Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/704

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Աքվիտանիայի արմ–ում տարեկան թափվում են 800–1200 մմ, մնացած հարթավայրերում՝ 600–800 մմ տեղումներ։ Ամենաքիչ տեղումներ (500–800 մմ) լինում են Ռոնի դաշտավայրում, ներքին հովիտներում և Միջերկրական ծովի արլ․ ափին։ Կայուն ձյունածածկույթ նկատվում է 500–1000 մ բարձրությունների շրջանում, 2500– 3000 մ բարձրություններում ձյունածածկի տևողությունը 7–11 ամիս է։
Ներքին ջրերը։ Առավել խոշոր գետերն են Լուարը, Ռոնը, Սենը, Գարոնը։ Երկրի արլ․ մասով է անցնում Հռենոսի միջին հոսանքը։ Հարթավայրային գետերը ջրառատ են, նավարկելի, սառցահոսք չունեն։ Դրանցից շատերը ջրանցքներով միացած են։ Միջին բարձրություն ունեցող լեռների գետերը առաջացնում են խոր հովիտներ։ Բարձրադիր լեռներից՝ Ալպերից և Պիրենեյներից սկիզբ առնող գետերը հոսում են խոր հովիտներով, նրանց սնման հիմնական աղբյուրը ձնասառցադաշտային հալոցքային ջրերն են, որոնք ամռանը առաջացնում են մեծ վարարումներ։ Ֆ–ում է ժնեի լճի հվ․ մասը։
Հողերը։ Տարածված են անտառային գորշ հողերը, որոնք հս–արմ–ում զուգորդում են թթու ճմապոդզոլային հողերին։ Փարիզի ավազանում, լյոսանման սուգլինկաների վրա, գերակշռում են գորշ անտառային հողերը, իսկ կրաքարային կուեստային բլրաշարերի վրա՝ գորշ ռենձիները, որոնք բնորոշ են նաև Արլ․ Աքվիտանիային։ Արմ․ Աքվիտանիայում հողերը ներկայացված են խիստ պոդզոլազերծված ձևերով։ Յուրայի լեռներում, Կենտր․ ֆրանս․ զանգվածում և Նախալպերում կարբոնատային ապարների վրա տարածված են ճմա–կարբոնատային և բուսահողային–կարբոնատային, առավելապես խճային հողերը։ Կենտր․ ֆրանս․ զանգվածի մեծ տարածություններում լեռնաանտառային գորշ հողատեսակներ են, իսկ նրա կենտր․ մասում, Օվերնիում՝հրաբխային հողեր։ Բոլոր այս հողերը ենթարկվում են ուժեղ էրոզիայի։ Միջերկրածովյան շրջանի չորասեր անտառներում խճային (քարքարոտ) էրոզիայի ենթարկված հողեր և կարմրահողեր՝ «տերրառոսսա» են։
Բուսականությունը։ Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 20%-ը։ Գերիշխում են երկրորդական անտառներն ու արհեստական տնկարկները։ Անտառային խոշոր զանգվածներ տարածված են Աքվիտանիայի արմ․ շրջաններում (գլխավորապես սոճու տնկովի անտառներ), արլ–ում՝ Փարիզի ավազանում, Ալպերում և Պիրենեյներում։ Աքվիտանիայի արլ–ում կաղնու և շագանակենու անտառներ են, հանդիպում են մերձարևադարձային բուսականության թփուտների տարրեր, երկրի հս–ում հաճարենու, բոխու և կաղնու անտառներ են, հս–արմ–ում գիրակշռում են գիհու մացառուտներն ու մարգագետինները, միջերկրականի շրջանում՝ թփուտային մացառուտները (գարիգա, մակվիս) և նոսր անտառները։
Անտառային շրջաններին, գլխավորապես լեռներում, կաթնասուններից բնորոշ են վայրի անտառային կատուն, աղվեսը, կնգումը, գորշուկը, այծյամը, ազնիվ եղջերուն, եղնիկը, վայրի խոզը, սկյուռը, նապաստակը, բարձր լեռներում հանդիպում են քարայծ, լեռնային այծ, ալպիական արջամուկ։ Շատ կան թռչուններ, գետերում՝ ձկներ ևն։
Ֆ–ում 1975-ին կար 3000-ից ավելի պահպանության հանձնված տարածքներ։ Արգելանոցների կամ ազգային պարկերի զգալի մասը գտնվում է լեռներում (օրինակ, Վանուազ և Պելվու՝ Ալպերում, Նեուվիել՝ Պիրենեյներում)։ Կան թռչունների արգելանոցներ։

IV. Բնակչությունը

Ֆ–ի ազգային կազմը համեմատաբար միատարր է, բնակչության ավելի քան 93%–ը ֆրանսիացիներ են (1985)։ Մյուսները՝ էլզասցիներ ու լոթարինգցիներ են (մոտ 1,3 մլն բնակվում են երկրի մի քանի ծայրամասային մարզերում), հս–արմ–ում՝բրետոնցիներ՝ (1 մլն), հս–արլ–ում՝ ֆլամանդցիներ՝ (100 հզ․), հվ–արմ–ում՝՝ կատալոնցիներ (200 հզ․), բասկեր (130 հզ․), Կորսիկա կղզում՝՝ կորսիկացիներ (300 հզ․), խոշոր քաղաքներում ապրում են հրեաներ (մոտ 500 հզ․), հայեր (350 հզ․), մոտ 4 մլն իտալացիներ, պորտուգալացիներ, իսպանացիներ, լեհեր, ալժիրցիներ, մարոկկանցիներ և այլք։ Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, կրոնը՝ հիմնականում կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնական աճը ցածր է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 99 մարդ։

V. Պատմական ակնարկ

Ֆ–ի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից (հավանաբար 1 մլն տարի առաջ)։ Ֆրանս. տարբեր տեղավայրերի (որտեղ հայտնաբերվել են հնագիտ․ գտածոներ) անուններով գիտության մեջ անվանվել են հին քարի դարի և միջին քարի դարի հիմնական մշակույթները (շելյան, աշելյան, մուստիերյան, ազիլյան ևն)։ Իրենց ժայռապատկերներով հայտնի են Հվ․ Ֆ–ի հինքարեդարյան քարանձավները (Լասկո, Մոնտեսպան ևն)։ Էնեոլիթի և բրոնզի դարից (մ․թ.ա․ III–II հազարամյակներ) պահպանվել են մեգալիթյան կառույցներ (մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ)։ Մ․թ․ա․ I հազարամյակի վերջին Ֆ–ի տարածքը բնակեցրել են կելտերը, որոնց հռոմեացիները