Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տրամաբանական սեմանտիկա, տրամաբանության բաժին, որի մեջ տրվում է լեզվական արտահայտությունների (և առհասարակ նշանային համակարգերի ու նրանց արտահայտությունների) նշանակության պրոբլեմի հետ կապված հասկացությունների (իմաստաբանական հասկացությունների) տրամաբանական վերլուծությունը։ Տ. ի. այսպիսով հանդես է գալիս իբրև մետատեսություն բուն իմաստաաբանության նկատմամբ։ Իմաստաբանական հասկացությունների տրամաբանական վերլուծության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանք սկզբում մուծված լինելով բնական լեզուների օրինակով և ինտուիտիվ ակնհայտության չափանիշներով, կարիք ունեն հստակեցման ու ճշգրտման, այլապես դրանց գործառությունը կշռադատության մեջ առաջ է բերում տրամաբանական (այսինքն՝ ճշմարտային գնահատականի հետ կապված) դժվարություններ, որոնց մեծ մասը հայտնի է իմաստաբանական անտինոմիաներ (պարադոքսներ) անունով։ Այսպես, անվանման հարաբերության դեպքում ենթադրվում է «փոխարինելիության սկզբունքը» (եթե լեզվական երկու արտահայտություններ անվանում են միևնույն օբյեկտը, այսինքն՝ նույնական անուններ են, ապա նախադասության մեջ դրանցից մեկի տեղադրումը մյուսի փոխարեն չի փոխում նախադասությամբ արտահայտված դատողության ճշմարտային արժեքը), մինչդեռ պարզվում է, որ այս սկզբունքը համապարփակ չէ, մասնավորապես, չի գործում անուղղակի խոսքի մեջ։ Նույնպիսի տրամաբանական դժվարություններ են ծագում գոյության եզակի ասույթների, «դատարկ» անունների, փաստահակադրական ասույթների գործածության ժամանակ։ Հենց անունների նույնականության պրոբլեմն էր, որ Հ. Ֆրեգեին դրդեց տարբերակելու նշանակության երկու կողմեր՝ դենոտատ (նշանակյալ) և իմաստ։ Ռ. Կառնապը զարգացրեց նշանակության այս տեսությունը՝ տարածելով լեզվական բոլոր արտահայտությունների վրա՝ ներառյալ անուղղակի խոսքը։ Ընդհանուր առմամբ այս ամենը կազմեց Տ. ի-յան մի հատուկ բաժին՝ «իմաստի տեսությունը», որի մեջ ճշգրտվում են «իմաստ», «իմաստավորություն», «հոմանիշություն» («իմաստով նույնական»), «տրամաբանական ճշմարտություն», «վերլուծական ճշմարտություն» և այլ հասկացություններ։ Նշանակման հարաբերության քննության ժամանակ («ռեֆերենցիայի տեսության» մեջ) ի հայտ բերվող տրամաբանական դժվարությունները դրդում են լեզվի մեջ տարբերակելու բուն լեզվական արտահայտությունների մակարդակը (Օբյեկտ լեզու) և նրանց վերաբերող անունների ու տրամաբանական բնութագրությունների («ճշմարիտ է», «կեղծ է» և այլ պրեդիկատների, մոդալությունների ևն) մակարդակը (մետալեզու): Տ. ի-յան մեջ որպես մեթոդ կիրառվում է ձևականացված լեզուների կառուցումը։ Ավելին, մտքի լեզվական արտահայտության և նրա տրամաբանական կառուցվածքի տարամիտության հետևանքով, ինչպես ցույց է տվել Ա. Տարսկին, իմաստաբանական հասկացությունների խիստ սահմանումներ հնարավոր է տալ միայն ձևականացված լեզուների համար, որոնց միջոցով արդեն կարելի է հստակեցնել ու ճշգրտել բնական լեզուների տրամաբանական կառուցվածքը։ Տ. ի-յան մշակման գործում մեծ ավանդ են մուծել նաև Բ. Ռասելը, Կ. Այդուկևիչը, Ս. Լեսնևսկին, Ու. Քուայնը, Ջ. Քեմենին։

Գրկ. Тондл Л., Проблемы семантики, пер. с чешск., М., 1975 (կա մատենագիտական ցանկ); Смирнова Е. Д., Формализованные языки и проблемы логической семантики, М., 1982.

Հ. Գևորգյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ, տրամաբանական սինտաքսիս, տրամաբանության մեջ՝ ձևականացված լեզուների կառուցվածքն ինքնին՝ առանց մեկնաբանության, ինչպես և տրամաբանության այն բաժինը, որի մեջ հետազոտվում է այդ կառուցվածքը (այս վերջին իմաստով սեմիոտիկայի մեջ որպես Տ. շ-յան հոմանիշ գործածվում է սինտակտիկա տերմինը): Ձևականացված լեզվի (ձևական հաշվի) շարահյուսությունը, բնական լեզվի քերականության նմանողությամբ, կազմում են նրա տարրական բաղադրիչները (այբուբեն) և դրանցից արտահայտություններ կազմելու կանոնները (կազմավորման կանոններ), իսկ բուն (լայն) իմաստով Տ. շ. ներառում է նաև մի արտահայտությունից մյուսին անցնելու կանոնները (փոխակերպման կամ արտածման կանոններ): Բացի որևէ կոնկրետ ձևական համակարգի հատկություններին վերաբերող տարրական շարահյուսությունից, որի օրինակն է մետամաթեմատիկան, կառուցվում է նաև ձևական համակարգերի ընդհանուր տեսություն՝ տեսական շարահյուսություն։

Հ. Գևորգյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊՈԶԻՏԻՎԻԶՄ, նեոպոզիտիվիզմի փիլ-յան առաջին պատմ. տարատեսակությունը, որի հիմնական գաղափարները 1920-30-ական թթ. մշակել են մի խումբ փիլիսոփաներ, տրամաբաններ, մաթեմատիկոսներ և բնագետներ Վիեննական խմբակից (Մ. Շլիկ, Ռ.Կառնապ, Օ. Նոյրաթ, Կ. Գյոդել ևն), ինչպես նաև նրա հետ գործակցող Բեռլինի էմպիրիկական փիլ-յան ընկերությունից (Հ. Ռայխենբախ, Վ. Դուբիսլավ, Կ. Հեմպել ևն): Տ. պ-ի վրա որոշիչ ազդեցություն են թողել վերլուծական փիլիսոփայության գաղափարները։ Տ. պ. գիտելիքի տիպար համարում է ճշգրիտ գիտությունները՝ փիլ-յան խնդիրը սահմանափակելով գիտության լեզվի տրամաբանական վերլուծությամբ։ Արհեստական լեզուների կառուցումը, ըստ Տ.պ-ի, հնարավորություն է ընձեռում հստակեցնելու լեզվի մեջ արտահայտված՝ գիտելիքի տրամաբանական կառուցվածքը։ Գիտության լեզվի մեջ որոշակիորեն առանձնացվում են երկու կարգի ասույթներ։ Մաթեմատիկայի և տրամաբանության ասույթներն անալիտիկ են, զուտ մաթեմատիկան չունի փորձնական-առարկայական ծագում և բովանդակություն, դա այն լեզուն է, որով գիտության մեջ խոսում են աշխարհի մասին։ Փորձնական (մասնավոր) գիտությունները կազմվում են էմպիրիկական սինթետիկ ասույթներից, որոնց իմաստավորության չափանիշը վերիֆիկացման սկզբունքն է։ Այս հիմունքով իբրև իմաստազուրկ բացառվում են ավան դական փիլ-յան աշխարհայացքային հարցադրումները։ Տ. պ-ի զարգացման ընթացքում տեղի է ունեցել անցում առհասարակ պոզիտիվիզմին հատուկ հյումիստական ֆենոմենալիզմից, որը դավանում էին Վիեննական խմբակի անդամները, դեպի անհատ սուբյեկտից օտարված փորձի (փորձնական իրողության) կանտական ըմբռնումը։ Գիտակցվել է նաև, որ վերիֆիկացման, և առհասարակ փորձնական ստուգման, հարց կարող է դրվել ոչ թե առանձին ասույթների համար, այլ ամբողջությամբ վերցրած այն տեսության համար, որի մեջ մտնում են ասույթները։ Այս փոփոխությունների հետևանքով Տ. պ. վերափոխվել է տրամաբանական էմպիրիզմի։ Տ. պ. ասպարեզից իջել է իր փիլ.մեթոդաբանական արատների հետևանքով։

Հ. Գևորգյան

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ սխալներ, որոնք առաջանում են մտածողության պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ տրամաբանական ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված (պարալոգիզմներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն): Տ. ս. լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամաբանական բաժանման մեջ ևն։ Ապացուցման հիմքերի հետ կապված Տ. ս. են՝ ինքնին կեղծ փաստարկի օգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», լատ. error fundamentalis), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։ Նույն սխալի դրսևորում է շրջապտույտը [«արատավոր շրջանը» (circulus vitiosus), նույնաբանությունը] ապացուցման մեջ, երբ թեզիսն ապացուցվում է մի դատողության միջոցով, որն ինքը ապացուցվում է թեզիսի միջոցով։ Շրջապտույտի առավել կոպիտ ձևն է թեզիսի ապացուցումն իր իսկ միջոցով («նույնը նույնի միջոցով», idem per idem), սովորաբար որոշ արտաքին, լեզվական արտահայտության տարբերակմամբ։ Թեզիսի հետ կապված հիմնական սխալն է թեզիսի գաղտնափոխումը (ignoratio elenchi), երբ ապացուցման ընթացքում տվյալ թեզիսը փոխարինվում է այլ թեզիսով, որի ապացուցումը ներկայացվում է որպես տվյալ թեզիսի ապացուցում։ Այս սխալի դրսևորումներից են թեզիսի մասնակի ապացուցումը ամբողջական