Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


(լրիվ կամ թերի տոնիկային եռահնչյուն)։ Ամեն մի ստեղծագործություն ավարտվում է S-ով], որի կայունացնող (լարվածությունը պարպող) բնույթին օժանդակում է նաև նրա մետրական դիրքը՝ տակտի մետրական ուժեղ կամ համեմատական ուժեղ շեշտ կրող պահում։ ժամանակակից երաժշտության մեջ որպես Տ․ կարող է հանդես գալ նաև որևէ դիսոնանսող համահնչյուն։

ՏՈՆԻԿԱԿԱՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, տես Համաշեշտ ոտանավոր։

ՏՈՆԿԻՆԻ ԾՈՑ, Հարավ–Չինական ծովում, տես Բակբո։

«ՏՈՆԿԻՆՅԱՆ ՄԻՋԱԴԵՊ», Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության (ՎԴՀ) տերիտորիալ ջրերում 1964-ի օգոստոսին ԱՄՆ–ի հետախուզական մարմինների և Պենտագոնի մշակած պրովոկացիոն գործողությունների անվանումը դիվանագիտության մեջ։ 1964-ի օգոստ․ սկզբին ԱՄՆ–ի ռազմանավերի մի խումբ ռմբակոծել է Վիետնամի առափնյա օբյեկտները և, միաժամանակ, Վաշինգտոն հաղորդել, թե իբր ենթարկվել է վիետնամ․ տորպեդանավակների հարձակմանը։ Օգոստ․ 4-ին ամեր․ ռմբակոծիչները սկսեցին ՎԴՀ–ի տարածքի ռմբակոծումը։ Վաշինգտոնում անհապաղ հրավիրված կոնգրեսը, որը մոլորության մեջ էր և չուներ որևէ տեղեկություն դիպվածի մասին, ընդունեց, այսպես կոչված, «տոնկինյան բանաձևը», որը պրեզիդենտին լիազորում էր ձեռք առնել բոլոր միջոցները ԱՄՆ–ի և Հվ–Արլ․ Ասիայի դաշնակից երկրների զինված ուժերի վրա ամեն մի հարձակում ետ մղելու համար։ Թեև ՎԴՀ, ՍՍՀՄ և սոցիալիստ. մյուս երկրները, աշխարհի առաջադեմ հասարակայնությունը մերկացրին ԱՄՆ–ի պրովոկացիոն գործողություններն, այնուամենայնիվ, «Տ․ մ․»-ի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ եկավ 1971-ի հունիսին ամեր․ մամուլում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո։ «Տ․ մ․» մշակված էր նախապես ԱՄՆ–ի հասարակական կարծիքը ՎԴՀ–ի դեմ ռազմ. լայն գործողություններին նախապատրաստելու համար, իսկ «տոնկինյան բանաձևը» պատրաստվել էր դեռևս 1964-ի մայիսին։ Ամեր․ ռազմամոլները 1960-ական թթ․ կեսին ընդլայնելով ռազմ. գործողությունները Հնդկաստանում և դրանք տարածելով Հս․ Վիետնամի վրա՝ նպատակ ունեին կոտրել թերակղզու ժողովուրդների դիմադրությունը, սակայն այդ ծրագրերն անհաջողության մատնվեցին։

ՏՈՆՅԱՆ Արշակ Հովսեփի [10․10․1888, գ․ Բանանց (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Դաշքեսանի շրջանում)–18․3․1942], հայ սովետական մաթեմատիկոս, մանկավարժ, թարգմանիչ, բառարանագիր։ Երևանի համալսարանի պրոֆեսոր (1930)։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1906), Հալլեի համալսարանը (Գերմանիա, 1914)։ Եղել է մաթեմատիկայի ուսուցիչ Շուշիի թեմական դպրոցում (1909–10), Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում (1914–21)։ 1921–37-ը աշխատել է Երևանի համալսարանում, եղել է մաթեմատիկայի ամբիոնի վարիչ (1930–1937), տեխ․ ֆակ–ի (1925–28) և ֆիզմաթ․ ֆակ–ի դեկան (1936–37), դասավանդել է մաթ․ անալիզ և ֆունկցիաների տեսություն։ Թարգմանել է դպրոցական և համալսարանական 11 դասագիրք (մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի), կազմել տերմինաբանական բառարաններ։

Երկ․ Ռուս–հայերեն բառարան շինարարական կառուցվածքների, Ե․, 1928 (հեղինակակից)։ Մաթեմատիկական տերմինների բառարան, անգլ․, ռուս․, հայ․, գերմ․, ֆրանս․ լեզուներով, Ե․, 1965 (հեղինակակից Տոնյան Վ․ Ա․)։ Վ․ Սաղաթելյան

ՏՈՆՆԱ (ֆրանս․ tonne, < ուշ լատ․ tunna – տակառ), 1․ զանգվածի մետրական միավոր՝ արտահամակարգային միավոր, թույլատրվում է կիրառել Միավորների միջազգային համակարգի կիլոգրամ միավորին զուգահեռ։ Նշանակվում է տ (միջազգային նշանակումը՝ t)։ 1․ Տ․=1000 կգ=10 ց=61,04821 փութ։ 2․ Զանգվածի բրիտ․ միավոր. տարբերում են՝ երկար (կամ մեծ) Տ․, որը հավասար է 2240 բրիտ․ առևտր․ ֆունտի, կամ 1016,05 կգ–ի (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և կարճ (կամ փոքր) Տ․, որը հավասար է 2000 բրիտ․ առևտր․ ֆունտի կամ 907,185 կգ–ի (ԱՄՆ)։ 3․ Զանգվածի բրիտ․ միավոր՝ հարգորոշման Տ․, որը Մեծ Բրիտանիայում հավասար է 32,6667 գ-ի, ԱՄՆ–Ում՝ 29,1667 գ–ի 4․ Ծավալի (տարողության) միավոր՝ ռ ե գ ի ս տ ր ա յ ի ն Տ․, որը հավասար է 2,83168 մ3-ի (առևտր․ նավատորմում)։ 5․ Էներգիայի միավոր՝ տրինիտրոտոլուոլի միջուկային համարժեքը, որը հավասար է 4,2․109 ջոուլի:

ՏՈՆՆԱ–ԿԻԼՈՄԵՏՐ, երկաթուղային, գետային, ավտոմոբիլային, օդային, սայլային տրանսպորտի բեռնաշրջանառության, ինչպես նաև շարժակազմի կատարած փոխադրական աշխատանքի չափման միավորը։ Տարբերում են տարիֆային Տ–կ․, որ որոշվում է տարիֆային (որպես կարգ՝ ամենակարճ) տարածությամբ, և շահագործական Տ–կ․, որը որոշվում է փաստացի անցած տարածությամբ։ Վերջինս իր հերթին ստորաբաժանվում է նետո և բրուտո Տ–կ–ի։ Նետո Տ–կ–երի քանակը որոշվում է փոխադրվող տարավորված բեռի (տ-ներով), իսկ բրուտո Տ–կ–երը՝ դրան ավելացրած նաև փոխադրամիջոցի կշռի և հեռավորության (կմ-ներով) արտադրյալով։

ՏՈՆՈՒՍ (<հուն․ τόνος– լարում), լ ա ր վ ա ծ ու թ յ ու ն, տևական, հոգնածությամբ չուղեկցվող, չափավոր դրդման վիճակ։ Տ․ վերաբերում է ինչպես նյարդային կենտրոններին, այնպես էլ մկանային համակարգին (օրինակ, հարթ մկանների տևական կծկումը, որով պահպանվում է ճնշումը ներքին օրգաններում, ինչպես նաև արյան ճնշումը)։

ՏՈՉԻՍԿԻ Պավել Վարֆոլոմեևիչ (1864 – 1918), Ռուսաստանում ս․-դ․ շարժման գործիչ, բոլշևիկ։ Ծնվել է գնդապետի ընտանիքում։ 1885-ին ստեղծել է ս․-դ․ կազմակերպություն, որը 1886-ի վերջին անվանվել է «Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն»։ Կազմակերպության ջախջախումից հետո՝ 1888-ին աքսորվել է Ժիտոմիր։ Այլ քաղաքների հեղափոխականների հետ կապեր հաստատելու համար եղել է Մոսկվայում, Կոլոմնայում, Տամբովում, Սարատովում, Նիժնի Նովգորոդում։ 1888-ի հոկտեմբերին Նիժնի Նովգորոդում ձերբակալվել և աքսորվել է Եկատերինոսլավ (Դնեպրոպետրովսկ), ուր շարունակել է հեղափոխ․ գործունեությունը։ 1905-ից եղել է Մոսկվայում, մասնակցել Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1906-ին խմբագրել է «Տեխնիկ» («Техник») ամսագիրը։ Հոկտեմբերյան հեղափոխության նախապատրաստման և իրականացման շրջանում (1917) կուսակցական աշխատանք է տարել Ուրալում։ Սպանվել է հակահեղափոխ․ խռովության ժամանակ։

ՏՈՉԻՍԿՈՒ ԽՈՒՄԲ, տես «Սանկտ Պետերբուրգի արհեստավորների ընկերություն»։

ՏՈՊԱԶ, (ֆրանս․ topaze, < հուն. τόπαζος- £օ£), միներալ։ Քիմ․ կազմը՝ Al2[F2/SiO4]։ Բյուրեղագիտական համակարգը ռումբային Է։ Առաջացնում է պրիզմաձև բյուրեղներ, հատիկավոր ագրեգատներ, հաճախ՝ դրուզներ։ Գույնը՝ անգույն, երկնագույն, վարդագույն, գինու դեղին։ Կարծրությունը՝ 8, խտությունը՝ 3490–3570 կգ/մ3։ Հանդիպում է գրանիտային պեգմատիտներում, պնևմատոլիտային հանքավայրերում։ Տ–ի թափանցիկ, անգույն գունավորված բյուրեղներն օգտագործվում են որպես երկրորդ կարգի թանկարժեք քարեր։ Տ․ կիրառվում է նաև տեխ․ նպատակներով՝ բարձր կարծրության շնորհիվ։ Հանքավայրեր կան Ուկրաինայում, Ուրալում, Անդրբայկալում, արտասահմանում՝ Բրազիլիայում, Ճապոնիայում, Մադագասկարում։

ՏՈՊՈԼՈԳԻԱ (< հուն. τόπος և ․․․ լոգիա), տեղաբանություն, մաթեմատիկայի բնագավառ. ուսումնասիրում է երկրաչափական պատկերների այն հատկությունները, որոնք անփոփոխ են մնում փոխմիարժեք և անընդհատ արտապատկերումների (հոմեոմորֆիզմների) ժամանակ (տոպոլոգիական հատկությունները)։ Տոպոլոգիական հատկություններ են կապակցվածությունը, չափողականությունը, կոմպակտությունը։ Տ–ի ուսումնասիրության աքսիոմատիկորեն սահմանված օբյեկտները տոպոլոգիական տարածություններն են և դրանց անընդհատ արտապատկերումները։ Տ–ի հիմնական խնդիրը տոպոլոգիական տարածությունների դասակարգումն է հոմեոմորֆիզմի ճշտությամբ։ Տ–ի տեսանկյունից Էական չեն երկրաչափական պատկերների ոչ չափսերը և ոչ էլ ձևերը։ Օրինակ, շրջանագիծը և քառակուսու եզրագիծն ունեն միևնույն տոպոլոգիական հատկությունները և պատկանում են միևնույն տոպոլոգիական դասի, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ստացվում է մյուսից խզում