Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրաստում է տարբեր տեսակի տպագրական արտադրանք (թերթեր, գրքեր, ամսագրեր ևն)։ Եթե ձեռնարկությունում գերակշռում է օֆսեթ տպագրությունը կամ խոր տպագրությունը, ապա այն կոչվում է ֆաբրիկա։ Խոշոր Տ․, որտեղ օգտագործվում է տպագրության 2 կամ 3 եղանակ, կոչվում է պոլիգրաֆիական կոմբինատ։

ՏՍՈՆԳԱ, ժողովուրդ։ Բնակվում են Մոզամբիկում (Սաբի գետից հվ․) և ՀԱՀ ու Հվ․ Ռոդեզիայի կից շրջաններում։ Ընդհանուր թիվը` 3,6 մլն (1978)։ Լեզուն պատկանում է բանտու լեզվաընտանիքի հվ–արլ․ խմբին։ Տ–ի մի մասը (շանգաանտսոնգա կամ խլանգանու) XIX դ․ 1-ին կեսին Նատալից վերաբնակված զուլուների հետնորդներն են։ Տ․ պահպանում են ավանդական հավատալիքները (նախնիների, բնության ուժերի պաշտամունք), մոտ 1/3-ը քրիստոնյաներ են (կաթոլիկներ)։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ։

ՏՎԱԼԻՆՔ, Դ վ ա լ ի ն ք, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառի Տալվորիկ գավառակում, Տալվորիկ գյուղից մոտ 2,5 կմ արլ․, Քաղիրթ (Բաթմանսու) գետի աջ ափին։ 1909-ին ուներ 13 տուն հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի։ Տ–ի բնակիչները 1895-ին ղիմադրել են թուրք. հրոսակների ասպատակություններին, 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ՝ դիմելն ինքնապաշտպանության, գաղթել Արլ․ Հայաստան։

ՏՎԱՂՈՒՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սպարկերտ գավառակում, Վանա լճից հվ–արմ․, Բադրանանց գյուղից.մոտ 4 կմ հեռու։ Զուտ հայաբնակ գյուղ էր։ 1850-ական` թթ․ ուներ 14 տուն, 1880-ական թթ․` 20 տուն, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 31 տուն բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Տ–ում կար եկեղեցի (Մ․ Գևորգ), գյուղից ոչ հեռու Շիրնից վանքն էր։ 1895-ի հայկ․ կոտորածների ժամանակ Տ–ի բնակիչների մի մասը բռնությամբ մահմեդականացվել է։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան

ՏՎԱՐԱԵՂՑԻ, Տ վ ա ր ա գ ե ղ ց ի, հայկական վաղ միջնադարյան ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղից 4 կմ հվ–արմ․, նույնանուն հին գյուղատեղիի մոտ։ Պահպանվել է պատերի մի մասը, առավել ամբողջական տեսք ունի արլ․ թևը։ Արմ․ պատի որմնամույթերի հետքերից երևում է, որ ուղղանկյուն աղոթասրահը (19,7x10,9 մ) բաժանված է եղել երեք անհավասար նավի։ Մասնակի պեղումներով պարզվել է, որ եկեղեցու յուրաքանչյուր հենարանային շարքում եղել է երեքական մույթ։ Կիսաշրջանաձև խորանին հվ–ից կից է ուղղանկյուն ավանդատունը՝ կառուցված եկեղեցու հետ միաժամանակ։ Հավանական է, որ մուտքերը եղել են երեքը՝ հվ–ից, հս–ից և արմ–ից։ Թաղի հետքերի բացակայությունից, պատերի ոչ զանգվածեղությունից երևում է, որ եկեղեցին ունեցել է փայտաշեն ծածկ։ Պատերի վերին կեսը վերակառուցվել է 1258-ին ոմն Սամուելի կողմից։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ չկան։ Հորինվածքային և կոնստրուկտիվ մի շարք տարրեր (շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ, խորանի պատուհանի եզրերի ուղիղ կտրվածք, որմնամույթերի խարիսխների պարզ տրամատի ակոսներ, փայտաշեն ծածկ) վկայում են հուշարձանի VI դարից վաղ կառուցվելը։
Գրկ․ Շ ա խ կ յ ա ն Գ․, Վաղ միջնադարյան երկու հուշարձան Կողբում, «ՊԲՀ», 1979, № 4։ Գ․ Շախկյան

ՏՎԱՐԱԾԱՏԱՓ, Տ ու ա ր ա ծ ա տ ա փ, Տ ու ա ր ա ծ ո յ տ ա փ, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Ենթադրվում է, որ ուրարտ․ սեպաձև արձանագրություններում հիշատակվող Տուարածինի խուբին է։ VII դ․ «Աշխարհացոյց»-ում մատնանշվում է Դասնավորք, Դալառ, Վարաժնունիք և Հարք գավառների միջև։ Տ–ի մասին աղբյուրներում այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Ուսումնասիրողները նույնացնում են հետագա Կարայազի դաշտին։
Գրկ․ Ե ր ե մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963:

ՏՎԱՐԱԾԱՏԱՓԻ ԴԱՇՏ, Կ ա ր ա յ ա զ ի դ ա շ տ, սեղանաձև սարավանդ Հայկական լեռնաշխարհում, Արաքս գետի վերին հոսանքում, Բյուրակն և Այծպտկունք հորստային լեռնազանգվածների միջև։ Երկարությունը մոտ 40 կմ է, լայնությունը՝ 15 կմ, բարձրությունը՝ 1400–1600 մ։ Կլիման ցամաքային է, չափավոր զով ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500–600 մմ են։ Տարածված են լեռնային սևահողերը, բուսածածկույթը տափաստանային և մարգազետնա տափաստանային է։ Ընդգրկել է Տվարածատափ գավառի մասը։

ՏՎԱՐԴՈՎՍԿԻ Ալեքսանդր Տրիֆոնովիչ [21․6․1910, գ․ Զագորյե (այժմ՝ Սմոլենսկի մարզի Պոչինոկի շրջանում)–18․12․1971, Կրասնայա Պախրայի (Մոսկվայի մարզ) մոտ գտնվող ամառանոցում, թաղված է Մոսկվայում], ռուս սովետական բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՄՄԿԿ անդամ 1940-ից։ 1939-ին ավարտել է Մոսկվայի պատմության, փիլ–յան և գրկ–յան ինստ–ը։ Տ–ի վաղ շրջանի գործերի թեման գյուղացու ճակատագիրն է կոլեկտիվացման տարիներին («ճանապարհ դեպի սոցիալիզմ», 1931, «Նախերգանք», 1933, պոեմներ, «Կոլտնտեսության նախագահի օրագիրը», 1932, վիպակ, «Բանաստեղծությունների ժողովածու։ 1930–35», 1935)։ Կոլեկտիվացման թեման առավել գեղարվեստականորեն է մարմնավորվել «Երկիր Մուրավիա» (1936, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) պոեմում։ Սովետական գյուղի մարդկանց բնավորության փոփոխություններն են արտացոլված «Ճանապարհ» (1938), «Գյուղական ժամանակագրություն» (1939), «Զագորյե» (1941) ժողովածուներում։ 1939–1940-ի սովետա–ֆինլանդական պատերազմում Տ․ եղել է զինվորական թղթակից, որի արգասիքն են «Ֆինլանդիայի ձյուների մեջ» (1939–40) բանաստեղծությունների շարքը և «Կարելական պարանոցից» (հրտ․ 1969) արձակ գրառումները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ճակատային թերթերում հրատարակել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Լայն ճանաչում է ստացել Տ–ի «Վասիլի Տյորկին» (1941–45, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946, հայ․ հրտ․ 1953) պոեմը, որի գլխավոր գործող անձը, հակառակ իր պարզամտության, իսկական հերոս է, ազատարար զինվորի բարոյական ուժը վեհանձնությունը և մարդասիրությունը մարմնավորող, հոգեպես հարուստ մարդ։
Տ–ի ետպատերազմյան ստեղծագործության կենտրոնում հայրենիքի և ժողովրդի պատմ․ ճակատագրերն են («Ճամփեզրի տունը», 1946, պոեմ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947, հայ․ հրտ․ 1962), ժողովրդի զոհերի ու սխրանքների մեծության գիտակցումը։ Լայն ընդգրկումով է գրված Տ–ի «Հեռաստանից հեռաստան» (1953–1960, լենինյան մրցանակ, 1961, հայ․ հրտ․ 1961) քնարահրապարակախոսական պոեմը, որը ճամփորդական օրագրից վերաճում է դարի որդու կրքոտ խոստովանության։ «Տյորկինը այն աշխարհում» (1963) պոեմում սուր երգիծանքով Տ․ ներկայացրել է, իր բառերով ասած, «մեր իրականության» բացասական գծերը։ Խոհական քնարերգության նմուշներ են նրա ուշ շրջանի ժողովածուները՝ «Բանաստեղծություններ՝ ծոցատետրից» (1961), «Այդ տարիների քնարերգությունից։ 1959–67» (1967, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1971)։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մ․ Մարշակի, Ի․ Բունինի ստեղծագործության մասին Տ–ի հոդվածները, «Հոդվածներ ու գրառումներ գրականության մասին» (1961), «Միխայիլ Իսակովսկու պոեզիան» (1969) գրքերը։ Տ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՄՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։
Տ․ եղել է «Նովի միր» («Новый мир», 1950–54 և 1958–70) ամսագրի խմբագիր, ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար (1950–54 և 1959–71), գրողների եվրոպ․ միության փոխնախագահ (1963– 1968), ՌՍՖՍՀ II, III, V, VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ XIX համագումարում (1952) ընտրվել է ՄՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, XXII համագումարում (1961)՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է Լենինի 3 և 4 այլ շքանշաններով։
Երկ․ Собр․ соч․, т․ 1–6, М․, 1976․ Պոեմներ, Ե․, 1951։ Վասիլի Տյորկին, Ե․, 1972։ Քնարական երգեր, Ե․, 1981; Գրկ․ Т у р к о в А․, Александр Твардовский, 2 изд․, испр․ и доп․, М․, 1970; К о н д р а т о в и ч