Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայկ․ եկեղեցիները որոշ ազդեցություն են ունեցել Մոլդավիայի, ինչպես և Ռումինիայի ճարտ–յան զարգացման վրա։ XVI–XVII դդ․ բազմաթիվ եկեղեցիներ ու աշխարհիկ շենքեր են կառուցվել Վրաստանի հայ գաղթավայրերում, նախ՝ Թիֆլիսում և Գրեմիում։ Հայկ․ և պարսկ․ ճարտարապետական ոճերի ինքնատիպ սինթեզով առանձնանում են Նոր Ջուղայի գաղթավայրի հուշարձանները, որոնք Արևելքի ժողովուրդների արվեստում եզակի նմուշներ են․ քրիստոնեական տաճարի հորինվածքը զուգակցված է մահմեդական ճարտ–յան ձևերի հետ։

Նկարում` Տաթևի Մեծ անապատի (XVII դ․) ընդհանուր տեսքը

Նկարում` Մեղրի․ բերդի (վերակառուցվել է XVIII դ․) աշտարակը

Նկարում` Հալիձորի բերդը (XVII դ․ 1–ին կես, վերակառուցվել է XVIII դ․)

XVII դ․ 2-րդ քառորդից Հայաստանի համար սկսվել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան և երեքդարյա ընդմիջումից հետո երկրում ստեղծագործ աշխատանքի, շին․ կյանքի հնարավորություն է ստեղծվել։ Շինարարությունը տարվել է հիմնականում երեք ուղղությամբ․ ա) վերականգնման աշխատանքներ, բ) նոր եկեղեցիների, վանքերի ու անապատների կառուցում, գ) նախկինում կառուցված եկեղեցիները, վանքային համալիրները լրացվել են նոր շինություններով՝ զանգակատներ, գավիթներ, սրահներ, պարսպապատեր ևն։ Շին․ խոշոր աշխատանքներ են տարվել Վաղարշապատում․ վերակառուցվել է Մայր տաճարը, նորոգվել են Գայանե եկեղեցին, Հռիփսիմեի տաճարը։ Եկեղեց․ նոր շենքեր կառուցվել են ոչ թե նախորդ՝ X–XIV դդ․ հուշարձանների հորինվածքների, այլ IV–VII դդ․ հայկ․ ճարտ–յան սկզբնավորման շրջանում տարածում գտած գմբեթավոր բազիլիկ, թաղածածկ դահլիճ, գմբեթավոր դահլիճ և, հատկապես, եռանավ բազիլիկ հորինվածքային տիպերի օրինակներով։ XVII դ․ կառուցված եռանավ բազիլիկները, ի տարբերություն վաղ միջնադարի համանման կառույցների, արտաքուստ անպաճույճ են, առանց որևէ դեկորատիվ հարդարանքի, հաճախ անմշակ քարով կառուցված (Սյունիք), ներսի տարածությունը երեք նավի է բաժանվում հիմնականում երկու զույգ (Գառնի, XVII դ․, Տաթև, 1646, Գնդեվազ, 1686, Եղեգիս, 1708, գյուղերի եկեղեցիները, Նախճավանում՝ Բիստի Ս․ Աստվածածին, 1637, Փառակայի Ս․ Շմավոն, 1680, Շոռոթի Ս․ Լուսավորիչ, 1708), իսկ որոշ դեպքերում՝ մեկ զույգ մույթերով [Հերմոնի վանքի (Կնևվանք) Ս․ Գրիգոր, XVII դ․, Կուսանաց անապատի Ս․ Աստվածածին, 1676, Երևանի Զորավոր, 1691 – 1705]։

Նկարում` Փառակայի Ս․ Հակոբ–Հայրապետ եկեղեցին (XVII դ․)

Նկարում` Ագուլիսի Ս․ Թովմա վանքի եկեղեցին (XVII դ․)

XVII դ․ գմբեթավոր եկեղեցիներ համեմատաբար քիչ են կառուցվել։ Գմբեթավոր դահլիճ հորինվածք ունեն Խոր Վիրապի մեծ եկեղեցին (1666) և Էջմիածնի Շողակաթը (1694)։ Գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցիներ կառուցվել են հիմնականում Սյունիքում և Նախճավանում։ Այս շրջաններում, ուր հիմնական շինանյութը բազալտն էր, գմբեթավոր եկեղեցիների կառուցումը աշխատատար գործ էր, կապված մեծ ծախսերի հետ, այդ պատճառով օգտագործել են մատչելի և ավելի էժան շինանյութ՝ աղյուս։ Քարաշեն որմնախարիսխի վրա ամբողջովին աղյուսակերտ են Աստապատի Կարմիր վանքի, Քարատակի Ս․ Ստեփանոս վանքի (XVII դ․ 2-րդ կես) եկեղեցիները ևն։ Մեղրիում (Ս․ Աստվածածին, XVII դ․ 1-ին կես), Ագուլիսում (Վերին թաղի Ս․ Քրիստափոր եկեղեցին, 1671–75), Շոռոթում (Ս․ Հակոբ, 1664) կառուցվել են գմբեթավոր բազիլիկներ, որոնց հիմնական ծավալը իրականացվել է բազալտից, իսկ թմբուկը և գմբեթը՝ աղյուսից։ Տարբեր շինանյութերի նման զուգակցումը նորույթ էր հայկ․ ճարտ–յան մեջ։ XVII դ․ գմբեթավոր բազիլիկներից արժեքավոր է և բարձրարվեստ Մուղնու Ս․ Գևորգ եկեղեցին (1664–69, ճարտ–ներ՝ Սահակ Հիզանեցի և Մուրադ)։ Ճակատների երեսպատման մեջ օգտագործված քարերի բազմազանությունը, գմբեթի հովհարաձև ծածկը, եկեղեցուն օրգանապես կապված կամարակապ սրահն ու զանգակատան թեթև ռոտոնդան ստեղծում են տպավորիչ ու այդ դարի կառույցների համար բացառիկ արտահայտիչ կերպար։ XVII–XVIII դդ․ տարածում է գտել զանգակատների շինարարությունը, սրանք հիմնականում երկհարկ կամ եռահարկ թեթև աշտարակներ են՝ պսակված ռոտոնդաներով։ Կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արմ․ ճակատին կից (Էջմիածնի Մայր տաճար, 1654–58), իսկ նորակառույցներում՝ գավթի (ավանդական կամ եռակամար բաց սրահի ձևով) հետ զուգակցված։ XVII–XVIII դդ–ում եթե Արմ․ Հայաստանում դեռևս կիրառվում է գավթի ավանդական տիպը՝ հատակագծում ուղղանկյուն, 4 սյուներով կենտրոնակազմ կառույց (Վասպուրականում՝ Վարագավանք, 1698, Աղթամար, 1763, Նարեկավանք, 1787), ապա Արլ․ Հայաստանում տարածում են գտել եռակամար բաց սրահները, որոնք կառուցվել են գոյություն ունեցող եկեղեցիների արմ․ ճակատին կից (Գայանե, 1683), իսկ նորակառույցներում (հաճախ զանգակատան ռոտոնդայով պսակված)՝ որպես նախապես մտածված հորինվածքային բաղկացուցիչ (Մուղնու Ս․ Գևորգ, Էջմիածնի Շողակաթ, Երևանի Զորավոր)։

Հայաստանում XVII դ․ սկսված մշակութային ընդհանուր վերելքը նպաստել է ճարտ․ խոշոր անսամբլների՝ վանքերի, անապատների կառուցմանը։ Հարանց անապատը (Սյունյաց Մեծ անապատը, հիմնադրվել է 1608–13-ին) ուշ միջնադարի հայկ․ հոգևոր, մշակութային և ճարտ․ զարթոնքի առաջնեկն է եղել, սակայն կործանարար երկրաշարժից հետո միաբանությունը 1660-ին տեղափոխվել է մի այլ վայր և կառուցել նոր՝ Տաթևի Մեծ անապատը, որը ուշ միջնադարի հայ ճարտ–յան ամենաարժեքավոր և ուշագրավ անսամբլներից է։ XVII–XVIII դդ․ վանքային համալիրները, անապատները, ի