Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պառլամենտի նստաշրջանները, ունի ներում շնորհելու իրավունք են։ Թագավորին կից գործում է գաղտնի խորհուրդ։ Օրենսդիր իշխանությունն իրականացնում է միապալատ պառլամենտը՝ Օրենսդիր ժողովը։ Ընտրական իրավունքից օգտվում են բոլոր քաղաքացիները (կանայք՝ 1960-ից)։ 1970-ից հետո ստեղծվել են ազգային դատական մարմիններ։

Բնությունը։ Տ․ կղզիների երկու զուգահեռ շղթաները, տեղադրված միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա, արլ.–ից եզրապատված են խորջրյա (10882 մ) անդունդով։ Արմ․ շղթան, ավելի քան 700 կմ երկարությամբ, կազմված հրաբխային լեռնային կղզիներից, սրածայր առանձին պիկերում բարձրանում է մինչև 1029 մ: Կան գործող, այդ թվում նաև ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ։ Կլիման արևադարձային ծովային է։ Փետրվարի միջին ջերմաստիճանը 26,1°C է, օգոստոսինը՝ 20,3°C, տարեկան տեղումները՝ մոտ 2000 մմ։ Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիների վրա։ Տարածված են արգավանդ կարմրահողերը։ Կղզիները ծածկված են խոնավ արևադարձային խիտ անտառներով։ Կենդանական աշխարհը աղքատ է, կաթնասունները ներկայացված են շիկամկներով ու մկներով։ Կան թռչուններ (մոտ 30 տեսակ), օձեր, մողեսներ, միջատներ, բազմատեսակ ձկներ, կրիաներ, փափկամորթիներ ևն։

Բնակչությունը։ 98%-ը պոլինեզիացիներ են (տոնգացիներ)։ Բնակվում են նաև եվրապոլինեզիական խառնածիններ (1%–ից պակաս), եվրոպացիներ և այլք։ Հավատացյալների մեծ մասը քրիստոնյաներ են (հատկապես բողոքականներ)։ Պաշտոնական լեզուներն են տոնգան ու անգլերենը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2-ի վրա 134 մարդ է (1985)։ Տերիտորիայի 20%-ը անմարդաբնակ է։ Բնակչության 74%-ը զբաղված է գյուղատնտեսության մեջ, մնացած մասը՝ Նուկուալոֆա, Պանգայի, Նեյաֆու քաղաքներում։

Պատմական տեղեկանք։ V դ․ վերջին – VI դ․ սկզբին Տ․ կղզիներում բնակություն են հաստատել պոլինեզիացիները։ Մոտ X դ․ Տ–ում առաջացել են առաջին պետ․ կազմավորումները՝ առաջնորդների ժառանգական իշխանությամբ։ XVIII դ․ Տ–ի հասարակությունը բաղկացած էր խոշոր հողատեր դասից և կախյալ գյուղացիներից։ 1643-ին Տոնգատապու կղզին հայտնագործել է Ա․ Տասմանը։ 1797-ին Տ․ մուտք են գործել քրիստոնյա քարոզիչներ։ 1845-ին ստեղծվել է կենտրոնացված պետություն։ XIX դ․ 70–80-ական թթ․ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ պայմանագիր են կնքել Տ–ի հետ՝ ձևականորեն ճանաչելով նրա անկախությունը։ 1900-ին Տ–ում հաստատվել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ։ 1968-ին Մեծ Բրիտանիայի ու Տ–ի միջև կնքվել է նոր համաձայնագիր բրիտ․ հսկողությունն աստիճանաբար կրճատելու վերաբերյալ։ 1970-ին դարձել է անկախ պետություն։ Քաղ․ կուսակցություններ և արհմիություններ Տ–ում չկան։

Հրատարակվում է կառավարական <Քրոնիքլ» («The Cronicle>, 1964-ից) շաբաթաթերթը։ Ռադիոհաղորդումներն իրականացնում է Տ–ի ռադիոհաղորդումների կառավարական հանձնաժողովը (1961-ից)։

Տնտեսությունը։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Անկախություն ստանալուց հետո պետությունը իրականացրեց տնտեսության զարգացման 1970–75 թթ․ պլանը, որն ուղղված էր արտահանման կուլտուրաների արտադրության բարձրացմանը, ձկնորսության ընդլայնմանը և ինֆրակառուցվածքի լավացմանը։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում են 55 հզ․ հա, որից 24 հզ․ հա զբաղեցնում են ցանքատարածությունները, 29 հզ․ հա՝ բազմամյա կուլտուրաներն ու տնկարկները, 2 հզ․ հա` արոտավայրերն ու մարգագետինները։ Լավագույն հողերը պատկանում են թագավորական ընտանիքին և բարձր խավին, որոնք հողը տալիս են գյուղացիներին վարձակալությամբ։ Արտահանման գլխավոր կուլտուրաներն են կոկոսյան արմավենին և բանանը։ Աճեցնում են նաև ցիտրուսայիններ, արքայախնձոր, բատատ, մանիոկ, յամս, տարո, բանջարեղեն ևն։ Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը ներկայացված է փայտասղոցման և գյուղատնտ․ հումքի մշակման ձեռնարկություններով։ Զարգացած է տուրիզմը։ Նավահանգիստներն են Նուկուալոֆան և Նեյաֆուն։ Երկաթուղի չկա։ Ավտոճանապարհների երկարությունը 300 կմ է (160 կմ–ը՝ կոշտ ծածկով), ավտոպարկը՝ 2,5 հզ․ մեքենա (1983)։ Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է։ 1981-ին արտահանությունը կազմել է 6,4 մլն պաանգ, ներմուծումը՝ 32,6 մլն։ Արտահանում է կոպրա (կոկոսյան ընկույզի միջուկ), բանան, լոլիկ, ներմուծում մեքենաներ ու սարքավորումներ, արդ․ ապրանքներ, պարեն ևն։ Առևտր․ գործընկերներն են Նոր Զելանդիան, Ավստրալիան, Ճապոնիան։

Դրամական միավորը պաանգն է։ 1 պաանգը=ամեր․ 1 դոլլարի։

Լուսավորությունը։ Տարրական կրթությունն անվճար է և պարտադիր 6–14 տարեկան երեխաների համար։ Տարրական դպրոցը 6-ամյա է, միջնակարգը՝ 6-ամյա (4+2)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 4-ամյա մանկավարժ․ կոլեջները։

ՏՈՆԻ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի համանուն գավառի Հայոց ձոր գավառակում, Վարագա լեռան հվ․ կողմում։ XIX դ․ վերջին ուներ 50 տուն, 1909-ին՝ 46 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ 1895-ին թուրքերը կողոպտել են Տ․։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ գյուղի հայկ․ թաղն ավերվել է։ Հայ բնակիչների մի մասը մասնակցել է Վանի ինքնապաշտպան. կռիվներին և նահանջող ռուս զորքի ու հայ կամավորների ուղեկցությամբ գաղթել Արլ․ Հայաստան։

ՏՈՆԻԿԱ (տես Տոն, Տոնայնություն), մոնոդիական (կամ մեղեդիական) լադերում՝ լադի միակ հնչյունը, որ հանդես է գալիս որպես կայուն կենտրոն՝ իր շուրջը համախմբելով և դեպի իրեն ձգելով բոլոր մյուս, անկայուն հնչյունները։ Դասական հարմոնիկ լադերում այդ նույն դերը կատարում է նաև տոնիկային հնչյունի վրա կառուցված կոնսոնանս համահնչյունը