Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ալեքսանդրապոլի առևտրա–հասարակական կենտրոնը շուկայի հրապարակն էր (այժմ՝ Մայիսյան ապստամբության), որի շուրջը և նրանից սկզբնավորվող փողոցներում տեղաբաշխված էին խանութներ, արհեստանոցներ, եկեղեցիներ, վարչ․, ուս․ և կոմունալ բնույթի շենքեր։ Հին գերեզմանատունը տեղափոխելով, ազատված բարձունքը 1878-ից ծառապատվել է, վերածվել զբոսայգու (այժմ՝ Գորկու անվ․, «Գորկա»-ն)։ Մեկ այլ կանաչ տարածություն ստեղծվել է կայարանամերձ տարածքում։

Կարսը 1877–1918-ին, Ռուսաստանի կազմում գտնվելով, արագորեն զարգացել է, դարձել ռազմավարական կարևոր հենակետ, մարզի վարչ․ կենտրոն և վաճառաշահ քաղաք։ Կարսի կառուցապատումը կատարվել է երբեմնի պարսպապատ հին քաղաքի սահմաններից դուրս, Օրթակապու (միջին դարպաս) կոչված արվարձանի ընդարձակ տարածքում։ Ըստ 1880-ին կազմված գլխ․ հատակագծի, առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանց․ արլ․–արմ․ ուղղությամբ՝ Լոռիս–Մելիքովսկայա, Ալեքսանդրովսկայա, Միխայլովսկայա և Գուբեռնատորսկայա՝ Կարուց գետի առափնյակին հանգող փողոցները, հս–հվ․՝ Սապյոռնայա, Ինժեներնայա, Կարադադսկայա, Պոլիցեյսկայա։ Կարսի Աու–Կապու, Բայրամփաշա և այլ արվարձաններ կառուցապատվել են տարերայնորեն։ Քաղաքի հս–արլ․ մասում հասարակական կենտրոնն էր՝ Խուփա կոչված շուկայական հրապարակը։ Կառուցապատմանը զուգընթաց իրականացվել են ջրամատակարարման և կոմունալ սպասարկման հետ կապված միջոցառումներ։ Կարուց գետի աջ և ձախ ափերին ստեղծվել են զբոսայգիներ, նոր կամուրջներով կապվել են ափերը։

Նոր Բայազետը (այժմ՝ Կամո) կառուցվել է պատմ․ Գավառ ավանի տեղում, երբ 1830-ին այստեղ է ներգաղթել Բայազետի (Արմ․ Հայաստան) հայ բնակչության մի մասը։ Քաղաքի տեղանքը քամիներից պաշտպանված ընդարձակ գոգավորություն է․ «Բերդի գլուխ» կոչված բարձունքով (որի վրա կան ուրարտական բերդի մնացորդներ) բաժանվում է երկու մասի, որոնց վրա գավառապետ Տալիզինի նախաձեռնությամբ 1835–40-ին կառուցվել է Նոր Բայազետը։ Կանոնավոր կառուցապատումով առաջացած փողոցների ցանցով կազմավորվել են «Կալերի», «Խաչերի», «Տալիզի» թաղամասերը։ Գավառագետի ձախ ափը, որ «Բանդի թաղ» էր կոչվում, մնացել է նույնությամբ։ Նոր Բայագետի քաղաքաշինական աշխատանքներում առավել արդյունավետ են եղել Իսահակ Աբելյան–Աբամելիքյանցի գավառապետության տարիները, երբ կազմավորվել է առևտրա–հասարակական կենտրոնը՝ ուղղանկյուն պարագծով տեղաբաշխված մոտ 100 խանութով և հրապարակի կենտրոնի այզեպուրակով։ Հրապարակի կառուցապատումն ամբողջացրել է XX դ․ սկզբին կառուցված եկեղեցին, որն իր վեհաշուք ծավալատարածական հորինվածքով գերիշխել է տեղանքում։

Գորիսը կանոնավոր կառուցապատման քաղաքաշինական սկզբունքի կիրառման առավել ուշագրավ և ամբողջական օրինակ է։ Իր չափերով զիջել է Արլ․ Հայաստանի մյուս քաղաքներին։ Նոր Գորիսը հիմնադրվել է Գորիս գետի աջ ափին ընկած տարածքում՝ գավառապետ Ստարացկու և Մանուչար բեկ Մելիք–Հուսեյնյանի նախաձեռնությամբ։ XIX դ․ կեսից այստեղ են տեղափոխվել Կյորես կամ Շեն ժայռափոր տներով հնամենի գյուղի բնակիչները։ Ըստ գլխ․ հատակագծի, Եռակատարի փեշերից սկսվող և մեղմ թեքությամբ դեպի Գորիս գետակն ու ապա հվ․ սփռվող տարածքը պատվել է 17 մ և 24 մ լայնությամբ փոխուղղահայաց փողոցների կանոնավոր ցանցով, առաջացնելով 106 մ X 106 մ և 106 մ Х 212 մ չափերի թաղամասեր։ Սրանցում յուրաքանչյուր բնակչին տրամադրվել է 1800 մ2 հողամաս՝ կարմիր գծի վրա, դեպի փողոց ուղղված ճակատով մենատուն կառուցելու պայմանով։ Նոր Գորիսի առևտրահասարակական կենտրոնը կազմավորվել է քաղաքի հվ–արլ․ կողմում, ավանդական տոնավաճառի հրապարակի տեղում։ Նոր հրապարակը պարագծով կառուցապատվել է երկհարկանի բնակելի և այլ շենքերով, որոնց առաջին հարկերում խանութներ էին։ Հրապարակից սկսվող և դեպի հվ․ ընթացող փողոցում ստեղծվել են միահարկ խանութների ու արհեստանոցների շարքերը։ Հրապարակի հվ․ կողմում ստեղծվել է 75 մ X 225 մ չափերի քաղաքային այգին։ Միասնական քաղաքաշինական մտահղացման, պաշտամունքային, վարչահասարակական և բնակելի շենքերի, ոճական, ինչպես նաև քարի գունային ընդհանրության շնորհիվ Գորիսը ստացել է կուռ և ամբողջական նկարագիր։

Նկարում` Գևորգյան ճեմարանի շենքը (1874) Վաղարշապատում

Վաղարշապատը (այժմ՝ Էջմիածին), որ Հայաստանի հնագույն քաղաքներից է, XIX դ․ սկզբին անկանոն կառուցապատված գյուղ էր, Ս․ Էջմիածին մայրավանքից որոշ հեռավորությամբ սփռված դեպի հս․։ XVIII դ․ պարսպապատված վանքային համալիրի և գյուղի միջև եղած դատարկ տարածությունը XIX դ․ ընթացքում կառուցապատվել է։ Մայրավանքի հս․ պարսպին արտաքուստ կից ստեղծվել է այգեպուրակ, առետրա–հասարակական կենտրոն և շուկայական հրապարակ։ Խանութներ ու արհեստանոցներ եղել են նաև մյուս փողոցներում։ Նոր Վաղարշապատի կառուցապատմանը մասամբ մասնակցել է Էջմիածնի Մայր աթոռը։ Վանքի շրջապատի միկրոկլիմայի բարելավմանը նպաստել է մայրավանքից հվ․ ընկած տարածքում խոշոր չափի (70 մ X 170 մ) արհեստական լճի (1848–50) ու արհեստական անտառի (1847-ից) ստեղծումը։ Մայր աթոռի շինարարական գործունեությունը առավել ծավալվել է XIX դ․ 2-րդ կեսին։ Կառուցվել են տարբեր բնույթի վանքապատկան շենքեր, որոնց շնորհիվ զգալիորեն կերպարանափոխվել է վանքի շրջապատը՝ բարերար ազդելով Վաղարշապատի ընդհանուր նկարագրի վրա։

XIX դ․–XX դ․ սկիզբը նշանավորվել են Արլ․ Հայաստանի քաղաքներում և բնակավայրերում շինարարական գործունեության աշխուժացմամբ, ճարտ–յան զարգացմամբ։ Քաղաքային ճարտ–յունը կազմավորվել է ոճական նոր ուղղություններով։ Ավանդական ձևերը առավել պահպանել է ժող․ բնակարանի ճարտ–յունը, թեև կենսական պայմանների փոփոխությունները (հատկապես քաղաքներում) այս բնագավառում էլ առաջացրել են որոշակի տեղաշարժեր։ Աշխարհագրական տարբեր շրջանների (Արարատյան դաշտի, Շիրակի լեռնահովտի, Գուգարքի, Սյունիքի, Սևանա լճի ավազանի) բնակլիմայական պայմանների, բնակչության զբաղմունքի, ազգային–կենցաղային սովորույթների տարբերությունները՝ այդ մշտական և փոփոխվող գործոնները, որոշակիորեն անդրադարձել են բնակարանի ընդհանուր հորինվածքի, սենյակների կազմի ու փոխադարձ կապի և ճարտ․ ձևերի մեջ։ Միևնույն ժամանակ տարբեր շրջանների ժող․ տների ճարտ–յանը բնորոշ է ազգ․ ինքնատիպ ոճական միասնության պահպանումը, մասամբ որպես հետևանք բնակելի տան կազմում ավանդական գլխատան պահպանման՝ թեկուզ իր նոր, գլխավորապես տնտ․ նշանակությամբ։ Լեռնային շրջաններում, ուր բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու դաշտավարությունն էր, գլխատունը շարունակել է լինել բազմասենյականոց բնակելի տան կորիզը։ Արարատյան դաշտավայրի շրջաններում, որտեղ բնակչությունը զբաղվել է խաղողի, պտղի, բանջարաբոստանային և բամբակի կուլտուրաների մշակմամբ, գլխատունը մղվել է հետին պլան, ձեռք բերել սոսկ տնտ․ նշանակություն (թոնրատուն, հացատուն, մթերատուն) իր տեղը զիջելով նոր տիպի բնակելի տներին, որոնց քարաշեն, աղյուսաշեն և կավաշեն օրինակները տարածվել են Երևանում և Արարատյան դաշտի այլ բնակավայրերում։ 1,5–2 հարկանի այդ տներում կիսանկուղային թաղածածկ հարկը հատկացվել է տնտ․ նպատակներին (շտեմարան, մառան–շիրախանա), իսկ երկրորդ հարկում մեկ–երկու շարքով տեղավորվել են բնակելի սենյակները։ Բնակելի տունը ուներ բակահայաց (հաճախ՝ ճակատի ամբողջ երկայնքով) և փողոցին նայող կամարազարդ փայտակերտ պատշգամբներ, շքամուտքից բակը տանող ձևավորված միջանցք («դալան»)։ Ժող․ շնորհաշատ վարպետների ջանքերով դրանք իրականացվել են գեղարվեստական բարձր կատարելությամբ, հասցվել պրոֆեսիոնալ ստեղծագործության մակարդակի։

Շիրակի լեռնահովտի բնակելի տների առավել տիպական օրինակները կառուցվել են Գյումրի–Ալեքսանդրապոլում և որոշ գյուղերում։ Տարբերվելով Արարատյան դաշտի բնակելի տներից, դրանք