Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Վանա բերդի ժայռերի սեպաձև արձանագրությունները

Նկարում` Կարմիր բլուր․ Թեյշեբաինի քաղաքի (մ․ թ․ ա․ 684–645) մնացորդները հյուսիսից

ված էր պարսպապատ միջնաբերդը։ Մեկից ավելի, որոշակի հեռավորությամբ բարձունքների առկայության դեպքում հաճախ ստեղծվել է բազմակորիզ քաղաքաշինական համակարգ՝ նույնքան միջնաբերդերով (Արգիշտիխինիլի, Անզաֆ, Հայկաբերդ, Տուշպա–Ռուսախինիլի)։ Քաղաքի կառուցապատման հատակագծային հորինվածքները դրսևորվել են ազատ, կանոնավոր ցանցի, խառը, նաև դարավանդաձև համակարգային սկզբունքներով։ Քաղաքն ընդգրկել է մոտ 50–200 հա տարածություն և շրջարկված է եղել մշակելի հողատարածությամբ, այգիներով, բազմաթիվ գյուղավաններով են։ Թաղումները կատարվել են քաղաքամերձ տարածքում, ինչպես նաև հատուկ կառուցված վերգետնյա կամ ստորգետնյա դամբարաններում։ Պահպանվել են օրինակներ ու պատմ․ տեղեկություններ քաղաքային բարեկարգման տարրերի՝ ջրմուղի (Արին Բերդ), ջրամբարի (Արգիշտիխինիլի, Ազնավուր), կամուրջների (Թեյշեբաինի) ևնի վերաբերյալ։ Ուրարտ․ քաղաքաշինությանը բնորոշ է սոցիալ․ տարբեր խավերին պատկանող թաղամասերի տարածքային որոշակի առանձնացումը։ Համապատասխանաբար տարբեր են նաև բնակելի տների հատակագծային և ծավալային հորինվածքները։ Պեղված (հիմնականում՝ Թեյշեբաինի, Արագած, Արգիշտիխինիլի) բնակելի տների տիպերից են․ ա) միմյանց կից կառուցված, մեկ մեծ և նրա հետ հաղորդվող 2–3 սենյականոց, մինչև 100 մ2 ընդհանուր մակերեսով բնակարաններ, բ) 7–10 սենյականոց, 500–700 մ2 ընդհանուր մակերեսով առանձնատներ, գ) 4 միօրինակ կցաշար բնակարաններ՝ յուրաքանչյուրը բաղկացած 11 բաժանմունքից և 550 մ2 ընդհանուր մակերեսով (միակ հայտնի օրինակը՝ Թեյշեբաինիում)։ Բոլոր տիպերի համար ընդհանրականը հորինվածքային կորիզը կազմող ընդհանուր սենյակը կամ դահլիճն Է, որը գործառական իմաստով իրեն է ենթարկում բնակելի, տնտ․ և օժանդակ մյուս բաժանմունքների փոխդասավորությունը։

Միջնաբերդերը բաղկացած են եղել պալատական, պաշտամունքային, զորանոցային և տնտ․ բաժանմունքներից, ունեցել են հզոր, հաճախ 2–3 շարք պարիսպներ՝ (մոտ 15 մ բարձրությամբ, 3,5–4 մ հաստությամբ), ռիթմիկ կրկնվող աշտարակներով կամ կոնտրֆորսներով։ Պաշտպանական հնարանքներով օժտված, հաճախ կրկնակի դարպասներով (Էրեբունի, Արգիշտիխինիլի) մուտքերը տեղադրվել են երկու աշտարակի միջև (Թեյշեբաինի, Քեֆկալեսի) կամ պարսպի անկյունային թաքնված հատվածում (էրեբունի, Արգիշտիխինիլի, Արագած)։ Պարսպի բնականորեն չպաշտպանված մասերում ստեղծվել են խրամային արգելակումներ։ Երբեմն միջնաբերդի պալատական, պաշտամունքային և այլ ստորաբաժանումները սահմանազատվել են պաշտպանական պարիսպներով (Թեյշեբաինի, Արգիշտիխինիլի)։

Նկարում` Էրեբունի քաղաքի միջնաբերդի (հիմնադրվել է մ․ թ․ ա․ 782 թ․) հատակագիծը

Նկարում` Եռահարկ բնակելի տուն՝ պատկերված պեղածո բրոնզե թիթեղի վրա (Թոփրախկալե, Բրիտանական թանգարան, Լոնդոն)

Նկարում` Վանա ժայռի քարայրերը․ «Խորխորյան մեծ»՝ հատակագիծը, կտրվածքը, «Իչկալա»՝ կտրվածքը

Միջնաբերդերն իրենց ծավալա–տարածական հորինվածքով եղել են առանձին, տարաբնույթ շենքերից բաղկացած հզոր պարսպապատ համալիրներ, որ առավել բնորոշ է մ․ թ․ ա․ IX–VIII դդ․ (Տուշպա, էրեբունի, Արգիշտիխինիլի, Բաստամ, Կայալիդերե) կամ աշտարակներ ու կոնտրֆորսներ ունեցող պաշտպանական պարսպով ամբողջական շենքեր (Արագած, Թեյշեբաինի)։ Եղել են մեկ կամ երկու հարկանի։ Ի տարբերություն միջագետքյան մոնումենտալ շենքերի, որոնք կառուցվել են նախապես հարթեցված հրապարակների վրա, հայկ․ միջնաբերդերը ներդաշնակվել են տեղանքի ռելիեֆին, և առաջացած ծավալային աստիճանաձև փոխանցումներն ավելի հարստացրել են նրանց ճարտ․ կերպարը։ Ըստ պահպանված հնագիտական օրինակների՝ միջնաբերդի ծավալային զգալի մասը զբաղեցնում է պալատը, որի հորինվածքային կենտրոնը կազմում է բնակելի, տնտ․, տաճարային և այլ բնույթի շենքերով շրջագծված հրապարակը (դահլիճի կամ պերիստիլ բակի ձևով)։ Թեյշեբաինիի միջնաբերդն ամբողջությամբ ներկայանում է երկհարկանի պալատով, որի ստորին հարկում եղել են տնտ․ և արտադր․ բաժինները, իսկ վերին հարկում՝ բնակելի, հանդիսավոր և պաշտոնական սենյակները։ Հնագիտ․ նյութերով բացահայտվել են տաճարային երեք հորինվածքային տիպ․ քառակուսի հորինվածքով և անկյունային աշտարակներով (Թոփրակկալե, Ազնավուրթեփե, Կայալիդերե, Չաուշթեփե, Ալթընթեփե ևն), պարզ ուղղանկյուն հատակագծով, երկայնական առանցքով տեղադրված մուտքով (Էրեբունի, հավանաբար՝ Մուսասիր), ուղղանկյուն, լայնական ուղղությամբ ձգված հատակագծով (միակ հայտնի օրինակը Էրեբունիի Խալդի աստծո տաճարն է)։ Հավանաբար պաշտամունքային նշանակություն են ունեցել նաև «ուրարտական կոթողները», որոնցից շատերը կանգնեցված են եղել զոհարանների մոտ։ Թոփրակկալեում պեղված մի կնիք պատկերում է երկրպագություն կոթողների խմբի և սրբազան ծառի առջև։ Կոթողների սեպաձև արձանագրերը բովանդակում են որոշակի փաստեր երկրի պատերազմական, շինարարական գործունեության, նաև՝ ասավածներին մատուցած զոհաբերությունների վերաբերյալ։

Պահպանվել են տարբեր նշանակության արհեստական քարայրեր (պաշտամունքային, դամբարանային, բնակելի ևն), «աստծո դռներ», սանդղուղիներ։ Վանա ժայռի քարայրերը (Խորխորյան մեծ ու փոքր, Իչկալա, Նաֆտկույու, «Մեծ») ուղ–