Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղանկյուն հատակաձևերով, հարթ կամ թաղանման առաստաղներով, իրար հաղորդակցվող դահլիճ–սենյակների տարբեր հորինվածքներ են։ Այս ժամանակաշրջանում ստեղծված մեծ քանակությամբ ջրանցքների նպատակահարմար ընտրված ուղեգծերը վկայում են տեղանքի առանձնահատկությունները վարպետորեն օգտագործելու մասին։ Անհրաժեշտության դեպքում կառուցվել են ջրանցույցներ (աքվեդուկ) և փորվել թունելներ։ Այդ ջրանցքներից մի քանիսը («Շամիրամի»՝ 70 կմ երկարությամբ, Վանի մոտակայքում, «Դալմայի» և «Կարմիր բլուրի»՝ Երևանի մոտակայքում) գործում են ցայսօր։ Ուրարտ․ ժամանակաշրջանի շին․ տեխնիկան պայմանավորվել է Հայկ․ լեռնաշխարհում ավանդաբար կիրառվող քարի, փայտի կառուցվածքների համադրումով։ Անմշակ կամ կոպտատաշ քարերով են շարվել որմերի և մույթերի ստորին շարքերը, սրբատաշ են եղել սյունախարիսխները, որոշ հանդիսավոր և պաշտամունքային կառույցների որմերը, արձանագրված ու քանդակված քարերը։ Հարդաշաղախ հում աղյուսը կառույցների հիմնական շինանյութն էր։ Սյուները, բարավորները, հեծանային կառուցվածքները եղել են փայտից։ Ինտերիերում կիրառվել է սվաղը, որմնանկարչությունը կամ մարմարյա սալապատումը, գունավոր քարերի ընդելուզումը։ Հատուկ խնամքով են երեսարկվել հատակները։ Բոլոր շին․ չափումների հիմքում ընկած է կանգունը (47,7 սմ, 51,8 սմ, 52,5 սմ)։ Ուրարտ․ ժամանակաշրջանի ճարտ– յան ու կառուցողական արվեստի առանձնահատկությունները ավանդաբար ժառանգել է Հայաստանի հետագա դարերի մշակույթը։

Նկարում` Ուրարտական ժամանակաշրջանի բնակելի տների հատակագծեր (Թեյշեբաինի, ա, բ․ մենատներ, գ․ բազմասեկցիոն)

Նկարում` էրեբունի ամրոց (մ․ թ․ ա․ 782)․ Խալդի աստծո տաճարը (վերակազմություն՝ Կ․ Հովհաննիսյանի)

Նկարում` Կարմիր բլուր․ Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդի պերիստիլ բակը (վերակազմություն՝ Կ․ Հովհաննիսյանի)

Նկարում` Գառնիի տաճարը (մ․ թ․ I դ․) հյուսիս–արևմուտքից (վերականգնվել է 1969–75, ճարտ․ Ա․ Սահինյան)

Մ․ թ․ ա․ VI–մ․ թ․ III դդ․ ճարտարապետություն։ Մ․ թ․ ա․ VI դ–ից Հայկ․ բարձրավանդակում քաղաքաշինությունն ու ճարտ․ թևակոխել են զարգացման նոր փուլ, ի հայտ բերելով որակական նոր հատկանիշներ։ Հայկ․ ժող․ բնակելի տան հիմնական տիպի՝ գլխատան նախօրինակների նկարագրությունը բերված է Քսենոփոնի «Անաբասիսում»։ Վաղ․ հայկ․ պետության ժամանակաշրջանի քաղաքների՝ Արմավիրի, Երվանդաշատի, Երվանդակերտ դաստակերտի, Արտաշատի, Վաղարշապատի, Աշմուշատի, Արկաթիակերտի (Կարկաթիակերտի), Զարիշատի, Զարեհավանի, Մծուրնի, Տիգրանակերտի առաջացումը որպես վարչ․ և առևտրաարհեստավորական կենտրոններ, տեղի է ունեցել մ․ թ․ ա․ Ill–I դդ․։ Դրանք, ինչպես և նույն ժամանակաշրջանի ամրոցներն (Գառնի, Արտագերս, Անի–Կամախ, Օշական, Դարույնք ևն) ու հեթանոսական սրբավայրերը (Բագավան, Բագրևանդ, Աշտիշատ, Երիզա, Անի–Կամախ ևն) հանդիսացել են քաղաքաշինության և ճարտ–յան կազմավորման հիմնական օղակները։ Ըստ գրավոր աղբյուրների, մասամբ նաև Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և անտիկ այլ հնավայրերի պեղումներից ստացված նյութերի, Հայաստանի ավանդական քաղաքաշինությունն ու ճարտ․ մ․ թ․ ա․ IV դ–ից զարգացել են հունահելլենիստական, իսկ մ․ թ․ ա․ I դ–ից նաև հռոմ․ մշակույթի ազդեցությունների ներքո, կազմելով «հայկական հելլենիզմ» կոչված մշակույթի բաղադրիչ մասը։ Քաղաքաստեղծ գործոնները, այդ թվում պաշտպանական նկատառումները, որոշակի նմանություն են ունեցել հելլենիստականին։ Քաղաքի կառուցապատման համար տեղանքը ընտրվել է գետերի (Երասխ, Արածանի ևն) ափին, որոնք քաղաքի կենսական կարիքները բավարարելուց բացի, նրա պաշտպանական համակարգի մասն էին կազմում։ Քաղաքատարածության բնական պաշտպանվածությունը լրացվել է արհեստական շինություններով (պարիսպներով, հողաթմբերով, ջրլեցուն խանդակներով), որոնցով առանձին–առանձին շրջապատվում էին քաղաքի երկու բաղադրիչ մասերը` միջնաբերդն ու բուն քաղաքը։ Արմավիր մայրաքաղաքի համար միջնաբերդ է ծառայել Արգիշտիխինիլի քաղաքի արլ․ միջնաբերդը, որը ընդարձակվել է նոր շենքերով ու կառույցներով, լրացվել պարիսպների նոր հատվածներով։ Երվանդաշատի միջնաբերդը տեղադրվել է Երասխի ձախափնյա անմատչելի մի ժայռազանգվածի վրա։ Տեղանքի թելադրանքով միանգամայն տարբեր լուծում է ստացել Արտաշատ մայրաքաղաքի բարդ պաշտպանական համակարգը։ Այն ընդգրկել է պարիսպներով շրջափակված մեծ և փոքր 9 բլուրներ (մեկի վրա միջնաբերդը), որոնք իրար և բլուրների միջև սփռված քաղաքատարածության հետ հաղորդակցվել են պարսպապատերով պաշտպանված ճանապարհներով։ Արմավիրի, Երվանդաշատի և Արտաշատի մոտով հոսող Երասխի ջրերը պաշտպանական դեր են կատարել։ Վաղարշապատում այդ դերը իրականացվել է ջրլեցուն «Պարկեն–փոս»-ի միջոցով։ Առանձնապես հզոր և հուսալի են եղել Տիգրանակերտի պարիսպները, որոնց բարձրությունը 25 ւ/-ից ավելի էր, իսկ հաստությունն այնքան, որ հնարավոր է եղել տեղավորել հեծելազորի ձիերի փարախները, պահեստներ։ Տեղանքի նպատակահարմար ընտրությամբ և պաշտպանական շինությունների հզորությամբ աչքի է ընկնում նաև թագավորական ամառանոց Գառնին (մ․ թ․ ա․ III-II դդ․), որի՝ բնականից չպաշտպանված հատվածները (հատկապես հս․) ողջ երկայնքով պատված են ամրակուռ բրգավոր պարիսպներով։ Երվանդաշատը և Տիգրանակերտը ունեցել են թագավորական դաստակերտներ (Տիգրանակերտում՝ զբոսավայրերով և որսատեղերով)։

Պատմագրական աղբյուրների և մինչև այժմ կատարված պեղումների տվյալներով տակավին աղոտ են տեղեկությունները միջնաբերդերի և բուն քաղաքների կառուցապատման վերաբերյալ։ Պատմիչները հիշատակում են Արտաշատի միջնաբերդում թագավորական պալատի, փողերանոցի և տաճարի, Վաղարշապատի միջնաբերդում՝ թագավորական պալատի և ներքին փողոցների գոյության մասին։ Նույն աղբյուրները տեղեկացնում են, որ Արտաշատում և Տիգրանակերտում գործել են թատրոններ, որոնք հավանաբար եղել են անտիկ ամֆիթատրոնների տիպի։ Գառնիի ամրոցում կատարված պեղումներով բացվել են թագավորական պալա–