Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1480-ական թթ․, Պիեվե դի Կադորե, Վենետիկ –27․8․1576, Վենետիկ), իտալացի գեղանկարիչ։ Բարձր և Ուշ Վերածննդի դարաշրջանի Վենետիկի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ։ Սովորել է Ջովաննի Բելլինիի արվեստանոցում, ուր մտերմացել է Ջորջոնեի հետ։ Մոտ 1508-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմ․ իջևանատան որմնանկարները։ Հիմնականում աշխատել է Վենետիկում, ինչպես և Պադուայում (1506), Ֆեռարայում (1516 և 1523), Մանտուայում (1536– 1537), Ուրբինոյում (1542–44), Հռոմում (1545–46) և Աուգսբուրգում (1548 և 1550–51)։ Կապված լինելով Վենետիկի մշակութային բարձր շրջանակների հետ՝ Տ․ իր ստեղծագործություններում մարմնավորել է Վերածննդի հումանիստ, իդեալները։ Նրա կենսահաստատ արվեստը աչքի է ընկնում բազմակողմանիությամբ, կյանքի երևույթների լայն ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թթ․ սկզբի վաղ շրջանի աշխատանքներում («Քրիստոսը և Մագդաղենացին», Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն) հոգեհարազատություն կա Ջորջոնեի արվեստի հետ, որի անավարտ գործերը այս շրշանում ավարտին է հասցրել Տ․։ 1510-ական թթ․ կեսին, ուսումնասիրելով Ռաֆայելի և Միքելանջելոյի գործերը, Տ․ մշակել է իր ուրույն ոճը։ Նրա այս շրջանի կերպարները հանգիստ են ու խաղաղ, կենսալի, նկարների կոլորիտը կազմված է խոր, մաքուր գույների ներդաշնակումով («Երկրային և երկնային սեր», մոտ 1515–16, Բորգեզե պատկերասրահ, Հռոմ, «Ֆլորա», մոտ 1515, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա)։ Դիմանկարներին բնորոշ են կոմպոզիցիայի զուսպ հանգստությունը, նուրբ հոգեբանականությունը («Ձեռնոցով պատանին», մոտ 1520, Լուվր, Փարիզ)։ 1510-ական թթ․ վերջին –30-ական թթ․ Տ–ի ստեղծագործությունը նոր շրջան է թևակոխել, որը շատ բանով պայմանավորված էր Վենետիկի հասարակական կյանքի վերելքով։ Նկարիչն առավելապես կերտել է պաթոսով և դինամիկայով օժտված մոնումենտալ հորինվածքներ («Մարիամի համբարձվելը», մոտ 1516– 1518, Սանտա Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի եկեղեցի, Վենետիկ), կենսական ուժերով տոգորված կերպարներ, սլացիկ շարժումով կոմպոզիցիաներ, օգտվել կապույտ և կարմիր գունաբծերի լարված հակադրություններից («Բաքոսը և Արիադնան», 1523, Ազգ․ պատկերասրահ, Լոնդոն)։ Կրոն. և դիցաբան. թեմաներով նկար ստեղծելիս Տ․ հաճախ ներմուծել է ճարտ․ ֆոն և կենցաղային մանրամասեր («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526, Սանտա Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի եկեղեցի, Վենետիկ)։ 1530-ական թթ․ վերջին 1540-ական թթ․ Տ–ի դիմանկարչ․ արվեստի ծաղկման շրջանն է։ Զարմանալի խորաթափանցությամբ նա ստեղծել է ժամանակակիցների կերպարներ, ընդգծել նրանց բնավորության տարբեր գծերը՝ ինքնավստահություն, հպարտություն, արժանապատվություն, կասկածամտություն, երեսպաշտություն ևն։ Ցուրաքանչյուր կերպարի համար գտել է կոմպոզիցիոն հնարամիտ լուծում, դեմքի արտահայտություն, շարժում, գունային յուրօրինակ լուծում։ Լավագույն դիմանկարներից են՝ «Հիպպոլիտո Մեդիչի» (1532–33), «Պիետրո Արետինո» (1545, երկուսն էլ՝ Պալատին պատկերասրահ, Ֆլորենցիա), «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ» (1545–46, Կապոդիմոնտե ազգ․ թանգարան և պատկերասրահ, Նեապոլ) ևն։ XVI դ․ կեսից սկսվել է Տ–ի ստեղծագործության ուշ շրջանը։ Այդ տարիներին նա հասել է ոչ միայն վիրտուոզ գեղանկարչականության, այլև դիցաբան, և կրոն, թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Կյանքի վերջին տասնամյակներին, աշխատելով երկրում տիրող քաղ․ ճգնաժամի պայմաններում, Տ․ իր մեջ ուժ է գտել հակադրվելու կղերականության աճող ճնշմանը, պաշտպանել Վերածննդի հումանիստ, իդեալները։ Ուշ շրջանի գործերում դրսևորված դրամատիկ, շեշտերը ժամանակակից իրականության սուր բախումների արձագանքներն են։ Մարդու մարմնի և իրականության լիարյունությունն ու գեղեցկությունը դարձել են շատ գործերի առանցքային թեման («Դանայա», մոտ 1554, Պրադո, Մադրիդ և էրմիտաժ, Լենինգրադ, «Վեներան հայելու առջև», 1550-ական թթ․, Արվեստի ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559, Գարդներ թանգարան, Բոստոն)։ Ուշ շրջանի կրոն, թեմաներով նկարների կերպարներին բնորոշ են բնավորության ամբողջականությունը, ստոիկյան տոկունությունը, կյանքի հանդեպ աներեր հավատը («Ս․ Հիերոնիմոս», մոտ 1552, Լուվր, Փարիզ, «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ․, «Ս․ Սեբաստիանոս», երկուսն էլ՝ էրմիտաժ, Լենինգրադ)։ Տ–ի այդ շրջանի գործերն աչքի են զարնում գունային նուրբ ելևէջումներով, կիսատոների հարստությամբ, ազատ կերպավորմամբ։ Ե′վ կոմպոզիցիան, և′ մարմնաձևը, և′ լույսը կառուցվում են գունաբծերի ծեփվածքով։ Կյանքի վերջին տարիներին Տ․ մշակել է գեղանկարչության նոր տեխնիկա, կտավի վրա ներկերը տեղադրել է և′ վրձինով, և′ մածկաթիակով, և՝ մատներով։ Տ–ի նկարելու ազատ եղանակը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային գեղանկարչության հետագա զարգացման վրա։ Նրա աշխատանքները մանրակրկիտ ուսումնասիրել են տարբեր երկրների և դարաշրջանների նկարիչները (Վերոնեզե, Տինտորետտո, էլ Գրեկո, Ն․ Պուսսեն, Պ․ Պ․ Ռուբենս, Դ․ Վելասկեզ, Ռեմբրանդ, է․ Դելակրուա, է․ Մանե, Վ․ Ի․ Սուրիկով և ուրիշներ)։ Տ․ ստեղծել է երփնագրայնությամբ բնորոշվող բազմաթիվ գծանկարներ։ Պատկերազարդումը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում։

Գրկ. Г у р в и ч Н․ А․, Тициан, Л․, 1940; Тициано Вечеллио [Сост․ и вступ․ ст․ Т․ Фомичевой], М․, 1960; С м и р н о в а И․ А․, Тициан и венецианский портрет XVI в․, М․, 1964․ Տ ի ց ի ա ն․ Ինքնանկար (1550-ական թթ․, Պատկերասրահ, Բեռլին–Դալեմ)

ՏԻՑԻՈՒՍ–ԲՈԴԵԻ ԿԱՆՈՆ, մոլորակների՝ Արեգակից ունեցած հեռավորություններն արտահայտող էմպիրիկ օրինաչափություն։ Սահմանել է գերմ․ գիտնական Յո․ Դ․ Տիցիուսը (Y․ D․ Titius, 1729–96) 1766-ին, լայն ճանաչում է ստացել գերմ․ աստղագետ Յո․ է․ Բոդեի (Y․ E․ Bode, 1747–1826) աշխատությունների շնորհիվ։ Ըստ այդ կանոնի, մոլորակներին վերագրվում է հերթական ո համարը․ Վեներա–0, Երկիր–1, Մարս–2, Յուպիտեր–4, Սատուռն–5, Ուրան–6, Պլուտոն–7 (Մերկուրիի համար պետք է ընդունել ո=∞, ո=3 համապատասխանում է փոքր մոլորակների գոտու միջին մասին, իսկ Նեպտունը դուրս է մնում նշված շարքից)։ Աստղագիտական միավորներով մոլորակների հեռավորություններն Արեգակից արտահայտվում են հետևյալ բանաձևով․ Rn=0,4+0,3·2n, որի ճշգրտությունը կազմում է մոտ 3%։ Տ–Բ․ կ․ չունի բավարար տեսական հիմնավորում։ Մոլորակների հեռավորությունների համար հայտնի են այս կանոնի ավելի ստույգ տարբերակներ։ Նման օրինաչափություններ կան նաև առանձին մոլորակների արբանյակների համար։ Մ․ Մնացականյան

ՏԻՔ (Tieck) Լյուդվիգ Յոհան (1773– 1853), գերմանացի գրող։ 1792–95-ին սովորել է Հալլեի, էռլանդենի և Գյոթինգենի համալսարաններում։ Առաջին նշանակալի ստեղծագործությունը «Ուիլյամ Լովել» (1795–96) փիլ․ նամակաձև վեպն է։ «Պետեր Լեբրեխտի ժողովրդական հեքիաթները» (հ․ 1–3, 1797) ժողովածուն միջնադարյան «ժողովրդական գրքերի» վերամշակումն ու ոճավորումն է։ Տ–ի գեղագիտ․ հայացքները շարադրված են «Ֆրանց Շտեռնբալդի ճանապարհորդությունը» (1798) փիլ․ վեպում։ Նրա «Կոշկավոր կատուն» (1797) և այլ պիեսներ Կ․ Գոցցիի կատակերգությունների ոճի թեթև երգիծանք-հեքիաթներ են։ Տ–ի «Ռոմանտիկ պոեմներ»-ի (մաս 1–2, 1799– 1800) սյուժեները հետագայում օգտագործել են է․ Տ․ Ա․ Հոֆմանը, Հ․ Հայնեն, Ռ․ Վագները։ Դրել է նաև «Խռովություն Սևեններում» (1826), «Երիտասարդ հյուսնը» (1836) պատմ․ վիպակները և այլ գործեր։

ՏԻՔՍԱՏՐՈՊԻԱ, թ ի ք ս ա տ ր ո պ ի ա (θίξις–հպում, τροπή–շրջադարձ, փոփոխություն), մեխանիկական ազդեցություններից քայքայված կառուցվածքը իզոթերմ պայմաններում վերականգնելու համակարգերի ունակություն։ Բնորոշ է կառուցվածքավոր դիսպերս համակարգերին, բարձրա-