Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմնական աշխատությունները նվիրված են կոոպերացիայի պրոբլեմներին։ Տ․ գտնում էր, որ կոոպերացիայի միջոցով կարելի է թուլացնել դասակարգային պայքարն ու բանվորների շահագործումը։ Վ․ Ի․ Լենինը քննադատում էր Տ–ի կոոպերացիայի տեսությունն այն պատճառով, որ «Նրա մեջ չկա ո′չ զարգացող կապիտալիզմ, ո′չ դասակարգային պայքար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էջ 487)։ Տ․ ենթադրում էր, որ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կոոպերատիվ շարժումն ուժեղացել է բանկերի ու արդյունաբերության ազգայնացման շնորհիվ։ Ռուսաստանում կոոպերատիվ շարժման զարգացումն ընկալվում էր սոցիալիզմի տնտ․ բազիսի ստեղծման համար ՌՍԴԲԿ գործունեությունից անջատ։ Կապիտ․ արտադր․ հարաբերությունների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություններում, զարգացնելով «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» գաղափարը, հանդես էր գալիս հօգուտ դասակարգային հաշտության, շահույթների բաշխմանը բանվորների մասնակցության։ Գտնում էր, որ բանվոր դասակարգը շահագործումից կարող է ազատագրվել ոչ թե դասակարգային պայքարի, այլ միայն տրեդյունիոնների և արտադր․ կոոպերացիաների ստեղծման ուղիով։
Երկ․ Формы аграрного движения, СПБ, 1906; Кооперация в русской деревне, М․, 1912; Теория, история и практика потребительской кооперации, 4 изд․, М․, 1918; Основы кооперации, Берлин, 1923․

ՏՈՐ (է․ Տորիչելլիի անունից), ճնշման արտահամակարգային միավոր։ Հավասար է ֆիզիկ. (նորմալ) մթնոլորտի 1/760 մասին, այսինքն՝ 101325 պա/760=133,322 պա։ Տ–ի փոխարեն հաճախ կիրառվում է նրան հավասար մեկ այլ միավոր՝ սնդիկի սյան միլիմետրը (մմ սնդ․ ս․)։

ՏՈՐ (լատ․ torus – փքվածության, ուռուցիկություն, հանգույց, գլանիկ), երկրաչափական մարմին, որն առաջանում է շրջանն իր հարթության մեջ գտնվող, բայց իր հետ չհատվող ուղղի շուրջը պտտելիս (տես նկ․)։ Մոտավորապես Տ–ի ձև ունեն օղաբլիթը, փրկարար օղակը, մեքենայի դողի փուչիկը։ Եթե պտտվող շրջանի շառավիղը հավասար է r, իսկ նրա կենտրոնի և պտտման առանցքի հեռավորությունը՝ а, ապա Տ–ի մակերևույթի մակերեսն արտահայտվում է Տ=4π2ar, իսկ ծավալը՝ V=2π2ar2 բանաձևով։ Երբեմն Տ․ են անվանում նաև Տ․ սահմանափակող մակերևույթը։

ՏՈՐԱԶՆԵՐ, Սուլավեսի կղզու (Ինդոնեզիա) կենտր. մասի արմատական բնակչությունը կազմող ազգակից ժողովուրդների ու ցեղերի (սադանգներ, պալու, պոսո, կորո ևն) հավաքական անվանումը։ Թիվը՝ 1,3 մլն (1978)։ Խոսում են ինդոնեզական լեզուներով։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, բուծում գոմեշներ։ Առավելապես պահպանում են ցեղային ավանդական պաշտամունքները, XIX դ․ վերջից տարածվում են նաև քրիստոնեությունն ու մահմեդականությունը։

ՏՈՐԵԱԴՈՐ, տ ո ր ե ր ո (< իսպ․ torero, toreador, < toreo - ցլամարտ), ցլամարտի մասնակից։

ՏՈՐԵՍԻ ՆԵՂՈՒՑ (Torres Strait), Նոր Գվինեայի և Ավստրալիայի միջև։ Միացնում է Հնդկական և Խաղաղ օվկիանոսները։ Երկարությունը 74 կմ է, լայնությունը՝ 170 կմ, նավարկուղում խորությունը՝ 7,4 մ։ Կան շատ կղզիներ, ժայռեր, խութեր։ Զմռանը հոսանքներն ուղղված են դեպի արլ․, ամռանը՝ արմ․, արագությունը՝ մինչև 1 կմ/ժ։ Անվանվել է ի պատիվ իսպ․ ճանապարհորդ Լ․ Տորեսի (L․ Torres, 1560–1614)։

ՏՈՐԺՈԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Կալինինի մարզի Տորժոկի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Տվերցա գետի ափին, Մոսկվա–Լենինգրադ խճուղու վրա։ Երկաթուղային հանգույց է։ Մոտ 50 հզ․ բն․ (1976)։ Կան վագոնաշինական, պոլիգրաֆիական, ներկերի, մեխանիկական, կաշվի, փայտամշակման, յուղի, պանրի գործարաններ, կոշիկի ֆաբրիկա։ Զարգացած են ոսկեկարի արհեստները։ Ունի վուշի Համամիութենական ԳՀԻ, տեխնիկումներ, ուսումնարան, թանգարան։ Հայտնի է 1139-ից։ Պահպանվել են Համբարձման փայտի եկեղեցին (XVII դ․), Բորիսոգլեբսկի վանքի համալիրը (1785–96), Սպասո–Պրեոբրաժենսկիի տաճարը (1822), ճանապարհային պալատը (XVIII դ․ վերջ)։

ՏՈՐԻ (անգլ․ tory), անգլ․ քաղ․ կուսակցություն XVII–XIX դդ․։ Ստեղծվել է XVII դ․ 70-ական թթ․ վերջին 80-ական թթ․ սկզբին, որպես բացարձակ միապետության կողմնակիցների խմբավորում։ XVIII դ․ 20-ական թվականներից սկսած Տ–ի պարագլուխները վերակառուցել են կուսակցությունը, հաշվի առնելով նոր պատմ․ պայմանները, դրել նրա սոցիալ–փիլ․ գաղափարակրոնական, քաղ․, ինչպես նաև տակտիկական և կազմակերպական հիմքերը։ Այդպիսով Տ․ դարձել է երկու առաջատար կուսակցություններից մեկը (վիգերի հետ) անգլ․ երկկուսակցական համակարգում։ Տ–ները արտահայտել են հողատեր ազնվականության և բարձր հոգևորականության շահերը, հենվել են նաև մանր ու միջին ազնվականության, մանր բուրժուազիայի մի մասի վրա։ XIX դ․ կեսին Տ–ի հին կուսակցության քայքայման հետևանքով, նրա հիմքի վրա ձևավորվել է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը, որի կողմնակիցներին ոչ պաշտոնական անվանում են նաև «տորի»։

ՏՈՐԻՉԵԼԼԻ (Torricelli) Էվանջելիստա (1608–1647), իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Մաթ․ կրթությունն ստացել է Հռոմում, Գ․ Գալիլեյի աշակերտ Բ․ Կաստելլիի ղեկավարությամբ։ 1641-ին տեղափոխվել է Արչետրի, ուր օգնել է Գալիլեյին մշակելու իր աշխատությունները։ 1642-ից, Գալիլեյի մահից հետո, եղել է Տոսկանիայի մեծ դքսի պալատական մաթեմատիկոսը և միաժամանակ Ֆլորենցիայի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր։ Առավել հայտնի են պնևմատիկայի և մեխանիկայի բնագավառում կատարած աշխատանքները։ Մշակել է մթնոլորտային ճնշման տեսությունը, ապացուցել, այսպես կոչված, տորիչելյան դատարկության ստացման հնարավորությունը, ստեղծել սնդիկային բարոմետր (1644)։ «Ազատ ընկնող և նետված ծանր մարմինների շարժման մասին» (1641) աշխատության մեջ զարգացրել է Գալիլեյի գաղափարները շարժման վերաբերյալ, ձևակերպել ծանրության կենտրոնների շարժման սկզբունքը, շարադրել հիդրավլիկայի հիմունքները, արտածել անոթից իդեալական հեղուկի արտահոսման արագության բանաձևը (Տ ո ր ի չ ե լ լ ի ի բ ա ն ա ձ և)։ Ունի նաև մաթեմատիկային (մասնավորապես, զարգացրել է «անբաժանելիների» մեթոդը), բալիստիկային, օպտիկական սարքերի կատարելագործմանը, ոսպնյակների հղկմանը վերաբերող աշխատանքներ։
Գրկ․ Л ь о ц ц и М․, История физики, пер․ с итал․, М․, 1970; Д о р ф м а н Я․ Г․, Всемирная история физики с древнейших времён до конца XVIII века, М., 1974․

ՏՈՐԿՎԵՄԱԴԱ, Տ ո ր կ ե մ ա դ ա (Torquemada) Թոմաս (մոտ 1420–1498), ինկվիզիցիայի ղեկավար Իսպանիայում։ Իզաբել թագուհու խոստովանահայրն էր, 1483-ին նշանակվել է Կաստիլիայի և Արագոնի, 1486-ից՝ նաև Վալենսիայի և Կատալոնիայի մեծ ինկվիզիտոր։ Կազմել է ինկվիզիցիայի օրենսգիրք, դատի արարողակարգը, մշակել ինկվիզիցիայի մարմինների կազմակերպական կառուցվածքը։ Հայտնի էր բացառիկ դաժանությամբ, լայնորեն կիրառել է հրադատությունը (նրա օրոք մահապատժի է ենթարկվել ավելի քան 10 հզ․ մարդ)։ Մահմեդականներին և հրեաներին հետապնդելու նախաձեռնողն էր (1492-ին հրեաները վտարվել են Իսպանիայից)։

ՏՈՐԿՐԵՏՈՒՄ [< լատ․ (tec) tor (ium)– սվաղ և (con) cret (us)–խտացված], բետոնային աշխատանքների մեթոդ, որի դեպքում բետոնապատվող մակերևույթը սեղմված օդի ճնշման ազդեցությամբ շերտ առ շերտ պատվում է բետոնախառնուրդով։ Տ․ կատարվում է տ ո ր կ ր ե տ ա յ ի ն տ ե ղ ա կ ա յ ա ն ք ի օգնությամբ, որը բաղկացած է ցեմենտանետիչից և կոմպրեսորից։ Տ–ման համար պատրաստում են ցեմենտից և լցանյութերից (սովորաբար ավազից) բաղկացած չոր խառնուրդ։ Սեղմված օդով խառնուրդը փողրակով մատուցվում է ծայրափողակին, թրջվում այնտեղ մեկ այլ փողրակով մատուցվող ջրով և մեծ արագությամբ (130–170 մ/վրկ) արտանետվում տորկրետվող մակերևույթի վրա։ Տորկրետային ծածկույթը աչքի է ընկնում մեխանիկական բարձր ամրությամբ, խտությամբ, անջրանցիկությամբ և սառնակայունությամբ։ Տ․ կիրառում են բարակապատ երկաթբետոնե կոնստրուկցիաների (թաղանթների, ռեզերվուարների) կառուցման, երկաթբետոնե կոնստրուկցիաների վերանորոգման