տարբերում են՝ ըստ ծագման (ալյուվիալ, էլյուվիալ, դելյուվիալ), օգտակար հանածոյի տեսակով, ըստ երկրբ․ հասակի (ժամանակակից, միջին և հին չորրորդական), համեմատական հնությամբ և ոելիեֆի նկատմամբ ունեցած հարաբերությամբ (ժամանակակից, թաղված), ըստ ամրացման և հողմահարման աստիճանի (փխրուն, ցեմենտացված), տեղադիրքով (հունային, դարավանդային), ըստ մշակման եղանակի (դրագային, էքսկավատորային)։
ՑՐՈՆՔ, Ց ր ո ն, Զ ր ո ն ք, գյուղ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մշո դաշտում, Մուշից մոտ 15 կմ հս–արլ․։ Մովսես Խորենացու բերած ժող․ ավանդության համաձայն, Նոյի թոռ Տարբանը՝ իր 30 որդիներով, 15 դուստրերով ու նրանց ամուսիններով հանդերձ, նախ բնակվել է Արածանու հովտում, որն իբր Տարբանի անունով այնուհետև կոչվել է Տարոն գավառ, իսկ նրա զավակների ցրման (բաժանման) բնակավայրը՝ Ց․։ Ց․ բազմիցս ավերվել և վերաշինվել է։ Նոր ժամանակներում այն մտել է Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի մեջ։ 1880-ին ուներ 300 տուն, 1890-ին՝ 320 տուն, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ մոտ 3000 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, մասամբ՝ առևտրով։ Գյուղն ուներ 2 եկեղեցի, 1861-ին բացված դպրոց։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան
ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶ, նյարդային համակարգի քրոնիկական, առաջընթաց և ընդմիջումներով (ռեմիսիա) ընթացող հիվանդություն, որի հիմքում ընկած է նյարդային համակարգի հաղորդչական ուղիների միելինազրկումը (նյարդային գլանառանցքները պատող միելինային ճարպանման նյութի քայքայումը), գլխուղեղի ու ողնուղեղի սպիտակ նյութում կարծրացման վահանիկների առաջացամը։ Առաջացման պատճառը վերջնականապես պարզված չէ։ Առավել ընդունված է վարակական–ալերգիական տեսությունը, չի ժխտվում նաև վիրուսայինը։ Հիվանդությունը հիմնականում նկատվում է հս․ երկրներում։ Հիվանդանում են հիմնականում 20–40 տարեկանում։
Կլինիկական ընթացքը բազմազան է․ լինում է ծայրանդամների լուծանք, կիսալուծանք, երերուն քայլվածք (ատաքսիա), վանկավորված խոսակցություն։ Այս շրջանում օբյեկտիվ հետազոտմամբ հայտնաբերվում են ակնախաղ (նիստագմ), ուղեղիկային ախտանշաններ, զգացողության և կոնքի օրգանների ֆունկցիաների թեթևակի խանգարումներ, որովայնային ռեֆլեքսների իջեցում կամ բացակայություն, տեսողական նյարդի պտկիկի երկքունքային գունատություն և գլխուղեղային մի շարք նյարդերի ախտահարում։ Անկախ բուժումից, Ց․ ս–ին հատուկ են լուսավոր շրջանները՝ ռեմիսիաները (հիվանդության ախտանշանների ետզարգացում, որը կարող է տևել ամիսներ և տարիներ)։
Բ ու ժ ու մ ը․ անտիբիոտիկներ, կորտիզոն, պրեդնիզոլոն, ադրենոկորտիկոտրոպ հորմոններ, վիտամիններ, ֆիզիոթերապևտիկ միջոցներ, ուրցագեղձի հեռացում։ Գ․ Միրզոյան
ՑՐՎԱԾ ՏԱՐՐԵՐ, քիմ․ տարրեր, որոնց արտադրական նշանակություն ունեցող սեփական միներալները կամ հանքային հանածոները հայտնի չեն։ Նրանք հանդիպում են գլխավորապես այլ միներալներում և օգտակար հանածոներում (քարածուխ, աղեր, ֆոսֆորիդներ ևն) խառնուրդների ձևով։ Ց․ տ․ բազմաթիվ միներալներում պարունակվում են որպես իզոմորֆային խառնուրդներ, այլ դեպքերում առաջացնում են խառնուրդային միկրոմիներալներ։ Հանածոյի մակերևույթին կլանված միացություններ են։ Ց․ տ–ի շարքին են դասվում ռուբիդիումը, կադմիումը, ցեզիումը, սկանդիումը, գալիումը, ինդիումը, թալիումը, գերմանիումը, հաֆնիումը, վանադիումը, սելենը, տելուրը, ռենիումը, երբեմն նաև լանթանոիդները և այլ տարրեր։ Ց․ տ․ (բացառությամբ Cd-ի) դասվում են հազվագյուտ մետաղների շարքին, թեև նրանցից ոմանց (Rb, V, Ga, Sc) պարունակությունը երկրակեղևում համեմատաբար մեծ է։ Արդյունաբերության մեջ Ց․ տ․ ստանում են հանածոյում պարունակվող հիմնական տարրերի կորզմանը զուգընթաց, որպես կողմնակի նյութեր։ Առավել շատ արտադրվող Ց․ տ․ են վանադիումը և կադմիումը, սելենի, գերմանիումի, գալիումի, ռենիումի արտադրությունը վերջին տարիներին զգալիորեն աճել է։
ՑՐՏԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ, 0օ–ից ցածր ջերմաստիճաններին բույսերի դիմանալու ունակությունը։ Տարբեր տեսակներին պատկանող բույսերն օժտված են տարբեր աստիճանի Ց–յամբ, որը նրանց ժառանգական հատկությունն է։ Ց․ ավելի լայն հասկացություն է, քան ցրտակայունությունը՝ ցածր դրական ջերմաստիճաններին (+2°, +8°C) դիմանալու կարողությունը։
Ց–յան զարգացման հիմնական պայմաններն են՝ աճման պրոցեսների դանդաղումը և կոփման երկու փուլերի հաջորդական անցումը։
Միամյա աշնանացան բույսերը կոփման (տես Բույսերի կոփում) առաջին փուլն անցնում են օդի +6–0°C ջերմաստիճանի պայմաններում, լույսի առկայությամբ, որի ընթացքում, ֆոտոսինթեզի պրոցեսի հետևանքով, տեղի է ունենում պաշտպանական նյութերի (շաքարների) կուտակումը։ Բազմամյա բույսերի համար, մինչև կոփման փուլերին անցնելը և աճման պրոցեսների դադարելը, անհրաժեշտ է, որ բողբոջներն ու կամբիումն անցնեն հանգստի շրջան։ Նշված բույսերը կոփման առաջին փուլն անցնում են +3–ից մինչև –2°C ջերմաստիճանի պայմաններում, որին բնորոշ է շաքարների կուտակումն ի հաշիվ բազմաշաքարների հիդրոլիզի։ Բոլոր բույսերի կոփման առաջին փուլում տեղի են ունենում միջբջջային էական փոփոխություններ, որոնց հետևանքով բջջի պարունակությունը զոլի վիճակից անցնում է գելի (դոնդողացում)։ Պրոտոպլաստի դոնդողացումը բարձրացնում է բույսի դիմադրողականությունը չափավոր ցրտերի և մեխանիկական ձևափոխությունների նկատմամբ։
Բարձր Ց․ զարգանում է բույսի կոփման երկրորդ փուլում, որն ընթանում է միայն բացասական ջերմաստիճանների պայմաններում (–3°C–ից մինչև – 15°C և ավելի ցածր, նայած բույսի տեսակին)։ Այս պրոցեսում բջիջներից ջրի զգալի մասը դուրս է գալիս և սառչում միջբջջային տարածություններում։ Բջջում մնում է դժվար սառչող ջուրը, որը սակայն կրիտիկական ջերմաստիճանների երկարատև ազդեցության դեպքում սառցակալում է, և բջիջը մահանում է։ Կոփումը պաշտպանում է բույսերին ներբջջային սառույցի գոյացումից , բարձրացնում պրոտոպլաստի դիմադրողականությունը բջիջների ջրազրկման և միջբջջային սառույցի մեխանիկական ճնշման համատեղ ազդեցության նկատմամբ։ Առավելագույն Ց․ ապահովվում է այն դեպքում, երբ բույսը զարգացման և կոփման փուլերն անցնում է աստիճանաբար և տվյալ տեսակի համար օպտիմալ պայմաններում։ ժամանակակից գիտությունը բացահայտել է Ց–յան գենետիկական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական էությունը, մշակել որոշ միջոցառումներ միամյա և բազմամյա բույսերի Ց․ բարձրացնելու համար։ Կարևոր նշանակություն ունի նպատակային սելեկցիան, որի միջոցով ստեղծված են տարբեր կուլտուրաների համեմատաբար ցրտադիմացկուն սորտեր։
Գրկ․ Погосян К․ С․, Физиологические особенности морозоустойчивости виноградного растения, Е․, 1975; Туманов И․ И․, Физиология закаливания и морозостойкости растений, М․, 1979․ Կ․ Պողոսյան
ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ բ ու յ ս ե ր ի (ուշ գարնանային, վաղ աշնանային), երեկոյան և գիշերվա Ժամերին ջերմաստիճանի նվազումը 0օC–ից ցածր ցերեկվա դրական ջերմաստիճանի դեպքում, վեգետացիայի ժամանակաշրջանում։ Ց․ լինում է․ ա դ վ ե կ տ ի վ՝ առաջանում է օդի սառը զանգվածների ներխուժման հետևանքով, ճ ա ռ ա գ ա յ թ ու մ ա յ ի ն Ց․՝ հողի մակերևույթի և բուսածածկի գիշերվա ճառագայթումային սառեցումով, և խառը՝ օդի սառը զանգվածի նախնական ադվեկցիայից և դրան հաջորդող գիշերվա ճառագայթումից, որը սառեցնում է հողը, ապա և օդը մինչև բացասական ջերմաստիճաններ։ Սովորաբար ՍՍՀՄ միջին գոտում Ց․ արձանագրվում է գարնանը և աշնանը։ ՀՍՍՀ–ում, հատկապես Արարատյան դաշտում, Ց–ների 85–95 %-ը ունեն խառը ծագում և դրանց դեմ պայքարելն ավելի հեշտ է (ադվեկտիվ Ց–յան դեմ պայքարել համարյա անհնար է)։ Ց–յան աստիճանը կախված է ռելիեֆի ձևից, բույսերի զարգացման փուլից և ցրտադիմացկունությունից։ Գիշերը օդը սառչելով թեքությունների վրայով սահում կուտակվում է հարթավայրերում, ափսեաձև վայրերում, որտեղ և մեծանում է Ց–յան վտանգը։ Ց–ից ավելի շատ տուժում են այն գոգավորությունների բույսերը, որտեղ հատակը խոնավանում է գրունտային