Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/531

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառույցներից հատկապես ուշագրավ են Աշտարակի (1664), Երևանի (1679), Օշականի (1706) բազմաթռիչք կամուրջներն իրենց հաջող տեղադրությամբ ու ինքնատիպ ուրվագծով։

XVII–XVIII դդ․ Հայաստանում տնտ․ և առևտր․ կյանքի վերելքը նպաստավոր էր քաղաքաշինության համար։ Հայկ․ բնակավայրերից զգալի զարգացում են ապրել Վանը, Կարսը, Բաղեշը, Մուշը, Կարինը, Երզնկան և հատկապես Երևանը, որը Արլ․ Հայաստանի վարչական կենտրոնն էր։ XVII–XVIII դդ–ում Երևանի տարածական կառուցվածքը եռաստիճան էր՝ բերդ, փարթամ այգիներով բնակելի թաղամասեր և քաղաքը շրջապատող բազմաթիվ բնակավայրեր։ Բնակելի թաղամասերը երեքն էին՝ Հին թաղը կամ Շահարը, Կոնդը Ձորագյուղի հետ և հվ–արմ–ում՝ Քարհանքի թաղը։

XVII դ․ սկսված բուռն շին․ աշխատանքները Հայաստանում շարունակվել են մինչև XVIII դ․ սկիզբը: 1724-ին թուրքերի նոր հարձակումը Արլ․ Հայաստանի վրա, վերսկսված թուրք–պարսկ․ պատերազմները նորից ընդհատել են հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը։ XVIII դ․ 2-րդ կեսից այլևս քիչ թե շատ նշանակալից շենքեր չեն կառուցվել։ Կատարվել են միայն վերանորոգումներ, կամ գոյություն ունեցող անսամբլները լրացվել են որոշ շենքերով։ Սակայն XVIII դ․ հատկանշական է եղել հայկ․ ճարտ–յան համար ամրոցաշինության կարճատև, սակայն, ուշագրավ վերածննդով։ Դավիթ Բեկը ոչ միայն նորոգել ու օգտագործել է նախկինում կառուցված ամրոցներ՝ Որոտնաբերդը, Բաղաբերդը, Զեյվաբերդը, այլ հիմնովին վերակառուցել է Մեղրիի բերդը և Հալիձորը՝ ժամանակի ռազմական պահանջներին համապատասխան։

XV–XVIII դդ․ Հայաստանի քաղ․ ու սոցիալ–տնտ․ վիճակը բարենպաստ չի եղել ճարտ–յան համար, այն ընթացել է պատերազմների, թշնամու ասպատակությունների ու ավերածությունների պայմաններում, սակայն այս դժվարին ժամանակաշրջանում էլ հայկ․ ճարտ․ պահպանել է դարերից եկող իր ավանդներն ու նվաճումները, շարունակել հաջորդական զարգացումը։ Մ․ Հասրաթյան

Նկարում` Ուսուցչական սեմինարիայի շենքը (1898–1900, ճարտ․ Բ․ Մեհրաբյան)

Նկարում` Նահանգապետարանի շենքը (XIX դ․ վերջ) Երևանի Դուբեոնսկայա (այժմ` Ալավերդյան) փողոցում

Նկարում` Բաբաջանյանների տունը (XIX դ․, այժմ քանդված է) Երևանում

XIX դ․ և XX դ․ սկզբի ճարտարապետություն։ Հայաստանի արմ․ մասի քաղաքների (Վան, Բիթլիս, Կարին, Խարբերդ, Երզնկա, Բաբերդ ևն) ճարտ–յունն ու քաղաքաշինությունը XIX դ․ աննշան փոփոխություններ են կրել։ Նույն դարի սկզբին Հայաստանի արլ․ մասի ազատագրումը պարսկ․ լծից և միացումը Ռուսաստանին, երկրի տվյալ մասում առաջացնելով որոշ տնտ․ վերելք, պայմանավորել են նաև քաղաքաշինության և ճարտ–յան համեմատական առաջընթացը։ Քաղաքները մասամբ (Երևան) կամ ամբողջովին (Ալեքսանդրապոլ, Կարս, Գորիս) վերակառուցվել են ըստ կանոնավոր հատակագծային սկզբունքով նախագծված գլխ․ հատակագծերի։ Վերակառուցման և կառուցապատման աշխատանքներն առավել ծավալվել են հատկապես XIX դ․ վերջին–XX դ․ սկզբին, երբ հիշյալ բնակավայրերը վերածվել են Հայաստանում կապիտալիզմի զարգացման կենտրոնների։ Արդյունաբերության և առևտրի զարգացմանը էապես նպաստել են երկաթուղու կառուցումը մինչև Ալեքսանդրապոլ և Կարս (1899), Երևան (1902), ինչպես և խճուղային կապի ստեղծումը (Գորիս՝ 1877, Նոր Բայազետ՝ 1881)։ Այս ընթացքում մասամբ կարգավորվել են բնակավայրերի ջրամատակարարումն ու կոմունալ սպասարկումը։

Երևանի քաղաքաշինական առաջին փաստաթուղթը (1837-ի հանույթը) վերաբերում է Շահարի կամ Արարատյան հայկ․ թաղի տարածքում («Խանի այգու» տեղում) նոր թաղամասի կառուցապատմանը, որի իրականացմամբ առաջացել են միմյանց զուգահեռ մի քանի փողոցներ (այժմյան Ամիրյան, Սվերդլովի, Սպանդարյան և Պուշկինի)։ Երևանի առաջին գլխ․ հատակագիծը (1856, հեղինակ՝ նահանգական հողաչափ Ա․ Ստացկի), պահպանելով փողոցների առաջացած ցանցը, կանոնավոր կառուցապատման սկզբունքով ներառել է ողջ «Շահարն» ու Դամիր բուլաղի մի մասը (չընդգրկելով Նորքը, Կոնդն ու Երևանի բերդն իր շրջակայքով)։ Կառուցվել են Կրեպոստնայա (հետագայում՝ Աստաֆյան, այժմ՝ Աբովյան), ապա զուգահեռ մի քանի փողոցներ, որոնք Շահարի տարածքում առաջացրել են փոխուղղահայաց վւողոցների ցանց։ Ղ․ Ալիշանի «Այրարատ»-ում պատկերված Երևանի հատակագծում նորաստեղծ թաղամասերից բացի առկա են՝ առևտրա–հասարակական կենտրոնը (Ղանթարը), մյուս հրապարակը (այժմ՝ Ագիզբեկովի), Անգլ․ այգին (այժմ՝ 26 կոմիսարների անվ․), բուլվարը (այժմ՝ «2750 շատրվան» զբոսայգին), բնակելի տներ, խանութներ, մասամբ կառուցապատված նախկին բերդատարածքը և անաղարտ մնացած «Դամիր բուլաղը»։ Երևանի հատակագծային հենքը XX դ․ սկզբի դրությամբ ներկայացված է 1906–11-ին Բագրատ Մեհրաբյանի կատարած տեղահանույթային հատակագծում։

Ալեքսանդրապոլի (մինչև 1837-ը՝ Գյումրի) քաղաքաշինական զարգացումը պայմանավորվել է նրա տարածքում ռուս. բերդի կառուցումով, նաև 1828–30-ին Արմ․ Հայաստանից հայերի ներգաղթով։ Կառուցապատվող նոր քաղաքի կորիզը մնացել է հին Գյումրին (պատմ․ Կումայրին), որը տեղադրված էր «Չերքեզի» և «Մխչոնց» ձորերի միջև։ Ըստ 1837-ի հատակագծի, նոր քաղաքը նախատեսվել է կառուցապատել կանոնավոր հատակագծման սկզբունքով։ Գյումրիից դեպի արլ․ ընկած տարածության վրա հս–հվ․, արլ–արմ․ ուղղություններով առաջացել է փոխուղղահայաց փողոցների ցանց 100 մ X 150 մ, 50 մ X 75 մ չափերի թաղամասերով։ Կանոնավոր հատակագծման սկզբունքը պահպանվել է նաև 1845-ին Ա հետագայում ստեղծված գլխ․ հատակագծերում, որոնցով աստիճանաբար ընդարձակվել է քաղաքի տարածքը, հվ–ից ներառնելով «Կազաչի պոստ», իսկ հս–ից՝ «Աևեռսկի» և «Պոլիգոններ» երեք զորանոցային թաղամասերը։

Նկարում` Ձիթողցյանների տունը (1872) Ալեքսանդրապոլում