Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խորհուրդ, ասպիրանտուրա։ Ինստ-ին կից գործում է տնտեսագիտ․ հետազոտությունների կոորդինացման խորհուրդ։ Վ․ Խոջաբեկյան

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտությունների ամբողջություն, որոնց հետազոտության առարկան արտադր․ հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմ․ որոշակի արտադրաեղանակներում տնտ․ օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձեերը, եղանակները և մեթոդները։ Տ․ տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Նրա խնդիրն է բացահայտել պատմ․ զարգացման պրոցեսում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտ․ կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։

Լինելով հասարակական գիտությունների մաս՝ Տ․ տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալ․ խըմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր, կրում դասակարգային և կուսակցական բնույթ։ Տ․, և ամենից առաջ քաղաքատնտեսությունը, հասարակական գիտությունների ամբողջ համակարգի հիմքն է։ Տ-յան համակարգը ստեղծվել է պատմ․ երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտ․ երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ֆեոդալ. եղանակների ժամանակ։ Տ-յան համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ Սմիթ, Դ․ Ռիկարդո), հետազոտելով բուրժ․ հասարակության տնտ․ կառուցվածքը, դրեցին Տ–յան համակարգի հետագա զարգացման գիտ․ հիմքը։ Սակայն արտադրության կապիտ․ եղանակի հաստատումը, աշխատանքի ու կապիտալի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսության առաջացմանը։

Մարքսիստական տնտեսագիտ․ ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզբունքներին համապատասխան։ Կ․ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը ՍՍՀՄում, որն աշխատանքի սոցիալիստ, կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող Տ–յան համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողտնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց Տ-յան համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտ․ վերլուծությունը։ Տ․ զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտ․ նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային Տ–յան մի ամբողջ խումբ (արդյունաբերության էկոնոմիկա, գյուղատնտեսության էկոնոմիկա, տրանսպորտի էկոնոմիկա ևն)։ Գիտատեխ․ առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, Տ–յան համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ Տ․ բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։

Ը ն դ հ ա ն ու ր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտ․ պրոցեսների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերչուծություն սոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտ․ վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։

Կ ո ն կ ր ե տ տնտ․ գիտություններն ուսումնասիրում են հասարակության տնտեսակարգի առանձին կողմերը։ Դրանք սահմանազատվում են միջճյուղային, ճյուղային և ռեգիոնալ հատկանիշով։ Միջճյուղային տեսանկյունից առանձնացվում են՝ ֆինանսները և վարկը, դրամաշրջանառությունը, գնագոյացումը, դեմոգրաֆիան, աշխատանքի էկոնոմիկան, կապիտալ ներդրումների էկոնոմիկան, նյութատեխ․ մատակարարումը։ ճյուղային տնտ․ գիտություններն ընդգրկում են արդյունաբերության էկոնոմիկան, գյուղատնտեսության էկոնոմիկան, շինարարության էկոնոմիկան, տրանսպորտի և կապի էկոնոմիկան, առևտրի էկոնոմիկան, ոչ արտադր․ ոլորտի էկոնոմիկան (տես ճյուղային էկոնոմիկա), դրանք ստորաբաժանվում են առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, ոլորտների և ժողտնտեսության սկզբնական արտադր․ բջիջների տնտ․ պրոբլեմներն ուսումնասիրող գիտությունների։ Ռեգիոնալ տեսանկյունից հետազոտման օբյեկտ են արտասահմանյան առանձին սոցիալիստ․, զարգացող և կապիտ․ երկրների էկոնոմիկան (տես Ռեգիոնալ էկոնոմիկա)։ Հետազոտությունների գործնական նշանակությամբ Տ․ բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հ ի մ ն ա ր ա ր Տ․ ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կ ի ր ա ռ ա կ ա ն Տ–յան նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտ․ փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական Տ–յան հիմքն են։

Քաղաքատնտեսությունը գիտություն է արտադրահարաբերությունների, այն օրենքների մասին, որոնք կառավարում են կենսական բարիքների արտադրությունը, բաշխումը, փոխանակությունը և սպառումը պատմականորեն հաջորդափոխվող հասարակական–տնտ․ ֆորմացիաներում։ Այդ միասնական գիտության մեջ առանձնացվում են նախակապիտ. ֆորմացիաների, կապիտալիզմի ու սոցիալիզմի քաղաքատնտեսությունը։

Պատմ․ տնտ․ գիտություններն ընդհանրացնում են անցյալի փորձը։ Մասնավորապես տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը ծառայում է տնտեսագիտական հետազոտությունների մեթոդաբանության զարգացմանը։ Նախկին փորձի գնահատականը տալիս են ժողտնտեսության պատմությունը, ինչպես նաև նրա բաղկացուցիչները, օրինակ, արդյունաբերության պատմությունը։

Հասարակական արտադրության կառավարումը և ժողտնտեսության պլանավորումն ուսումնասիրում են սուբյեկտիվ գործոններ։ Հասարակական արտադրության կառավարումն ուսումնասիրում է այն պայմանները, որոնք անհրաժեշտ են վերարտադրության պրոցեսի բոլոր մասնակիցների պայմանների գիտակցական կարգավորման և կոորդինացման հիման վրա տնտեսության համաձայնեցված վարումն ապահովելու համար։ Կառավարման կենտր․ օղակը ժողտնտեսության պլանավորումն է (տես Պլանավորում ժողովրդական տնտեսության), որի խնդիրն է սահմանել և պահպանել տնտ․ համամասնություններն արտադրության ճյուղերի և ոլորտների միջև, համաձայնեցնել տնտ․ զարգացման ընթացիկ և հեռանկարային նպատակները։ Վիճակագրության առարկան մասսայական սոցիալ–տնտ․ պրոցեսների դիտարկումը և հաշվարկների ընդունված մեթոդաբանությանը համապատասխան դրանց քանակական հաշվառումն է։

Տնտ․ հատկանիշով առանձնացված կոնկրետ տնտ․ գիտությունների մեծ մասը