Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աչքի են ընկնում ոչ միայն ավանդույթների լավատեղյակությամբ, այլն դրանք նորովի մեկնաբանելու համարձակ փորձերով։ Քնարական տրամադրությամբ, հոգեբանական վերլուծությամբ, նորարարությամբ, հուզական և մտավոր զուգորդումներով են բնորոշվում Ռաձինսկու «Դարձյալ սիրո մասին» (1964), Ռոշչինի «Վալենտին և Վալենտինա» (1971), Ցագարելու «Խանում» (1973), «Րալալայկինը և ընկ․» (ըստ Սալտիկով–Շչեդրինի, 1973), «Ձիու պատմությունը» (ըստ Լ․ Տոլստոյի, 1975), «Պիկվիկյան ակումբ» (ըստ Դիքենսի, 1978), «Տարելկինի մահը» (ըստ Սուխովո-Կոբիլինի, 1984) և այլ բեմադրություններ։ Տ․ բազմաթիվ ներկայացումներ է իրականացրել արտասահմանյան երկրների թատրոններում։ Հեղինակ է «Ռեժիսորի պրոֆեսիայի մասին» (1967), «Մտքերի ոլորտ» (1972), «Բեմի հայելին» (1980) գրքերի։ 1939–46-ին դասավանդել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ․ վրաց․ թատեր․ ինստ-ում, 1962-ից` Լենինգրադի Թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ (պրոֆեսոր՝ 1960-ից)։ Աշակերտներից է Ե․ Ղազանչյանը։ Տ․ եղել է ԱՄՀՄ VII– VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍԱՀՄ պետ․ մրցանակներ (1950, 1952, 1968, 1978)։ Պարգևատրվել է Լենինի 3 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Գրկ․ Б е н ь я ш Р․, Г․ Товстоногов [Л․– М․, 1961]․ Վ․Գրիգորյան

ՏՈՏԱԼ ՊԱՏԵՐԱԶՄ» (<ուշ լատ․ totalis – ամբողջ, լրիվ), իմպերիալիստական պատերազմ, որի ընթացքում պետության բոլոր միջոցները, հասարակական և տնտեսական բոլոր հնարավորություններն ի սպաս են դրվում հակառակորդի զինված ուժերն ու խաղաղ բնակչությանը առավել դաժան միջոցներով զանգվածաբար բնաջնջելու նպատակին։ Առաջին անգամ «Տ․ պ․»-ի տեսությունը շարադրել է գերմ․ գեներալ է․ Լյուդենդորֆը, 1935-ին։ Գերմ․ ֆաշիստները «Տ․ պ․»-ի տեսությունը գործնականում կիրառեցին երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ։

ՏՈՏԱԼԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, բուրժ․ ավտորիտար (ինքնիշխան) պետության ձև իմպերիալիզմի դարաշրջանում։ Տ․ պ․ ամբողջությամբ վերահսկում է հասարակության կյանքի բոլոր ոլորտները։ Տ․ պ–ում, որպես կանոն, պետականացվում են բոլոր լեգալ կազմակերպությունները, իշխանությունները ձեռք են բերում օրենքով չսահմանափակված լիազորություններ, արգելվում են դեմոկրատական կազմակերպությունները, վերացվում սահմանադրական դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները, ռազմականացվում է հասարակական կյանքը, հետապնդվում են առաջադեմ ուժերն ու այլախոհներն ընդհանրապես։ Ծայրահեղ Տ․ պ–ներ էին ֆաշիստական Գերմանիան և Իտալիան։

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄ, 1․ բուրժ․ քաղ․ մտքի ուղղություն, որն արդարացնում է պետության ակտիվ մասնակցությունը հասարակության տնտ․ կյանքին և դիկտատորական մեթոդներով կառավարվող պետ․ կարգը։ Պետության համընդգրկող (տոտալիտար) բնույթի մասին գաղափարներ են առաջ քաշել (որոշակի վերապահումներով) Հոբսը, Հեգելը։ Տ․ առանձնապես տարածվել է ֆաշիզմի զարգացման հետ՝ դառնալով ֆաշիստական Իտալիայի և Գերմանիայի պաշտոնական գաղափարախոսությունը։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում հակակոմունիստական պրոպագանդան տոտալիտար բնույթ է վերագրել սոցիալիստական պետություններին՝ դրանք զրպարտչորեն նույնացնելով ֆաշիստական վարչակարգերի հետ և հակադրելով «դեմոկրատական, ազատ» աշխարհին։ Ներկայումս Տ․, ըստ էության, հեղինակազրկվել է, սակայն սոցիալական հակասությունների սրումը կապիտ․ երկրներում առաջ է բերում տոտալիտար, նեոֆաշիստական միտումների աշխուժացում։ Տ–ի գաղափարախոսության և պրակտիկայի դեմ պայքարը կոմունիստական շարժման և մարքսիստական հասարակագիտության կարևորագույն խնդիրն է։ 2․ Տես Տոտալիտար պետություն։

ՏՈՏԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Վարդո գավառակում, Մշո դաշտի արլ–ում, Տոտան գետի ափին, արգավանդ հարթավայրում։ Զուտ հայաբնակ էր․ 1870-ին ուներ 44 տուն, 1913-ին՝ 384 բնակիչ (51 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի, Գ․ Սրվանձտյանցի ջանքերով բացված դպրոց (1870-ին ուներ 36 աշակերտ)։ Գյուղից ոչ հեռու Մ․ Հակոբ վանքն էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՏՈՏԵՄԻԶՄ (օջիբվե հնդկացիների լեզվում օտ-տոտեմ՝ նրա տոհմը, բառից), մարդկանց որոշակի խմբերի և, այսպես կոչված, տոտեմների (կենդանիներ, բույսեր, հազվադեպ՝ բնության երևույթներ, անշունչ առարկաներ) միջև գերբնական ազգակցության մասին հավատք տոհմացեղային հասարակության մեջ։ Տ–ի հիմնական տեսակը տոհմային է (անհատականը կամ սեռայինը՝ հազվադեպ)։ Տոտեմը (ավելի հաճախ՝ կենդանու տեսակ) իր անունը կրող խմբի (սովորաբար՝ տոհմ, համայնքի) կրոն, պաշտամունքի առարկան է։ Հիմնավոր ուսումնասիրությունները (հատկապես՝ սովետական գիտնականներ Դ․ Կ․ Զելենինի, Ա․ Ա․ Տոկարևի, Մ․ Պ․ Տոլստովի և ուրիշների) ցույց են տալիս, որ Տ․ համընդհանուր երևույթ է, նախնադարյան հասարակությունում արենազգակցական հարաբերությունները երևակայականորեն արտացոլող առավել հին կրոն. համակարգերից մեկը։ Տ․ առավել ամբողջությամբ պահպանվել է Ավստրալիայի բնիկների մեջ։ Տ–ի վերապրուկներ նկատվում են աշխարհի բոլոր կրոններում, ներառյալ հուդայականությունը, քրիստոնեությունը, բուդդայականությունը, հնդուիզմը, մահմեդականությունը։
Գրկ․ Т о к а р е в С- А․, Ранние формы религии и их развитие, М․, 1964․

ՏՈՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառի Բասեն գավառակում։ XIX դ․ 70-ական թթ․ վերջին ուներ 450 (42 տուն), առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ մոտ 500 հայ բնակիչ (57 տուն)։ Զբաղվում էին հիմնականում հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Մայր Աստվածածին) և վարժարան (Արշակունյան, 1878-ին ուներ 40 աշակերտ)։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան

ՏՈՏՈ [Toto, իսկական անուն ազգանունը՝ Անտոնիո Դե Կ ու ր տ ի ս–Գ ա լ յ ա ր դ ի, De Curtis-Gagliardi (1901 – 1967)], իտալացի կինոդերասան։ Նախապես խաղացել է ռևյուում, օպերետում, թատրոնում, հանդես եկել ռադիոյով։ Տ․ կինոյում ստեղծել է մի կերպար, որը փոխանցվել է ֆիլմից ֆիլմ, երբեմն՝ փոխելով անունը։ Կերպարի հաջողության շնորհիվ նկարահանվել են մի շարք կինոնկարներ՝ «Տոտոն ճամփորդում է Իտալիայում» (1948), «Տոտոն տուն է փնտրում» (1949), «Տոտոն փնտրում է կնոջը» (1952) ևն։ Տ–ի մասնակցությամբ ֆիլմերում պայմանական, կատակերգական դրությունները հաճախ զուգակցվել են սոցիալական ուղղվածությանը, որը դարձել է նրա և նեոռեալիստ ռեժիսորների համագործակցության հիմքը․ Ռ․ Ռոսսելինիի «Ո՞ւր է ազատությունը» (1952), Է․ Դե Ֆիլիպոյի «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950), Վ․ Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954) ևն։ Խաղացել է նաև «Օրենքն օրենք է» իտալա–ֆրանս․ և Պ․ Պազոլինիի «Մեծ և փոքր թռչունները» ֆիլմերում։ Վերջին դերը Խաբեբան էր «Սուրբ Յանուարիուսի օպերացիան» (1967) կինոնկարում։

ՏՈՏՈՄՅԱՆՑ, Տ ո տ ո մ ի ա ն ց, Թ ո թ ո մ յ ա ն ց, Վահան Թովմայի (1875 – 1952), բուրժ․ տնտեսագետ, կոոպերատիվ շարժման տեսաբան։ Սովորել է Բրյուսելի համալսարանում։ 1912-ից Մոսկվայի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1915-ից քաղաքատնտեսության ու վիճակագրության դ–ր։ 1919-ից վտարանդի։