ե ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ա ս տ ու ր յ ա ն Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Մ ա ն ա ն դ յ ա ն Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Պ․ Հովհաննիսյան

ՏԻՐԱՆ ՀԱՅԿԱԶՆ, Տ ի ր ա ն ի ո ն (Τυραννίων, Tyrannio) (ծն․ և մահ․ թթ․ անհտ), մ. թ. ա. I դ․ հայ քերական և հռետոր։ Ծնվել է Ամիսոս (այժմ` Սամսուն) քաղաքում, որտեղ հայտնի էր որպես «այր բազմահմուտ»։ Ըստ Պլուտարքոսի, Լուկուլլոսը Տ․ Հ–ին Ամիսոսից գերեվարել է Հռոմ, որտեղ նա հռչակվել է հուն. քերականության և հռետորական արվեստի բնագավառներում դրսևորած խորիմացությամբ։ Ստրաբոնի վկայությամբ, Սուլլան Աթենքից Հռոմ է փոխադրել մի մեծ գրադարան, որը «ընկել է Արիստոտելի երկրպագու Տիրանիոնի» ձեռքը։ Կարևոր դեր է խաղացել Արիստոտելի և Թեոֆրաստի երկերը կորստից փրկելու, կարգավորելու գործում․ Անդրոնիկոս Հռոդոսացին, նրանից ստանալով Արիստոտելի և Թեոֆրաստի երկերի պատճենները, հրատարակել է դրանք։ Տ․ Հ․ Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ․ հատոր գիրք)։ Կիկերոնի խնդրանքով կարգավորել է նրա հարուստ գրադարանը, նրա տանը բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն և ճարտասանություն։ Տ․ Հ–ի դասախոսությունները ունկնդրել է նաև Ստրաբոնը։

Գրկ․ Պ լ ու տ ա ր ք ո ս, Զուգակշիռք, հ․ 3, Վնտ․, 1833, էջ 422–23, 551–52։ Խ ր լ ո պ յ ա ն Գ․ Տ․, Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն․ Ե․, 1978, էջ 34–35։ Ц и ц е р о н, Письма, т․ 1, М․–JI․, 1949, с․ 221, 237, 302, т․ 3, М․-Л․, 1951, с․ 45-46; С т р а б о н, География, М․, 1964, с․ 5014, 571; А р е в ш а т я н С․ С․, Формирование философской науки в Древней Армении (V-VI вв․), Е․, 1973․

ՏԻՐԱՆԱ (Tirana), Ալբանիայի ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը, երկրի քաղ․, տնտ․ և մշակութային կենտրոնը։ Գտնվում է միջլեռնային հովտում, Ադրիատիկ ծովի ափից 40 կմ հեռու։ Առանձին վարչական միավոր է։ Տարածությունը 30 կմ2 է, բն․՝ ավելի քան 210 հզ․ (1984)։ Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան։ Հունվարի միջին ջերմաստիճանը 4–5°C է, հուլիսինը՝ 24°C։ Աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է XV դ․, որպես փոքր բնակավայր։ Քաղաքը հիմնադրվել է XVII դ․։ 1920-ի հունվարին Տ․ հռչակվել է Ալբանիայի մայրաքաղաք և կառավարության նստավայր։ 1920-ական թթ․ Տ–ում առաջացել են առաջին արհմիությունները։ 1939-ի ապրիլից 1943-ի սեպտեմբերը Տ․ օկուպացրել է ֆաշիստ․ Իտալիան, 1943-ի սեպտեմբերից՝ ֆաշիստ․ Գերմանիան։ Տ. կենտրոններից էր։ 1941-ի նոյեմբերին Տ–ում ստեղծվել