Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Մելիք Եգանյանների տոհմական տապանատունը։ Գյուղի կենտրոնում կանգուն է Մելիք Եգանի երկհարկ, վերին հարկում ընղարձակ փայտե պատշգամբով ապարանքը՝ շրջապատված պարսպով (XVIII դ․)։ Տ–ից Ֆիզուլի տանող ճանապարհին, բարձր բլրի գագաթին պահպանվել է թաղածածկ ոչ մեծ եկեղեցի (ըստ մուտքի բարավորի արձանագրության կառուցվել է 1742-ին)։

Գրկ․ Բ ա ր խ ու դ ա ր յ ա ն ց Մ․, Արցախ, Բաքու, 1895, էջ 73–78։ Բ ա ր խ ու դ ա ր յ ա ն Ս․, Արցախ, Ե․, 1982․ Դիվան հայ վիմագրության, պր․ 5։ Շ․ Մկրտչյան, Մ․ Հասրաթյան․

ՏՈՂԱԴԱՐՁ, գրավոր խոսքում բառի մի մասի տեղափոխումը մի տողից մյուսը՝ ըստ կիրառվող կանոնների։ Ժամանակակից հայոց լեզվում Տ․ հիմնականում կատարվում է վանկատման կանոններով, սակայն որոշ դեպքերում հաշվի է առնվում նաև բառի կազմությունը։ Տ–ի կանոնները հետևյալներն են․ 1․ երկու ձայնավորի միջև գտնվող մեկ բաղաձայնը անցնում է հաջորդ տողը (վանկը)՝ գա-գաթ, պա-նիր, ժա-նիք, 2․ երկու ձայնավորի միջև գտնվող երկու և ավելի բաղաձայններից հաջորդ տողն (վանկը) է անցնում միայն մեկը՝ աք-լոր, ար-ձան, առանցք-ներ, 3․ յ ձայնորդը կից ձայնավորից չի բաժանվում և կարող է դիտվել որպես ձայնավորի տարր՝ անկ-յուն (կամ ան-կյուն), գիտութ-յուն (կամ գիտու-թյուն), սեն-յակ (կամ սե-նյակ), 4․ ա․ գաղտնավանկ ը Տ–ի ժամանակ գրվում է նախորդ տողի վերջին և հաջորդ տողի առաջին վանկերում՝ շըղ-թա, Մը-կըրտիչ, բ․ բարդ բառերի երկրորդ բաղադրամասում գաղտնավանկային ը չի գրվում՝ լեռնա-բնակ, հաշվե-տվություն, 5․ սպ, ստ, սկ, զբ, զդ, զգ, շպ, շտ հնչյունակապակցություններով սկսվող բառերում լսվող ը գրվում է այդ կապակցությունների սկզբում՝ ըս-կըսել, ըս–տուգել։ Բացառություն են հատուկ անունները, որոնցում այդ կապակցու– թյունները չեն առանձնացվում որպես վանկ՝ Ստե–փան, Սպար–տակ, 6․ բարդ և ածանցավոր բառերը կարելի է տողադարձել առանց վանկատման, հաջորդ տողը փոխադրելով արմատը կամ ամբողջական բառը՝ ան-որոշ, հակա-դրել, վայր-էջք։ Չեն տողադարձվում տառային և վանկատառային հապավումները։ Ա․ Խաչատրյան

ՏՈՂԱՆՅԱՆ Գրիգոր Գևորգի (ծն․ 12․01․ 1928, Ստամբուլ), հայ անասնաբույծ, գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1974), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժ․ ինստ–ը (1949)։ 1954-ից աշխատել է նույն ինստ–ում, 1978-ից՝ մանր անասնաբուծության ամբիոնի պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ–ում ոչխարաբուծության, խոզաբուծության բարելավման և կենդանիների մթերատվության բարձրացման խնդիրներին։

Երկ․ Խոզերի մթերատվության բարձրացման ուղիները, Ե․, 1961 (հեղինակակից Տողանյան Ա․ Գ․)։ Ոչխարաբուծություն (ուսում, ձեռնարկ), Ե․, 1969 (հեղինակակից Մելքոնյան Մ․)։ Խոզի մսի արտադրության ավելացման ուղիները, Ե․, 1984։

ՏՈՄ, գետ ՌՍՖՍՀ Խակասական ԻՄ–ում, Կեմերովոյի և Տոմսկի մարզերում, Օբի աջ վտակը։ Երկարությունը 827 կմ է, ավազանը՝ 62000 կմ2։ Սկիզբ է առնում Աբականի լեռնաշղթայի արմ․ լանջերից։ Սնումը խառն է։ Ջրի միջին ծախսը գետաբերանի մոտ՝ 1110 մ3/վրկ։ Կան ծանծաղուտներ։ Նավարկելի է մինչև Տոմսկ քաղաքը (հորդացման ժամանակ մինչև Նովոկուզնեցկը)։ Լաստառաքելի է։ Տ–ի ափերին են Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ քաղաքները։ Տ–ի ավազանում է Կուզնեցկի ածխային ավազանը։

ՏՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մշո դաշտի արմ․ մասում, Մուշից հս–արմ․, արգավանդ հարթավայրում։ Հայկ․ հնագույն գյուղերից է (հավանաբար համապատասխանում է Հովհաննես Մամիկոնյանի հիշատակած Տոմբ գյուղին)։ 1913-ին՝ 400 (40 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի, XIX դ․ վերջից գործող վարժարան։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Տ․ ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։

ՏՈՄԱՐ (< հուն․ τoμάριoυ – հատոր, գիրք, վավերագիր), 1․ աստղաբաշխական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տ ա ր ե ց ու յ ց։ Ժամանակակից՝ գ ր ի գ ո ր յ ա ն կամ ն ո ր Տ․ հաջորդել է հին հռոմեական՝ հ ու լ յ ա ն կամ հին Տ–ին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլյան տարվա տևողությունը 11 ր 14 վ–ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582-ը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց XVI դ․՝ Հռոմի Գրիգորիս III պապի ռեֆորմով, ըստ որի 1582-ի հոկտ․ 4-ին հաջորդեց հոկտ․ 15–ը։ Այդ ժամանակից հուլյան Տ․ վերանվանվել է գրիգորյան Տ–ի, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո (1920) նույնպես ընդունվեց նոր Տ․։ Մինչև XX դ․ կեսերը գրիգորյան Տ–ից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները։ 2․ Աստղաբաշխական հաշվումների վրա հիմնված աղյուսակ կամ գիրք, որտեղ նշանակվում է եկեղեցական տոների կարգը, տ ո ն ա ց ու յ ց։ Տես նաև Օրացույց, Հայկական օրացույց, Թվականություն, Տոմարագիտություն։

ՏՈՄԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն՝ աստղագիտական հաշիվների վրա հիմնված ժամանակագրական համակարգի մասին։ Հայկական ձեռագրերում պահպանվել են տոմարագիտական բազմաթիվ նյութեր՝ հայկական, հռոմ․, հուն․, եբր․, ասորական, եգիպտական, եթովպական, վրաց․, աղվանական տոմարների մասին։ Վաղ միջնադարում Տ–յան վերաբերյալ նշանակալից ուսումնասիրություններ է կատարել Անանիա Շիրակացին։ Միջնադարյան Հայաստանում բարձրագույն տիպի վանական դպրոցներում մաթ․ այլ առարկաների հետ մեկտեղ դասավանդում էին Տ․։ Աղյուսակներով, բոլորակներով և համապատասխան բացատրություններով հագեցված տոմարագիտական աշխատանքներ գրվել և ընդօրինակվել են (ինչպես նաև տպագրվել) ընդհուպ մինչև XIX դ․։ Դրանք հարուստ նյութ են պարունակում տարբեր ժողովուրդների տոմարների, ինչպես նաև գործնական աստղագիտության պատմության վերաբերյալ։ Ջ. էյնաթյան

ՏՈՄՈԳՐԱՖԻԱ (< հուն, τόμoς – շերտ և ․․․գրաֆիա), շերտագրություն, ռենտգենյան հետազոտման մեթոդ, որը հնարավորություն է տալիս ստանալ հետազոտվող օբյեկտի որոշակի խորությունում գտնվող շերտի պատկերը։ Կատարվում է հատուկ ապարատով՝ տոմոգրաֆով։ Տ–ի օգնությամբ հետազոտում են շնչափողը, բրոնխները, անոթները, թոքերում հայտնաբերում են քայքայման և կոշտացումների օջախները, երիկամների, լեղապարկի և լեղուղիների քարերը, մակերիկամների և միզային համակարգի ուռուցքները։ Տ․ առավել արդյունավետ է հետազոտման մյուս եղանակների (ուրոգրաֆիա, անգիոգրաֆիա, բրոնխոգրաֆիա) հետ զուգակցելիս։

ՏՈՄՈՆԱԳԱ Սինյիտիրո (1906–1979), ճապոնացի ֆիզիկոս–տեսաբան։ Ճապոնիայի ԳԱ (1951) անդամ։ Ավարտել է Կիոտոյի համալսարանը (1929)։ 1932– 1940-ին աշխատել է ֆիզիկ. և քիմ․ հետազոտությունների ինստ–ում։ 1937–39-ին կատարելագործել է գիտելիքները Լայպցիգի համալսարանում, Վ․ Հայզենբերգի մոտ։ 1941–69-ին՝ Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, 1963–69-ին՝ նույն համալսարանի օպտիկական հետազոտությունների ինստ–ի դիրեկտոր և Ճապոնիայի գիտական խորհրդի պրեզիդենտ։ Աշխատանքները վերաբերում են նեյտրոնների և մեզոնների տեսությանը, միջուկային ֆիզիկային, մագնիսականությանը, քվանտային էլեկտրադինամիկային։ 1940-ին ենթադրել է մեզոատոմների գոյությունը։ Տ–ին է պատկանում ալիքային դաշտերի քվանտային տեսության ռելյատիվիստորեն ինվարիանտ ձևակերպումը, որը խթանել է վերանորմավորումների մեթոդի մշակումը։ 1955-ին մշակել է քվանտամեխանիկական կոլեկտիվ շարժումների տեսությունը։ Նոբելյան մրցանակ (1965, Ռ․ Ֆեյնմանի և Յու․ Շվինգերի հետ)։ Մ․ Վ․ Լոմոնոսովի անվ․ ոսկե մեդալ (1964)։ ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971)։

ՏՈՄՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Տոմսկի մարզի կենտրոնը։ Գտնվում է Տոմ գետի (Օբի վտակ) աջ ափին։ Գետային նավահանգիստ է, ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ 475 հզ․ բն․ (1985)։ Տ–ի ձեռնարկությունները տալիս են մարզի արդ․ արտադրանքի մոտ 3/4-ը։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշակությունը։ Կան նաև ռետինե կոշիկների, քիմ․-դեղագործական, կարի, մատիտի, լուցկու, կահույքի ֆաբրիկաներ, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ ժամանակակից խոշոր կառույցներն են նավթաքիմ․ համալիրը և ջէկը։ Տ–ում գործում են մի շարք