Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

փոխակերպիչներում, ավտոմատ կառավարման համակարգերում և զանազան էլեկտրոնային հարմարանքներում։

ՏԻՐԿՆԱ, Թ ի ր կ ն ա, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հս․։ Միավորված է Զակի սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, կինո, բուժկայան։ Հայերը եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։

ՏԻՐՈԶԻՆ, β–(պ ա ր ա–օ ք ս ի ֆ ե ն ի լ) - α-ամինապրոպիոնաթթու, առոմատիկ ամինաթթու։ Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D, Լ և ռացեմիկ DL ձևերով։ L–S․ մտնում է բազմաթիվ սպիտակուցների և պեպտիդների (կազեին, ֆիբրոին, ինսուլին ևն) կառուցվածքի մեջ։ Տ․ կենդանիների և մարդու օրգանիզմներում առաջանում է ֆենիլալանինի ֆերմենտային օքսիդացման ընթացքում (այդ պրոցեսի խանգարումը հանգեցնում է ծանր ժառանգական հիվանդության՝ ֆենիլպիրոխաղողային թուլամտության)։ Տ–ի յոդային ածանցյալները՝ թիրոքսինը և եռյոդտիրոնինը, վահանագեղձի հորմոններ են։ Տ–ի քայքայման ընթացքում օրգանիզմում առաջանում են ֆումարաթթու և ացետաքացախաթթու, որոնք ացետիլկոֆերմենտ A-ի միջոցով մտնում են եռկարբոնային թթուների ցիկլի մեջ։

ՏԻՐՈԼ (Tyrol, Tirol), պատմ․ մարզ Եվրոպայում, Ալպերում։ Հնում Տ–ի տարածքում բնակվել են ռետերը և իլլիրիացիները, մ․ թ․ ա․ մոտ 15-ին այն նվաճել են հռոմեացիները և ընդգրկել հիմնականում Ռետիա պրովինցիայի մեջ։ 1363-ին Տ–ի կոմսությունը զավթել են Հաբսբուրգները։ Տ–ի տնտեսության մեջ մեծ դեր ուներ անասնապահությունը, իսկ XV–XVII դդ․՝ նաև լեռնային գործը (հատկապես արծաթի, պղնձի, սնդիկի հանույթը)։ Բրեններ լեռնանցքով անցնում էր Գերմանիան Իտալիայի հետ կապող կարևոր առևտր․ ճանապարհ։ 1805-ին, նապոլեոնյան պատերազմների ժամանակ, Տ․ միացվեց Բավարիային (որը Ֆրանսիայի դաշնակիցն էր)։ Ֆրանս-բավարական օկուպացիայի դեմ 1809-ի ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։ Տ․ բաժանվեց Բավարիայի, Իտալ․ թագավորության և Իլլիրիական նահանգների միջև։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Տ․ վերստին միացվեց Ավստրիային։ Տ–ում զգալիորեն մեծ էր կաթոլիկ հոգևորականության և կղերականության ազդեցությունը։ 1919-ի Սենժերմենի հաշտության պայմանագրով Տ․ բաժանվեց Ավստրիայի ու Իտալիայի միջև։ Բրեններից հս․ ընկած տարածքն անցավ Ավստր․ հանրապետությանը (Տիրոլյան երկիր), Բրեններից հվ․ տարածքը (իտալ․ գերակշռող բնակչությամբ)՝ Իտալիային (1948-ից՝ Տրենտինո-Ալտո Ադիջե Ինքնավար Մարզ)։

ՏԻՐՈՅԱՆ Աթանաս (Սիմոն, 22․1․1857, Կարին –1․9․1926, Վենետիկ), հայ լեզվաբան։ 1869-ին մեկնել է Ս․ Ղազար։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1873), քահանա (1878)։ Շուրջ կես դար վարել է կրթական, քարոզչական և տնտ․ պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում։ Եղել է Վենետիկի միաբանության տպարանապետ, «Բազմավեպի» խմբագիր (1883–88, 1906)։ Գրել է թատերգություններ, գիտ․ ուսումնասիրություններ («Հայկական սղագրություն․․․», 1888, «Արվեստ տաղաչափության», 1913), կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ։ Հատկապես արժեքավոր է Տ–ի «Հանրագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը» (1907) աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկում է հանրագրության (пазиграфия) նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզու, կարող են հաղորդակցվել։ Տ–ի մեթոդը հիմնված է թվագրության վրա։ Դերանուններին հատկացրել է 1–9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է։ Տ․ օգտագործել է նաև զանազան նշաններ (V, I, ″ կամ ‴, II ևն), որոնք մեծ դեր են կատարում հոլովման և խոնարհման հարացույցներում։ Տ–ի հանրագրության բառացանկը հարուստ է հոմանիշներով, դրանց մի մասը նորակազմ ինքնահնար բառեր են։ Ահա Տ–ի հանրագրության մեթոդով գրված մի օրինակ․ 1819/9’ 1735 արմատ–421′′ 539․10) 1 089)2 3 արմատ 2409-«Ծառի վրա մի սոխակ կանգնած անուշիկ և անկասկած (անբռնազբոս) երգում էր»։

Գրկ․ Ա ճ ա ռ յ ա ն Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե․, 1955, էշ 155–58։ Գ ա ս պ ա ր յ ա ն Գ․, Հայ բառարանագրության պատմություն, Ե․, 1968։ Ի. Կարադելյան

ՏԻՐՈՅԱՆ Հակոբ (23․04․1863, Կարին – 29․07․1933, Բուդապեշտ), հայ բնագետ, մանկավարժ, բանասեր, գրող։ Ա․ Տիրոյանի եղբայրը։ 1884-ից՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Բնագիտություն և պատմություն է դասավանդել Մուրատ–Ռափայելյան վարժարանում, Տրապիզոնում, Կ․ Պոլսում։ 1897-ին Վենետիկում հրատարակել է «Համառօտ դասագիրք ընդհանուր պատմութեան» Ա և Բ հատորները։ Ուշագրավ է «Ուսումն բնական և բնաբանական գիտությանց» (1915) պատկերազարդ դասագիրքը, ուր քննարկված են ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության և կենսաբանության հարցեր։ 1919-ին Վենետիկում հրատարակված «Ուսումնական հավաքածոյք»-ը հանրաճանաչ բնագետների աշխատություններից վերցրած ծաղկաքաղ–քրեստոմատիա է։ Տ․ կազմել է նաև «Արջառաբանություն» (1919), «Հավաբուծություն» (1916), «Ճագարաբուծություն» (1930) ձեռնարկները։ Զբաղվել է գրական թարգմանությամբ։ Տ–ի «Խաղամոլը» (1906) թատերգության նյութը վերցված է Դոնի Ռոստովի հայոց կյանքից։ Ա․ Փաշայան

ՏԻՐՍՈ ԴԵ ՄՈԼԻՆԱ [Tirso de Molina, Գաբրիել Տ ե լ յ ե ս (Tellez), 1571 կամ մոտ 1583–1648], իսպանացի դրամատուրգ։ Սովորել է Ալկալա դե էնարեսի համալսարանում։ Բարձր պաշտոններ է վարել մերսենարյան միաբանությունում, որի պատմագիրն է դարձել 1632-ից։ Առաջին գիրքը՝ «Տոլեդյան վիլլաներ» (1621 – 1624), ժանրային առումով մոտ է հովվերգական վեպին։ 1627–36-ին Տ․ դե Մ․ հրատարակել է պիեսների 5 ժողովածու։ Երրորդ գրքի առաջաբանում նշել է, որ ինքը հեղինակ է 400 պիեսի (պահպանվել է շուրջ 90)։ Գրել է պատմ․, աստվածաշնչային և սրբախոսական թեմաներով պիեսներ, կրոնափիլ․ դրամաներ, ինչպես նաև կատակերգություններ։ Տ․ դե Մ․ զարգացրել է Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյի Վերածննդի դրամայի սկզբունքները։ Միաժամանակ, նրա ստեղծագործության մեջ, որ արդեն բարոկկոյի դարաշրջանին էր պատկանում, արտահայտվել է մարդկային բնության հանդեպ հումանիստական հավատի կորուստը և հիասթափությունը սիրուց։ Տ․ դե Մ–ի պիեսներում մարմնավորվել է ամենայն ինչի անստույգ, թատերական և խաբուսիկ լինելու գաղափարը։ Նրա առավել նշանավոր դրաման է «Սևիլյան աղմկարարը կամ Քարե հյուրը» (1619 – 1920․ հրտ․ 1630), որտեղ համաշխ․ գրկ-յան մեջ առաջին անգամ մշակվել է Դոն ժուանի մասին ավանդազրույցը։ Հ․ Բախչինյան

ՏԻՐՏԵՈՍ (Τυρταῖος), մ․ թ․ ա․ VII դ․ 2-րդ կեսի հույն բանաստեղծ։ Ծնվել է Աթենքում կամ Լակոնիայում, ապրել է Սպարտայում։ Հոնիական բարբառով գրված եղերերգություններում պարսավել է շահամոլությունը, երկպառակությունները, կոչել է միասնության՝ փառաբանելով Սպարտայի հին ժամանակները, գովերգելով մարտիկների խիզախությունը։ Տ–ի ստեղծագործության մեջ, հին հուն, պոեզիայում առաջին անգամ, երևան են գալիս խորհրդածություններ գոյություն ունեցող պետ․ կարգի առաջացման և այդ կարգը հանուն ամբողջ քաղաքացիական կոլեկտիվի բարօրության պահպանելու միջոցառումների շուրջը։

ՏԻՐՈՒՅԹ (մաթ․), 1․ բ ա ց Տ․, կետերի կապակցված բաց բազմություն, այսինքն՝ այնպիսի բազմություն, որի՝ ա․ ցանկացած երկու կետեր կարելի է միացնել ամբողջությամբ տվյալ բազմությանը պատկանող անընդհատ գծով, բ․ յուրաքանչյուր կետ ներքին կետ է՝ բազմությանը պատկանում է իր բավականաչափ փոքր շրջակայքի հետ միասին։ 2․ Փ ա կ Տ․, բաց Տ–ի և իր բոլոր եզրային կետերի (տես Տոպոլոգիական տարածություն), այսինքն՝ եզրի միավորումը։ Տ․ տերմինը հաճախ գործածվում է բաց Տ․ իմաստով։ Եթե Տ–ի եզրը կապակցված բազմություն է, Տ․ կոչվում է մ ի ա կ ա պ, հակառակ դեպքում՝ բազմակապ։ Օրինակ, շրջանը միակապ Տ․ է, իսկ շրջանային օղակը՝ երկկապ։ Արտաքնապես շոշափող երկու շրջանների ներքին կետերի համախումբը, բաց բազմություն լինելով հանդերձ, Տ․ չէ (քանի որ կապակցված չէ)։ 3․ Տ․ տերմինը երբեմն գործածվում է պարզապես կետերի բազմության իմաստով, օրինակ, ֆունկցիայի որոշման տիրույթ։ Վ․Սաղաթելյան

ՏԻՑԻԱՆ (իսկականը՝ Տ ի ց ի ա ն ո Վ ե չ ե լ լ ի ո, Tiziano Vecellio, 1476/77 կամ